ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, «ԱՐՄՄՈՆՈ´»

 Շնորհավորում ենք «Արմմոնոյին»: Տարին հոբելյանական է այս փառատոնի համար: Արդեն 15 տարի է, ինչ հանրապետության մշակութային կյանքը իր յուրօրինակ զարգացումն է ապրում այս բացառիկ ու պրոֆեսիոնալ փառատոնի շնորհիվ: Փառատոն, որ ամեն անգամ իր խոսքն ունի ասելու հայ հանդիսատեսին: Աշխարհայացքի ընդլայնում, միջազգային կապերի ձեռքբերում, ուղևորություններ, այլ մոնոփառատոների հետ համագործակցություն, «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», «Արմմոնո-Օպերա» ծրագրեր, վարպետության դասեր:

Մոնոներկայացումների կուլտուրան Հայաստանում ձևավորվեց հենց այս փառատոնի շնորհիվ: Հայ դերասանները հանդիսատեսին ներկայացան խաղընկեր չպահանջող դերացանկով: Ասենք ավելին, հայ ժամանակակից դրամատուրգիայում իր նշանակալի տեղը գտավ միայնակ մարդը՝ իր խոհերով, ապրումներով, կենցաղով: Բայց եկեք չմոռանանք փառատոնի մի շատ կարևոր առավելության մասին ևս: Այս փառատոնի շնորհիվ բացահայտվեցին մի շարք երիտասարդ դերակատարներ, պրոֆեսիոնալ դերասանները անցան այս յուրատեսակ քննությունը, իսկ դերասանների մի մասն էլ հասկացավ հետագա իր անելիքը: Եվ այսօր, այս ինքնատիպ փառատոնի, տարվող պրոֆեսիոնալ, տքնաջան աշխատանքի համար մեր շնորհակալությունը չենք կարող չհայտնել փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանին, տնօրեն Մարիաննա Մխիթարյանին, մամուլի պատասխանատու Վլադ Մուրադյանին և բոլոր մասնակիցներին:

Հոբելյանական «Արմմոնոն» իր հանդիսատեսին այս տարի հայկական ծրագրի հետ մեկտեղ առաջարկեց դիտել միջազգային քննություն անցած հայտնի մոնոներկայացումներ, որոնցից մենք առանձնացրինք Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի «Տունը» և Վրաստանի Բեսո Զանգուրիի դերակատարմամբ «Փսիխոզ 4.48» ներկայացումները: Եթե դիտարկենք գրական հենքը, ապա երկու դեպքում էլ ունենք իրենց դժբախտությունը, անհուսությունը, էքզիստենցիալ գոյությունը մեզ հետ կիսող հերոսուհիներ, իսկ եթե քննարկման ենք առնում բեմական կերպարները՝ այս դեպքում արդեն հանդիսատեսի առջև է տարիքով կինը և տղամարդը:

«Արմմոնոյի» գլխավոր ձեռքբերումներից է երիտասարդների ակտիվ մասնակցությունը այս փառատոնին: Այդ երիտասարդներից մեկը ռեժիսոր, պրոֆեսոր, Երվանդ Ղազանչյանի արվեստանոցի սան Արմեն Սաֆարյանն է, ով իր այս բեմադրությամբ փաստում է, որ Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը հուսալի ձեռքերում է: Երիտասարդ բեմադրիչը Համաստեղի «Տունը» պատմվածքի հիման վրա բեմ է բարձրացրել պոետիկ մի կոմպոզիցիա, որի թեման լքված հայ կնոջ միայնությունն է ու իր հունով ընթացող խաղաղ կյանքը: Այս բեմադրության հերոսուհին տարիքով կին է /Ալվարդ Ստեփանյան/, ով տառապում է իրենից հեռացած ամուսնու՝ Թումասի համար, իր ողջ տվայտանքներն է կիսում մեզ հետ, խնդրում Աստծուն՝ վերադարձնել նրան: Ռեժիսորը համեստ գյուղական հարմարավետություններով ներկայացող փոքրիկ բնակարանում ի ցույց է դնում կյանքը տարվա եղանակների հերթափոխով:

Սիրելի ընթերցո´ղ, հնարավոր չէ անարձագանք թողնել նուրբ ու քնարական երաժշտական ձևավորումը, որը, ասես ձոն էր մեր ականջների համար: Բեմում զգուշորեն շոպենյան նոկտյուրն էր թևածում ու ծորում դեպ հանդիսատեսը: Ողջունելի է բեմադրիչի այս լուծումը, քանզի այն դառնում է մի ինքնատիպ միջոց՝ իր անզուսպ հուզմունքով, կռվարար, միայն իրեն բնորոշ բառապաշարով, անկոտրում, շրջապատի հետ լեզու չգտնող բնավորությամբ ներկայացող կնոջ ներաշխարհը ի ցույց դնելու: Սա այն դեպքերից է, որ երաժշտությունը չհամապատասխանելով բեմում առկա իրականությանը, հենց դրանով իսկ բացահայտում է կերպարի կոպտությամբ շղարշված քնքուշ ու փխրուն հոգին: Խոսելով դերակատարման մասին, ասենք, որ Ա. Ստեփանյանը այս փոքրիկ խաղատարածքում /Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոքր բեմ/ մեծ հմտությամբ է տարբեր իրավիճակներում ներկայացնում իր հերոսուհուն: Գտնված և տրամաբանված է կերպարի յուրաքանչյուր շարժում: Նա գլխաշորի հետ աշխատել գիտե, զգեստը ուղղել գիտե, հավերին կերակրել գիտե և այդ ամենը այնքան օրգանական, որ անհրաժեշտ է միայն խոսել նրա՝ այս ժանրում ներկայանալու հաջողության մասին: Չմոռանանք, վերջապես, նրա հավատով լեցուն աչքերի մասին, որոնց մեջ հույսի կայծն է բոցկլտում, երբ «հայտնվում» է փոստատարը: Դերասանուհին կարողանում է փոստատարի պայուսակը, լուսանկարների շրջանակները խաղարկման առնելով, շոշափելով՝ ի ցույց դնել իր ողջ սպասումն ու հավատը, արցունքները: Ա. Սաֆարյանին հաջողվել է բեմում «խաղալ» ժամանակի հետ: Նրա մոտ թափվող աշնանային տերևները, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները, վառվող մոմը կերպավորվում են, ստանում իրենց խորհուրդը, ներկայացնում ժամանակն ու եղանակը, սպասումն ու ապրումները, մահն ու շարունակվող կյանքը միաժամանակ:

Մեր կողմից առանձնացված մյուս մոնոներկայացումը՝ Վրաստանի աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի դերասանախմբից Բեսո Զանգուրիի դերակատարմամբ «Փսիխոզ 4.48»-ն է: Այս պիեսը ինքնասպանություն գործած Սառա Քեյնի վերջին ստեղծագործությունն է, որը լի է անհուսությամբ, գոյության անմեկնությամբ, դժբախտությամբ, հակասություններով, հոգեբանական ծանր կեցությամբ, տարբեր «ես»-երի բախումով, ինքնասպանություն տանող որոշումով: Ահա այսպիսի հերոսի էր մարմնավորում Բեսո Զանգուրին, ում մեկնաբանության մեջ կանացի կերպարը ներկայանում է տղամարդ, ով հայտնված է կախաղանների միջավայրում և ինքն իր հետ անհաշտ կեցության մեջ է ու ի վերջո գնում է դեպի ինքնասպանություն: Սպիտակ շապիկով և ջինսե տաբատով այս երիտասարդ կերպարին Բ. Զանգուրին ներկայացնում է այնքան նուրբ արտահայտչամիջոցներով, շտրիխներով, որ թվում է, թե նա առավելապես հակված է սթափ գիտակցությամբ ներկայացնել կերպարին: Անտեսելով լեզվական պատնեշը՝ մենք համարձակվում ենք նկատել, որ մերթ ընդ մերթ հնչող կանացի ձայնը բժշկուհունն է, ով էլ իր հերթին երբեմն իր ձեռքն է «վերցնում» ռեժիսորական ղեկն ու հրահանգավորում հետագա տեսարանների զարգացումը: Այդ են վկայում կերպարի և ձայնի միջև ծավալվող դիալոգները, գրամեքենայով հավաքվող տեքստի ձայնը, որին հաջորդում է վերևից իջնող տպագիր տեքստը:

Ներկայացման մեջ գերակշռում են տառապանքի տեսարանները: Դերասանը մեծ հմտորեն է ներկայանում իր ձայնի տեխնիկայի, շարժումների ճկունության շնորհիվ և ցրում ձանձրալի թվալու մտավախությունը: Իր տապալումները հատակին ներկայացնելիս՝ մենք տեսնում ենք Բ. Զանգուրին ձեռքերով ամուր գլուխը բռնած, կարմիրի միջավայրում հայտնված /այս տեսարաններում ռեժիսորական մտահղացման համաձայն գործի են անցնում լուսային լուծումները և մոտեցող ինչ-որ արհավիրք հուշող աղմուկները/:

Բեմադրության մեջ համաձայն չենք ռեժիսորական մի շարք լուծումների հետ, որոնք դուրս են ներկայացման ընդհանուր մտահղացումից և առաջ են բերում ավելորդ ձգձգում: Ցանկալի կլիներ, որ աթոռների կիրառման և պոլիէթիլենային թաղանթի խաղարկման տեսարանները ստանային իրենց իմաստային նշանակությունն ու անհրաժեշտությունը, և գրքերով ծանրաբեռնված սեղանն էլ գործածության մեջ առնվեր: Ամենի հետ մեկտեղ ռեժիսորի /Կիտա Ռոկվա/ կողմից գտնված տեսարան էր ծխախոտի տեսարանը, որտեղ Բ. Զանգուրին կարողանում է իր կերպարը գունեղացնել և ներկայացնել ուրախ տրամադրության մեջ:

Ինչպես տեսնում ենք, մեր սիրելի փառատոնը շարունակում է իր հաղթարշավը: Ամեն անգամ նոր գույներով, նոր դեմքերով ու նոր կերպարներով: Այսպիսով՝ շնորհավո´ր տարեդարձդ , «ԱՐՄՄՈՆՈ´»:

Ռուզաննա Առաքելյան
թատերագետ
  • Created on .
  • Hits: 48085

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: