Հոսեյն Աթեշփարվար. ․․․ Եվ Հող

Երեկ, երբ ավարտեցի «Պադրե Պարամո[1]»-ն, հանկարծ մտքովս անցավ գնալ «Դիսֆան[2]»։ Ավտոբուս նստեցի։ Մոտ մայրամուտին հասա «Գոնաբադ[3]»։ Տատանվում էի և չգիտեի՝ միկրոավտոբուսներն արդեն ուղևորվե՞լ են, թե՞ ոչ։ Ավտոկայանի մոտ կանգնած տաքսու վարորդը հարցրեց․ «Ո՞ւր, ախպեր»։ Ասացի․ «Բարաքուհի կողմերը»։ Գլխով արեց։ Առանց որևէ խոսքի նստեցի հետևի նստարանին։ Ուղղվեցինք դեպի հարավի լեռների ստորոտները։ «Քլութ[4]»-ների միջով արագացրեց ու հարցրեց․ «Ո՞ւր եք բարեհաճում գնալ»։ Ասացի․ «Մի գյուղ եմ փնտրում»։ Հարցրեց․ «Գյո՞ւղ»։ Եվ ուսերը վեր քաշեց։ Շեշտելով ասացի․ «Այո՛, բնակավայր»։

Ճանապարհի երկայնքով ձգվող հեռագրասյուները փախչում էին մեզանից։ Վարորդը գլուխը դեպի մայրամուտի կողմը շրջեց և ասաց․ «Այս բլուրներն անցնենք՝ մի մեռյալ գերեզմանատան կհասնենք։ Այնտեղ «Դիսֆանն» է»։

Ծիծաղեց։ Երկինքը նարնջագույն էր այրվում, իսկ անապատը՝ միատարր չորացած ուղտափուշ էր։ Ասացի․ «Բայց ես «Կումալա[5]»-ն եմ փնտրում»։

Վարորդը դանդաղեցրեց ընթացքը։ Հետո ձախ թեքվեց դեպի մի հողածածկ կողմնակի ճանապարհ։ Գլուխը շրջեց դեպի ինձ ու ասաց «Ասացիք ո՞ւր»։

Փոշու ամպի մեջ կորած՝ ասացի․ «Կումալա»։ Հետո շարունակեցի․ «Երեկ «Պեդրո Պարամո»-ն կարդալիս մտքովս անցավ տեսնել «Կումալա»-ն»։

«Ի՛նչ-մալա՞: Իսկ դա որտե՞ղ է»։ Վարորդը հարցրեց՝ առջևի հայելու միջից նայելով։

«Մեքսիկայում գտնվող մի գյուղ է՝ «Պեդրո Պարամո»-ի պատմության երկիրը»՝ ասացի։

«Կումալա՜»՝ ձգեց նա։ Նայեց ինձ ու ծիծաղեց։ Նա, որ կարծես քարացած լիներ, արգելակեց։ Նայեց ինձ ու ծիծաղեց՝․ասելով․ «Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ Դիսֆա՞ն, թե՞ Կումալա։ Երկուսն էլ նույնն են»։

Այդ խոսքից հետո շարժվեց։ Անտարբերությամբ ասաց․ «Երբ բլուրն անցնես, մի մեռյալ գերեզմանատան կհասնես։ Այդ գերեզմանատանը հաստատ Կումալան կգտնես»։

Մի ծեր խրտվիլակի մոտ կանգնեց։ Իջավ մեքենայից։ Ձեռքով շփեց մեքենայի անիվներն ու ասաց․«Ճանապարհը լավը չէ»։

Առանց որևէ բան ասելու՝ իջա մեքենայից և ինքս ինձ ասացի․ «Ի՜նչ լավ է, հասանք»։

Ծեր խրտվիլակի կրծքին գրված էր․ «Բարի գալուստ պատմության երկիր»։ Վարորդի ձայնը թիկունքից ինձ քաջալերեց․ «Մինչև այնտեղ՝ մի ճիչ[6] է մնացել»։ Փոշին նրան կուլ տվեց։ Խրտվիլակի ցուցամատը ցույց էր տալիս այն կողմը, ուր գնում էր վարորդի ձայնը։ Բարձրացա բլրի զառիթափ լանջով։ Օդը խեղդող ու տոթ էր։ Մինչև «Գոդար[7]»-ին հասնելը մի ամբողջ դար տևեց։ Հեռվից երևացին թթենու ու թզենու մի քանի ծառերի ուրվապատկերներ և մի բնակավայր։ Ճանապարհին աչքս ոչ մի շարժվող էակի չհանդիպեց՝ բացի նույն ծեր խրտվիլակից, որը երբեմն քամու ծիծաղից շարժվում էր։ Ինքս ինձ ասացի․ «Սա ուրվականների քաղաքն է»։ Մինչ առաջ էի գնում, ոտքերիս տակից փափուկ հողը բարձրանում էր ու նորից հանդարտ նստում առջևս։  Գերեզմանատունը կամաց-կամաց հայտնվեց ինձ։

Մի ձայն ասաց․ «Մեռելները, երբ նորեկի են տեսնում, ուրախանում են»։  Ուրախությունից ոգևորվեցի, որ հասել եմ «Կումալա»։

«Հիմա ասա տեսնեմ՝ ո՞ւմ տղան ես»։

Ինչքան շուրջս նայեցի, ոչ ոք չկար։ Ձայնը հողից էր գալիս։ Ասացի․ «Շահրբանուի և Հոսեյնի»։

«Գիտեի, որ գալու ես, որդի՛ս»։

Ճանապարհի երկու կողմերում չորացած ու ճերմակող թզենիներին երկար նայեցի․ «Մայրս տարիներ առաջ էր մահացել»։ Ու մի քանի քայլ առաջ գնացի։ Հողն ասաց․ «Դրա համար էլ ձայնը թույլ է հասնում»։ Հետո շարունակեց․ «Երեկ գիշեր, երբ «Պեդրո Պարամո»-ն էիր կարդում, մենք միասին քայլում էինք «Գարնան փողոց[8]»-ի էջերի միջով։ Քո գալու լուրը նա՛ տվեց ինձ»։

Այրված ամպերը մոխրացան։ Հողը հարցրեց ինձ․ «Լսել էի, բայց դու ի՛նքդ ասա․ այս բոլոր տարիներին Մաշհադում[9] պատմվածքնե՞ր էիր գրում»։ Ես քաշվեցի դեպի ճանապարհի եզրը և ասացի․ «Ե՛ս։ Չեմ կարծում, թե հիմա որևէ պատմվածք գրած լինեմ։ Ինչ որ գրել եմ, կյանք է եղել։ Հիմա էլ եկել եմ, որ առաջին պատմվածքս տանեմ «Հենգամ[10]»-ին»։

Հողը հազաց ու ասաց․ «Ուրեմն ասա՛, դրա համա՞ր ես եկել, որ քո մոռացված մանկությունն այստեղ գտնես»։ Ու նայեց գյուղի ուրվապատկերին․ «Շահրբանուն ուրիշ բաների մասին էլ խոսեց։ Հիմա ասա տեսնեմ՝ այս Հենգամը ո՞վ է, որդի՛ս»։

«Չե՞ք ճանաչում նրան»։

«Որտեղի՞ց ճանաչեմ»։

«Շիրազում մի երիտասարդ է՝ Սորուշի[11] այգիների չափ արձակ։ Իր նարնջենու այգիների չափ կյանք ունի։ Ձեռքերը լի են պատմություններով, իսկ գլուխը՝ պոեզիայով։ Երբ քայլում է, նրա երգը բարձրանում է ու տնից տուն գնում։ Ի դեպ՝ մոռացա ասել. նրա շուրթերը կապույտ են խոսում, աչքերը շարունակ գույն են փոխում, երբեմն էլ պատկեր են դառնում»։ Հողը, որ հայացքը հառել էր բերանիս, ասաց․ «Երբ գտնես մանկությունդ, անպայման նրա ձեռքը կդնես «Հենգամի» ձեռքի մեջ ու կասես նրան․ «Տե՛ս։ Տե՛ս։ Մենք էլ այնքան անտեր ու մենակ չէինք։ Մենք հնագույն մի ցեղ ենք, որ հազար անգամ սպանվեցինք և հազար ու մեկ անգամ ծնվեցինք»։

Խոսքը փոխեցի ու ասացի Հողին․ «Ի դեպ՝ գնանք՝ Շահրբանուին էլ մի այցելություն տանք․ աչքը ճանապարհին է»։ Հողը բռնեց ձեռքս ու իր հետ տարավ։

Շահրբանուի ոտքերի մոտ ծնկի իջա։ Նրա գլխավերևում մի երիտասարդ նոճի էին տնկել։ Բացեցի պայուսակս, հանեցի «Գարուն փողոցը կապույտ էր»-ը և սկսեցի կարդալ․ «Ա՜յ Շահրբանու, իմ առաջին պատմվածքը։ Եվ ո՛վ Արևելքի վերջին հեքիաթասաց Շահրազադ, որիդ պատմությունների ոսկե ցորենի արտերում ականջներս կանաչեցին․ իմ տառապանքներն սկսվեցին այն օրվանից, երբ, ի վերջո, գայթակղվեցի, գետնին ընկած, սուր[12] ծառի տակ դրված կծած խնձորը վերցրի ու կերա։ Դե՛, ինձ էլի՛ պատմիր այդ դժբախտություններից»։

Շահրբանուն գերեզմանում կիսով չափ վեր կացավ և «Գոնաբադի» անապատում ինձ ցույց տվեց մի բազմություն, որոնց լեզուները դուրս էին կախվել կոկորդներից, և նրանք հևում էին։ Իսկը՝ Դատաստանի դաշտ, ասես նրանց ոտքերի տակ հալված պղինձ լիներ։

Հեռվից մեկին մատով ցույց տվեց․ «Նա ժանտախտն է»։ Ապշած նայեցի․ «Ժանտա՞խտը»։ Ժանտախտը աչքերը հառեց աչքերիս․ «Չէի՞ր կարծում, որդի՛ս, որ նա մարդու կերպարանքով կլինի»։

Շահրբանուն իր պատանքով հենվեց նոճուն և մյուսին ցույց տվեց․ «Նրա անունը երկրաշարժ է, և նրա ձեռքերում հողը խմորվում է»։ Ու չսպասեց․ «Ա՛յն մեկը սովն է, որ մի շնչով ներս է քաշում ամբողջ գյուղը։ Նույնիսկ հողն է բոլորի աչքի առաջ կուլ տալիս։ Անպայման գիտես նրան, որդի՛ս»։ Կուլ տվեցի թուքս։

«Իսկ նա էլ երաշտն է, որդի՛ս»։

Ժանտախտը, սովը, երկրաշարժը, մորեխը ուրախ հռհռոցով խուժեցին «Դիսֆան»։ Սիրտս փուլ եկավ։ Ես, որ բոլորին լավ ճանաչում էի, կպա մորս ու գրկեցի նրա ոտքերը։ Մայրս ասաց․ «Մի՛ վախեցիր, որդի՛ս։ Մենք նրանց ազգականն ենք, և մեր սերունդը նրանց հետ է մեծացել»։ Շահրբանուն դեռ շարունակում էր ինձ հեքիաթ պատմել, երբ աչքերիս առաջ գոլորշիացավ՝ դառնալով նույն այն երիտասարդ նոճին։ Բայց մինչ օրս «Դիսֆանի» կավաշեն փողոցները նրա ձեռքից ստացել են կլոջի, կոճապղպեղի և քութաբի[13] համ։

Հողին ասում եմ․«Թո՛ղ մանկությունս տանեմ «Հենգամ»-ի համար»։ Հողն ասում է․«Ո՛չ, որդի՛ս, համբերի՛ր։ Ուշ չի լինի։ Ես ինքս նրան այստեղ կբերեմ և քո մանկության միջով կքայլեցնեմ»։

Հասնում ենք «Դիսֆանի» դարպասին։ Հողը ամբողջովին մրջյուններով է ծածկված։ Հողը իմ տասը տարեկանին է հասցրել այն երկար ձմեռը, երբ երկիրը սառել էր, «Քառասուներկու տարի առաջ էր։ «Քաղաքային սենյակ՝ ավտոբուսը» մռնչում էր։ Քարավանը այս ու այն կողմ, արյուն էր լացում։ Բերաններից գոլորշի էր դուրս գալիս։ Իսկ դու գլխիդ սև գլխարկ էիր քաշել և՝ բոլորի ու ամեն ինչի շուրջը անընդհատ այս ու այն կողմ վազվզում, և բերանից ու քթիցդ հոսող ջուրը իրար էին խառնվել ու սառել։ Ձեռքդ քաշեցիր Շահրբանուի ձեռքից, որ բոլորից շուտ վազես դեպի «քաղաքային սենյակ՝ ավտոբուսի» ներսը։ Հողը մի պահ լռեց։

Դարպասի հենց մեջտեղում ոտքս գետնին եմ խփում և ինքս ինձ ասում․ «Այն սառած ու անարև օրը, երբ «քաղաքային սենյակի» մեքենան քեզ ու Շահրբանուին Մաշհադ էր տանում, ինչքա՜ն ուրախ էիր»։

Փողոցների խորդուբորդությունից ու մրջյուններից հեռանում ենք։ Հասնում ենք լեռան գագաթին գտնվող մի ավերված ջրամբարի, որը միշտ կա՛մ սատկած մկներով էր լցված լինում, կա՛մ թունավորված կատուներով։ Հողը ձայն է տալիս ինձ։ Շրջվում եմ։ Գմբեթն է ցույց տալիս․ «Քո նախնիների տունն է, որդի՛ս»։ Հորիցս մինչև վերջին պապս շարվել են տանիքի վրա։

Հողը, ձեռքերը գոտկատեղին դրած, ասում է․ «Հիշի՛ր, որդի՛ս, այն հարձակվողները, որոնք միշտ դաշտից են հարձակվում, այստեղից լավ երևում են»։ Դաշտը դատարկ ու լուռ նստած է մեր ոտքերի առջև։ Հողի ձայնը տան ներսից է գալիս․ «Դեռ գիշերները ձեթի պղնձե ճրագ եմ վառում գրքի էջերի վրա, որդի՛ս»։

«Նախնիներիս հին գի՞րքը»։

«Այո, որդի՛ս։ Մահմուդը հենց այս պատշգամբի կողքի էջերից մեկի վրա է ծնվել»։ Հողին ասում եմ․ «Եթե «Հենգամին» ստիպես իմ պատմվածքում շրջել,  նա կտեսնի իմ ամբողջ գերդաստանը»։

Օդում կախված հողն ասաց․ «Գիշերները նրանց վրա սպիտակ ծածկոց են գցում, ու նրանք գրքի էջերի արանքում քուն են մտնում։ Առավոտները՝ աքաղաղի առաջին կանչի հետ, տողերի միջից դուրս են սողում, երեսներն ու ձեռքերը լվանում, հապճեպ մի պատառ կերած-չկերած՝ գնում են դաշտ՝ իրենց բան ու գործին»։

Հասնում ենք «Սար-է Բոլանդ[14]» նրբանցքը։ Նա ինձնից առաջ է գնում։ Հրում է մեր մանկության տան փայտե երկփեղկ դուռը։ Դուռը պտտվում է ծխնիների վրա ու չոր ճռինչ է արձակում։ Հողը ներս է մտնում բակ։ Նստում է պատշգամբի եզրին՝ հանգստանալու։ Հարցնում է ինձ․ «Հիշեցի՞ր»։

«Ինչո՞ւ չհիշեմ»։

Բակի ամեն մի մասնիկը կյանքի հոտ է արձակում։ Քամին վերևի ու ներքևի արտերից իր հետ բերում է վայրի անանուխի, և շիրազյան ուրցի հիշողությունը։ Տանիքի եզրը լցված է հունապագույն աղավնիների ղունղունոցով։ Հայրս, քեռիս, հորաքույրներս ու հորեղբայրներս և կաթվածահար տատս՝ բոլորը նստած են պատշգամբում։ Նովրուզի[15] ուլիկների զանգակների ձայնը ընկույզախաղ է հիշեցնում[16]։ Քութաբ ու կանաչի էլ կա։ Հողը դեռ հայացքը հառած է մանկությանդ այն խաղերին, երբ գետնին էիր գլորվում՝ երեքնուկի ու առվույտի դաշտերում։ «Հազար երեք հարյուր երեսունմեկ թվականի[17] աբան[18] ամսի քսանին, այսինքն՝ հիսուներկու տարի առաջ, հենց այս պատշգամբում ծնվեցիր, որդի՛ս»։ Հողի ձայնը պատառ-պատառ է անում հիշողություններս։ Մանկությանս լացն եմ հանում հողի միջից, որ վազեմ դեպի չինարի տակ գտնվող քահրեզը[19] և մանկությունս, որ հոսում է քահրեզի միջով, լիքը կժերով լցնեմ։ Հազար ու մեկ անգամ ոտքս դիպչում է սուր քարերին և արնահոսում հողին։ Դեռևս կոտրված կժերի ծարավն է հետապնդում ինձ։ Ինքս ինձ հարցնում եմ․ «Հո՛ղ, արյան հոսքով ողողված հողն ու կոտրվող կժերը ի՞նչ լեզվով ես «Հենգամին» պատմելու»։

Ջրի փոխարեն մրջյուններն են դուրս գալիս քահրեզից ու հոսում փողոցներով։ Հողին թողնում եմ ու մանկությանս հետ գնում՝ «Ֆորուդ[20]» տարրական դպրոցը գտնելու։ Դպրոցի աղյուսապատ բակը կորչում է երեխաների աղմուկ-աղաղակի մեջ։ Գետինը ճաքճքած է։ Տարրական դպրոցն իր տեղում չէ։ Ընկուզենու ուրվականից հարցնում եմ․ ««Ֆորուդ» տարրական դպրո՞ցը»։

«Վաղուց է այստեղից գնացել, պարո՛ն»։

Այգու փլված պատի կողքին նստում եմ ու փակում աչքերս։ «Քյալաթ» լեռների բարձրունքում՝ «Ֆորուդ» ամրոցում, ինքներս մեզ կրակի ենք մատնում։ Կրակը բոցավառվում է, իսկ մենք՝ մի հնագույն ցեղ, վազում ենք Իրանի ու Թուրանի պատերազմի անարդյունք դաշտում․ վազում ենք Գոնաբադի անապատներում։ Իրանի զորքը մի կողմում այրվում է։ Թուրանի զորքն էլ մյուս կողմում է բռնկվել կրակով։ Իսկ մենք՝ դաշտի բոցավառ ցեղը, որի ոտքերի տակ անապատն է վառվում, վազում ենք․ «Ջո՜ւր։ Ջո՜ւր։ Ջո՜ւր»։

Հողը հետևից մոտենում է, ձեռքով թեթև թփթփացնում ուսիս․ «Մի՛ անհանգստացիր, որդի՛ս։ Պատմության այս հատվածը Ֆիրդուսին է պատմում»։ Հողին մենակ եմ թողնում։ Գնում եմ, որ հասնեմ Շահրբանուի հարսանիքին՝ «Քյալաթ-է Աֆզալ[21]»-ում։ Քահրեզի չորացած ջրհորները ողջունում են։ Մանկությանս հետևից իջնում եմ ջրհորի մեջ, որ նրան թռցնեմ այն թխակապույտ աղավնիների բներից։ Մեր հնագույն ցեղակիցները հերթով դուրս են գալիս ջրհորից։ Յուրաքանչյուրը ձախ ձեռքում կարմիր ցորենի հասկ ունի։ Միջօրեին վառված փարոսներով գնում են բակերն ու տները, որպեսզի կարմիր հասկերը հայելու առջև՝ որմնախորշի եզրին դնեն։ Հետո դրանց առաջ ծնկի են գալիս ու երգում «Կրկին անձրև[22]» կանաչ երգը։

Գյուղում ոչ մի մարդ չկա։ Փողոցները դատարկ են։ Երկինքը սև է ու ծանր։ Ստիպված եմ արտաշնչածս օդը նորից ներշնչել։ Բղավում եմ․ «Այստեղ ոչ ոք չի՞ ապրում»։ Հողը հոգնած ձայնով պատասխանում է․ «Այս մարդիկ վատ ժամանակներ են ապրել, որդի՛ս։ Ով ճանապարհ ընկնելու ոտք է ունեցել, իրեն պոկել-հանել է այս հնագույն անապատից ու փախել։ Իսկ ով չի կարողացել, հող է դարձել։ Այս բնակավայրի ամենաբարեկարգ տեղը նրա գերեզմանոցն է, որդի՛ս։ Գնա այնտեղ, որ բոլորին տեսնես»։

Ճանապարհից շեղվում ու գերեզմանոց եմ մտնում։ Գերեզմանների մի քաղաք է բացվում իմ առջև՝ փոքր ու մեծ, նոր ու հին։ Բոլորին ճանաչում եմ և յուրաքանչյուրի հետ ապրել եմ։ Հողի ձայնն է գալիս․ «Այստեղ ոտք դնող ամեն նորեկի պատճառով ուրախանում են»։

Օրը մթնում է։ Բլրի վրա՝ Մահբանուի գերեզմանի մոտ, նայում եմ երկնքին։ Նրա գլխավերևում մի հնամենի պիստակի ծառ է արևին ստվեր տալիս։ Կորցրած «Ֆորուդ» տարրական դպրոցը գտնում եմ գերեզմանոցի կողքին։ Տարրական դպրոցը Դիսֆանի ներքևի հատվածից ճանապարհ է ընկել ու եկել այստեղ։ Դասարանի պատուհանը լուսավորվում է լուսնի լույսով։ Ուրախանում եմ, որ Փարիին եմ տեսնելու։ Ոտքս դնում եմ դպրոցի քարե աստիճաններին։ Դասարանները դատարկ են։ Ուսուցչուհի «Էդովիխես[23]»-ը, որ նստած է ուսուցչի սեղանի ետևում, զարմացած նայում է ինձ։ Առաջ ընկնելով՝ ասում է․ «Մեռելներին եմ դաս տալիս, պարո՛ն»։ Ակամա գոռում եմ․ «Փարի՛։ Փարի՞»։ Հիշում եմ, որ երիտասարդ տարիներին Փարին այս դպրոցի ուսուցչուհին էր։ Նա խոժոռվում է, տեղից վեր կենում ու աչքերը հառում աչքերիս․ «Փարի՛ չէ․«Դոնյա Էդովիխես»-ն եմ, հասկացա՞ր, պարո՛ն»։ Դուռը շրխկացնելով փակում է ու աշակերտ չունեցող դասարանում շարժվում՝ նրանց դաս տալու համար։ Դատարկության մեջ ասում է․ «Այսօրվա մեռելները երեկվա ողջերից ոչնչով չեն տարբերվում»։ Եվ ցույց տալով իր երևակայական աշակերտներին՝ ասում է․ «Երեխաները ճիշտ մեր հակառակն են։ Ցերեկները քնում են, գիշերները՝ արթուն մնում»։

Ուզում եմ ոտքս դպրոցից դուրս դնել, երբ տիկին «Էդովիխեսը» թևքս քաշում է․ «Սպասիր մինչև գիշեր։ Բոլորը դպրոց կգան, և դու նրանց կտեսնես։ Խեղճերը կուրախանան»։ Տատանվելով՝ ոտքս հետ եմ քաշում։ Տիկին «Էդովիխեսը», ուշադրություն չդարձնելով ինձ, բացում է իր առջև դրված գիրքը՝ աշակերտներին ներկա-բացակա անելու համար։ Զարմանքով տեսնում եմ, որ հենց այն գիրքն է, որը պատմության սկզբում բացել էի Շահրբանուի գերեզմանի մոտ։ Ասում եմ․ «Այս գրքից ընդամենը մեկ օրինակ կա, և հիմա էլ այն պետք է իմ գրպանում լինի»։

Նա բարձրաձայն ծիծաղում է ու տեղավորվում սեղանի ետևում։ «Չշփոթվե՛ս»։ Գիրքը վերցնում է ու դեմ առ դեմ պահում ինձ․ «Այս գիրքը ես եմ գրել»։ Ապա գրքից բարձրաձայն, արագ-արագ կարդում է․ «Սալեհ»։

Եվ հենց այն պահին, երբ ուզում եմ վազել դեպի գերեզմանոցում կապարի թփի տակ գտնվողը, «Սալեհը»՝ սպիտակ պատանքով, մտնում է դասարան։ Գնում է ու նստում վերջին նստարանին։

«Մահմո՛ւդ»։

«Հիսուն տարի առաջ Մաշհադ գնալուց հետո դեռ չի վերադարձել, տիկի՛ն»։

«Ո՛չ, տիկի՛ն, թույլ տվեք ասեմ՝ գրքի տողերի արանքում քնել է»։ Ծիծաղի ժխոր է լցվում դասարանում։

«Մահբանո՛ւ»։

Դասարանի պատուհանից նայում եմ սև երկնքին։ Գիշերվա խորքում՝ պատմության երկնքում, մի ագռավ նարնջագույն այրվում է։ Նրա կռինչը ջնջում է գիշերային տնային աշխատանքը։

Մահբանուն պատանքով մտնում է դասարան։ Մոխրագույն դարձած պատերը լուսավորված ողջունում են նրան։

«Մորաքո՛ւյր Մարիամ»։

«Ներկա է, տիկի՛ն»։

Քուրսու մոտ նստած՝ հյուրերին պատմում է Մաշհադի մասին. – Իսկ մենք՝ մի հնագույն ցեղ, Դիսֆանից մինչև Մաշհադ ոտաբոբիկ վազում ենք։ Փշերը խրվում են մեր ոտքերին։ Քամին փոշի է լցնում մեր բերանները։ Մենք վազում ենք դեպի այն դրախտը Մաշհադում, ուր մորաքույր Մարիամը, քուրսու մոտ նստած, մեզ տարել էր իր պատմությունների ընթացքում։

«Շահրբանո՛ւ»։

«Ներկա»։

Շահրբանուն պատանքով նստած է առաջին նստարանին։ Մի շամամ է նետում օդ։ Շամամի բույրը տարածվում է դասարանում։

«Անձրև»։

«Քնել է, տիկի՛ն»։

Հողն ասում է․ «Տիկի՛ն, նրա գերեզմանը դպրոցի բակում է։ Հենց հիմա կգա»: Ու շարունակում է․«Դարեր շարունակ նրան եմ սիրահարված և փնտրում եմ նրան»։

Անձրև։ Անձրև։ Անձրև։

Ո՛վ Արևելքի հեքիաթասաց Շահրազադ։ Թափվի՛ր իմ անապատային պատմության յուրաքանչյուր տողի վրա և լցրո՛ւ նրա խանձված դաշտերը։

«Փարի՛։ Ներեցե՛ք։ Տիկին «Էդովիխեսը» դեռ ուզում է դասը սկսել, երբ աշակերտի ձեռքը դպրոցի զանգն է հնչեցնում։ Դպրոցի բակը լցվում է պատանքով ծածկված աշակերտներով։

Փարիին ասում եմ․ «Ուզում էի գնալ «Կումալա», բայց ի՛նչ լավ է, որ «Դիսֆան» հասա։ Ուրախ եմ, որ դեռ ճանապարհը չանցած՝ գնացի Շահրբանուի գերեզմանին։ Այնքա՜ն էի ուզում, երբ Մահբանուն դեռ ողջ էր, պատմվածքս նրա համար կարդալ»։

Փարին խոժոռված նայում է ինձ ու ասում․ «Մենք «Կումալայում» ենք։ «Դո՛ն Բահման», քանի՞ անգամ ասեմ քեզ, որ ես էլ «Դոնյա Էդովիխես»-ն եմ։ Հասկացա՞ր»։

Գլուխս կախում եմ ու ասում․ «Ներեցե՛ք, տիկին Դոնյա Էդովիխես»։

Ու կամացուկ սողում եմ հնամենի պիստակի ծառի տակ և Մահբանուի գերեզմանի մոտ ծնկի գալիս։ Բացում եմ գիրքը, որ պատմվածքս կարդամ նրա համար։

«Ա՜խ, Մահբանո՛ւ, իմ պատմության առաջին տիկինը...»։

Մահբանուն հողից վեր է բարձրանում։ Թափ է տալիս վրայի հողը և նստում դիմացս։ Երազներ են անցնում աչքերիս առջևով, որոնց ծառերը փիրուզագույն են, իսկ պիստակները՝ վարդագույն։ Նայում եմ նրա երկնագույն աչքերին։ «Խանիկ» ձորի եզերքի բարդիները նրա կապույտ աչքերում կանաչ են դառնում։

Պարսկերենից թարգմանեց Անի Հովսեփյանը

 

[1] Մեքսիկացի գրող Խուան Ռուլֆոյի վիպակը։

[2] Քաղաք Իրանի Խորասան Ռազավի նահանգում՝ Գոնաբադի մերձակայքում։

[3] Քաղաք Իրանի Խորասան Ռազավի նահանգում։

[4] Անապատային տարածքներում քամու և ջրի էրոզիայի հետևանքով առաջացած բնական հողաբլուր կամ ժայռային գոյացություն։

[5] «Պեդրո Պարամո» վիպակի գործողությունների վայրը։

[6] Տեղական գործառույթ ունեցող տարածության չափի միավոր։

[7] Գյուղական ճանապարհի կամ անապատային տարածքի այն հատվածը, որտեղ ճանապարհն անցնում է ջրահովտով կամ ցածրադիր տեղանքով։

[8] «Գարուն փողոցը կապույտ էր», Հոսեյն Աթեշփարվարի վեպը։

[9] Իրանի հյուսիս-արևելքում գտնվող քաղաք, Խորասան Ռեզավի նահանգի կենտրոնը և Իրանի կարևորագույն ուխտագնացության կենտրոններից մեկը։ Քաղաքը հայտնի է հատկապես Իմամ Ռեզայի դամբարանով։

[10] Գրական, որի 80-րդ համարում հրապարակվել է այս պատմվածքը։

[11] Բանաստեղծական ակնարկ Շիրազի հայտնի այգիներին․ Սորուշը իրանական դիցաբանության մեջ աստվածային պատգամաբեր և ճշմարտության պահապան է։

[12] Նոճի ծառի տեղական անվանումն է, որը պատմվածքի գործողությունների աշխարհագրական տարածաշրջանում տարածված է հենց այս ձևով։

[13] Իրանական ավանդական քաղցրավենիք՝ բարակ խմորով և միջուկով։

[14] Դիսֆանի հին թաղամասերից։

[15] Իրանական Նոր տարին, որը նշվում է գարնանային գիշերահավասարի օրը։

[16] Տեղական ասացվածք՝ հաճելի եղանակի ու լավ տրամադրության իմաստով։

[17] Համապատասխանում է 1952 թվականին։

[18] Իրանական արեգակնային օրացույցի ութերորդ ամիսն է՝ մոտավորապես հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 21-ը։

[19] Ստորգետնյա ջրանցք, որը հնագույն եղանակով ստորերկրյա ջրերը հասցնում է բնակավայրեր ու մշակվող հողատարածքներ։

[20] Ֆիրդուսիի «Շահնամե»-ի հերոսներից է, որի անունով այստեղ հիշատակվում է ամրոցն ու դպրոցը։

[21] Գոնաբադի շրջանի բնակավայրերից մեկը։

[22] Իրանական հայտնի մանկական բանաստեղծություն և երգ՝ անձրևի ու բնության մասին։

[23] Պեդրո Պարամո գրքի կին հերոսներից մեկը։

161
Հոկտեմբեր 30, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: