«Սև ու սպիտակի լույսը ոգեշնչում է ինձ». Թորոս Ալաջաջյան

«ՀայԱրտ կենտրոն»-ում  բացվել  է ֆրանսահայ լուսանկարիչ Թորոս Ալաջաջյանի լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Արդի արվեստի կենտրոնի, Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ՝ նվիրված լուսանկարչության 200-ամյակին: 

Toros Alajajyan 2

Toros Alajajyan 3

Թորոս Ալաջաջյանը սև-սպիտակ  լուսանկարների առաջատար տպագրիչներից է, ով իր կյանքի մեծ մասն անց է կացրել «մութ սենյակում»՝ աշխատելով խոշորացույցի լամպի ներքո՝ ընդգծելով սևի ու սպիտակի խորությունը:

«Սև ու սպիտակը լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսը միավորել է 13 երկրի 55 լուսանկարչի 114 սև-սպիտակ լուսանկարներ:

Toros Alajajyan 4

Toros Alajajyan 5

Դրանց գերակշիռ մասը նվիրված է Թորոս Ալաջաջյանին և ներկայացնում է լուսատպության վարպետի անձնական հավաքածուն: Միևնույն ժամանակ ներկայացված են լուսանկարչության պատմության տարբեր փուլեր ու ուղղություններ ներկայացնող հեղինակներ, այդ թվում՝ Անտուան Ագուջյան, Ալեսիո դե Անդրադե, Մարկ Ռիբու, Ժոզեֆ Կուդելկա և այլ լուսանկարիչներ:

Toros Alajajyan 6

Toros Alajajyan 7

14 տարեկանում լուսանկարչությունը բացահայտած Թորոսին անչափ շատ է հետաքրքրել կախարդանքը, թե ինչպես է պատկերը հայտնվում թղթի վրա: Վաղ տարիքից էլ սկսել է աշխատանքը նշանավոր լուսանկարչական լաբորատորիաներում՝1984թ-ին ստեղծելով իր սեփականը՝ «Toroslab»:

Toros Alajajyan 8

Toros Alajajyan 9

«Ոմանք լուսանկարչական տպագրիչին համեմատում են նվագախմբի ղեկավարի հետ, պարտիտուրն առկա է, երաժիշտները գիտեն նվագել, սակայն ղեկավարն է առաջնորդում նրանց՝ ստեղծագործությանը հաղորդելով սեփական մեկնաբանությունը: Լուսանկարչության դեպքում նույնն է,տպագրիչը տեխնիկական վարպետությամբ պետք է գտնի պատկերի ճիշտ տոնայնությունն ու արտահայտչական խտությունը, սակայն ամենակարևորը՝ լուսանկարչի հետ երկխոսությունն է: Պետք է հասկանալ հեղինակի պատկերը և այն, թե ինչ է նա ցանկանում արտահայտել»:

Toros Alajajyan 10

Toros Alajajyan 11

«Մեզ համար բացառիկ օր է, որ Վարպետը այս հավաքածուն հանրությանն ի ցույց է դնում  Հայաստանում՝ Արդի արվեստի կենտրոնում: Այստեղ ներկայացված աշխատանքները մի հոգու՝ մեր հայրենակցի վեց տասնամյակի նվիրական աշխատանքի արդյունքն են »,- ասաց կենտրոնի տնօրենի ժ/պ Սոնա Հարությունյանը:

Toros Alajajyan 12

Toros Alajajyan 13

Թորոս Ալաջաջյանին իրենց լուսանկարչական ժապավեններն են վստահել հանրահայտ լուսանկարիչներ, ինչպիսիք են՝ Պասկալ Ռոստան, Անրի Քարթիե -Բրեսսոն, Պատրիկ Արտինյանը, Ռենե Բյուրին, Ժան Քլեմերը և այլք:

«Շատ ուրախ եմ ներկա գտնվել մշակութային իմ առաջին միջոցառմանը: Այն էլ ի ՛նչ միջոցառում, ավելի լավ թեմա չէի կարող պատկերացնել»,- նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն:

Toros Alajajyan 21

Toros Alajajyan 22

Միջոցառմանը ներկա էր նաև Թորոս Ալաջաջյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝լուսանկարչական արվեստի արժևորման համար:

Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 11-ը:

Մարջան Չոբանյան

138
Սեպտեմբեր 13, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: