Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ապրիլի 2-8-ը անցկացվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Գրական շաբաթի բացումը տրվեց ապրիլի 2-ին։ Մանկական գրքի միջազգային օրը համընկել էր նաև դանիացի բանաստեղծ, գրող ու հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրվա հետ։ Նախ ներկայացվեց գրադարանի թատերական ստուդիայի բեմադրությունը՝ հայկական ու եվրոպական հայտնի հեքիաթների հերոսների համախմբմամբ մեկ բեմում:

mankapatanekan grqi shabat 6

Գրադարանում նշվեց նաև մանկագիր Նունե Սարգսյանի ծննդյան 70-ամյակը։ Շուրջ երկու տասնյակից ավելի հեքիաթների հեղինակ Նունե Սարգսյանի ծննդյան 70-ամյակը նշվեց «Հեքիաթաց հեքիաթ» խորագիրը կրող բեմականացմամբ: Միջոցառման հյուրերն էին մանկագրի գրքերի սիրահարները, գրադարանի բարեկամներն ու ակտիվ ընթերցողները: Յուրահատուկ մոտեցմամբ ներկայացվեց գրադարանի ակտիվ ընթերցողների բեմադրությունը՝ սցենարի հեղինակ Է. Զորիկյանի գլխավորությամբ։

mankapatanekan grqi shabat 7

Իսկ երեխաներն ընթերցեցին հատվածներ Նունե Սարգսյանի «ԿաՓիղԿա», «Թզուկ Մզուկը», «Թագավորն ու Վիշապը», «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները», «Վիշապ Նեսսին» ու «Մրջնակերները» հեքիաթներից: Միջոցառումն ավարտվեց Նունե Սարգսյանի ստեղծագործությունների վերաբերյալ վիկտորինայով, որից հետո ներկաներն իրենց մաղթանքն ու շնորհավորանքը հղեցին Անգլիայում գտնվող մանկագրին:

mankapatanekan grqi shabat 8

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի շրջանակում տեղի ունեցավ նաև դաս-պարապմունք նվիրված աստվածաբան, պատմիչ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալու հանելուկներին: Գրադարանի հյուրերին միջնադարյան հանելուկների մեկնությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը: Հերիքնազ Որսկանյանը շեշտեց հանելուկների կարևոր նշանակության հանգամանքը։

«Շնորհալու հանելուկներում ամեն մի բառի տակ մի միտք կա, մի իմաստ: Շնորհալին ուղղակի ինչ-որ բան չի ասում, այլ խորհուրդ և իմաստնություն է հաղորդում հանելուկներին: Պատասխանը գտնելու և իմաստը հասկանալու համար բոլոր տողերն իրար է պետք միավորել»,- նշեց բանախոսը։

mankapatanekan grqi shabat 2

Բանախոսի խոսքով՝ միջոցառումները նպատակ ունեն առաջին հերթին գիտելիք փոխանցել, պատանիներին ուղղորդել դեպի գիտելիքի նոր աշխարհներ: Տիկին Որսկանյանը ներկաների համար ուղեղը մարզելու յուրահատուկ փորձ կատարեց՝ հանձնարարեց գուշակել Շնորհալու հեղինակած գրաբարով գրված հանելուկները:

Ապրիլի 8-ին էլ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում Հ. Թումանյանի ծննդյան 155-ամյակի շրջանակներում ցուցադրվեց «Չախչախ թագավորը» հեքիաթը տիկնիկային ներկայացումը։

mankapatanekan grqi shabat 4

«Քանոնի գաղտնիքները» թեմայով վարպետության դասի ընթացքում էլ քանոնի մասին ճանաչողական դաս-պարապմունքը վարեց քանոնահար, Արաբկիրի հայորդյաց տան քանոնի դասարանի հիմնադիր-ուսուցչուհի, Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Անի Նազարյանը: Նա Երևանի Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի սաներին ներկայացրել է հայկական ազգային յուրահատուկ նվագարանի՝ քանոնի ծագման պատմությունը: Խոսելով ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ընդգրկված քանոնից՝ Անի Նազարյանը խոսեց Հայկական լեռնաշխարհում քանոնի առկայության առաջին հիշատակումների մասին, ցուցադրեց քանոնի նախատիպ երաժշտական գործիքները հայկական պատկերագրության մեջ:

mankapatanekan grqi shabat 10

«Քանոնի՝ ժամանակակից երաժշտական աշխարհ «ներխուժելու» և պատանի սերնդի կողմից սիրվելու գործում մեծ ավանդ են ունեցել քանոնահարներ Խաչատուր Ավետիսյանը, Անժելլա Աթաբեկյանը և Ծովինար Հովհաննիսյանը: Առաջինը սկսել է քանոնի համար նոտաներ գրելը, երկրորդը՝ վերարժևորել է հայկական գործիքը՝ քանոնի համար ստեղծագործությունների փոխադրումներ կատարելով ու դարձնելով այն բազմաժանր գործիք»,- հավելեց բանախոսը։

mankapatanekan grqi shabat 9

Անի Նազարյանի սաները կատարեցին հայ ժողովրդական երգերի՝ քանոնի համար մշակված տարբերակները։

Գրական շաբաթվա ամփոփմանն էլ ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ, մանկագիրներ՝ Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը, Օլգա Դարյանը, Ալվարդ Հովսեփյանը և Տիգրան Նիկողոսյանը:

Ալմաստ Մուրադյան

Լուսանկարները՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ֆեյսբուքյան էջից

  • Created on .
  • Hits: 417

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: