Ցանկացած տեսախցիկ լավն է, եթե նրա հետ լավ հարաբերություններ ես ձևավորում․ Լավ Դիաս

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրիի նախագահն է ֆիլիպինցի ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր, ժամանակակից հեղինակային կինոյի առաջատար Լավ Դիասը։ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ», Լոկարնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ», Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» և մի քանի տասնյակ այլ մրցանակների դափնեկիր փորձարար ռեժիսորը Երևանում ներկայացրեց, թե ինչու և ինչպես են ստեղծվում իր ֆիլմերը:

Դիասը ժամանակակից կինոյի դասականներից է, ֆիլիպինյան կինոն առանց նրա հնարավոր չէ պատկերացնել: Դիասը պատրաստում է երեք կամ նույնիսկ չորս ժամանոց «մեդիտացիոն դրամաներ», որոնք ունեն իրենց նվիրյալ երկրպագուների փոքրիկ աշխարհը: Ռեժիսորը կարծեք թե ինչ-որ տեղ նաև պատմաբան է, որը ֆիքսում է ժամանակակից Ֆիլիպինների կյանքը, անվերջանալի անձրևները, աղքատությունը, անարդարությունը, մի խոսքով` «քայքայումն իր ողջ անհույս ծավալով»։ Չնայած դրան՝ հարկ է նշել, որ Դիասը միտումնավոր նկարահանում է առանց գեղարվեստական ​​հավելումների և վաղուց հրաժարվել է գունավոր կինոյից։

Lav dias 2

«Ես ստեղծում եմ հերոսների, որոնք զոհեր են, տուժածներ: Երբեք չէի կարողանա ֆիլմ նկարահանել, եթե ականատեսը չլինեի այն ամենի, ինչ ծնողներս են ցույց տվել: Ապրել եմ աղքատ շրջանում ու միշտ տեսել եմ մարդկության դժբախտությունը: Երբ իմ պատմությունն եմ պատմում, մշակում, արդեն մտքումս կան պատկերները: Կինոն պատմություն է,  այսինքն՝ ինչ  է եղել, ինչու է եղել: Եթե ցանկանում եք լինել այս ամբողջ տիեզերքի մասը, պետք է հասկանալ  այդ ամենը»,- ասում է ռեժիսորը։

Դիասի ֆիլմերը ժամանակակից Ֆիլիպինների սոցիալական կյանքի մելամաղձոտ որմնանկարներ են հիշեցնում: 1990-ականներին այդ ֆիլմերն ապահովեցին ֆիլիպինյան կինոյի վերելքը (նաև Ռայա Մարտին և ուրիշներ): Ինչպես ռեժիսորն է սիրում ասել, ինքը բանաստեղծություն է գրում, երաժշտություն ստեղծում: Իսկ կինոն այնքան հզոր արտահայտչամիջոց է, որտեղ պոեզիան և երաժշտությունը միաժամանակ սահուն շարժման մեջ են։ Դա անսահման ձև է, որով կարող ես ստեղծագործել։ Սակայն այդ ամենը ռեժիսորը ներկայացնում է մանրակրկիտ մանրամասներով, ժապավենների առանձնահատուկ երկարատևությամբ. դրանք հիմնականում տևում են ավելի քան 5 ժամ:

«Երբ սկսեցի նկարահանել «Ֆիլիպինյան ընտանիքի էվոլյուցիա» տասը ժամ տևողությամբ ֆիլմը, միամտաբար կարծում էի, որ եթե տեսախցիկ ունես, ուրեմն կինոն պատրաստ է, սակայն ստիպված եմ եղել դժվարություններ հաղթահարել: Իմ 16 մմ տեսախցիկով սկսեցի նկարահանել այն. աշխատում էի ամսագրում, բենզալցակայանում, մատուցողի գործ էի անում, որպեսզի գումար գտնեմ ու կարողանամ տեսախցիկի ժապավեններ գնել։ Դրանք թանկ էին, բայց ես կանգ չէի առնում: Ֆիլմ նկարահանելու միակ եղանակը կանգ չառնելն է»
Ֆինանսական աջակցությունը փոխզիջում ու կախվածություն է առաջացնում, ինչի պատճառով տուժում է ֆիլմը, վտանգվում է կինոյի ազատությունը, սակայն իմ բախտը բերել է, քանի որ այն մարդիկ, որոնք բյուջե են տրամադրում, իրենք հարգում են իմ աշխատանքն ու գաղափարները»,- հավելեց Դիասը։

Lav dias 3

Ֆիլիպինցի ռեժիսորից տասը տարի պահանջվեց իր առաջին ֆիլմն ավարտելու համար։ Տասը տարվա իրական պայքար՝ հյուծիչ աշխատանք, որևէ փոխզիջումներից զերծ։ 1994 թվականին սկսելով նկարահանումները՝ նա կարողացավ ցուցադրել այս տասը ժամանոց ժապավենը, որը կոչվում է «Ֆիլիպինյան ընտանիքի էվոլյուցիա»՝ 2004 թվականին։

«Ֆիլմեր նկարահանելիս չեմ մտածում, թե ով է իմ հանդիսատեսը: Եթե սկսես կինո նկարել՝ մտածելով, թե ով  է այն դիտելու, կվտանգես աշխատանքդ և կհարմարվես լսարանին: Նման կառուցվածքը շատ կապիտալիստական է: Մտածում ես շուկայի մասին, որը լսարանն է, այնինչ պետք է մտածել պատմության մասին, ֆիլմի տեսլականի մասին: Ձեր հոգին եք դնում դրա մեջ,  ըստ էության՝ այդ հոգին եք վաճառում ենթադրյալ լսարանին։ Ինչպես կնոջը, այնպես էլ տեսախցիկը պետք է ուսումնասիրել, փորձել հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Ցանկացած տեսախցիկ լավն է, եթե նրա հետ լավ հարաբերություններ ես ձևավորում: Սա նման է կիթառ նվագելուն: Եթե ամեն օր աշխատես ու նվագես, մի օր կդառնաս Էրիկ Քլեփթոն, Փոլ Մաքքարթնի, այսինքն՝ պետք է սիրես տեսախցիկը»,- ասաց Լավ Դիասը:

Ըստ Դիասի՝ ֆիլմերը նկարներ են, որոնք կարելի է ներկել յուղաներկով, ջրաներկով, պաստելով։ Կամ էլ այն պոեզիա է։ Կինոն պատկանում է մշակույթի ոլորտին, և ռեժիսորը հույս ունի, որ հանդիսատեսը ինչ-որ պահի կաճի և կհասունանա։ Բայց կոմերցիոն նկատառումներից ելնելով` չի ցանկանում սահմանափակել իրեն։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 839

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: