«Անցուդարձ. հարյուրամյա գիֆապատում». հայ կինոժառանգությունը ներկայացվում է նորովի

«Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ կինոփառատոնի շրջանակում հուլիսի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց կինոօպերատոր Արեգ Կոզմոյանի «Անցուդարձ. հարյուրամյա գիֆապատում» ցուցադրությունը: Այն նվիրված է հայ կինոյի 100-ամյակին:

Ancudardz gif 2

Յուրաքանչյուր դրվագ դնելով հետուառաջ շարժման մեջ` Արեգը ստանում է պատկերների չընդհատվող շրջապտույտ։ Ցուցադրված ֆիլմերի երաժշտությունը մշակել ու մեկտեղել է Վան Սարկիսյանը: Դրանք ուղեկցում են դիտողին ցուցադրության ընթացքում՝ ամբողջացնելով հայ կինոյի պատկերումը:

Ancudardz gif 7

Cultural.am-ի հետ զրույցում Արեգ Կոզմոյանը  պատմեց, որ մոտ տասը տարի զբաղվում է հայ կինոյին նվիրված գիֆեր  (GIF՝ Graphics Interchange Format, հայերեն՝ պատկերների փոխանակման ձևաչափ) ստեղծելով, ինչը շարժում է մարդկանց հետաքրքրությունը:  Կինոփառատոնն ու հայ կինոյի 100-ամյա հոբելյանն էլ  առիթ են հանդիսացել, որ հայկական կինոաշխարհը նորովի ներկայացվի հանրությանը:

«Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝այս ձևաչափով  փորձել են ներկայացնել ավելի փորձարարական ցուցադրություն:

Ancudardz gif 3

«Սա ևս մի ակնառու ապացույց կլինի, թե այսօր  որքանով է կարևոր հայկական մեկդարյա կինոժառանգությունը և ինչպես կարելի է 2023 թվականին ժամանակակից հարաբերությունների մեջ մտնել  դրա հետ»:

Նկատենք, որ ցուցասրահում կարելի է տեսնել  տասը տասնամյակներից ընտրված հարյուր ֆիլմերի գիֆեր:

Ancudardz gif 6

«Այս նախագծում ամենակարևորը ֆիլմերի ռեժիսորների, հեղինակների հավասարակշռությունը պահելն է, այսինքն՝ այնպես չլինի, որ բոլոր ֆիլմերը պատկանեն միևնույն հեղինակին: Փորձել եմ առավելագույնս ներկայացնել բոլորին, բայց, միևնույնn է, կան ռեժիսորներ, որոնք ավելի շատ են աշխատել ասպարեզում, և իրենց անուններն ինչ-որ չափով կրկնվում են»,- մեզ հետ զրույցում ասաց Արեգը:

Ancudardz gif 4

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի կարծիքով՝ շատ կարևոր է հայ կինոյի 100-ամյակը նման ձևաչափով ներկայացնելը:  «Միգուցե սա սկիզբ է հայ կինոյի հետագա հարյուրամյակը կամ որևէ հոբելյանը այս ձևաչափով ներկայացնելու»:

Ancudardz gif 5

Այս ցուցադրությունը նախաձեռնել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու Գաֆէսճեան արվեստի կենտրոնը՝  ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Այն կգործի  մինչև օգոստոսի 6-ը:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 695

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: