«Նատյուրմորտ ինքնակենսագրությամբ». Արթուր Անդրանիկյանի գունային երկխոսությունը

Թեքեյան մշակութային միությունում բացված «Նատյուրմորտ ինքնակենսագրությամբ» ցուցահանդեսում ներկայացված են բանաստեղծ, գրականագետ և նկարիչ Արթուր Անդրանիկյանի տարբեր տարիներին ստեղծած վառ, գունեղ կտավները։ Դրանք ինքնաարտահայտման և ներքին երկխոսության արդյունք են՝ նկարչի մտորումների, զգացողությունների, հիշողությունների ու աշխարհընկալման գեղանկարչական արտահայտությունը։ Արթուր Անդրանիկյանի ստեղծագործական աշխարհում գրականությունն ու գեղանկարչությունը միմյանցից անջատ ոլորտներ չեն։ Բառի և գույնի միջոցով նա նույն ներքին տարածքն է ուսումնասիրում՝ փորձելով տեսանելի դարձնել այն, ինչը հաճախ դժվար է արտահայտել բառերով։

Arthur Andranikean cucahandes 3

Arthur Andranikean cucahandes 4

Ցուցասրահում ներկայացված աշխատանքների մեծ մասը ստեղծվել է 2017 թվականին։ Անդրանիկյանն իր կյանքի այդ շրջանն անվանում է «Բոլդինյան աշուն»՝ հղում կատարելով Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործական կյանքի հայտնի «Բոլդինյան աշնանը»։ Բոլդինոն Պուշկինի ստեղծագործական կենսագրության մեջ կապված է հատկապես ինտենսիվ աշխատանքի և ստեղծագործական վերելքի շրջանի հետ։ Անդրանիկյանի համար ևս 2017 թվականը ստեղծագործական առանձնահատուկ փուլ է՝ մի ժամանակ, երբ ներքին ապրումները, մտորումներն ու դիտարկումները մեծ ինտենսիվությամբ վերածվել են կտավների։ Ցուցասրահ մտնելիս առաջինը գրավում է գույնը։ Կտավները կառուցված են վառ և հակադրվող գունային հարաբերությունների վրա՝ խորը կապույտի, արևային դեղինի, կանաչի, կարմիրի, նարնջագույնի և այլ հագեցած երանգների համադրություններով։ Գույները ոչ միայն առանձնացնում են առանձին աշխատանքներ, այլև ամբողջ ցուցասրահում ստեղծում են միասնական, էներգետիկ միջավայր։ Կտավներում նկատելի են ալիքաձև, հոսող և ազատ վրձնահարվածներ։

Arthur Andranikean cucahandes 5

Անդրանիկյանի աշխատանքների զգալի մասը կարելի է դիտարկել անառարկայական կամ աբստրակտ գեղանկարչության համատեքստում, որտեղ հստակ առարկայական պատկերը երկրորդ պլան է մղվում, իսկ առաջնային են դառնում գույնը, ձևը, ռիթմը և զգացողությունը։ Այդ պատճառով նույն կտավը տարբեր դիտողների համար կարող է բացվել տարբեր կերպ՝ մեկի համար որպես բնության շարժում, մյուսի համար՝ ներքին լարվածություն կամ հիշողության պատկեր։

Arthur Andranikean cucahandes 7

Աշխատանքների մասին խոսելիս դժվար է շրջանցել այն հիմնական լեզուն, որով նկարիչը կառուցում է իր աշխարհը՝ գույնը։ Անդրանիկյանը նշում է․

«Գույներն ու վրձնահարվածները հիմնական պատմողական միջոցներն են միջավայրի ստեղծման համար։ Դրանց միջոցով սկսվում է ներքին երկխոսություն նկարչի և նրա «երկրորդ ես»-ի միջև՝ գունային փոխհարաբերությունների, կոմպոզիցիոն տարբերակների և այն ամենի շուրջ, ինչ տեսողական ու երևութական միջավայրի արգասիք է։ Այդ երկխոսությունը դիտողից պահանջում է գրեթե անշոշափելի, գունամտածողական հոգեվիճակների ընկալում։ Ըստ Ռոլան Բարտի՝ արվեստագետի նրբազգացողությունը սիրահարի նրբազգացողություն է։ Ուրեմն պետք է միայն վերապրել, ինչպես Բախ, Հայդն կամ Շոպեն լսելիս»։

Arthur Andranikean cucahandes 11

Ցուցահանդեսի ամենաուշագրավ թեմատիկ գծերից մեկը երազն է։ «Անուրջներ», «Երազված անքնություն», «Զբոսանք քնի եզրերին», «Կոմպոզիցիա երազներ տեսնելիս», «Նյարդային երազներ», «Հրդեհ երազում» և «Տեսիլքներ» աշխատանքները ստեղծում են մի ամբողջ ներքին տարածք, որտեղ իրականության և երևակայության սահմանները դառնում են շարժուն։ «Երազված անքնություն» և «Զբոսանք քնի եզրերին» վերնագրերը հատկապես ընդգծում են քնի և արթնության սահմանային վիճակը, իսկ «Կոմպոզիցիա երազներ տեսնելիս»-ը երազը կապում է հենց ստեղծագործական գործընթացի հետ։ «Նյարդային երազներ» և «Հրդեհ երազում» վերնագրերը կարող են ընկալվել որպես ավելի լարված ներքին վիճակների պատկերային շարունակություն։ Անդրանիկյանի արվեստը, սակայն, չի սահմանափակվում միայն անձնական և երազային տարածքով։ Նրա աշխատանքներում հայտնվում են նաև հայրենիքի, հեռանալու, տարածության, սահմանների և հիշողության թեմաները։ «Արտագաղթող երկիր» վերնագիրն արդեն իսկ փոխում է սովորական դիտանկյունը․ սովորաբար արտագաղթում է մարդը, մինչդեռ այստեղ «արտագաղթողը» երկիրն է։ Այս հակադրությունը հայրենիքի մասին մտածելու հնարավորություն է տալիս ոչ միայն որպես աշխարհագրական տարածքի, այլև հիշողության մեջ պահպանվող պատկերի։ «Խռովքի սահմաններում», «Խաչված պատուհաններ» և «Խաղաղ անկում» աշխատանքները ևս բաց են տարբեր մեկնաբանությունների համար։ Դրանց վերնագրերում սահմանը, պատուհանը, անկումն ու խաղաղությունը կարող են ընկալվել ինչպես արտաքին իրականության, այնպես էլ մարդու ներքին աշխարհի հետ կապված պատկերներ։

Arthur Andranikean cucahandes 13

Արթուր Անդրանիկյանի ստեղծագործական աշխարհում Վանը ներկա է ոչ միայն որպես պատմական հիշողություն, այլև որպես գրական տեսիլք։ «Իմ տեսիլքների Վանը» և «Վանա պարտեզներ» գործերի վերնագրերը մատնանշում են, որ Վանը նրա ստեղծագործության մեջ կարող է ներկայանալ ոչ միայն որպես պատմական քաղաք, այլև որպես հիշողության, տեսիլքի և մշակութային ժառանգության գեղարվեստական տարածք։ Վանի թեման այս առումով կարելի է դիտարկել Անդրանիկյանի՝ արևմտահայ գրականության և պատմամշակութային հիշողության նկատմամբ ունեցած հետաքրքրության ավելի լայն համատեքստում։ Այստեղ Վանը դուրս է գալիս զուտ պատմական աշխարհագրության շրջանակից և վերածվում ներքին տարածության․ «Իմ տեսիլքների Վանը» հատկապես ընդգծում է այդ փոխակերպումը, իսկ «Վանա պարտեզներ» անվանումը առաջ է բերում քաղաքի բնապատկերի, մշակութային ու մարդկային կյանքի և հիշողության մեջ պահպանված պատկերների հետ կապված ասոցիացիաներ։ Այս աշխատանքների կողքին ցուցահանդեսի վերնագիրը՝ «Նատյուրմորտ ինքնակենսագրությամբ», ստանում է առանձնահատուկ նշանակություն։ Նատյուրմորտը սովորաբար ենթադրում է առարկաների անշարժ աշխարհ, սակայն այստեղ այդ աշխարհն ունի «ինքնակենսագրություն»։ Առարկաները, գույները, կոմպոզիցիաներն ու պատկերները դառնում են ապրած ժամանակի հետքեր։

Arthur Andranikean cucahandes 15

Arthur Andranikean cucahandes 16

Անդրանիկյանի պատկերային աշխարհը հասկանալու համար կարևոր է նաև հենց նկարչի՝ արվեստի մասին մտածողությունը։ Նա ասում է.
«Անառարկայական արվեստը իրականություն է մեկ այլ հոգևոր իրականության մեջ, այնտեղ պետք է փնտրել ներդաշնակություն կարգավորող ամենայն Աստվածայինը։ Այնտեղ է, որտեղ երաժշտության եղծումը հասնում է նվազագույնի, այնտեղ է բնությունը տարածում ամենաժամանակային՝ ընդլայնելով դիտողի գիտակցության սահմանները։ Այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը վերստին չի հայտնաբերվել, չափազանց դժվար, նույնիսկ վտանգավոր է ապրել։ Աշխարհի վերափոխումը մեր կամքից անկախ է։ Կտավի գեղագիտական հնչողության ներշերտերում ինտուիցիայի՝ իբրև գույնի ընթացությունը պայմանավորող հզոր գործոնի, դերը խիստ առաջնային. ինտուիցիան կամ բնության անհատական վերապրում։ Ես փորձում եմ ապրել ավելի հաճախ սահանքների վրա, հոսանքին հակառակ։ Այս պահ է հոգևոր հիշողությունը արթուն, զգայելի։ Հոգևոր հիշողությունը արթուն-զգայելի։ Հոգևոր հիշողություն և միայն։ Ինչ-որ անստեղծ է, չի արարվել՝ մինչև յուրաքանչյուրիս ծնունդը»։

«Նատյուրմորտ ինքնակենսագրությամբ»-ը միայն ցուցահանդեսի անուն չէ․ այն Արթուր Անդրանիկյանի գեղարվեստական աշխարհի բնութագիրն է, որտեղ անձնական հիշողությունը, երազը, տեսիլքը և պատմական տարածությունը վերածվում են գույնի ու ձևի։

Ալմաստ Մուրադյան

249
Սեպտեմբեր 20, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: