Հայաստանի նկարիչների միությունում բացվեց նկարիչ Վալմարի 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը։ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) ստեղծագործական բեղուն գործունեության ընթացքում կազմակերպվել է 50-ից ավելի անհատական և 133 խմբային ցուցահանդեսներ Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արևելքի, ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:

Valmar 2

Նկարիչը մի շարք մրցանակների դափնեկիր է, 1976 թվականից` Հայաստանի նկարիչների միության, 1994 թվականից` միջազգային նկարիչների միության անդամ։ Աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում, թանգարաններում։ Վերջին տարիներին Վալմարը համագործակցում է «Kew», «EVAN» պատկերասրահների հետ։
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, շնորհավորելով նկարչին, մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ, փաստում է՝ անշուշտ, հսկայական է նկարչի դերը և ազդեցությունը հայ կերպարվեստում և հատկապես` նոր սերնդի վրա։ Նա նաև դառնում է ոգեշնչման աղբյուր երիտասարդների համար։

Valmar 3

Ըստ Նկարիչների միության անդամ, արվեստագիտության դոցենտ Սաթենիկ Վարդանյանի՝ Վալմարը 20-րդ դարի և արդի հայ արվեստագետներից է, որն իր առանձնահատուկ տեղն ու նշանակությունն ունի հայ արվեստի պատմության մեջ։
«Հայոց աշխարհի գերակայող ուժը անհատների առկայության, նրանց ստեղծագործ գործունեության մեջ է։ Այսօր մենք հավաքվել ենք նշելու այդ անհատներից մեկի՝ Վալմարի 75 ամյակը. գեղանկարիչ, որը մի շարք մրցանակների է արժանացել, արվեստագետ, որը ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և արտերկրում։ Ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր աշխատասիրության, հոգու մեծության, աշխարհը յուրովի զգալու և Ձեր ձեռագրով մեզ նվիրելու համար։ Նկարիչը, շնորհիվ իր հետևողականության, արհեստավարժության, բծախնդրության թե՛ ընդհանուրի, թե՛ մանրուքների հանդեպ, ստեղծում է իր սեփական աշխարհընկալումը, որը զարդարում է մեր մշակույթը եզակի ձևաչափով, գույների համադրությամբ, նրբաճաշակությամբ, հոգևորի շեշտադրմամբ, մեղեդիների պատկերմամբ։ Վալմարի յուրաքանչյուր կտավը պարունակում է ապրում, էներգիա, ոգի, հայկականություն, սեր»,- ասում է արվեստաբանը։

Valmar 4

Ի դեպ, նկարիչն ինքն էլ փաստում է, որ եզակիի, յուրօրինակության սիրահար է։ Ասում է՝ եզակիությունը այն է, ինչ միայն ինքն իրեն է նման, նման չէ ուրիշներին, իսկ դա էլ հենց ուժի նշան է։

«Այսօր այս ցուցահանդեսով ես իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորին, ովքեր այդ հավատով և ներքին էներգիայով, դրական զգացողություններով ինձ աջակցել են ու օգնել։ Իմ նկարչության ամբողջ գաղափարը, իմաստը ձեզնից ստացած դրական էներգիան է, որը լսելով, դիտարկելով իմ սիրտն ու հոգին պատկերել են։ Դա հողին կպած, հողից ստացած էներգիան է, որ ուժ է տալիս, և ես փորձում եմ այդ ուժը օգտագործել իմ շրջակայքը պատկերելու համար։ Շնորհակալ եմ այս ամենի համար, և այն ինձ պարտավորեցնում է, որ ես նորից և նորից կարողանամ անել այն ամենը, ինչ կարող եմ անել, և դուք ևս համոզվեք, որ ես կարողացել եմ դա անել»,- ասում է նկարիչը։

Valmar 5

Եզակիի ու արտասովորի սահմաններն ու դրանցից անդին ենք տեսնում նկարչի գույներում ու պատկերներում։ Հերոսական մաքառումներ ու պայքար խորհրդանշող շարքից մինչև նուրբ ու խորաթափանց, մի փոքր էլ ժամանակակից երաժշտական խաղեր ու պատկերներ։ Կյանքի ու ապրումների ամենատարբեր երևույթներ են պատկերված՝ սկսած հայրենի բնաշխարհից մինչև աբստրակտ խորհրդանիշներ, հայոց խորհրդանիշներից մինչև վենետիկյան ճամփորդություններ։ Ճամփորդությունները կարծեք թե աշխարհընկալման նոր հորիզոններով էլ պատկերվում են նկարչի գործերում. դրա վկայությունն է «Սուրբ Ղազար կղզին», ստեղծագործությունը, դրան են նվիրված «Ցլամարտ», «Վենետիկյան ճամփորդություններ» շարքերը։ Նկարչի մտորումներում հոգևոր ճառագումները ևս առկա են. «Ավետարանիչ», «Երեք մոգերը», «Ավետում» կտավներում թևածում են կրոնական պահպանողականությունն ու հավերժական լուսը։

Valmar 8

Վալմարի աշխատանքները բարձր գնահատանքի են արժանացել մի շարք արվեստագետների կողմից։ Ինչպես նկարիչ Ժանսեմն է ասել,
«Վալմարի ամենափոքր կտավն անգամ հսկայական մոնումենտալ տպավորություն է թողնում։ Արտիստն իր ստեղծագործությունների արտացոլումն է, միշտ ուժեղ ու դինամիկ։ Նա տաղանդավոր է ու համարձակ»։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 1335

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: