COP17․ երբ գիտությունը հնչում է երաժշտության լեզվով

Կարո՞ղ է քիմիական տարրի հատկությունը դառնալ երաժշտական կերպար, իսկ գիտական երևույթը՝ դաշնամուրային ստեղծագործության հիմք։ Կոմպոզիտոր և կինոռեժիսոր Մաննեի երաժշտական նախագիծը գիտության և արվեստի երկխոսության օրինակ է։ Ուսումնասիրելով քիմիական տարրերի ֆիզիկական ու քիմիական հատկությունները՝ նա փորձում է դրանք արտահայտել երաժշտության լեզվով՝ գիտական հետազոտությունը դարձնելով ստեղծագործական գործընթացի անբաժանելի մասը։ COP17-ի՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում նախագիծը ներկայացվել է «Կանաչ գոտում»՝ այն հարթակում, որտեղ բնապահպանական և գիտական թեմաները հանրությանը հասանելի են դառնում նաև մշակույթի ու ստեղծագործական նախաձեռնությունների միջոցով։ Սակայն ի՞նչ կապ ունի քիմիական տարրերին նվիրված երաժշտական նախագիծը կենսաբազմազանության պահպանության համաժողովի հետ։ Առաջին հայացքից այս երկու թեմաները տարբեր ոլորտների են պատկանում․ Մաննեն ուսումնասիրում է քիմիական տարրերը, մինչդեռ COP17-ի օրակարգի կենտրոնում կենսաբազմազանության պահպանումն է։ Այնուամենայնիվ, դրանք միավորվում են ավելի լայն հարցի շուրջ՝ ինչպե՞ս գիտական գիտելիքը դարձնել հանրության համար հասանելի և ինչպե՞ս խորացնել մարդու ու իրեն շրջապատող աշխարհի փոխկապակցվածության ընկալումը։

COP17 Manne 2

Կենսաբազմազանությունը ներառում է կենդանի օրգանիզմների բազմազանությունը, դրանց միջև կապերն ու էկոհամակարգերը։ Իսկ կյանքը և բնական համակարգերը հնարավոր չէ պատկերացնել առանց դրանց հիմքում ընկած քիմիական գործընթացների։ Մաննեի նախագիծը կենսաբազմազանության խնդիրներին ուղղակի լուծումներ չի առաջարկում, սակայն գիտության և արվեստի հանդիպման միջոցով հնարավորություն է ստեղծում նյութական աշխարհի, բնության և մարդու փոխհարաբերությունների մասին խոսելու այլ լեզվով։

Նախագծի հիմքում պարբերական աղյուսակի 118 տարրերն են։ Մաննեն ցանկանում է յուրաքանչյուրին առանձին ստեղծագործություն նվիրել՝ երաժշտական արտահայտչամիջոցները համապատասխանեցնելով տարրի առանձնահատկություններին։ Այդ աշխատանքը սկսվում է գիտական ուսումնասիրությունից․ կոմպոզիտորն անդրադառնում է ոչ միայն տարրերի հատկություններին, այլև դրանց հայտնաբերման պատմությանն ու գիտնականների կատարած փորձերին։

COP17 Manne 3

«Կարծում եմ՝ բոլորիս էլ դպրոցական քիմիայից ծանոթ է Մենդելեևի պարբերական աղյուսակը, որը ներառում է 118 տարր։ Այն ինձ այնքան է ոգեշնչել, որ որպես կոմպոզիտոր՝ ցանկացել եմ ստեղծել երաժշտություն, որտեղ բոլոր տարրերը կներկայացվեն առանձին ստեղծագործություններով։ Նախագիծը հիմնված է տարրերի ֆիզիկական և քիմիական հատկությունների ուսումնասիրության վրա։ Ես ստեղծում եմ դրանց երաժշտական կերպարները՝ փորձելով արտահայտել հենց այդ հատկությունները։ Դրա համար ուսումնասիրել եմ գիտական գրականություն, կարդացել Մայքլ Ֆարադեյի, Անտուան Լավուազիեի և այլ դասական քիմիկոսների աշխատությունները։ Ինձ հետաքրքրել են ոչ միայն տարրերի հատկությունները, այլև դրանց բացահայտման պատմությունն ու գիտնականների կատարած փորձերը։

Նվագարանների ընտրությունը նույնպես շատ կարևոր է։ Յուրաքանչյուր երաժշտական գործիք ունի իրեն բնորոշ տեմբրային հնարավորությունները, և տարրերի ուսումնասիրությունից հետո ընտրում եմ այն գործիքները, որոնց հնչողությունը համապատասխանում է տվյալ տարրի ֆիզիկաքիմիական հատկություններին։ Օրինակ՝ ալկալիական մետաղների շարքը գրել եմ հարվածային գործիքների համար։ Որքան խորանում եմ հետազոտությունների մեջ, այնքան ավելի եմ հասկանում, որ երաժշտությունս զարգանալու մեծ հնարավորություն ունի։ Ամեն անգամ, երբ նոր բան եմ իմանում, ցանկանում եմ այն ներառել իմ երաժշտական լեզվի մեջ»։

Մաննեի ստեղծագործական մեթոդում գիտական ուսումնասիրությունը ոչ թե պարզապես ոգեշնչման աղբյուր է, այլ երաժշտական կերպարի ձևավորման հիմք։ Տարրի հատկությունների մասին տեղեկություններն օգնում են կոմպոզիտորին ընտրել գործիքները, կառուցել ստեղծագործության հնչողությունն ու որոշել դրա բնույթը։ Այս մոտեցման օրինակներից է Meitnerium («Մայթներիում») քիմիական տարրին նվիրված նրա դաշնամուրային էտյուդը։ 2026 թվականին ստեղծագործությունն արժանացել է Սերգեյ Ռախմանինովի անվան միջազգային երաժշտական մրցույթի կոմպոզիցիայի անվանակարգի առաջին մրցանակին։ COP17-ի շրջանակում ստեղծագործությունը կատարեց դաշնակահարուհի Սոֆի Սուվարյանը։ Համագործակցության ընթացքում կարևոր է եղել ոչ միայն երաժշտական նյութի յուրացումը, այլև ստեղծագործության հիմքում ընկած գիտական գաղափարի ըմբռնումը։ Սուվարյանի խոսքով՝ Մաննեի երաժշտությունն այնքան պատկերավոր է, որ կատարողին օգնում է հնչյունների միջոցով մտապատկերներ ստեղծել, սակայն ստեղծագործության լիարժեք մեկնաբանության համար անհրաժեշտ է նաև ուսումնասիրել դրա գիտական հիմքը։

COP17 Manne 6

«Մաննեն իր ստեղծագործություններն այնքան պատկերավոր է գրում, որ որպես կատարող՝ հեշտ է լինում գտնել հատվածներն ու հասկանալ դրանց բնույթը։ Օրինակ՝ «Մայթներիում» ստեղծագործության ժամանակ հստակ զգում էի, որ որոշ հատվածներում պայթյուններ են տեղի ունենում, կառուցվածքն անկանոն է, թռիչքներ կան։ Այդ տեսարաններն ասես աչքիս առաջ էին հայտնվում․ ամեն ինչ այնքան պատկերավոր էր ներկայացված։

Մինչ այդ ծանոթ էի Մաննեի գործունեությանը, բայց շատ ուրախացա, երբ նա ինձ առաջարկեց համագործակցել։ Հետաքրքիր էր երաժշտությունից բացի ներգրավվել նաև քիմիայի ոլորտում։ Ես էլ պետք է որոշակի ուսումնասիրություն կատարեի, որպեսզի կարողանայի արտահայտել տարրի հատկությունները։ Մաննեն մանրամասն բացատրեց, թե ինչ է նշանակում տվյալ տարրը։ Երկար հետազոտական աշխատանք կատարեցինք միասին, քանի որ առանց դրա հնարավոր չէր լինի հասնել ցանկալի արդյունքի։ Սկզբում շատ էի վախենում։ Երբ առաջին անգամ լսեցի ստեղծագործությունը և նայեցի նոտաները, չէի պատկերացնում՝ ինչպես պետք է նվագեմ այն։ Բայց ուսումնասիրությունների և փորձերի ընթացքում, կարծում եմ, ի վերջո ամեն ինչ ստացվեց»։

COP17 Manne 4

Սուվարյանի խոսքը բացահայտում է նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկը․ գիտական բովանդակությունը նշանակություն ունի ոչ միայն կոմպոզիտորի մտահղացման, այլև կատարողի մեկնաբանության համար։ Երաժիշտը պետք է հասկանա ստեղծագործության հիմքում ընկած գաղափարը, որպեսզի կարողանա բացահայտել դրա բնույթն ու փոխանցել այն ունկնդրին։ Այս դեպքում գիտական տեղեկությունը դառնում է երաժշտական պատկերի ընկալման միջոց։ Մաննեի համար Սոֆի Սուվարյանի ընտրությունը նույնպես ստեղծագործական որոնման մաս էր։ Կոմպոզիտորը փնտրում էր կատարողի, որը կկարողանար հաղթահարել ստեղծագործության տեխնիկական բարդությունները և ընկալել դրա ժամանակակից երաժշտական լեզուն։ Նրանց հանդիպումը տեղի է ունեցել կոնսերվատորիայում։

«Ստեղծագործության մեջ բավականին բարդ հատվածներ կան, և երկար ժամանակ փնտրում էի համապատասխան կատարողի։ Գրեթե հույսս կտրել էի, երբ Սոֆիին հանդիպեցի կոնսերվատորիայում։ Նա Լիգետիի ստեղծագործություն էր կատարում, և դրա մի հատված ինձ որոշակիորեն հիշեցրեց իմ երաժշտական լեզուն։ Այդ տպավորության հիման վրա դիմեցի նրան։ Նա սիրով համաձայնեց։ Հասկացա նաև, որ դասական երաժշտությունից բացի՝ կարողանում է կատարել քսաներորդ դարի և ժամանակակից երաժշտություն։ Ուրախ եմ, որ նա հետաքրքրություն ցուցաբերեց նախագծի նկատմամբ, և այսօր արդեն ունենք մեր համագործակցության արդյունքը»։

COP17 Manne 9

Մաննեի նախագծի կապը COP17-ի հետ պայմանավորված է նաև գիտական գիտելիքը հանրայնացնելու նրա ձգտմամբ։ Կոմպոզիտորը պարբերական աղյուսակն ընկալում է որպես փոխկապակցված համակարգ և դրա միջոցով փորձում զուգահեռներ անցկացնել նյութական աշխարհի ու կենսաբազմազանության միջև։ Այդ համեմատությունը գիտական երկու ոլորտները նույնացնելու փորձ չէ, այլ հնարավորություն՝ մտածելու բնության և մեզ շրջապատող աշխարհի բաղադրիչների փոխկապակցվածության մասին։

«Իմ նախագծի օրինակով կարող եմ բացատրել նաև դրա կապը COP17-ի հետ։ Պարբերական աղյուսակը համալիր կառույց է, որտեղ յուրաքանչյուր տարր կապված է նախորդող և հաջորդող տարրերի հետ։ Ամբողջ համակարգը միասնություն է ներկայացնում, ինչպես կենսաբազմազանության դեպքում։

Մենք բոլորս կազմված ենք տարրերից, ապրում ենք դրանց միջավայրում, և մեր կյանքն ու բնությունն ամբողջությամբ կապված են պարբերական աղյուսակի հետ։ Յուրաքանչյուր տարրի միջոցով կարելի է անդրադառնալ նաև բնության պահպանությանն առնչվող խնդիրների։ Եթե ներկայացնենք մեկ այլ տարր, օրինակ՝ ածխածինը կամ ջրածինը, միևնույն է, դրա մասին խոսելիս հնարավոր կլինի անդրադառնալ նաև բնության պահպանության թեմային։ Ինձ համար կարևոր է, որ գիտական երևույթները ներկայացվեն նաև արվեստի լեզվով, քանի որ դա հնարավորություն է տալիս գիտությանը մոտենալ այլ դիտանկյունից»։

Այսպիսի նախաձեռնությունների նշանակությունը հատկապես տեսանելի է COP17-ի հանրային հարթակում։ Համաժողովը ոչ միայն միջպետական բանակցությունների և բնապահպանական քաղաքականության քննարկման վայր է, այլև հանրությանը գիտական ու բնապահպանական հարցերի շուրջ երկխոսության մեջ ներգրավելու հնարավորություն։ Գիտության և արվեստի համագործակցությունը կարող է լրացնել մասնագիտական քննարկումները՝ բարդ գաղափարները ներկայացնելով այնպիսի ձևով, որը խթանում է հետաքրքրությունը, հարցադրումները և հետագա ճանաչողությունը:

Բնապահպանական թեմաները Մաննեի հետաքրքրությունների շրջանակում վաղուց են։ Վերջին շրջանում նրա ուշադրությունը կենտրոնացել է նաև երկրաբանության և երկրաքիմիայի վրա։ Գիտական գրականության ուսումնասիրությունը, նրա խոսքով, շարունակաբար նոր հնարավորություններ է բացում նախագծի զարգացման համար։ Սինթետիկ տարրերին նվիրված ստեղծագործությունները նրա աշխատանքի մի մասն են, իսկ հետագայում նա նախատեսում է ուսումնասիրել նաև ավելի հայտնի տարրերը։

COP17 Manne 7

COP17-ի համատեքստում այս նախագիծը գիտության և արվեստի երկխոսության օրինակ է, որը ցույց է տալիս գիտական գիտելիքը հանրությանը ներկայացնելու հնարավորություններից մեկը։ Համաժողովի պաշտոնական խորհրդանիշի հիմքում ընկած երևանյան կապտաթիթեռը (Polyommatus eriwanensis) հիշեցնում է, որ կենսաբազմազանությունը համաշխարհային նշանակություն ունեցող հարց է, որն իր կոնկրետ դրսևորումներն ունի նաև տեղական տեսակների և էկոհամակարգերի մեջ։ Դրա պահպանությունը պահանջում է գիտական ուսումնասիրություններ, քաղաքական որոշումներ ու գործնական քայլեր, ինչպես նաև հանրային մասնակցություն և իրազեկվածություն:

Մաննեի նախագիծն ինքնին կենսաբազմազանության պահպանության ուղղակի միջոց չէ։ Դրա արժեքն այն է, որ գիտական երևույթները ներկայացնում է երաժշտության լեզվով՝ հնարավորություն տալով հանրությանը նյութական աշխարհի մասին մտածել նոր դիտանկյունից։ Երբ գիտությունն ու արվեստը հանդիպում են, գիտելիքը կարող է դուրս գալ մասնագիտական շրջանակներից և դառնալ հանրային մշակույթի ու երկխոսության մաս:

Ալմաստ Մուրադյան

325
Հոկտեմբեր 26, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: