«Երբ որ քամին հանդարտվի». Ֆիլմ հույսի և սպասման մասին

 

 

 

 

ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ

Ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան

Արտադրությունը՝ 2020

Տևողությունը՝ 100 րոպե

Երկիրը՝ Ֆրանսիա/Հայաստան/Բելգիա

 

Նոյեմբերի 1-ին  «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով բացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագիծը: Ֆիլմը ևս նվիրված է Արցախին, ռեժիսորը մեր ֆրանսաբնակ  հայրենակից Նորա Մարտիրոսյանն է:

Օդանավակայնների մասին օդում կախված ռոմանտիկ շատ պատմություններ կարելի է լսել ու տեսնել, և ցանկացած երկրի օդանավակայան մարդկային պատմությունների մի ամբողջ շղթա է, զգացողությունների հեղեղ, իսկ ինչպիսի զգացողություն է մեզ հաղորդում դատարկ օդանավակայանը:

«Օդանավակայանի բացումը կարող է անկախության խորհրդանիշ դառնալ: Եթե թռիչքներ լինեն, միջազգային հանրությունը ուշադրություն կդարձնի, ճանաչի Արցախի անկախությունը»: Օդանավն այլաբանական նշանակություն ունի` ազատության:

Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» ֆիլմի առաջին կադրում լանդշավտային մութ պատկեր է բացվում այդտեղով անցնող միակ տաքսու լույսն է երևում, որ Արցախ է տանում միջազգային աուդիտոր, ազգությամբ ֆրանսիացի Ալենին: Նա այստեղ է կովկասյան մի չճանաչված փոքր հանրապետության օդանավակայանի հնարավոր վերագործարկման համար կանաչ լույս վառելու նպատակով: Այստեղ նա հանդիպում է մի տղայի՝ փոքրամարմին, բայց համառ, ուժեղ բնավորությամբ Էդգարին, որ իր տարօրինակ առևտրով է զբաղվում: Նրանց միջև երկխոսության մի դրվագ կա ընդամենը, բայց յուրահատուկ ու անխախտ ներքին եռախոսության է վերածվում այս ամենը, սկզբում Ալենի պատուհանից նայող հայացքում, հետո դիտողի, Ալենի և Էդգարի միջև: Էդգարը իր տարեկիցներից շուտ է մեծացել, մինչ երեխաները դրսում խաղում են, նա իր առևտրով է զբաղվում. նպատակ ունի:

«Երբ քամին հանդարտվի» ֆիլմը չի տեղավորվում 21-րդ դարի արագության մեջ, նա այդ ուղեծրից դուրս է: Այստեղ չկան վառ հագուստներ, տարատեսակ հիացնող և բազմերանգ էֆեկտներ: Ստեղծագործական կազմին ծանոթանալիս օտարազգի անուններ շատ կարելի է հանդիպել, բայց ֆիլմի ողնաշարն ու սիրտը հայկական են:

«Մեր երկիրը ձեր քարտեզներում նշված չէ, բայց այն գոյություն ունի իր ցորենի դաշտերով, այն գոյություն ունի իր դպրոցներով, այն գոյություն ունի իր սահմանադրությամբ....»

Ֆիլմը երազանքների, չսպիացած վերքերի, խնդիրների, շղթա է, որ անընդհատ իր առանցքի շուրջն է պտտվում` լուծումների փոխարեն միայն ափսոսանք ներկայում, հույսը` ապագային միտված:  Եվ այս ամենը արված է մարդկային պարզ հարաբերությունների, մշտապես հետևող և «ներկա ստացող» անցյալի պատմությունների, կոլորիտային տրամադրությունների միջոցով: Ֆիլմում չկան առաջնային և երկրորդային դերեր, կերպարներ, կան առանձին պատմություններ, որ ամբողջանում են հետո: 

«Երբ իմ գյուղը կրակահերթի տակ էր, ամբողջ օրը նկուղներում էինք անցկացնում, սպասում էինք գիշերը գա, որ կարողանանք հողը մշակել»:

Լանդշավտային համայնապատկերներին, որ շնչառություն ու օդ են տալիս մեր մտքերին, գալիս են փոխարինելու խոշոր կամ միջին պլանով կադրերը: Համայնապատկերները անգամ կտավի տեղ կարող էին օգտագործվել, բայց տան պատից կախելու համար բավականին խամրած և «ցուրտ» երանգ ունեն: Ընդհանրապես, ֆիլմը սառը, փոքր-ինչ գորշ ու խամրած գույներով է` մշտապես  քամու առկայությամբ: Երաժշտությունը, գույները, կոնտրաստային կադրերը  առավել ցցուն, տպավորիչ են դարձնում խոսքը` խտացնելով միտքը, գործողությունը:

Ֆիլմում յուրահատուկ դեր ունի հումորը կամ ավելի շատ՝  «սև հումորը»: Վերջիններս թեթևացնում են խոսքերի ծանրությունը, իսկ ֆիլմից հետո հումորի չմարսված կտորները միևնույնն է դեռ քերծում են գիտակցությունը:

Ֆիլմը, որի հետևում աշխատանքի 10 տարիներ են, միտք է, երակ, ազատության ձգտում, սպասում...:

 

Մերի Հովհաննիսյան 

  • Created on .
  • Hits: 25948

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: