• cultural.am
  • Թատրոն
  • «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՔԱՄԻ»․ Ներկայացում մանկության, հրաշքների և արկածախնդրության մասին

«ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՔԱՄԻ»․ Ներկայացում մանկության, հրաշքների և արկածախնդրության մասին

Մանկագիր Պամելա Թրևերսի «Մերի Փոփինս» հեքիաթ-վիպակը դարձել է համաշխարհային մանկական գրականության ամենահայտնի և սիրելի գործերից մեկը։ Վիպակի գլխավոր հերոսուհին խորհրդավոր դայակ Մերի Փոփինսն է, որը գալիս է արևելյան քամու հետ միասին․ նրա առաքելությունն է կարգուկանոն սերմանել, կրթել և վարքուբարք սովորեցնել երեխաներին։ Դայակի համար չկան անհնազանդ կամ անսանձ երեխաներ, նա ի զորու է «շտկել» նույնիսկ ամենածայրահեղ չարաճճիներին։

Իհարկե, գրքի ասելիքը իրականում շատ ավելի խորն է, քան պարզապես անհնազանդ երեխաների հանդեպ կիրառվող դաստիարակչական հնարքների լուսաբանումը։ Դայակը երեխաներին սովորեցնում է տեսնել շրջապատող աշխարհի կախարդանքը, նկատել և գնահատել նույնիսկ ամենափոքրիկ մանրուքները, կյանքն ընկալել որպես անվերջանալի արկած և ապրել այն ողջ խորությամբ։

e1f0245a 647c 4f47 adc7 880f86a2fc4f

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում 2025 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ «Կախարդական քամի» ներկայացման պրեմիերան, որի հիմքում «Մերի Փոփինս» հայտնի ստեղծագործության դրվագներն էին։  Ներկայացման մեջ ընդգրկված էին երկու դերասանական կազմ․ բեմադրիչ և բեմանկարիչ՝ Հարություն Բեգ-Վանյան, դերերում՝ Միլենա Ավանեսյան, Լուսինե Հայրապետյան, Քնարիկ Զաքարյան, Լուսինե Ավանեսյան, Արսեն Գրիգորյան, Ռուդիկ Մարտիրոսյան, Վահագն Գասպարյան, Ռուսլան Սիմոնյան, Աննա Պետրոսյան, Էլեն Հակոբյան, Վազգեն Մկրտչյան, Լևոն Սողոմոնյան։ Բեմականացման հեղինակ՝ Արտյոմ Ավետիսյան,զգեստների նկարիչ՝ Անահիտ Անդրեասյան, պարերի բեմադրիչ՝ Աննա Մարության։

Ներկայացման հիմքում Պամելա Թրևերսի արդեն դասական դարձած գրքի սյուժեն է․ Բենքսերի ընտանիքում իսկական տագնապ է, քանի որ երեխաների հերթական դայակը խուճապահար փախել է տանից։

 Kakhardakan qami 5

Երեխաները՝ Մայքլը և Ջեյնը ցնծում են, իսկ ծնողները տարակուսանքի մեջ են, քանի որ չեն կարողանում նոր դայակ գտնել։ Եվ ահա հայտնվում է ՆԱ՝ խորհրդավոր դայակ Մերի Փոփինսը։ Սկզբում երեխաները թերահավատ են նրա հանդեպ, ինչպես  մյուս դայակների դեպքում, բայց հետո աստիճանաբար հանձնվում են։ Նոր դայակը կարողանում է երեխաների մոտ հեղինակություն ձեռք բերել, փոխել նրանց ներաշխարհը։

Kakhardakan qami 6

Ներկայացման մեջ հատկապես դինամիկ են ներկայացված երեխաների կերպարները (Աննա Պետրոսյան, Վազգեն Մկրտչյան), քանի որ դերասաններին հաջողվում է լիովին փոխանցել հերոսների բնավորությունների առանձնահատկությունները՝ անհնազանդ ոգին և անզուսպ եռանդը, որով նրանք անընդմեջ վիճում և հաշտվում են միմյանց հետ։ Հանդիսատեսը պարզորոշ կարողանում է նրանց մեջ տեսնել այդ չարաճճի և հոգեհան երեխաներին, որոնք տանջահար են արել ոչ մեկ դայակի։

Ինչ վերաբերում է գլխավոր հերոսուհու՝ Մերի Փոփինսի կերպարին (Լուսինե Հայրապետյան), ապա այն մի փոքր ավելի ոչ միանշանակ է ընկալվում։ Չնայած գրքում հեղինակը չի նշում դայակի տարիքը, բայց ենթադրվում է որ նա գտնվում է 30-40 տարիքային միջակայքում։ Մերի Փոփինսը շատ երիտասարդ չէ, բայց ոչ էլ հասուն է (տարիքային առումով), նա բավականին փորձառու է իր դաստիարակչական մեթոդներում, ունի հստակ կեցվածք, բնավորության ցայտուն գծեր։ «Կախարդական քամի» ներկայացման Մերի Փոփինսը քիչ այլ է՝ չափազանց երիտասարդ, ավելի մեղմ, ոչ այդքան ընդգծված բնավորությամբ։ Իհարկե, խոսքը չի վերաբերում դերասանուհու խաղին․ հստակ նկատելի էր, որ դերասանուհին մանրակրկիտ աշխատել էր դերի վրա և փորձում է ճշգրտորեն իրականացնել իր առջև դրված խնդիրը, այնուամենայնիվ, զուտ կերպարային ընտրության առումով ներկայացման Մերի Փոփինսը համահունչ չէ գրքի հերոսուհու նկարագրին, ինչը չի կարելի է ասել մյուս դերակատարուհու՝ Միլենա Ավանեսյանի կերպարային ընտրության մասին՝ ով շատ ավելի համահունչ է և ճշգրիտ է մատուցում կերպարը։

«Կախարդական քամի» ներկայացումը հագեցած էր երաժշտական կատարումներով՝ դերասաններն իրենք են երգում, իսկ պարային տեսարանները ամբողջացնում էին բեմադրությունը։

 Kakhardakan qami 2

Ինքնատիպ և ներդաշնակ է ներկայացված կերպարների հագուստը՝ լիովին հարմարեցված Մերի Փոփինսի ժամանակաշրջանի (1930-ականների) անգլիական ոճին ու նորաձևությանը։

Բեմանկարչական լուծումները մտածված էին, միջավայրը ճիշտ էր ստացված, դեկորացիաները հարուստ էին, գունեղ, ինչը ներկայացումն ավելի տպավորիչ է դարձնում հանդիսատեսի համար։

 Kakhardakan qami 9

Kakhardakan qami 4

Ներկայացման հեղինակները (բեմանկարիչ՝ Հարություն Բեգ-Վանյան, բեմականացման հեղինակ՝ Արտյոմ Ավետիսյան) փորձել են բեմադրության մեջ ընգրկել ստեղծագործության ամենաառանցքային դրվագները՝ դայակի անհատակ պայուսակը, որի մեջ տեղավորվում է ամեն ինչ, նկարի մեջ մտնելու ընթացքը, խոսակցությունը շների հետ, այցելությունը շուկա և, վերջապես, Մերի Փոփինսի հրաժեշտը երեխաներին՝ արևելյան քամու սկսվելուն պես։

Kakhardakan qami 8

Այս առումով, բոլոր նրանք, ովքեր ընթերցել են այս պատմվածքը, թերևս կհամաձայնեն, որ ներկայացման մեջ գլխավոր ասելիքը, այսինքն՝ առօրեական իրողությունների կախարդական շղարշը, մի փոքր մշուշոտ էր։ Հանդիսատեսը հստակ չի ընկալում դայակի գերբնական պայուսակի տեսարանը, որի մեջ կախարդական հնարքով տեղավորվում է ամեն ինչ։ Փոխարենը հաջողված կարելի է համարել նկարի մեջ մտնելու իմիտացիան, շուկա այցելությունը, շների հետ խոսակցությունը։ Վերջին դրվագը հատկապես զվարճալի էր փոքրիկների և մեծահասակների համար, քանի որ դերասանների (Ռուսլան Սիմոնյան, Ռուդիկ Մարտիրոսյան) կերպարանափոխությունը չորքոտանիների շատ տպավորիչ էր, զվարճալի և բնական։

Հետաքրքիր էին մտածված կերպարային լուծումները, երբ միևնույն դերասանը մեկ ներկայացման մեջ մարմնավորում է մի քանի կերպարների (և բավականին լավ)։

Kakhardakan qami 3

Ինչ վերաբերում է սյուժետային գծին, ապա կարևոր է առանձնացնել պատմվածքի գլխավոր ասելիքը՝ երեխաների մոտ կախարդանքի զգացողության վերածնունդն ու կյանքի հանդեպ արկածախնդրության ձևավորումը։ Այս մասով նույնպես հանդիսատեսի հուզական արձագանքը միանշանակ չէր, տպավորություն կար, որ սյուժետային գիծը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր, գլխավոր ասելիքը՝ կորչում։ Այլ խոսքերով՝ ներկայացումը ամբողջական չէր ընկալվում, այլ հատվածաբար։ Թեև բեմադրությունը բավականին տպավորիչ էր բեմանկարչական  գունային լուծումների, դինամիզմի, վառ և գունեղ հագուստների տեսակետից, այնուամենայնիվ, և կերպարային բազմազանության, և սյուժետային գծի առումով դժվար թե այն կարելի է համարել «հեշտ ընկալելի» փոքրիկ հանդիսատեսի համար։ Միգուցե բեմական ժամանակն էր սահմանափակ պատմվածքի ողջ խորությունը և ասելիքը փոխանցելու համար և պետք է ընտրվեր մեկ սյուժետային գիծ՝ այն ամբողջությամբ տեղ հասցնելու համար։ 

Տպավորիչ էր Մերի Փոփինսի հրաժեշտի տեսարանը, երբ կախարդական (արևելյան) քամին կարծես օդ է բարձրացնում դերասանուհուն։  Լուսային ձևավորումը և թափվող ձյունը ամբողջացնում էր այդ գեղեցիկ տեսարանը, երեխաների՝ Մայքլի և Ջեյնի, կերպարների հակասական բուռն հույզերը բավականին տեղին էին ներկայացված․ հանդիսատեսը նրանց խաղում  տեսնում է իրական ցասում, անզորություն, տխրություն, քանի որ նրանք ստիպված էին հրաժեշտ տալ իրենց համար արդեն այդքան սիրելի և հարազատ դարձած դայակին, որը հեռանալով՝ նրանց թողել էր խորհրդանշական նվերներ։

Ինչևէ, «Կախարդական քամի» ներկայացումը բավականին կարճ ժամանակահատվածում կարողանում է փոքրիկ հանդիսատեսին պարգևել գեղագիտական հույզեր, զվարճալի պահեր և դարձնում մասնիկ մեկ այլ՝ հրաշքներով լեցուն աշխարհի, որի անունն է թատրոն։

Հայրապետ Հակոբյան

  • Hits: 128

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: