• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Այսպիսի փառատոն վաղուց չէինք ունեցել․ «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը

Այսպիսի փառատոն վաղուց չէինք ունեցել․ «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Կներկայացվեն շուրջ 100 ֆիլմեր։ Այդ ֆիլմերի շարքում են տարբեր հեղինակավոր միջազգային կինոփառատոների մասնակցած ֆիլմեր, որոնք կներկայացվեն «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում։

Փառատոնին ընդառաջ հրավիրված առաջին մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպչական թիմը ներկայացրեց փառատոնի ժյուրիի կազմը, բացման և փակման ֆիլմերը, պատվավոր հյուրերին, ինչպես նաև փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ։

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով՝ այսպիսի փառատոն վաղուց չէինք ունեցել․ «Այսքան լավ ֆիլմեր, այսպիսի լավ, բարձրագույն կարգի ռեժիսորներ, այսպիսի լավ պրոդյուսերներ և այսպիսի մեծ ու լուրջ ծրագիր: Կարծում եմ, որ փառատոնի սկիզբը դրված է, շարունակությունը կլինի տարվա վերջ, այսինքն՝ մինչև մյուս փառատոն», - ասուլիսի ընթացքում ընդգծեց նա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը փառատոնը որակեց մշակութային կյանքի նշանակալից իրադարձություն, հույս հայտնեց, որ «Ոսկե ծիրանը» կվերականգնի իր երբեմնի ծավալները, որոնք կային համավարակից առաջ: Նա տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ միավորել են ԿԳՄՍ նախարարության ռեսուրսները` փառատոնին հավուր պատշաճի աջակցելու համար:

«Շնորհավորում եմ բոլորիս մեր մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկի բացման կապակցությամբ, հույս ունեմ, որ «Ոսկե ծիրանը», մեր անցած համավարակի և այլ սահմանափակումները աստիճանաբար հաղթահարելով, կվերականգնի իր երբեմնի ծավալները: Դրա համար կան բոլոր նախադրյալները. այս տարվա ընթացքում կարողացել ենք ապահովել մեր ներկայությունը միջազգային բարձրակարգ ամենահեղինակավոր հարթակներում»,- նշեց փոխնախարարը:

Փառատոնին կմասնակցեն համաշխարհային կինոյի մի շարք անվանի գործիչներ, պատվավոր հյուրեր։ Փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա կրկին Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ էլ որպես փառատոնի փակման ֆիլմ` կցուցադրվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ նշեց, որ արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել և որոշել են մեկտեղել ջանքերը` հանրապետությունում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով:

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով էլ իրենց միասնությունը խոսում է մի շատ կարևոր բանի մասին. «Բոլորս ունենք միահամուռ գիտակցություն, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ավելին է, քան փառատոն, վաղուց չի պատկանում որևէ ինստիտուցիայի կամ անձանց, անկախությունից ի վեր եզակի մշակութային իրադարձություններից մեկն է, որը պետք է անսակարկելի մշակութային արժեք և ձեռքբերում համարվի Հայաստանի համար»:

Նա նշեց, որ բազմաթիվ հարվածներից հետո վերջապես նորից իրականացվում է լիարժեք փառատոն` ոչ միայն բովանդակային առումով, այլև ներկայացուցչական, միջազգային հյուրերի այցելության և մնացած չափանիշներով։ Ըստ Ավետիսյանի՝ այս տարի ունենալու են Լոկառնոյի, Սան Սեբաստիանի կինոփառատոնների գլխավոր մրցանակակիր, «Ոսկե արմավենու» ճյուղի դափնեկիր, օսկարակիր և, ընդհանրապես, բազմաթիվ տիտղոսավոր ու անվանի կինոգործիչների ներկայություն:

Փառատոնի հիմնադիրներից կինոգետ Սուսաննա Հարությունյանն էլ հավելեց. «Ամենամեծ ակնկալիքն այն է, որ մենք վերադառնում ենք մեր ձևաչափին, մեր նշաձողերին, ու բոլոր պայմանները կան արդեն, որ մեր երիտասարդ թիմի հետ միասին այս ընթացքը շարունակենք, ու «Ոսկե ծիրանը» ինչպես եղել է, այնպես էլ շարունակի լինել Հայաստանի բրենդը»:

Փառատոնը անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն է։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 230

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: