Պատկերի և պատումի` Գրիգոր Պըլտյանի բանաձևը

21-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը անակնկալ հանդիպում էր կազմակերպել նաև գրականության շուրջ։ Գրիգոր Պըլտյանը, որը ճանաչված է ժամանակակից արևմտահայ գրականության մեջ որպես խոշոր գրական գործիչ, այժմ արևմտահայերենով գրող ամենանորարար ստեղծագործողներից է։ Վիպագիր, ակնարկագիր և գրաքննադատ Պըլտյանը բազմաթիվ բազմահատոր աշխատանքների հեղինակ է, գործեր է հրատարակել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Հայաստանում և Միացյալ Նահանգներում։ Վերջին օրերին Հայաստանում հեղինակը ներկայացրեց պատկերի և պատումի հարաբերության իր դիտարկումները։ Գրական գործիչը դեռ 1970-ականներին է ուսումնասիրել պատկերի տարբեր դրսևորումները իր ժամանակի ռեժիսորների գործերում։ Օրինակ՝ հետազոտել է դրվագներ Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի ֆիլմերից։

Ահա, օրինակ, շատերին է հայտնի՝ այն, որ  խոսքը առաջնային նշանակություն չէր ստանում ֆիլմում, Փարաջանովը մեկնում էր հետևյալ կերպ․ «Կինոն ինքը պատկերի արվեստ է, և պատկերը մի շարժումով կարող է բացատրել այն, ինչն ինքն ուզում է ֆիլմում անել»։ Ինչպիսի՞ն են Պըլտյանի ընկալումն ու մեկնությունը։

«Առաջին հոդվածը, որ գրել եմ, Փարաջանովի մասին էր, 1976 թվականին էր։ Այդ ժամանակ մի ֆրանսիացի կար, որի համար, օրինակ, անհանդուրժելի էր «Սայաթ-Նովա» ֆիլմի լռությունը։ Նա անընդհատ հարցնում էր՝ ինչ է ասում, ինչ է ասում այստեղ, իսկ ես ասում էի, որ ոչինչ չեն ասում։ Նա կուզեր անպայման ֆիլմում խոսք ներդնել։ Ես էլ դեմ էի հանդես գալիս, և մեր միջև պայքար էր ընթանում։ Բացի այդ հեղինակային միջամտության հարցը կար․ ի՞նչ իրավունքով պետք է միջամտեր, խոսք ավելացներ։ Բացի այդ պատկերներն արդեն ինքնին երկխոսում են։ Պատկերի վրա խոսք ավելացնելը բոլորովին ավելորդ էր։ Ես գրեցի մի հոդված ֆրանսերենով, որը կոչվում էր «Խոսքի համրության ֆիլմը»։ Այդտեղ Փարաջանովի բոլոր ֆիլմերը ես դիտարկում էի որպես լռության ֆիլմեր։ Ինձ համար ավելի կարևոր է ֆիլմն ինչպես կա, պատկերն ինչպես կա, ոչ թե դրա մասին արված հետաքրքրական մտորումները»,- ասում է Պըլտյանը։

Grigor Pyltean 3

Սակայն գրողը նախևառաջ խոսքի հետ է առնչվում, և այս հարցն ամենաակտուալներից է։ Ինչպիսի՞ն են իր հարաբերությունները պատկերի հետ պատումը կառուցելիս։

«Պատկերի թեման հայկական մշակույթում, արվեստում լայնորեն տարածված է։ Մեր գրողները, արվեստագետները հասկանում են պատկերը, պատկերի մասին դժվար է միանշանակ խոսելը։ Պատկերի մասին բազմաթիվ անկյուններ կարող ենք տեսնել։ Պատկերի մեկ ըմբռնում գոյություն չունի։ Պատկերը հետաքրքիր է նաև գրականության մեջ, այն գրողին անհրաժեշտ է, երբ ուզում է որոշ թեմաներին մոտենալ»։

Հեղինակը պատմում է, թե ինչպես է այդ կերպ մոտեցել գործերից մեկին։ Դա նման է եղել մի բանի, որ երբեմն գաղափարը կա, բայց չգիտես՝ ինչպես մոտենալ։ Հետո, երբ անդրադարձել է  նյութին, որին ցանկանում էր մոտենալ, մտածել է, որ մտքում կան պատումներ մոր գերդաստանից։ Խոսքը 1915 թվականի մասին է, քանզի Պըլտյանը ևս ունեցել է  ընտանեկան բանավոր մի պատում։ Մայրն էլ խնամքով պահպանել էր նաև ընտանեկան լուսանկարները։ Այս տարիներին հեղինակը նաև ֆիլմերի մեծ սիրահար է եղել և Բեյրութում դիտել հոլիվուդյան, իտալական, ֆրանսիական ֆիլմեր։

«Կինոն աշխարհի վրա բացված մի պատուհան է, և ոչ թե, անշուշտ, իրականության նման պատկերը։ Պատումը այն ձայնն է, որը պատկերի մեջ հստակություն կբերի։ Ահա երբ պատկեր ունես, որտեղ չգիտես՝ ով է , ինչ է, պատումը գալիս և օժանդակում է։ Պատումը նաև հարստացնում է պատկերը։

Բառերն ընթերցողին այնքան շատ մտքեր կտան, քան դա կարող է անել լուսանկարը։ Գրականության դերը իր մեջ ուրիշ բան մտցնելը չէ, գրականությունը պետք է ունենա այն ուժը, որ կարողանա իր միջոցներով տալ, այն ինչ պետք է։ Ինձ շատ անգամ ասում են, թե ինչու լուսանկարներ կամ ընտանեկան ալբոմը չեմ օգտագործել»,- հավելեց հեղինակը։

Grigor Pyltean 2

Սերգեյ Փարաջանովի և Արտավազդ Փելեշյանի հարաբերությունները պատկերի և պատման հետ.

«Ես անդրադարձել եմ Փարաջանովին ու Փելեշյանին, քանի որ, այո, երկուսի մոտ էլ լռության, համրության, խոսքի խնդիր կա։ Այսինքն՝ ֆիմն արտադրում են մարդիկ, որոնք խոսքին դեմ են, բայց վաղուց անցել է համր ֆիլմերի ժամանակաշրջանը։

Փարաջանովի մոտ հետաքրքրականն այն է, որ փորձում է պատկերի լեզուն գտնել, օրինակ՝ «Սայաթ-Նովա» ֆիլմում, որտեղ կարծես նրա բանաստեղծություններից բերված իբր պատկերն են երևում։ Երբ պատկերը չի խոսում, սա նշանակում է, որ պատկերը դառնում է նշան, որով կարելի է իմաստն ըմբռնել։ Փարաջանովի մոտ պատկերը երկդիմի է։ Պատկերը կարող է ճիշտ լինել, կեղծ լինել, պատկերը վերջնականապես որոշված չէ։ Դրա համար էլ, երբ դիտում ենք նրա ֆիլմերը, հաճախ ապշում ենք»։

Սերգեյ Փարաջանովի և Արտավազդ Փելեշյանի ժամանակը կինոյում․

«Փելեշյանի մոտ կա տարածությունը, ժամանակը և նրանց միջև շարժումը, այսինքն պատկերները կապվում են իրար, իսկ Փարաջանովը սիրում է կտրատել, իսկ Փելեշյանը սիրում է շարունակականությունը պահել պատկերների միջև։
Փարաջանովի գործերում ժամանակ չկա, պատում անգամ չկա։ Կարևոր տեղ ունեն նաև խորագրերը, եթե դրանք հանենք, ի՞նչ կմնա։ Այսինքն լեզուն և դրա շուրջ առաջացած մտածողությունն են կարևոր»։

Պըլտյանը պատմության և արժեքների կարևորման մասին․

«Մեր պատմիչները սկսում են պատմությունը պատմել, անասելի պատմություններ, որոնք հնարավոր չէ պատմել, այստեղ է հիմնական հակասությունը, հեղինակն ասում է, որ չի կարող պատմել։ Սա նաև հենց Ցեղասպանությանն է վերաբերվում։ Բանն այն է, որ մեր գրողների մեծ մասը չգիտեն մեր պատմությունը, երբ մոտենում ես դրան, կարող ես լուծումներ գտնել»։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 399

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: