Մուտք ամանորյա հեքիաթային աշխարհ՝ թատրոն

Մոտենում է երեխաների ամենասիրած ու ամենասպասված տոնը՝ Ամանորը։ Բոլորն ակնկալում են ամանորյա հրաշք, հեքիաթ, որտեղ բարին մշտապես հաղթում է չարին, որտեղ  թույլն ու խարդախը մշտապես պարտվում են ուժեղին ու ազնիվին, իսկ վերջում՝ հայտնվում են Ձմեռ պապն ու Ձյունանուշը։

Երեխաներն ամանորյա հեքիաթի կարող են ականատես լինել հենց թատրոնի բեմում՝ արվեստի լեզվով, գեղագիտորեն ընկալելու հրաշքը։ Այս օրերին թատրոններում հիմնականում հենց Ամանորին, Ձմեռ պապին, Ծննդյան տոներին նվիրված ներկայացումներ են։ 

Դեկտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, և հունվարի 3-ին, 4-ին, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում լինելու է «Ընկույզկոտրուկի գաղտնիքը» ներկայացումը, որի հիմքում Էռնեստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» հայտնի հեքիաթն է։

Հեքիաթի գործողությունները կատարվում են ամանորի նախաշեմին՝ Մարի անունով աղջկա տանը, որտեղ ծնողները իրենց հյուրերի համար դիմակահանդես են կազմակերպել։ Մարիի կնքահայր Դրոսսելմայերը նրան փայտե տիկնիկ՝ ընկույզկոտրուկ է նվիրում, որը չափազանց ուրախացնում է աղջնակին։ Ընկույզկոտրուկի հետ խաղալիս, նա աննկատ քնում է, և երազում տեսնում արքայական պալատ, որտեղ հայրը արքա է, մայրը՝ թագուհի, իսկ ինքը՝ արքայադուստր։ Կենդանացել է նաև ընկույզկոտրուկը, որն էլ իր չարաճճիություններով չափազանց զվարճացնում է գեղեցիկ Մարիին։ Հանկարծ թագավորական պալատ է ներխուժում առնետների թագուհի Ժորժետտան և նրա որդին։ Ցանկանալով ամուսնացնել իր որդուն Մարիի հետ, բայց ստանալով մերժում, առնետ թագուհին կախարդում է Մարիին և փախչում։ Ընկույզկոտրուկը որոշում է օգնել Մարիին։ Նրանց արկածների ժամանակ պարզվում է, որ այս ընկույզկոտրուկը մայր առնետի կողմից կախարդված ժամագործ Դրոսսելմայերի եղբորորդին է։ Առնետը կախարդել էր ընկույզկոտրուկին և պայման դրել ․ «Մինչև նրան չսիրի մի գեղեցիկ աղջիկ, նա չի ազատվի չար առնետի կախարդանքից»։ Մարին, ընկույզկոտրուկի հետ միասին կարողանում է հաղթել առնետների թագուհուն, իսկ ընկույզկոտրուկը ազատվում է կախարդանքից Մարիի սիրո միջոցով: Հնչում է 12-ը և իր ամանորյա մաղթանքներով ժամանում է Ձմեռ Պապը։

Դեկտեմբերի 22, 23, 26, 27-ին Երևանի թատրոնի և  կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում «Ամանորը Դիսնեյում կամ Միկին և նրա ընկերները» ներկայացումն է, որին մասնակցում են տիկնիկներ, վարժեցված շնիկներ։

Ամանորին երազանքներն ի կատար են ածվում ու հրաշքներ են ծնվում նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որի բեմում ամանորյա օրերին «Փերփերի» շոու ներկայացումն է, ինչպես նաև «Մոխրոտը»։

Դեկտեմբերի 27, 28, 29-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Ձմեռ պապի գաղտնիքը» մանկական ինտերակտիվ ներկայացումը։ Նույն թատրոնի բեմում կլինի նաև «Մանչուկի և Կառլսոնի Ամանորյա արկածները» տոնական ներկայացումը։

Բոհեմ թատրոնում (Գրողների միության շենք) «Ուրախության բանալի» հեքիաթ-ներկայացմանը խառնվել են Ամանորյա հրաշքներն ու անակնկալները, հեքիաթային հերոսներին են միացել Ձմեռ պապն ու Ձյունանուշը։

Գոյ թատրոնում «Ամանորյա Ավազակներն» են՝ ամանորյա ուրախ, երաժշտական, հեքիաթային ներկայացում հենց երեխաների համար, իսկ երեխաները հերոսների հետ կճանապարհորդեն դեպի գանձերի կղզի:

Գոյ թատրոնում տեղի կունենա նաև «Նիրագոնգայի հրաշքը», որը երեխաների համար կապահովի  ամանորյա ուրախ, երաժշտական, հեքիաթային տոն, իսկ «Կախարդական նամակը»  դիտելիս՝ երեխաները կհայտնվեն երազանքների աշխարհում, կհանդիպեն սիրված հերոսների։

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը երեխաների համար հանդես կգա «Ամանորի հրաշքը» ներկայացմամբ։

Խամաճիկների պետական թատրոնում տեղի կունենա «Սպիտակաձյունիկը» Ամանորի երաժշտական հեքիաթ ներկայացումը։

Արամ Խաչատրյան համերգասրահում «Ամանորյա հրաշքներ երկիր մոլորակում» երաժշտական հեքիաթ-ներկայացման (մյուզիքլ) ժամանակ երեխաները կայցելեն տարբեր երկրներ, կհանդիպեն տարբեր հեքիաթի հերոսների հետ, ամենակարևորը՝ Ձմեռ պապին և Ձյունանուշին։

Առնո Բաբաջանյան համերգասրահում «Միկին հրաշքների գրքում» ինտերակտիվ ներկայացումը երեխաներին հնարավորություն կընձեռի հերոսների հետ միասին մասնակից լինել ներկայացման ողջ ընթացքին։ Ներկայացումը բոլորին քաջ հայտնի Միկի Մկնիկի մասին է, ով փորձում է օգնել հեքիաթագիր Հրաշագործին, ումից գողացել էին մոգական գրիչը։ Միկին հայտնվում է կախարդական Հեքիաթների գրքի մեջ, որտեղ նրան սպասում են բազում արկածներ, դժվարություններ։ Եվ, իհարկե, վերջում չարի և բարու մշտական պայքարում հաղթում է բարին։

Փոքրիկների համար ամանորյա ներկայացումներ են պատրաստել նաև երևանյան մյուս թատրոնները։ Տարբեր քաղաքների թատրոններում, մշակույթի տներում նույնպես լինելու են ներկայացումներ։  Երեխաների ուրախ տրամադրությունն ապահովելու համար ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի ծնողները բռնեն նրանց ձեռքերից ու մուտք գործեն ամանորյա հեքիաթային աշխարհ՝ թատրոն։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 850

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: