Ժամանակակից արվեստի թանգարանը նոր ցուցադրությամբ նշում է 50-ամյակը

Օրերս Կառավարական 2-րդ տանը տեղի ունեցավ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50 և Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյա հոբելյաններին նվիրված ցուցադրության բացումը:

Մեծամասշտաբ ցուցահանդեսը ներկայացնում է թանգարանի հավաքածուից երբևէ չցուցադրված 150 հեղինակի 300-ից ավելի ստեղծագործություններ: Տնօրեն Նունե Ավետիսյանի շնորհիվ թանգարանն ընդլայնել է իր գործունեությունը, հարստացրել հավաքածուն և հասարակության շրջանում դարձել ավելի ճանաչելի: Ցուցադրված առավել բացառիկ նմուշներն են Ժանսեմի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էլիբեկյանների գործերը:

Jamanakakic arvesti tangaran

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի և թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի ուղեկցությամբ Լևոն Հովհաննիսյանը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել ցուցադրությանը:

«50 տարի առաջ` այս օրերին, Երևանում թևածում էր աննախադեպ մի գաղափար` խորհրդային պետության համար անիրականանալի թվացող մի ձեռնարկ, որն իր շուրջը համախմբեց մեր երկրի և մշակույթի նվիրյալ մարդկանց: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանն իր գործունեության ամբողջ ընթացքում հավատարիմ մնաց կոչմանն ու առաքելությանը: Այս օրը նաև Հենրիկ Իգիթյանի հիշատակի տուրքն է: Ուրախ եմ, որ հոբելյանական մեծամասշտաբ ցուցադրության իրականացմանը մաս կազմեց նաև Երևանի քաղաքապետարանը»,-նշեց քաղաքապետի առաջին տեղակալն ու հավելեց, որ համայնքը կարևորում է մշակութային օջախների շենքային պայմանների բարելավումը և այս ուղղությամբ աշխատանքներ տանում:

Jamanakakic arvesti tangaran2

Հիմնադրման 50-ամյակի առթիվ Ժամանակակից արվեստի թանգարանը պարգևատրվել է «Երևան» ոսկե հուշամեդալով, աշխատակիցներն էլ` «Էրեբունի Երևան 2800-ամյակի» հուշամեդալով, մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են քաղաքապետի պատվոգրի:

Միջոցառման շրջանակում հրավիրված Գոշ Սարգսյանը նշեց, որ քաղաքային իշխանությունն առաջիկայում կընդլայնի համայնքային մշակութային կենտրոններին ու թանգարաններին ցուցաբերվող աջակցությունը։

«Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը բացառիկ մշակութային օջախ է, որը կարող է ոչ միայն հավասար կանգնել աշխարհի մոդեռն արվեստի կենտրոնների կողքին, այլև լինել լավագույններից»,-ընդգծեց Սարգսյանը:

Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի հունիսի 17-ից` յուրաքանչյուր օր` ժամը 11:00-18:00-ն, բացի երկուշաբթիից, և կգործի 2 ամիս:

Նատալի Մկրտչյան

  • Created on .
  • Hits: 239

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: