Կայացավ Հարություն Խաչատրյանի նոր՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի ցուցադրությունը

Կյանքի ու մահվան առեղծվածային իրադարձությունների շղթայով, երեք կյանքերի ու երեք մահերի խորհրդավոր պատմություններով պատված նկարիչ Վահան Անանյանի մասին պատմող ֆիլմը կրկին էկրաններում էր։ Երեկ  Կինոյի տան մեծ դահլիճում ֆիլմի սիրահարները նորից հնարավորություն ունեցան դիտելու այն։

Ֆիլմի հեղինակ հայ կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ֆիլմի ստեղծման վրա աշխատել է շուրջ 30 տարի։ Ինչպես ինքն է ասում, ֆիլմի մի մասը նկարվել է ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկներով, համարյա ձրի, ընտանիքի և ընկերների ուժերով։

Vahan Ananyan film 1

Ֆիլմը պատմում է տաղանդավոր նկարչի դրամատիկ կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին: Երևան, Թալին, Օդեսա. ռեժիսորի տեսախցիկը անցել է այս երեք ուղղություններով, որտեղ եղել է նկարիչը։

«Շատ եմ տանջվել, բայց ավարտել եմ ֆիլմը։ Ավարտելուց հետո էլ ինձ թվում է, որ մինչև այսօր դեռ չեմ ավարտել այն։ Վահանը հեռացավ, գնաց, բայց մեզ թողեց իր խենթ պատմությունները։ Ընտանիքը, գուցե, քննադատորեն է վերաբերվում ֆիլմին, բայց ես ստեղծել եմ ազնիվ ֆիլմ, որը պատմում է Վահանի մասին»,- մինչ ֆիլմը սկսվելը անկեղծացավ Խաչատրյանը։

Vahan Ananyan film 2

Ֆիլմը հերոսի մտորումների պատառիկներից, խոստովանություններից ու կենցաղային կյանքի դրվագներից է բաղկացած։ Հենց ֆիլմի սկզբում նշվում են կինոռեժիսորի խոսքերը. «Երկար տարիներ ինձ անհանգստացնում էր մի երազ, որն ինձ պատմել է իմ նկարիչ ընկեր Վահան Անանյանը։ Ես կիսատ էի թողել իր մասին ֆիլմը, երբ նա անժամանակ մահացավ»։ Եվ, իսկապես, ֆիլմը Հարություն Խաչատրյանին օգնել է վերագտնել իրեն.  տարիներ առաջ Խաչատրյանը կաթված է տարել, կորցրել հիշողությունը, հետագայում այս ֆիլմի շնորհիվ վերագտել է իրեն։

Ֆիլմի հետ վերականգնվել է և՛ իր առողջությունը, և՛ հիշողությունը, և’  մարդկանց սիրելու ցանկությունը։ Ֆիլմում նաև  Վահանի ընկերներն են,  իր հարազատները, որոնք հիշում և պատմում են նկարչի հետ ունեցած հիշողությունները։

Վահան Անանյանը գտնում էր, որ աշխարհում կատարվող ամեն դժբախտության պատճառը սիրո բացակայությունն է։ Այդ մասին ֆիլմում ևս նշվում է. «Եթե այս աշխարհում երկու անձի միջև սեր կա, ապա այս աշխարհը կփրկվի»:

Vahan Ananyan film 3

Ֆիլմը դիտելու էին եկել կինոաշխարհի տարբեր ներկայացուցիչներ։ Կինոքննադատ, պրոֆեսոր Անետա Երզնկյանն, օրինակ, մեզ հետ զրույցում նկատում է՝ Խաչատրյանը դեռ ուսանողական տարիներից է հաստատել, որ ունի իր կերպարները, և հետևողական է կինոաշխարհում. «Խաչատրյանը Վահանի կերպարի միջոցով փորձել է ցույց տալ, որ իր հայրենիքից որտեղ էլ հեռանա մարդը, միևնույն է, միշտ վերադառնում է հայրենիք։ Այս ֆիլմը լավագույններից է, այն ամփոփում է Հարություն Խաչատրյանի ամբողջ ստեղծագործական կյանքը։ Ինձ համար ամեն անգամ ֆիլմում բացահայտումներ եմ անում»,-ասաց նա։

Վահան Անանյանի հիվանդությունից և նրա մահվանից հետո նրա աճյունը բաժանվել է  երեք մասի և հուղարկավորվել Թալինում, Օդեսայում և Երևանում, իսկ ստեղծագործական ժառանգության մի մասը՝ Օդեսայում, մի մասը՝ Կիևում, որոշներն էլ Երևանում են։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 828

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: