Վանաձորում բացվել է «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը
Ինչպե՞ս ենք վերաբերվում այն ճարտարապետական ժառանգությանը, որը ստեղծվել է մեզանից առաջ՝ այլ քաղաքական ու գաղափարական պայմաններում, և որի սկզբնական գործառույթն այսօր այլևս գոյություն չունի։ Ահա օրինակ Խորհրդային անցյալի նկատմամբ մեր վերաբերմունքը հաճախ շարունակում է մնալ հակասական։ Իսկ քաղաքական համակարգի և գաղափարախոսության քննադատությունը երբեմն ստվերում է թողնում այդ ժամանակաշրջանում ստեղծված ճարտարապետական, մշակութային ու սոցիալական արժեքները։ Մինչդեռ անհրաժեշտ է տարբերակել քաղաքական համակարգը և դրա պայմաններում ձևավորված ժառանգությունը։ Անցյալի նկատմամբ քննադատական վերաբերմունքը չպետք է վերածվի դրա ամբողջական ժխտման, ինչպես և ժառանգության պահպանումը չպետք է ընկալվի որպես նախկին համակարգի արդարացում։

Այս խնդիրը դիտարկելու կարևոր տեսական շրջանակ է առաջարկում արվեստաբան և հետազոտող Ռուբեն Արևշատյանը՝ 2010 թվականի Red Thread Journal-ում հրապարակված «Blank Zones in Collective Memory or the Transformation of Yerevan’s Urban Space in the 60s» հոդվածում։ Հեղինակը վերլուծում է 1960-ականների Երևանի քաղաքային և ճարտարապետական վերափոխումները՝ անդրադառնալով խորհրդային մոդեռնիզմի, հանրային տարածքների և հավաքական հիշողության փոխհարաբերություններին։ Նրա ուսումնասիրության առանցքում այն հարցն է, թե ինչպես են քաղաքային միջավայրի փոփոխությունները, ճարտարապետական կառույցների վերափոխումը կամ ոչնչացումը ազդում քաղաքի պատմական հիշողության վրա, և ինչպես են որոշ տարածքներ աստիճանաբար դուրս մղվում հանրային գիտակցությունից՝ վերածվելով հիշողության յուրօրինակ դատարկ գոտիների: Դրանք հնարավորություն են տալիս լքված ճարտարապետական կառույցը դիտարկել ոչ միայն որպես ֆիզիկական տարածք, այլև որպես հավաքական հիշողության կրող։ Հատկապես հիշատակման է արժանի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի պահպանության շուրջ 2010 թվականին ծավալված հանրային շարժումը։ Այն ցույց տվեց, որ ճարտարապետական ժառանգության պահպանությունը միայն մասնագիտական կամ քաղաքաշինական խնդիր չէ, այլև հասարակության՝ սեփական քաղաքի հիշողության և հանրային տարածքների նկատմամբ վերաբերմունքի հարց։

Նման հարցադրումները կարևոր են նաև Վանաձորի նախկին «Արտեկ» պիոներական ճամբարի պատմությունը հասկանալու համար։ Ճամբարը կառուցվել է 1968 թվականին՝ այն ժամանակվա Կիրովականում, և ընդունել Հայաստանի ու Խորհրդային Միության այլ հանրապետությունների երեխաներին։ Այն գործել է մինչև 1988 թվականի ամառը։ Նույն տարվա դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո շինությունները վնասվել են, և ճամբարն այլևս չի վերաբացվել։ Հետագա տարիներին տարածքի ապագայի վերաբերյալ տարբեր ծրագրեր են քննարկվել։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ շուրջ 6500 քառակուսի մետր տարածքը 2004 թվականին ձեռք է բերել «Վաբա» ՍՊԸ-ն։ Առաջարկվել են այն առողջարանային գոտու վերածելու, շենքերը վերականգնելու և ճոպանուղի կառուցելու ծրագրեր, սակայն դրանք չեն իրականացվել։ 2022 թվականին ընկերությունը սնանկ է ճանաչվել, իսկ տարածքը հայտնվել է աճուրդի հանված գույքի ցանկում։

Այսօր «Արտեկ»-ը ոչ միայն երբեմնի մանկական ճամբարի մնացորդ է, այլև մի տարածք, որի ճարտարապետությունը, հիշողություններն ու չիրականացած ծրագրերը շարունակում են հարցեր առաջադրել քաղաքի ներկայի և ապագայի վերաբերյալ։ Հենց այս հարցադրումներից է ծնվել «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» ծրագրի երկրորդ նախագիծը՝ նվիրված Վանաձորի «Արտեկ» պիոներական ճամբարին։ Այն իրականացվել է 2026 թվականի ապրիլի 1-ից նոյեմբերի 1-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ։ Նախագծի համադրողն է արվեստաբան Սոնա Հովհաննիսյանը, արտ-մենեջերը՝ Մարիաննա Աճեմյանը։ Նախագծի նպատակն է ժամանակակից արվեստի, տեղահատուկ ուսումնասիրությունների և հանրային մասնակցության միջոցով վերաիմաստավորել լքված ճարտարապետական ժառանգությունը, բացահայտել դրա մեջ պահպանված պատմություններն ու քննարկել նոր մշակութային և հանրային գործառույթների հնարավորությունները։ «Արտեկ»-ը դիտարկվում է ոչ թե պարզապես որպես լքված կառույց կամ անցյալի մնացորդ, այլ որպես հետազոտության ակտիվ միջավայր, որտեղ հնարավոր է նորովի տեսնել, լսել և հասկանալ ճարտարապետության ու հիշողության փոխհարաբերությունը։

Նախագծի շրջանակում Վանաձորում կազմակերպվել է արվեստագետների կացարան, որին մասնակցել են Լիլիթ Մարտիրոսյանը՝ Երևանից, Էրիկ Խանոյանը՝ Վանաձորից, և Կլիցա Անտոնիուն՝ Կիպրոսից։ Արվեստագետներն ուսումնասիրել են «Արտեկ»-ի տարածքը, դրա ճարտարապետական առանձնահատկությունները, պահպանված հետքերն ու հիշողությունները՝ ստեղծելով վայրի պատմությանն ու ներկային արձագանքող աշխատանքներ։ Նրանց ստեղծագործական մոտեցումները տարբեր են, և հենց այդ տարբերությունն է հնարավորություն տալիս տարածքը դիտարկել մի քանի փոխկապակցված դիտանկյուններից։
Լիլիթ Մարտիրոսյանն աշխատում է ինստալյացիայի, գեղանկարչության և տպագրական արվեստի ոլորտներում։ Նրա ստեղծագործական պրակտիկայում կարևոր տեղ ունեն նյութերի արտահայտչական ու գաղափարական հնարավորությունների ուսումնասիրությունը, տարածության և նյութի փոխհարաբերությունը։ Նա անդրադառնում է նաև այն հարցին, թե ինչպես է միջավայրն ազդում մարդու ընկալման և զգայական փորձառության վրա։ «Արտեկ»-ի ուսումնասիրության ընթացքում այս մոտեցումը հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնելու ոչ միայն շենքի ֆիզիկական առանձնահատկություններին, այլև այն զգացողություններին ու իմաստներին, որոնք առաջանում են տարածքի և այնտեղ գտնվելու փորձառության միջոցով։

Վանաձորցի բազմադիսցիպլինար արվեստագետ և երաժիշտ Էրիկ Խանոյանը թվային պատկերների, ձայնի և տեսողական փորձարարությունների միջոցով որոնում է արտահայտման նոր ձևեր։ Նրա ստեղծագործական հետաքրքրությունների առանցքում տարբեր մեդիաների ու տեխնոլոգիական հնարավորությունների համադրությունն է։ «Արտեկ»-ում նրա ուսումնասիրությունների կենտրոնում շենքի ձայնն է՝ դրա հնչողությունն ու փոխակերպման հնարավորությունները։ Ձայնը դառնում է ոչ միայն գեղարվեստական նյութ, այլև տարածքի հետազոտման միջոց, որը հնարավորություն է տալիս բացահայտելու շենքի այնպիսի շերտեր, որոնք սովորական տեսողական դիտարկման դեպքում կարող են աննկատ մնալ։ Տարածքի անցյալի հետքերը, նոր տեխնոլոգիաներն ու գեղարվեստական փորձարարությունը համադրելով՝ Խանոյանը որոնում է շենքի պատմությունը ներկայում զգալու և մեկնաբանելու նոր եղանակներ։
Կիպրոսից ժամանած Կլիցա Անտոնիուն էլ աշխատում է ինստալյացիայի, քանդակի և խառը մեդիայի ոլորտներում։ Նրա ստեղծագործական պրակտիկան անդրադառնում է հիշողությանը, տեղահանությանը և այն հետքերին, որոնք ժամանակի ընթացքում կուտակվում են վայրերում։ «Արտեկ»-ը նրա համար դառնում է բազմաշերտ պատմություններ կրող տարածք, որտեղ անցյալի հիշողությունները միահյուսվում են ներկա փոփոխություններին։ Անտոնիուն երկխոսության մեջ է մտնում այդ շերտերի հետ՝ ուսումնասիրելով, թե ինչպես կարող են վայրի նյութական հետքերը, բացակայություններն ու պահպանված հիշողությունները վերածվել նոր գեղարվեստական մեկնաբանությունների։

«Արտեկ»-ում տարածքն ինքնին դարձավ ստեղծագործական երկխոսության մասնակից։ Այստեղ անցյալի հետքերը հանդիպեցին ներկային։ Երբեմնի աշխույժ ու մարդկանցով լի ճամբարն այսօր էլ շարունակում է ապրել․ մարդիկ դեռ գալիս են այստեղ, ստեղծում, աշխատում՝ պահպանելով տարածքը որպես մի վայր, որտեղ հնարավոր է պատկերացնել ապագան։ Արվեստագետները եկել էին լքված շենքին նոր կյանք հաղորդելու մտադրությամբ, սակայն տարածքը ցույց տվեց, որ իրականում երբեք էլ լուռ չի եղել։ Նրա պատերը, դատարկ սենյակներն ու ժամանակի հետքերը շարունակում էին իրենց մեջ պահել Վանաձորի հիշողությունները, մթնոլորտն ու շունչը։ Արվեստագետները պարզապես չվերակենդանացրին տարածքը․ նրանք երկխոսության մեջ մտան դրա հետ՝ թույլ տալով, որ արդեն գոյություն ունեցողից ծնվեն նոր աշխատանքներ ու նոր ընթերցումներ։ Գուցե «Արտեկը» երբեք էլ չէր սպասում, որ իրեն նորից կյանք կհաղորդեն, այլ պարզապես սպասում էր, որ իրեն կրկին լսեն։ Այս իմաստով լքված ճամբարը դարձավ փոփոխվող Վանաձորի արտացոլումը՝ իր մեջ պահելով ոչ միայն այն, ինչ քաղաքը չի մոռանում, այլև այն, ինչ դեռ փորձում է ստեղծել։

Նախագծի հանրային ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին՝ MitOst փառատոնի շրջանակում։ Վանաձորի Էկոհաբի հրավերով նախագիծը ներկայացվել է MitOst փառատոնի շրջանակում Birthright Վանաձորում, միջազգային լսարանին ներկայացվել ծրագիրը և ժամանակակից արվեստի միջոցով ճարտարապետական ժառանգության վերաիմաստավորման և համայնքային կապերի ձևավորման հնարավորությունները։ Քննարկման առանցքում եղել են մանկությունը, ճամբարային մշակույթը, հավաքական հիշողությունը և այն վայրերը, որոնք ձևավորում են անհատական ու համայնքային ինքնությունը՝ Ջերմուկի մշակույթի պալատից մինչև Վանաձորի «Արտեկ»։

Հոկտեմբերի 14-ին Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի 14-16 տարեկան սաների մասնակցությամբ անցկացվել է «Կար-չկար» աշխատարանը։ Այն համադրել է տարածքի պատմամշակութային ուսումնասիրությունը, գրականությունը, լուսանկարչությունն ու կոլաժը՝ նպաստելով մասնակիցների քննադատական և ստեղծագործական մտածողության, ինչպես նաև ինքնարտահայտման հմտությունների զարգացմանը։ Աշխատարանն իրականացվել է «ՏԵՂ» հոգեբանական և մշակութային կապի հիմնադրամի հետ՝ Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի և գեղարվեստի դպրոցի համագործակցությամբ։ Այն վարել են հիմնադրամի հոգեբաններ Մարիամ Գրիգորյանը, Քրիստինէ Սերոբ Արզումանեանը և Կարինե Խաչատուրյանը։

Հոկտեմբերի 21-ին՝ COP17-ի համատեքստում, Երևանի քաղաքապետարանի կազմակերպած քաղաքային կենսաբազմազանության գոտում ներկայացվել է «Միջավայր և արվեստ․ տեսանելի դարձնել անտեսանելին» խորագրով սահիկահանդեսը։ Այն անդրադարձել է արվեստի ներուժին՝ կենսաբազմազանության հարցերը հանրայնացնելու և բնության հետ մարդու հարաբերությունների շուրջ նոր հարցադրումներ առաջադրելու գործում։ Հոկտեմբերի 27-30-ը տեղի են ունեցել հանդիպումներ-քննարկումներ արվեստագետների հետ: Արվեստագետները ներկայացրել են իրենց ստեղծագործական մոտեցումները, «Արտեկ»-ում անցկացրած հետազոտությունների ընթացքն ու տարածքի հետ աշխատանքի ընթացքում ձևավորված մտքերը։ Հանդիպումները հնարավորություն են տվել մասնակիցներին ոչ միայն ծանոթանալու արվեստագետների աշխատանքներին, այլև ավելի խորությամբ հասկանալու դրանց ստեղծման ընթացքն ու գաղափարական հիմքերը։ Քննարկվել է, թե ինչպես կարող են ճարտարապետական միջավայրի նյութական հետքերը, անձնական հիշողություններն ու տարածքի ներկա վիճակը վերածվել գեղարվեստական լեզվի։ Այս հանդիպումները դարձան յուրօրինակ կամուրջ արվեստագետների հետազոտական աշխատանքի և ցուցահանդեսի միջև՝ ամբողջական դարձնելով «Արտեկ»-ի շուրջ ձևավորված ստեղծագործական երկխոսությունը։

Հոկտեմբերի 31-ին էլ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում բացվեց «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են արվեստագետների կացարանի մասնակիցներ Լիլիթ Մարտիրոսյանի, Էրիկ Խանոյանի և Կլիցա Անտոնիուի աշխատանքները։ Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև հանդիպում համադրող Սոնա Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ներկայացվել են ցուցադրության գաղափարական առանցքն ու համադրողական մոտեցումները։ Ծրագրի համադրողն է Սոնա Հովհաննիսյանը, արտ-մենեջերը՝ Մարիաննա Աճեմյանը։ Գործընկերներն են Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը, Վանաձորի համայնքապետարանը և Լոռու մարզպետարանը։
Ցուցահանդեսի առանցքում ճարտարապետության սկզբնական գործառույթի կորստի և դրա հետագա գոյության հարցն է։ Ի՞նչ է տեղի ունենում ճարտարապետության հետ, երբ անհետանում է այն գործառույթը, որի համար ստեղծվել էր։

Այսօր «Արտեկ»-ի տարածքում ներկայությունն ու բացակայությունը համագոյակցում են․ մնում են պատերը, լանդշաֆտը, հիշողությունների առանձին դրվագները, սակայն փոխվել է այն իրականությունը, որի համար ստեղծվել էր այս վայրը։ Երբ շենքը լքվում է, արդյո՞ք ավարտվում է նաև նրա պատմությունը։ Եվ ո՞վ է որոշում, թե ինչ ապագա կարող է ունենալ այն։ Նախագիծը պատրաստի պատասխաններ չի առաջարկում, այլ հրավիրում է վերանայելու լքված տարածքի մասին մեր պատկերացումները՝ այն դիտարկելով որպես նոր ուսումնասիրությունների, ստեղծագործական աշխատանքի և հանրային երկխոսության միջավայր։ Այստեղ անցյալի ապագաները հանդիպում են հնարավոր ապագաներին։

«Արտեկ»-ի նախագիծը ToC-ի՝ «Ճարտարապետություն. ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» ծրագրի երկրորդ փուլն է։ Դրան նախորդել էր Ջերմուկի մշակույթի պալատին նվիրված նախագիծը, որն իրականացվել էր 2024–2025 թվականներին՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ։ Ջերմուկի նախագիծը ճանաչում է ստացել LINA European Architecture Platform-ում՝ ընտրվելով ներկայացված 310 առաջարկներից, և 2024 թվականի հոկտեմբերին ներկայացվել Սարաևոյում կայացած LINA համաժողովում։ 2026 թվականին այն ներկայացվել է նաև «Բարսելոնա 2026․ Ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում՝ Միս վան դեր Ռոյի հիմնադրամի և LINA-ի համագործակցությամբ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ/UIA ճարտարապետների համաշխարհային համագումարի և EUmies Awards-ի շրջանակում։ Այս հարթակներում նախագծի ներկայացումը տեղական ճարտարապետական ժառանգության շուրջ ձևավորված հարցադրումները դուրս է բերում ազգային շրջանակից՝ դրանք ներառելով միջազգային մասնագիտական և մշակութային քննարկումների մեջ։

«Ապագայից հետո» ցուցահանդեսը հիշեցնում է, որ ճարտարապետական ժառանգության արժեքը չի սահմանափակվում դրա սկզբնական նշանակությամբ։ Շենքը կարող է կորցնել իր գործառույթը, սակայն շարունակել գոյություն ունենալ որպես հիշողության կրող, հետազոտության առարկա և նոր ստեղծագործական հնարավորությունների աղբյուր։ «Արտեկ»-ի օրինակը ցույց է տալիս, որ լքված լինելը դեռևս անարժեք լինելու նշան չէ։ Անհրաժեշտ է սովորել տեսնել այն, ինչ պահպանվել է, լսել այն, ինչ դեռ պատմում է տարածքը, և մտածել այն հնարավորությունների մասին, որոնք կարող են ծնվել դրա հետ նոր հարաբերություն հաստատելու արդյունքում։ Անցյալը ջնջելով՝ ապագա չես կառուցի։
Ալմաստ Մուրադյան