«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023». Բազմաժանր ծրագիր՝ Երևանում և մարզերում

Հայաստանում մեկնարկում է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը, որի ընթացքում` մարտի 17-ից մինչև ապրիլի վերջ, կկայանա  ավելի քան քսան միջոցառում Երևանում և մարզերում։ Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ։ Միջոցառումները կազմակերպել են Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու դիտորդ երկրների այլ դեսպանությունները, ինչպես նաև Հայաստանի մշակութային ու կրթական հաստատությունները։

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ասաց, որ մեծ պատիվ է ներկայացնել ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը ֆրանկոֆոնիայի անդամ երկրում։ Նա հայտնեց, որ այս տարի ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված են մշակութային բազմազանությանը, ֆրանկոֆոն մշակույթների տարբեր արժեքներին:


«Այս պահին առավել քան կարևոր է մատնանշել այդ բազմազանությունը, քանի որ  ինտերնետում ի հայտ են գալիս բազմաթիվ տարբեր մշակութային բովանդակություններ, և արժեք ձևավորելու կարիք կա։ Առավել քան երբևէ համախմբվելու կարիք կա՝ միասին հաղթահարելու այս մարտահրավերը»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։

Frankofonia 3

Նրա խոսքով` հպարտ են, որ Հայաստանում գործում է  ֆրանսիական մշակութային, կրթական խիտ ցանց. մասնավորապես,  Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն ունի մոտ 2000 ուսանող, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը, որն ունի շուրջ 300 աշակերտ և Հայաստանի ֆրանսիական նորաբաց ինստիտուտը: Դեսպանը հայտնեց, որ այն կունենա կրթական բաղադրիչ, այնտեղ կդասավանդվի ֆրանսերեն։ Այն կլինի նաև մշակութային օջախ, որտեղ կիրագործվեն բազմաժանր մշակութային ծրագրեր, որը կհամագործակցի նաև հայաստանյան մշակութային կազմակերպությունների հետ։

«Հայաստանում ֆրանկոֆոնիայի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև հենց կրթության ոլորտում ֆրանսերենի դերը»,- ասաց Անն Լույոն։

Նա հայտնեց, որ ֆրանկոֆոնիայի տոնն ամբողջ աշխարհում միավորում է ավելի քան 500 միջոցառում, որոնց մի մասը տեղի կունենա Հայաստանում:

Ասուլիսին ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է շուրջ 320 միլիոն  ֆրանսախոսների և հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը, ներկայացնելով նաև ֆրանկոֆոնիայի արժեքները։ Նրա խոսքով` Հայաստանը շատ մեծ պատասխանատվությամբ և ակտիվությամբ մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումներին և նախաձեռնություններին։

«Հայաստանում մեծ կարևորություն են տալիս ֆրանկոֆոնիայի օրերին, ամեն տարի մենք ավելի մեծ մասնակցություն ենք ունենում երկամսյակի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին»,- նշեց Ժ.  Անդրեասյանը։

Նախարարն ասաց, որ Հայաստանի բոլոր մարզերի մշակութային և կրթական հաստատություններում կկազմակերպվեն ֆրանկոֆոնիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ:

«Վստահ եմ, որ բոլոր միջոցառումները նպաստելու են ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը»,- նշեց նա։

Ժ. Անդրեասյանը հայտնեց, որ  2023 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման կապակցությամբ մարտի 20-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Քամիլ Սեն-Սանսի, Կլոդ Դեբյուսիի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Նա առանձնացրեց մարտի 31-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում նախատեսված միջոցառումը՝ Հայորդաց տան երգչախմբի և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

«Մենք խոսում ենք բազմազանության մասին, այդ միջոցառումները հենց իրենցով ցույց են տալիս այդ բազմազանությունը։ Վստահ եմ, որ այս երկամսյակի ընթացքում ստանալու ենք նոր հնարավորություններ` մեր համագործակցությունն ամրապնդելու, շարունակելու, նոր նախաձեռնություններ իրականացնելու համար»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանը։

Frankofonia 1

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը յուրահատուկ մի հարթակ է, որն ընդհանուր լեզվի միջոցով զարգացնում է անդամ- պետությունների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունը՝ ի նպաստ ժողովուրդների:

Նա ասաց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը  ծրագրեր է իրականացնում, որոնք աջակցում են գրողներին, կինոգործիչներին, երաժիշտներին, ֆրանկոֆոն արվեստագետներին, օգնում է  նրանց ճանաչում ձեռք բերել միջազգային շուկայում։

Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն ներկայացրեց «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի ծրագիրը, որի շրջանակում կայանալու է կինոփառատոն, կոնֆերանս, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Ժորժ Բիզեի հանրահայտ «Կարմեն» օպերան՝ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյանի բեմադրությամբ,  ...։

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանի ազգային կամերային նվագախումբը Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ մարտի 17-ից ապրիլի 20-ը կներկայացնի երեք համերգային ծրագիր։

«Առնո  Բաբաջանյան» համերգասրահում ապրիլի 15-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կանտատա» մշակութային ՀԿ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կներկայացնեն  համերգ՝ մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի կատարմամբ, դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։  Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Սուքիասյան։ Ծրագրում՝ ֆրանսիական երաժշտական ռոմանտիզմի ու իմպրեսիոնիզմի մարգարիտներ, որոնք առաջին անգամ կհնչեն Հայաստանում. Մորիս Ռավելի «Շեհերազադե» վոկալ ցիկլ և «Վիլլանել», ինչպես նաև Հեկտոր Բերլիոզի «Օֆելյայի մահը»։

Նաիրա Տիգրանյան

    

  • Created on .
  • Hits: 952

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: