Հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, բարձրակարգ երաժիշտներ՝ «Խաչմերուկներ 2023»-ում

Ապրիլի 3-26-ը տեղի կունենա «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը, որի շրջանակում կներկայացվի 7 համերգ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։

«Խաչմերուկներ 2023» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության նոր և նշանակալից գործեր։ Դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։  Փառատոնը նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։

Փառատոնի ծրագիրը հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ։ 

Khachmerukner 2023 1

«Քառորդ տոն» կազմակերպության համահիմնադիր,  «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Հովհաննիսյանն ասուլիսում ասաց, որ իրենց հիմնական նպատակն է հայ ժամանակակից երաժշտությունն ու միջազգային դաշտում կատարվող գործընթացները բերել մի խաչմերուկի ու տեսնել, թե որտեղ է մեր արվեստը, ինչ դեր ունի միջազգային արվեստը, նայել ընդհանուր տեսանկյունից, քանի որ մշտապես տարբեր օղակներում առանձնացվում են այս երևույթները, բայց հայ ժամանակակից երաժշտությունը վերջին տասնամյակներում մշտապես եղել է համաշխարհային պրոցեսների անբաժան մաս։ Վառ ապացույց՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Նա ընդգծեց, որ փառատոնի շրջանակում բարձրակարգ երաժիշտներ են գալու Հայաստան, շատ ստեղծագործություններ հնչելու են առաջին անգամ։

Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն անչափ կարևորում է այս փառատոնը։

«Այն ներառում է ամբողջ մի շերտ գեղագիտական մտածողության, տեխնիկական միջոցների, լսողական փորձի, մշակութային իրադարձությունների, կենդանի հնչողության և յուրաքանչյուրը, ով մասնակից է այս իրադարձությանը, խորին հարգանքի է արժանի»,- ասաց ասուլիսին ներկա մաեստրոն։

Նրա խոսքով, փառատոնի կազմակերպիչները լավ գործ են անում ու պետք է խրախուսել այդ աշխատանքը, օրինակելի դարձնել ընդհանուր մեր երաժշտական տարածքի համար։

Փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալու դաշնակահարուհի և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա), որը կատարելու է նաև Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից։

Khachmerukner 2023 2

Տիգրան Մանսուրյանի գնահատմամբ, հրաշալի մտածող դաշնակահարուհի և կոմպոզիտոր է Իվ Էգոյանը, տեխնիկական մտածողության իներցիան տանում է իր հետևից։

Ասուլիսին ներկա Իվ Էգոյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին հրավերի համար։ Նա առաջին անգամ միջազգային ասպարեզում հանդես է գալու իր ստեղծած յուրահատուկ գործիքով՝ դաշնամուրին կցված է հատուկ սարք։

«Ես եմ մտահղացել այդ համակարգը, այնուհետև մասնագետն այն ստեղծել է»,- ասաց Իվ Էգոյանը։

Դաշնակահարուհին անհամբեր սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը։  Ի.Էգոյանն ասաց, որ հայկական ժողովրդական ստեղծագործություններն օգտագործելով` մի գործ է գրել, որը նվիրված է իր՝ Հայաստան գալու երազանքին։

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա ապրիլի 3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում․ ելույթ կունենա դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա)՝ ներկայացնելով հեղինակային, ինչպես նաև Մայքլ Ֆիննիսսի, Լինդա Քեթլին Սմիթի ստեղծագործությունները։ Ապրիլի 4-ին Էգոյանը վարպետության դաս կներկայացնի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ապրիլի 7-ին ՀԲԸՄ-ում կկայանա սեմինար՝ երաժշտագետ և ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանի (Միացյալ Թագավորություն) մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես կգան Իվ Էգոյանը և «Ասոնանս» անսամբլը։

Ապրիլի 9-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում Իվ Էգոյանը կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Khachmerukner 2023 3

Ապրիլի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Յուրի Կասպարովի (Ռուսաստանի Դաշնություն), Արամ Հովհաննիսյանի և երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի մասնակցությամբ։

Նույն օրը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ասոնանս» անսամբլը կներկայացնի Մանսուրյանի, Արամ Հովհաննիսյանի, Յուրի Կասպարովի, Աշոտ Զոհրաբյանի, Միշել Պետրոսյանի, Վալենտին Սիլվեստրովի գործերը։

Յուրի Կասպարովն ապրիլի 12-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վարպետության դաս կանցկացնի ուսանողների համար, ինչպես նաև կհանդիպի երաժշտասերների հետ։

Ապրիլի 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ելույթ կունենա դաշնակահար Լորանս Մխիթարյանը (Բելգիա)՝ ներկայացնելով Տորու Տակեմիցուի, Դյորդ Կուրթագի, Դավիթ Բալասանյանի, Ժան-Պիեր Դելյոզի, Կայա Սարիահոյի, Սերգեյ Ումրոյանի, Ապոլինի Ջեսուպրետի ստեղծագործությունները։

ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 17-ին ԵՊԿ ուսանողներն ու շրջանավարտները հանդես կգան համերգով։ Ծրագրում՝ Պասկալ Դյուսապեն, Յորգ Վիդման, Պիեր Բուլեզ, Անտոն Վեբերն, Աշոտ Ղազարյան, Արմեն Գևորգյան, Դմիտրի Պչելինցև, Լևոն Պողոսյան։

Ապրիլի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մենահամերգով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով Պասկալ Դյուսապենի, Յոշիհիսա Տաիրայի, Տոշիո Հոսոկավայի, Արթուր Աքշելյանի, Վոլֆգանգ Րիմի, Դյորդ Կուրթագի, Լուիս Կինթանայի, Անդրե Բուքուրեչլիևի ստեղծագործությունները։

ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 22-ին ելույթով հանդես կգան ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Դմիտրի Պրոկոֆևը և դաշնակահար Նատալիա Սոկոլովսկայան։ Ծրագրում՝ Տորու Տակեմիցու, Իսանգ Յուն, Բեթ Ֆուրրեր, Կուզմա Բոդրով, Պաուլ Հինդելմիթ, Կիրիլ Արխիպով, Ալեքսեյ Ռատինսկի։

Փառատոնի փակման համերգը տեղի կունենա ապրիլի 26-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: «Ասոնանս» անսամբլը կկատարի Դավիթ Գյոդակյանի, Արման Ղուշչյանի, Արսեն Բաբաջանյանի, Աշոտ Զոհրաբյանի, Վահրամ Սարգսյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

Նաիրա Տիգրանյան


  • Created on .
  • Hits: 670

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: