«Քաղաքը կարդում է». Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոն
Սեպտեմբերի 4-6 անցկացվեց մայրաքաղաքի գրական խոշորագույն իրադարձություններից մեկը՝ Գրքի երևանյան փառատոնը: Այս օրերին տեղի ունեցան գրքերի շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, քննարկումներ, վարպետության դասեր, պոեզիայի ընթերցումներ: Հայաստանի ազգային պատկերասրահի կամարաշարի տարածքում տեղի ունեցան նաև գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ հրատարակությունների կողմից գրքերը վաճառվեցին 20-40% զեղչով:

Փառատոնի թեման այս տարի լեզուն էր՝ որպես քաղաքակրթության հիշողությունն ամբարող ու փոխանցող միակ երևույթ:
Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը նշեց, որ գրական մրցույթի անցկացման կարգում փոփոխություն է մտցվել, այն դարձել է անանուն:
«Ստեղծագործությունները ժյուրիին կհանձնվեն բացառապես կոդավորված համակարգով՝ հնարավորինս բացառելով հեղինակի ինքնության ազդեցությունը գնահատման վրա: Մրցանակաբաշխությունից հետո կհրապարակվեն բոլոր մասնակիցների միավորները»:

Գրական մրցույթին ներկայացվել է 455 հայտ, հաստատվել է ավելի քան 200-ը: Մրցութային 4 անվանակարգից՝ պոեզիա, արձակ, դրամատուրգիա, մանկապատանեկան բացի, այս տարի փառատոնային ծրագրում առաջին անգամ ներառվել է նաև արևմտահայերեն բանաստեղծության մրցույթը: Ստացվել է 23 հայտ 8 երկրից:
Ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում: Մասնակցում են գրողներ ու հրատարակիչներ 13 երկրից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ընթերցանությունը մեզանում կենսակերպ պիտի լինի: «Յուրաքանչյուրս ամեն օր, ամեն առիթով շատ բան ունենք կարդալու, սովորելու, հասկանալու և, վստահաբար, ընթերցանությունն այն հիմնական մեթոդն է, որի միջոցով կարող ենք մենք ինքներս որպես անձ ամեն օր զարգանալ և ամեն օր պատրաստ լինել նոր մարտահրավերների»:
Նա ուրախությամբ հայտնեց, որ փառատոնը տարեցտարի իր հեղինակությունն ընդգծում է ոչ միայն մարզային, այլ նաև միջազգային գործընկերների շրջանում: «Հուսով եմ՝ կշարունակենք աջակցել գրահրատարակչության զարգացման, գրական ստեղծագործության և ստեղծագործականության խթանման ուղղությամբ, որ այդ կապերն ու գործընկերությունը հավելյալ արժեք ստեղծեն մեր երկրում»,- ասաց նախարարը:

Փառատոնի բացմանը հաջորդեց երգիչ, երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանի «Խոսքեր» գրքի և «Կյանք մարդկային» սկավառակի շնորհանդեսը: Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու նաև նրա կատարումներից մի քանիսը:
Ռուբեն Հախվերդյանն իր այս գրքում պատմում է մարդկանց, կյանքի, ընկերության ու էլի շատ բաների մասին: Ի դեպ, սա Ռուբեն Հախվերդյանի երկրորդ փորձն է խոսքը գրքի տեսքով ներկայացնելու:

Նկատենք, որ նախորդ տարվանից փառատոնը անկացվել է նաև մարզերում: Սեպտեմբերի 13-ին այն կլինի նաև Մեղրիում: Իսկ մինչ այդ, սեպտեմբերի 6-ին, տեղի ունեցավ գրական մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում հայտնի դարձան գրական մրցույթի հաղթողների անունները: Ամփոփվփցին նաև փառատոնի շրջանակում ստեղծված Սարոյանի անվան պատմվածքների մրցույթի արդյունքները, որի շրջանակում ստացվել է 62 հայտ 19 երկրից:
Մարջան Չոբանյան