Արվեստը փրկում է. Անի Հովակ

Հունվարի 25-ից ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվել է Անի Հովակի անհատական ցուցահանդեսը, որը կտևի մինչև փետրվարի 20-ը: Ցուցահանդեսի գաղափարը փախուստն է. փախուստ դեպի ինքդ քեզ, ավելի մոտ, քան պատկերացրել ես: Այն դողի ու սառը քրտինքի պես անսպասելի պոկում է ոտքերդ գետնից ու հայտնվում ես ուրիշ իրականության մեջ, որը կարծես թվացյալ է, բայց շատ ավելի իրական է ու հաճախ ցավոտ: Ցուցահանդեսը ստիպում է դիտորդին անվերջ մտածել ու փորձել հասկանալ յուրաքանչյուր գործի իմաստը, մոտ լինել հեղինակին, որը միտք ու խոսք է դրել իր ամեն գործում:

«Վերջին ցուցահանդեսս եղել է 2019 թվականին, որից երկար ժամանակ անց որոշեցի նորից ցուցահանդես անել, և ՀայԱրտը սիրով աջակցեց ինձ այդ հարցում: Գործերումս պատկերված են մի աղջկա հույզեր, ապրումներ, տրամադրություն, աշխարհ: Այս պահին էլ որևէ գործ չեմ կարող առանձնացնել, թե որն եմ ավելի սիրում, բոլորն էլ հավասար են, և ամեն մեկն ունի իր ստեղծման պատմությունը: Գիտե՞ք, երբ ուզում եմ ստեղծագործել, հասկանում եմ, որ ստեղծագործելու և ոգեշնչվելու աղբյուր ամեն տեղ կա, սկսած մարդկանց էներգետիկ դաշտից մինչև ֆիլմեր»,- ասում է Անի Հովակը:

Ըստ նրա՝ ստեղծագործող մարդը միշտ ոգեշնչված է, ու նրան հատուկ մոտիվացիա պետք չէ ստեղծագործելու համար: Արվեստը փրկում է տարբեր իրավիճակներից: Անին խորհուրդ է տալիս բոլորին գեղեցիկը տեսնել ամենուրեք, հարգել իրար, սիրել արվեստը, որովհետև դրանով կարող ես փրկվել:

Հավելենք, որ ցուցահանդեսի օրերին հնարավոր է ձեռք բերել Անի Հովակի բացիկներից և փոքր օբյեկտներից:

Նատալի Մկրտչյան

  • Created on .
  • Hits: 3327

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: