Ժան-Պիեր Տանգիի «Փորագիր կանգառը» Հայաստանն է

Երևանի քաղաքապետի հրավերով՝ անվանի ֆրանսիացի փորագրանկարչի առաջին անհատական ցուցահանդեսը Երևանում

«Փորագրությունը մեծ ներուժ ունի դառնալու համընդհանուր լեզու, որն ավելի դյուրին կդարձնի արվեստագետների փոխանակումներն ու հանդիպումները»,- համոզմունք է հայտնում «Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալե»-ի հիմնադիր և համադրող, փորագրանկարչության վարպետ Ժան-Պիեր Տանգին։

Հայաստանում առաջին անգամ կկայանա Փարիզում երկու տարին մեկ ներկայացվող «Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալե»-ի համադրող, փորագրանկարչության վարպետի անհատական ցուցահանդեսը։

Մայիսի 3-ից 27-ը Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում արվեստագետները, արվեստասերներն ու այցելուները հնարավորություն կունենան առնչվելու փորագրանկարչության վարպետի և նրա աշխատանքների հետ։

«Փորագիր կանգառներ» խորագիրը կրող ցուցահանդեսի նախաձեռնությունը հանձն են առել «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի կազմկոմիտեն։

bienale 1

Այն  կազմակերպվում է  Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ համագործակցելով Հայաստանի հանրապետությունում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության և ֆրանսիական ինստիտուտի հետ։

«Պարոն Ժան-Պիեր Տանգիի ներկայությունը և անհատական ցուցահանդեսի կազմակերպումը Հայաստանում բացառիկ է իր կարևորությամբ ոչ միայն հայաստանյան ժամանակակից արվեստի բնագավառում, այլև՝ տարածաշրջանում։

Երևանի քաղաքապետի հրավերով Հայաստան ժամանող ֆրանսիացի անվանի արվեստագետը հանրությանը և մասնագիտական հանրույթին կներկայացնի շուրջ 200 փորագրանկար։ Վերջիններս ստեղծվել են Ժան-Պիեր Տանգիի՝ Իսպանիա, Մարոկկո, Վենետիկ, Բյուզանդիա, Ասիա և Նյու Յորք կատարած ճամփորդությունների ընթացքում և ձեռք բերված տպավորությունների արդյունքում։

«Ֆրանսիացի անվանի արվեստագետի ցուցահանդեսի խորագիրն է «Փորագիր կանգառներ», քանի որ պարոն Տանգին շատ է ճամփորդում և յուրաքանչյուր երկրից, որտեղ մատուցում է վարպետության դաս, ստացած իր բոլոր տպավորությունները հանձնում է թղթին՝ փորագրանկարչության տարատեսակ տեխնիկաների միջոցով։

bienale 2

Երևանյան ցուցադրության առանցքը կազմում են յոթ կանգառներ՝ յոթ երկրներ»,- նշում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը։

Փորագրության վարպետն առաջին անգամ Հայաստան է եկել «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միաջազգային Բիենալե, Երևան 2023»-ի շրջանակում։

Մասնակցել է «Հայաստանը՝ տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության Կենտրոն» խորագիրը կրող Առաջին միջազգային համաժողովին և ներկայացրել «Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալե»-ն (Biennale Internationale de la Gravure de Sarcelles) և մասնագիտական շուրջ հիսուն տարվա փորձառությունը միջազգային գեղարվեստական տպագրության ոլորտում։

bienale 3

Ֆրանսիացի անվանի արվեստագետը հասցրել է սիրել Հայաստանը՝ վայելելով հիշարժան պահեր

«Պարոն Տանգիին տպավորված էր հայաստանյան այցով։ Միևնույն ժամանակ, ոգևորված էր իր վաղեմի գործընկերների հետ հանդիպումով Երևանում։

«Գեղարվեստական տպագրության Չորրորդ միաջազգային Բիենալե, Երևան 2023»-ի Երկրորդ մրցանակակիր, մեքսիկացի փորագրանկարիչ Վիկտոր Մանուել Հերնանդեսը 30 տարի առաջ էր վերջին անգամ հանդիպել Ժան-Պիեր Տանգիին, ուսանել անվանի վարպետի մոտ։ Եվ 30 տարի անց, իրենց առաջին հանդիպումը կայացավ Հայաստանում։ Վարպետի և աշակերտի հուզմունքը տեսանելի էր»,-պատմում է Սոնա Հարությունյանը։

Երևանյան Գեղարվեստական տպագրության Չորրորդ միաջազգային Բիենալեն սկիզբ է դրել մի շարք համագործակցությունների, որոնք իրականացվել են և՛ Հայաստանում, և՛ Ֆրանսիայում։ Հայաստանում անհատական ցուցահանդես կազմակերպելու առաջարկը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ներկայացրել է պարոն Տանգիին հենց Փարիզում։

«Գեղարվեստական տպագրության Չորրորդ միաջազգային Բիենալե, Երևան 2023»-ի ծավալը, ներկայացված միջազգային մրցութային ցուցադրությունը և կազմակերպիչների կողմից ներդրած արհեստավարժ հմտությունները մեծապես տպավորել էին լայն ճանաչում վայելող ֆրանսիացի մշակութային գործչին։ Եվ պարոն Տանգին հանդես եկավ առաջարկով՝ 2023թ.-ի աշնանը ներկայացնել Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեն Փարիզում, «Սարսելի Գեղարվեստական տպագրության 21-րդ միջազգային Բիենալե»-ին առանձին տաղավարով»,- մանրամասնում է բիենալեի հիմնադիրը։

bienale 4

Ըստ Սոնա Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետությանն առաջին անգամ հնարավորություն ընձեռնվեց ներկայացնել միջազգային հանրությանը հայ գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող փորագրանկարիչներին։

Նոյեմբեր-դեկտեմբերին առանձին տաղավարով «Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալե»-ի շրջանակում ներկայացվեց հայ յոթ արվեստագետ։

«Հայաստանի տաղավարը մեծ ուշադրության կենտրոնում էր՝ հատկապես ելնելով վերջին շրջանում հայաստանյան քաղաքական և տարածաշրջանային խնդիրներից։

Փարիզի քաղաքային իշխանությունները բացման խոսքում հատուկ անդրադարձ կատարեցին Հայաստանի տաղավարին, արցախյան հարցին»,- նշում է Սոնա Հարությունյանը՝ հավելելով.

«Բարձր գնահատելով վերոնշյալ առաջարկի կարևորությունը՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի կազմկոմիտեն հանդես եկան պատասխան առաջարկով՝ ներկայացնել պարոն Տանգիին Հայաստանում»։

bienale 5

Ինչպես ընդգծում է բիենալեի հիմնադիրը, վերոնշյալ նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում սկիզբ է առնում բացառիկ ինստիտուցիոնալ համագործակցություն գեղարվեստական տպագրության ոլորտում։

Սա առաջին նախադեպն է, երբ երկու կառույցների՝ Հայաստանում և տարածաշրջանում միակ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի և Ֆրանսիայի «Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալե»-ի միջև  ինստիտուցիոնալ համագործակցություն է հաստատվում։

«Համագործակցում են ոչ թե անհատ արվեստագետներ, այլ ոլորտի կարևոր հաստատություններ։ Վերջիններս տարիների ընթացքում այնքան են մասնագիտացված և հմտացած, որ կարող են փոխադարձաբար արհեստավարժ փորձ փոխանակել»,- նշում է Հարությունյանը։

Փորագրանկարչության վարպետը չի սահմանափակվելու միայն ցուցահանդեսով։ Արվեստագետը Հայաստանում հանդես կգա նաև բանախոսությամբ և վարպետության դասով, կպատմի ստեղծագործական ուղու կայացման, «Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալե»-ի մասին։

«Մասնագիտական հանրույթն անհամբեր սպասում է մայիսի 5-ի՝ հատիչով փորագրանկարչության վարպետության դասին: Գեղարվեստական տպագրության այս տեխնիկայով աշխատել է Ալբրեխտ Դյուրերը։ Եվ նրանից հետո քիչ արվեստագետներ են անդրադարձ կատարել այդ՝ արդեն դասական դարձած և փորագրանկարչության հիմքը կազմող տեխնիկային»,- ասում է կազմակերպիչն՝ ուրախությամբ նշելով, որ հայաստանյան հանրության հետաքրքությունը շատ մեծ է, և արդեն բազմաթիվ մարդիկ գրանցվել են վարպետության դասին։

bienale 6

«Առաջին հերթին արվեստասեր հանրությունն է շատ հետաքրքված, որովհետև հազվադեպ է կերպարվեստի ոլորտում Հայաստան ժամանում անվանի արվեստագետ։ Գուցե երաժշտարվեստի ոլորտում մենք կարողանում ենք հրավիրել հանրաճանաչ երաժիշտների, բայց կերպարվեստի ոլորտում հազվադեպ է օտարազգի արվեստագետ հյուրընկալվում Երևանում։

Բիենալեի ստեղծումից՝ 2017թ.-ից ի վեր, աճել է հետաքրքրությունը  գեղարվեստական տպագրության հանդեպ, նաև ավելացել է ուսանողների քանակը գեղարվեստական բուհերում։

Որպեսզի  հասարակության առավել լայն շերտերին հասանելի դարձնենք տեղեկատվությունը, պետք է ֆինանսական համապատասխան աջակցություն»,-մանրամասնում է Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի հիմնադիրը։

Հասարակության հետաքրքության բարձրացմանն, իհարկե, նպաստել է «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ը, որի շրջանակում 53 երկրի 231 փորանգրանկարիչ և 356 աշխատանք է ներկայացվել Հայաստանում։

Մասնակիցներից յուրաքանչյորը ստացել և թողել է ազդեցություն ու փորձ։

«Մեր մեծ ցանկությունն է, որպեսզի հայաստանաբնակները գիտակցեն և ճիշտ օգտագործեն այս հնարավորությունը. հատկապես հայաստանցի փորագրանկարիչները, և ուղղակի բաց չթողնեն անվանի արվեստագետի այցը Հայաստան։ Ճանաչված և հմուտ արվեստագետները հյուրընկալվում և թողնում են իրենց գիտելիքները։ Յուրաքանչյուրը վարպետության դաս է մատուցում անվարձահատույց։ Միակ ցանկությունը մասնագիտական փորձի փոխանցումն է»,- նշում է Հարությունյանը։

bienale 7

«Գեղարվեստական տպագրության Չորրորդ միաջազգային Բիենալե, Երևան 2023»-ի մեկնարկը գերմանացի հանրաճանաչ գեղանկարիչ և փորագրանկարիչ Օտտո Դիքսի լայնածավալ ցուցահանդեսն էր Երևանում։ Ամփոփումը՝ Ժան-Պիեր Տանգիի առաջին անհատական ցուցահանդեսը, ազդարարելով Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025-ը։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեն գործունեության տասը տարիների ընթացքում մշտապես հետամուտ են եղել անվանի արվեստագետների ներկայության ապահովմանը Հայաստանում։

«Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալե»-ի հիմնադիր և համադրող, փորագրանկարչության վարպետ Ժան-Պիեր Տանգին այցելում է Հայաստան Երևանի քաղաքապետի հրավերով և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։

Գայանե Պողոսյան

  • Created on .
  • Hits: 443

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: