• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Կարևոր և խիստ անհրաժեշտ ծրագիր». «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերազինվի ճապոնական սարքավորումներով

«Կարևոր և խիստ անհրաժեշտ ծրագիր». «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերազինվի ճապոնական սարքավորումներով

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 12-ին տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի (մինչև 72,000 ԱՄՆ դոլար) ստորագրման արարողությունը՝ Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում։

Dramashnorh 1

Պայմանագրի ստորագրումը, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանի գնահատմամբ, կարևոր և խիստ անհրաժեշտ գործի սկիզբ է։

«Բավականին երկար ժամանակ ենք աշխատել այս ծրագրի վրա։ Այս դրամաշնորհի արդյունքում «Արամ Խաչատրյան» համերգասրահը կունենա ժամանակակից աուդիո և ձայնագրման համակարգ: «Grassroots» մշակութային  դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ձեռք կբերվեն այս ոլորտում աշխարհի առաջատար ճապոնական YAMAHA ընկերության CL1 և DM7 ձայնակառավարման երկու վահանակ, ինչն էականորեն կբարձրացնի համերգասրահում տեղի ունեցող համերգների թե՛ ուղիղ հեռարձակումների, թե՛ ձայնագրությունների որակը»,- ասուլիսում ասաց Նորայր Նազարյանը:

Dramashnorh 2

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, քան այսօր, և շարժվել ձայնագրման և հեռարձակման միջազգային նորագույն չափանիշներին համահունչ։

Սա Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին տրամադրվող երկրորդ դրամաշնորհային աջակցությունն է: Առաջինը տրամադրվել է 1999 թվականին՝ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին երաժշտական գործիքների և ձայնային սարքավորումների ծրագրի» շրջանակներում:

Dramashnorh 6

Դրամաշնորհի պայմանագիրը ստորագրեցին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ներկայությամբ։

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական նշեց, որ նա Հայաստան է ժամանել անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին և նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում արդեն զգացել է հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքն ու հյուրընկալությունը, ինչպես նաև նկատել, որ մեր երկու երկրները շատ նմանություններ ունեն։

Dramashnorh 4

«Երկուսն էլ փոքր երկիր են՝ հարուստ երկար պատմությամբ, ավանդույթներով և հնագույն մշակույթով, և կիսում են սերը երաժշտության հանդեպ:

Ուրախ եմ, որ այս ծրագիրը հնարավորություն կտա այս գեղեցիկ համերգասրահում  ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին ձեռք բերվելիք ժամանակակից սարքավորումների շնորհիվ ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, քան այսօր»,- ասաց դեսպանը։

Նա նշեց, որ Հայաստանը հայտնի է իր պատմականորեն հարուստ երաժշտական մշակույթով, որը ստեղծել է այնպիսի հանրահռչակ երաժիշտներ և երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և շատ ուրիշներ:

Dramashnorh 3

«Մեր նպատակն է պահպանել և փոխանցել այս ահռելի երաժշտական ժառանգությունը հաջորդ սերունդներին: Վստահ եմ, որ նոր ծրագրի միջոցով մենք կարող ենք նպաստել այս կարևոր առաքելությանը, որպեսզի մարդիկ կարողանան վայելել այն գլուխգործոցները, որոնք կկատարվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ ճապոնական սարքավորումների և Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի աշխարհահռչակ երաժիշտների ստեղծագործությունների համադրմամբ»,- ասաց դեսպանը։

Dramashnorh 5

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունեց ֆինանսական նոր մոդելը՝ պետական-մասնավոր և այլ երկրի միջոցների համագումարը, որի շնորհիվ վերազինվում է Հայաստանի կարևորագույն դահլիճներից մեկը։

«Այս ոլորտում ճապոնական արտադրության սարքավորումները լավագույններից են աշխարհում, շատ բարձր որակի են։ Վստահ եմ՝ այս միջոցները կծառայեն լավ ներկայացումներ, միջոցառումներ կազմակերպելուն, բոլորս միասին առիթ կունենանք հաճելի երաժշտական, մշակութային րոպեներ, ժամեր անցկացնել այս դահլիճում»,- ասաց փոխնախարարը։

Նա նաև պատմեց, որ հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը նախընտրում է նվագել ճապոնական YAMAHA ապրանքանիշի դաշնամուրով. «Կամերային երաժշտության տանն ունենք տարբեր ապրանքանիշների երկու դաշնամուր, Սվետլանա Նավասարդյանը նշում է, որ ուզում է նվագել հենց YAMAHA ապրանքանիշի դաշնամուրով»։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 314

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: