«Իմ Շեկոյանը». Արմեն Շեկոյանի պոեզիան՝ ժամանակի ու մարդու միջև
Օրերս Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծ, գրող Արմեն Շեկոյանի «Իմ Շեկոյանը» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը՝ Մկրտիչ Մաթևոսյանի ձևավորմամբ և նախաձեռնությամբ։ Շնորհանդեսը հյուրընկալել էր Երևանի գրքի փառատոնը։
«Իմ Շեկոյանը» «Իմ» մատենաշարի հերթական՝ յոթերորդ գիրքն է։ Ժողովածուն մեկտեղում է Արմեն Շեկոյանի՝ տարբեր տարիներին հրատարակված գրքերից ընտրված բանաստեղծություններ՝ ներկայացնելով նրա ստեղծագործական շուրջ չորս տասնամյակի ճանապարհը։ Գրքում ընդգրկված են բանաստեղծություններ «Ճոճք» (1984), «Բախտ» (1987), «Թուղթ ու Գիր» (1990), «Աղանդեր» (1996), «Անտիպոեզիա» (2000), «Երևան հյուրանոց» (2003), «Վերնատուն» (2021) ժողովածուներից, ինչպես նաև առանձին շարքեր՝ «Սիրո կրակ», «Եվս մի գարուն», «Սպասման օրեր», «Անտիպներ կարմիր գրքույկներից», «Անկապ», «Շարունակվող սերիալ», «Սիրախաղեր», «Եթեր» և այլն։
Ժողովածուի ժամանակագրական կառուցվածքը հնարավորություն է տալիս ոչ միայն մեկտեղել տարբեր տարիների ստեղծագործությունները, այլև հետևել Շեկոյանի պոեզիայի փոփոխություններին։ Այդ չորս տասնամյակը միաժամանակ և՛ անձնական ու կենցաղային ժամանակ է, և՛ Հայաստանի համար պատմական շրջադարձերի ու բախտորոշ իրադարձությունների ժամանակաշրջան։
Շեկոյանի բանաստեղծություններում կենսուրախությունը ժամանակի ընթացքում փոխակերպվում է անհանգստության ու տխրության, իսկ այդ զգացողությունների կողքին շարունակում է մնալ լավատեսությունը։ Նրա բանաստեղծական աշխարհում անձնական սերն ու խաղաղությունը զուգահեռվում են ազատության և հայրենիքի որոնման հետ։ Այս առումով Շեկոյանի գրականությունը հետաքրքիր է նաև որպես ժամանակի յուրօրինակ վկայություն։ Պատմաբանի համար անցյալի ուսումնասիրության հիմնական աղբյուրները սովորաբար արխիվային փաստաթղթերն են, մամուլը, պաշտոնական գրագրությունը։ Սակայն հասարակության առօրյան, մարդկանց մտածողությունը, քաղաքի լեզուն, կենցաղը և մարդկային հարաբերությունները միշտ չէ, որ ամբողջությամբ պահպանվում են պաշտոնական փաստաթղթերում։ Գրականությունը երբեմն պահպանում է հենց այդ՝ առօրյա ժամանակը։ Շեկոյանի ստեղծագործության մեջ պատմական ժամանակը հաճախ ներկայանում է ոչ թե մեծ իրադարձությունների ուղղակի նկարագրությամբ, այլ մարդու առօրյայի, քաղաքի, մարդկանց հարաբերությունների, խոսքի և հեգնանքի միջոցով։ Նրա Երևանը պարզապես աշխարհագրական տարածք չէ․ այն մարդկանցով, ձայներով, պատմություններով և հիշողություններով ձևավորված քաղաք է։ Նույն առանձնահատկությունը հատկապես նկատելի է նրա արձակում։ «Վագոնից թռչելու ժամանակը» ստեղծագործության հետ կապված՝ տարիներ անց մի խումբ երիտասարդներ Շեկոյանի նկարագրած Երևանի վայրերն ու մարդկանց փորձել են գտնել իրական քաղաքում՝ գրական տեքստը վերածելով յուրօրինակ քարտեզի։ Սա ցույց է տալիս, թե ինչպես կարող է գրականությունը ժամանակի ընթացքում դառնալ քաղաքային հիշողության աղբյուր։

Շեկոյանի պոեզիան՝ փոփոխության, հեգնանքի և անսպասելիության մեջ
Շնորհանդեսի ընթացքում Արմեն Շեկոյանի պոեզիային նվիրված քննարկման ժամանակ Տիգրան Պասկևիչյանը խոսեց Շեկոյանի պոեզիայի փոփոխական ընթացքի, «Անտիպոեզիայի» և գրողի հեգնանքի մասին՝ հիշելով նրանց զրույցներից մեկը.
«Մի անգամ Արմենի հետ խոսում էինք, հարցրի՝ Արմեն, ինչու «Անտիպոեզիա», ինչու անցար անտիպոեզիայի: Ասաց՝ չես նկատե՞լ, որ կարող է էն առաջվանն էր անտիպոեզիա… Դա իր դինամիկ, փոփոխվող ընթացքն էր, որն ինձ համար գոնե շատ հմայիչ է: Ինչ վերաբերվում է Արմենի նախորդ շրջանի պոեզիային, պետք է հիշեմ, որ նմանություն կա Դովլաթովի հետ, որովհետև երկուսի մոտ էլ կա նույն հեգնանքը, հեգնանքով կյանքին նայելու մոտեցումը, երկուսի մոտ էլ կա անաղարտ մնալու ձգտումը։ Եթե Դովլաթովի դեպքում հեգնանքը ինքնապաշտպանության ձև էր, Արմենը դրա կարիքը չուներ, դա ուղղակի իր ապրելու կերպն էր, իր վերաբերմունքն էր կյանքին։ Ամենակենցաղային հարցերում էլ Արմենից կարող էիր լսել այնպիսի՜ ձևակերպումներ… շատ հաճախ, ես մտածել եմ, որ ինքս չէի կարող նման ձևակերպում անել»։
Պասկևիչյանի այս դիտարկումը կարևոր է Շեկոյանի գրական լեզուն հասկանալու համար։ Նրա հեգնանքը պարզապես գրական հնարք չէր։ Այն իրականությունը տեսնելու և այն ներկայացնելու ձև էր։ Շեկոյանը կարող էր ամենասովորական կենցաղային իրավիճակում գտնել այնպիսի ձևակերպում, որը փոխում էր ընթերցողի հայացքը այդ իրավիճակի նկատմամբ։ Պասկևիչյանը առանձնացրեց նաև Շեկոյանի մի քառատող. «Այս մուրացկանի ձեռքերն են դողում, հայացքն է պաղած. ինքն իր դերում է: Ե՛ս կարող էի լինել իր տեղում, բայց… առայժմ իմ բախտը բերում է»:
Այնուհետև Պասկևիչյանը նշեց. «Սա է Արմեն Շեկոյանը, այսինքն՝ այն անսպասելի մոտեցումն է, անսպասելի շրջադարձը, որ դու կարդում ես ու չես կարող պատկերացնել, որ դա կարող է լինել»։
Քառատողը միաժամանակ պարզ է և անհանգստացնող։ Մուրացկանի կերպարը այստեղ այլևս միայն փողոցային տեսարան չէ։ Հեղինակը մի պահ ջնջում է «ես»-ի և «նա»-ի սահմանը՝ ասելով, որ իր տեղում կարող էր լինել հենց ինքը։ Այդ մեկ նախադասությամբ սոցիալական դիտարկումը վերածվում է մարդկային ինքնաճանաչման։
Պասկևիչյանը հիշում է նաև, որ Շեկոյանը սիրում էր, որ իր բանաստեղծությունները հնչեն։ Այդ վերաբերմունքը բնորոշ էր նրա ստեղծագործության բանավոր, կենդանի բնույթին։ Նա կարող էր առաջարկել ընկերներին միասին գնալ ու կարդալ բանաստեղծությունները՝ ասելով.
«Գնանք մեր ոտանավորները կարդանք, դու էլ կկարդաս, չէ՞»։ Դրվագը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Շեկոյանի համար պոեզիան միայն գրքի էջերում գոյություն ունեցող տեքստ չէր։ Այն նաև հնչող խոսք էր, կենդանի շփում և ընթերցողի հետ անմիջական կապ։

Շնորհանդեսի մեկ այլ կարևոր թեման Արմեն Շեկոյանի գրական ժառանգության պահպանումն ու հանրայնացումն էր։ Գրողի դուստրը՝ Սեդա Շեկոյանը, հանդես եկավ «Ինչպես մոտենալ գրական ժառանգությանը. սերնդային պարտքից մինչև իրական համակրանք» ելույթով։ Խոսելով հոր մահից հետո իր աշխատանքի մասին՝ Սեդա Շեկոյանը նշեց.
«Հորս մահից անցել է 5 տարի և, ես որպես անմիջական ֆիզիկական ժառանգ՝ շատ հաճախ եմ ունենում այդ զգացողությունը, որ հայրս հազվադեպ է հրատարակվում, քան պետք էր, որ որպես այդպիսին գրական հետմահու կյանք չկա եւ այլն… Բայց ինչքան էլ պայմանները դժվարանում են, գրողների ժառանգներս փորձում ենք այդ ժառանգությունը հասցնել ընթերցողին, միջնորդ լինել գրական ժառանգության և ձեր միջև… Ավելի քան 5 տարի զբաղվում եմ գրական ժառանգության հարցերով, ինձ համար կարևոր է իմաստավորել, թե ինչու եմ դա անում»։
Սեդայի խոսքով՝ գրական ժառանգությունը ներկայացվում է ոչ միայն որպես ընտանեկան պատասխանատվություն, այլև որպես ավելի լայն մշակութային խնդիր։ Գրողի մահը չպետք է նշանակի նրա ստեղծագործական կյանքի ավարտը։ Գիրքը պետք է շարունակվի հրատարակվել, կարդացվել, քննարկվել և նոր սերունդների համար նոր իմաստներ ստանալ։ Այդ պատասխանատվությունը միայն ընտանիքի վրա չէ։ Գրական ժառանգության պահպանման գործում դեր ունեն նաև գրական համայնքը, հասարակությունը և պետությունը։ Հեղինակի ստեղծագործական ժառանգությունը կենդանի է մնում այն ժամանակ, երբ այն շարունակում է մտնել հանրային և մշակութային շրջանառության մեջ։

Այս տեսանկյունից «Իմ Շեկոյանը» պարզապես բանաստեղծությունների հերթական ժողովածու չէ։ «Ակտուալ արվեստ» հրատարակչության և Մկրտիչ Մաթևոսյանի աշխատանքի արդյունքում ժողովածուն ստացել է ընթերցելու համար հարմար չափ, իսկ շապիկի «Իմ» տարբերանշանը կարծես միաժամանակ մատնանշում է գրողի և նրա պոեզիայի անձնական ընկալումը։
Գրքում ներառված է նաև Արմեն Շեկոյանի ձեռագրի լուսապատճենը և մինչ այդ չհրապարակված լուսանկար։ Այդ մանրամասները գրքին հաղորդում են ոչ միայն գրական, այլև հիշողության արժեք։ «Իմ Շեկոյանը» վերնագրի «Իմ»-ը կարող է տարբեր իմաստներ ունենալ։ Սեդա Շեկոյանի համար այն նախևառաջ հոր անձնական հիշողությունն է։ Հրատարակչի համար՝ հեղինակային և ստեղծագործական աշխատանքի արդյունքը։ Ընթերցողի համար՝ այն Շեկոյանն է, որին ինքն է բացահայտում գրքի էջերում։ Եվ գուցե հենց այստեղ է գրական ժառանգության շարունակականության ամենակարևոր կետը․ երբ հեղինակը դադարում է լինել միայն իր ժամանակի մարդը և սկսում է խոսել հաջորդ սերունդների հետ։
Արմեն Շեկոյանի ստեղծագործության դեպքում այդ հնարավորությունը հատկապես տեսանելի է։ Նրա պոեզիայում և արձակում պահպանվել են ոչ միայն բառերն ու պատմությունները, այլև ժամանակի տրամադրությունը, քաղաքի ձայնը, մարդկանց առօրյան և այնպիսի կերպարներ, որոնք մեծ պատմության մեջ կարող էին անտեսանելի մնալ։
«Իմ Շեկոյանը» կարելի է կարդալ ոչ միայն որպես մեկ հեղինակի պոեզիայի ընտրանի, այլև որպես չորս տասնամյակների ընթացքում փոխվող Հայաստանի մարդկային, քաղաքային և մշակութային կյանքի յուրօրինակ պատում։ Արմեն Շեկոյանի գրական ժառանգության վերադառնալը, հետևաբար, միայն անցյալին վերադառնալ չէ։ Դա հնարավորություն է նորից տեսնելու մի ժամանակ, որի մի մասն արդեն պատմություն է դարձել, բայց որի ձայները դեռ կարող են հնչել։ Եվ «Իմ Շեկոյանը» հենց այդ ձայնը նորից լսելի դարձնելու փորձ է։
Ալմաստ Մուրադյան