Գեղամ Գրիգորյանի ժառանգությունը՝ ընտանիքի հիշողություններում և օպերային բեմում
Աշխարհահռչակ հայ տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգը հոկտեմբերի 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համախմբեց նրա ընտանիքի անդամներին, արվեստասերներին և համաշխարհային օպերային արվեստի ներկայացուցիչներին։ Երեկոյի պատվավոր հյուրը աշխարհահռչակ իսպանացի տենոր, դիրիժոր և դաշնակահար Պլասիդո Դոմինգոն էր։ Հոբելյանական երեկոն հարգանքի տուրք էր մի արվեստագետի, որի ձայնը հնչել է աշխարհի հեղինակավոր օպերային բեմերում՝ Միլանի «Լա Սկալայից» մինչև Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերա։ Գեղամ Գրիգորյանի ստեղծագործական ժառանգությունն այսօր շարունակում է ապրել ոչ միայն նրա կատարումների հիշողության մեջ, այլև զավակների մասնագիտական գործունեության միջոցով։

Պլասիդո Դոմինգոն Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 14-ին՝ մասնակցելու իր ընկերոջ՝ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված համերգին։ Երևանում կայացած ասուլիսի ընթացքում աշխարհահռչակ արտիստը խոսեց Հայաստան վերադառնալու ուրախության մասին։ «Ուրախ եմ նորից լինել Երևանում։ Ընդամենը 4 ժամ առաջ եմ ժամանել, բայց խոստանում եմ համերգի ժամանակ լիովին պատրաստ լինել»,- ասաց Դոմինգոն՝ հավելելով, որ շատ ջերմ հիշողություններ ունի Գեղամ Գրիգորյանի հետ կապված։
Համերգի մասնակիցներից էին Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ միջազգային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը, և որդիները՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանն ու Տիգրան Գրիգորյանը։ Դոմինգոյի ներկայությունը ևս մեկ անգամ ընդգծեց հայ տենորի հեղինակությունն ու նրա կապը համաշխարհային օպերային արվեստի ներկայացուցիչների հետ։ Գեղամ Գրիգորյանի արվեստի նշանակությանն անդրադարձավ նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով երգչի միջազգային ճանաչումն ու նրա թողած ստեղծագործական ժառանգության կարևորությունը։

«Գեղամ Գրիգորյանի հզոր, թավշյա, հուզական ձայնն ու բեմական կեցվածքը ողողել են աշխարհի ամենահռչակավոր օպերային թատրոնների դահլիճները՝ Լա Սկալայից մինչև Մետրոպոլիտեն օպերա։ Հոբելյանական երեկոն յուրահատուկ խորհուրդ է ստանում օպերային արվեստի կենդանի լեգենդի՝ անկրկնելի Պլասիդո Դոմինգոյի ներկայությամբ, որը ոչ միայն մեծագույն պատիվ է, այլև լավագույն վկայությունն այն մեծ հարգանքի, անկեղծ ընկերության և գնահատանքի, որը համաշխարհային բեմի գործընկերների շրջանում վայելում էր Գեղամ Գրիգորյանը։ Խորհրդանշական է և հուզիչ, որ բեմում կողքի կողքի կանգնած են Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ սոպրանո, միջազգային բեմերի աստղ Հասմիկ Գրիգորյանը և որդին՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Նրանք շարունակում են բարձր պահել Գրիգորյան ազգանվան, հայկական օպերային և դիրիժորական դպրոցի փառքն աշխարհում»,- ասաց նախարարը։

Համերգին ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հասմիկ Գրիգորյանը պատմեց, թե որքան մեծ նշանակություն ունի այս երեկոն իրենց ընտանիքի համար։ Նրա խոսքով՝ այն պարզապես համերգ չէ, այլ ընտանեկան պատմությունը, հոր մասին հիշողություններն ու սերունդների միջև կապը ներկայացնելու հնարավորություն։ «Ուզում եմ մեր ընտանիքի անունից ընդգծել, թե որքան կարևոր է մեզ համար այս համերգը։ Շնորհակալ եմ բոլորին՝ կատարած հսկայական աշխատանքի համար, և առանձնահատուկ շնորհակալություն իմ մտերիմ ընկերուհուն՝ Դալիյա Իբելհաուպտայտեին, որը համերգի ռեժիսորն է։ Առանց նրա մտահղացման ոչինչ էլ չէր լինի: Նա աշխատել է հայրիկիս ու մայրիկիս հետ և հիմա իր ողջ թիմի հետ համաձայնել է կազմակերպել այս համերգը։
Սա պարզապես համերգ չէ. Մեր ընտանիքի պատմությունն ենք ներկայացնելու: Երևի առաջին անգամ է, որ մեր ընտանիքի բոլոր անդամները միասին են լինելու: Հուշերով է կիսվելու մայրս՝ Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, սոպրանո Իրենա Միլկևիչուտեն, դիրիժորը եղբայրս է, իսկ կրտսեր եղբայրս երգելու է: Ելույթ է ունենալու նաև որդիս. Նա բացելու է համերգը: Համոզված եմ, որ մի բան էլ դստերս համար կմտածենք: Գուցե նա էլ ծաղիկները բեմ բերի: Իսկապես, մեզ համար շատ-շատ յուրահատուկ երեկո է լինելու։ Ուրախ եմ, որ Հասմիկ Պապյանն էլ է համաձայնել ելութ ունենալ: Նա էլ հայրիկի մասին իր հուշերը կպատմի։ Շատ շնորհակալություն մաեստրո Պլասիդո Դոմինգոյին՝ երեկոյին ներկա լինելու համար: Նրա հետ երգելը շատ կարևոր է ինձ համար: Մեր համատեղ առաջին բեմելն է լինելու, ինչի առիթով անչափ զգացված եմ։ Օպերային թատրոնն ասես իմ երկրորդ տունը լինի, որտեղ մանկությանս ու հայրիկիս հետ կապված այնքան հիշողություններ կան։ Վերջին անգամ հայերեն երգել եմ 20 տարի առաջ, երբ Հայաստան ժամանելուց հետո հայրս ասաց, որ ներգրավված եմ «Անուշ» օպերայում, իսկ պատրաստվելու համար ընդամենը տասն օր ունեի: Իհարկե, լարված աշխատեցի, ու ամեն ինչ բարեհաջող անցավ: Նա էլ այդ երեկո դիրիժորն էր: Դրանից հետո իմ բոլոր համերգներին «Անուշ»-ի արիան ընդգրկում եմ։ Հայրս ինձ մշտապես ներշնչել է հայ լինելու գիտակցությունն ու բազմաթիվ արժեքներ փոխանցել։ Նրա մասին անվերջ կարող եմ պատմել, բայց եթե մեկ բառով բնութագրեմ, ապա նա իսկական արևի լույս էր»։

Հասմիկ Գրիգորյանի խոսքով՝ իր մեջ երկու տարբեր աշխարհներ ու արժեհամակարգեր է կրում՝ լիտվական և հայկական։ Հայկականից իրեն փոխանցվել է շատ մեծ ջերմություն։ Նա հիշում է, որ Գեղամ Գրիգորյանը հաճախ էր խորհուրդ տալիս կյանքը լիարժեք ապրել. «Հասմիկ, կարևոր է երգել, կարիերա կառուցել, սիրելի գործով զբաղվել, բայց ամենակարևորը մարդ լինելն է»։ Հասմիկ Գրիգորյանի խոսքերում հոր կերպարը ներկայանում է ոչ միայն որպես համաշխարհային ճանաչում ունեցող երգչի, այլև որպես ընտանիքի համար առանցքային անձնավորության, որը դստերը փոխանցել է ազգային ինքնության զգացում, մարդկային արժեքներ և կյանքի նկատմամբ իր վերաբերմունքը։ Հասմիկ Գրիգորյանն իր միջազգային գործունեությամբ շարունակում է ներկայացնել նաև այդ ժառանգությունը՝ միավորելով հայկական և լիտվական մշակույթների ազդեցությունները։
Գեղամ Գրիգորյանի արվեստի և մասնագիտական փորձի մասին խոսել է նաև նրա որդին՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանը, որն իր մասնակցությունն ունեցավ հոբելյանական երեկոյին։ Հոր հետ շփումն ու համատեղ աշխատանքը նրա համար կարևոր ուսումնական փորձ են եղել։ «Հսկայական աշխատանք է իրականացվել, որ այս համերգը կայանա: Այստեղ էլ փորձից եմ եկել: Ուրախ եմ, որ համաշխարհային մեծության կատարող Պլասիդո Դոմինգոն մեզ հետ է ու երգելու է։ Հորս հետ մի որոշ ժամանակ մեր տանը պարապել եմ ու շատ բան եմ սովորել հատկապես արտիստների հետ աշխատելու նրբությունների մասին»։
Գեղամ Գրիգորյանի մասին ընտանեկան հիշողությունները լրացնում է նաև նրա որդի Տիգրան Գրիգորյանի պատմությունը։ Մանկության տարիներին նա հաճախ էր հոր հետ գնում թատրոն, ներկա լինում փորձերին և հնարավորություն ստանում մոտիկից հետևելու արվեստագետի աշխատանքին։ «Ամեն մեկս հայրիկի հետ կապված տարբեր հիշողություններ ունի՝ կախված նրանից, թե նրա կյանքի որ շրջանում ենք կողքին եղել: Արդեն Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր ու հաճախ էր ինձ իր հետ աշխատանքի բերում: Երբեմն ինձ մանկապարտեզ տանելու փոխարեն, հայրս հետը թատրոն էր տանում, որտեղ շատ ջերմ ու հաճելի մթնոլորտ էր տիրում։ Ներկա էի լինում փորձերին ու հետևում, թե ինչպես է աշխատում: Հասկանում էի, որ իսկական մաեստրո է ու հանճար: Նա այնքան բան էր ուզում տալ թատրոնին, որպեսզի այն զարգանա և աճի: Ցավոք, այստեղ ընդամենը մի քանի ներկայացում հասցրեց բեմադրել»։

Հոբելյանական համերգին մասնակցել են նաև օպերային երգիչներ Հասմիկ Պապյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Բարսեղ Թումանյանը, Հովհաննես Այվազյանը, Եվգենի Նիկիտինը, Բոգդան Վոլկովը և Տատյանա Պավլովսկայան, ինչպես նաև Գեղամ Գրիգորյանի կինը՝ սոպրանո Իրենա Միլկևիչուտեն։ Երեկոյի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Վարդան Գրիգորյանն էր։ Համերգին մասնակցել են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը։
Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգը մեկտեղեց նրա կյանքի և արվեստի տարբեր կողմերը՝ ընտանեկան հիշողությունները, բեմական ժառանգությունն ու միջազգային ճանաչումը։ Հասմիկ և Վարդան Գրիգորյանների ներկայությունը, Տիգրան Գրիգորյանի հիշողություններն ու Պլասիդո Դոմինգոյի մասնակցությունը երեկոյին հաղորդեցին առանձնահատուկ խորհուրդ՝ ընդգծելով, որ մեծ արվեստագետի ժառանգությունը շարունակվում է ոչ միայն նրա կատարումներում, այլև այն մարդկանց ու սերունդների միջոցով, որոնց նա փոխանցել է իր գիտելիքը, արժեքներն ու արվեստի հանդեպ սերը։
Ալմաստ Մուրադյան