Վյաչեսլավ Կուպրիյանով. Բանաստեղծություններ

 


Խնդրանք արագ ըմբռնողներին

Պետք չէ
ամեն ինչ կես բառից հասկանալ
թույլ տվեք
ասել մինչև վերջ


Աչքակապուկ խաղը

Ավելի ու ավելի սառն է մահը
սառը զենքից
ավելի ու ավելի տաք է
հրազենից

Մանկան պես
խաղում են մարդիկ
մահվան հետ
կապած աչքերով

Ձայնում են նրան
սառն է
տաք է

Իբրև թե էական է
դժոխքի որ կողմն է գնում
տապը կյանքի


Հավերժական երգ

Մանուկնե՛ր, խաղացե՛ք
արևի տակ։

Ձեզ
արդեն սպասում են
աստղերը։

Մեծե՛ր, մի՛ շտապեք
ստվեր գտնել․

ձեր ետևից
են գալիս
մանուկները։

Սիրե՛ք,
լուսինը ծագում է։

Ժպիտների ծովում
փնտրե՛ք
ձեր արտացոլանքը։

Մանուկնե՛ր,
խաղացե՛ք
արևի տակ։


Կոչ

դեղիններ
սևեր
սպիտակներ

արյունը բոլորիս
միատեսակ
կարմիր է

հերիք է
ստուգեք


Մարդկային անարդարություն

Երկու ձեռք
կերակրելու համար
շատ բերաններ

և շատ ձեռքեր
փակելու համար
մեկ բերան

Մեկ կողոսկր
կնոջը
արարելու համար

և քսաներկուսը
սիրտը
վանդակելու

Ու երեսուներկու ատամ
լեզուն
կծելու պատրաստ

որ ուժասպառ է լինում
որոնումներում միասնական լեզվի
մարդկության համար

մինչև ատամները
զինված

Սպասում

Սպասիր սիրելիս
մի հեռացիր
գոնե մի օր էլ
ու կհասցնեմ հասկանալ
ինչպես լինել
մեր օրերում
որ օրերը մնան
մերը

Սպասեք մանուկներ
մի մեծացեք այդքան արագ
գոնե մի տարի էլ
ու ես կհասցնեմ հասկանալ
ինչպես վարվել ձեզ հետ
ձեր տարիքում
այդ դեպքում ստիպված չեք լինի
կրկնել
մոլորություններս

Սպասիր մայր իմ
մի ծերացիր
գոնե մի կյանք էլ
ու ես կհասցնեմ
վերադարձնել թեկուզ մի մասը
այն ամենի
որ տվել ես ինձ

Սպասիր
կյանք
իմ


Վերհուշ

Կոխկռտված է
այն խոտը
որի վրայով քայլել են ոտքերս
ուժերիցս վեր է այն ճխլտելը

Գետնատարած են այն ծառերը
որ մագլցում էի աղջնակների համար
որոնք վաղուց այլևս
մայրեր են

Նրանց որդիների հետ
պետք է
շարունակեմ
մեծանալ


Ծարավ

Մանկությունը
ջրհորն է հավերժության

Պատանեկությունը
ջրհորն է գալիքի

Հասունությունը
ջրհորն է մանկության

Ծերությունը
մի կում ջուր է


Երջանկության աղը

Քեզ հետ
մի-մի պտղունց
աղ կերանք
որ իրար համար
աղե արցունք թափենք
անջատ


Երազանքների իրականացման առավոտը

Այնպիսի թափանցիկ առավոտ է
ասես մարդիկ ակվարիումներով
վազում են դեպի ծովը
որ բաց թողնեն ծովի մեջ
ոսկե
ձկներին

Կուտակվել են երազանքները

Պարզապես պետք է ծերանալ
ու նետել
ուռկանը


Ռուսերենից թարգմանեց Ռուզաննա Ոսկանյանը

  • Hits: 2931

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: