«Մենք ուզում ենք ապրել խաղաղ մոլորակում». UNIVERSE ART միջազգային մրցույթ-փառատոնն ամփոփեց արդյունքները

«Երևակայությունը նկարում է, բանականությունը համեմում է, ճաշակն ընտրում, իսկ տաղանդը` կատարում» (Զարուհի Առաքելյան)։ Հայաստանի տաղանդաշատ երեխաների երևակայությանն ու ճաշակին զարկ տալու նպատակով հերթական անգամ երկարատև ընտրության գործընթաց անցնելուց հետո կայացավ UNIVERSE ART միջազգային մրցույթ-փառատոնը։

universe art 1

UNIVERSE ART միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են «Տոտալ արտ» ՀՄԿ նախագահ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը։ Փառատոնն իր շուրջն է համախմբել արվեստասեր պատանիների՝ նպատակ ունենալով բացահայտել արվեստի ոլորտում աչքի ընկնող տաղանդավոր երեխաների, զարգացնել նրանց հմտություններն ու ձիրքը։ Նրանք, ովքեր տարբերվում են իրենց ուրույն ձեռագրով, այսուհետ հնարավորություն ունեն հանդես գալ միջազգային հարթակներում։ Մրցույթ-փառատոնի հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսով։ Որպեսզի միշտ վառ ժպտա արևը, աղավնիներն ավետեն բարի լուրեր, երբեք չլինեն պատերազմներ, մարդիկ անրջեն և թռչեն, երեխաներն այս ցանկություններն անմահացնելու փորձ են կատարել՝ ներկայացնելով ամենավառ երանգներով և աշխարհագրական լայն ընդգրկմամբ։ Իսկ գլխավոր ուղերձը հետևյալն է՝ ապրել խաղաղ և անվտանգ աշխարհում։ «Մենք ուզում ենք ապրել խաղաղ մոլորակում» խորագրով ցուցահանդեսին մասնակցել են 5-8, 9-14, 15-18, 19-25 տարիքային խմբերի մասնակիցներ Երևանից և մարզերից։

universe art 2

«Նոր տարին սկսում ենք «Մենք ուզում ենք ապրել խաղաղ մոլորակում» ուղերձով, քանի որ դա է բոլորիս ցանկությունը, երազանքը։ Այս անգամ որոշեցինք հենց այս թեման դարձնել ստեղծագործելու առիթ։ Մրցույթ-փառատոնին մասնակցեցին բազմաթիվ տաղանդաշատ երեխաներ, և անկախ նրանից, թե ով ինչ մրցանակ է շահել, գնահատվել է յուրաքանչյուր աշխատանք, քանի որ ամեն մեկը յուրահատուկ է իր տեսակով։ Մրցույթի ժյուրիի կազմում են վաստակաշատ արվեստի գործիչներ, որոնք անաչառ գնահատական են տվել աշխատանքներին։ Փառատոնը կազմակերպվել է հանուն երեխաների երջանիկ մանկության և ապագայի, որպեսզի մեր երեխաներն ապրեն խաղաղ երկրում։ Եվ ես շնորհավորում եմ նաև բոլոր ուսուցիչներին, քանի որ դա նրանց հսկայական ջանքերի արդյունքն է»,- ասում է փառատոնի հիմանադիր Աննա Հարությունյանը։

universe art 3

Ժյուրիի անդամների կազմում են ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանը, ՀՀ վաստակավոր քանդակագործ Հայկ Թոքմաջյանը, գեղանկարիչ Սուրեն Համբարձումյանը։ Ժյուրիի նախագահն է արվեստաբան, քննադատ Ջիորջիո Պոլումբին։
ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանը արժևորում է հատկապես փոքր տարիքային խմբում ստեղծագործողների աշխատանքը։ Քանի որ դրանք պարզ են, անկեղծ, զերծ կեղծ ձևերից և նմանություններից։

universe art 7

«Ընտրության գործընթացն ամենաբարդն ու հետաքրքիրն է։ Իսկ այս անգամ նոր մոտեցում կար, գնահատվում էր բալային սանդղակով, և ժյուրիի անդամները հնարավորություն ունեին գնահատել յուրաքանչյուր աշխատանք ըստ առանձնահատկության։ Մեծերն այս անգամ ևս ավելի ակտիվ էին, իսկ փոքրերն ավելի անկեղծ, ավելի տրամադրող էին։ Եվ այս փառատոնը փոքրիկ նկարիչների համար ինքնադրսևորման լավ հարթակ կդառնա», - ասաց Մարտիրոս Բադալյանը։

universe art 6

Մրցույթ-փառատոնին մասնակցել են ինչպես անհատ, այնպես էլ խմբակային արվեստի դպրոցները, ստուդիաները։ Յուրաքանչյուր անվանակարգում գնահատումը կատարվել է ժյուրիի երեք անդամների կողմից 4-10 բալային սանդղակով, որից հետո հաշվարկվում է միջին գնահատականը։ Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացան վկայագրերի և շքանշանների, իսկ հաղթողները վիճակահանությամբ արժանացան նաև խորհրդանշական այլ նվերների։ Փառատոնը համագործակցում է ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար
Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամի հետ, և մրցանակաբաշխության ընթացքում հանձնվեց նաև Սպիվակովի անվան հատուկ մրցանակը։ Սպիվակովի անվան հատուկ մրցանակին արժանացավ Լիանա Պալյանը, իսկ Գրան Պրիին արժանացավ Վիկտորյա Բեջանյանը։ Խորհրդանշական ուղերձ էր հղել Սպիվակովը։

universe art 9

«Երեխաներին տրված է հատուկ շնորհ, նրանք նայում են ոչ թե դեպի վերև, այլ դեպի ներս, դուք նկատում ու գնահատում եք գեղեցկությունը ոչ միայն գույնով, այլև ձայնով։ Ձեզ տրված է սիրտ, որն արարում է հոգու կանչով, ձեր հրաշալի երկրի ՝ Հայաստան երկրի հաջող կանչով»։

Աննա Հարությունյանի խոսքով՝ մրցույթի մասնակիցների լավագույն աշխատանքներից մի քանիսը կներկայացվեն նաև ԱՄՆ-ում։ Աշխատանքներից մեկն էլ ներկայացվելու է Մոսկվայում «Москва встречает друзей» փառատոնի ընթացքում:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 1115

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: