Հաբակուկ Թրաբեր․ Հովիկ Սարդարյան․ դիմանկար
Հայ ընթերցողին ենք ներկայացնում գերմանացի երաժշտագետ Հաբակուկ Թրաբերի հոդվածի հայերեն թարգմանությունը։ Հոդվածը գրվել է Հովիկ Սարդարյանի՝ Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Բնագիրը կարող եք ընթերցել այստեղ։
Արվեստը խոսում է մեզ հետ և պահանջներ ներկայացնում։ Հովիկ Սարդարյանն իր՝ ռադիկալ անհատականությամբ աչքի ընկնող ստեղծագործություններով, այդ առումով կասկածի տեղ չի թողնում։ Ընդամենը 32 տարեկան լինելով՝ արդեն տասնվեց տարի է, ինչ նա ակտիվորեն հանդես է գալիս որպես կոմպոզիտոր։ Այդ ընթացքում նա անցել է զգալի ձեռքբերումներով լի ուղի՝ չընդհատվող ու առանց սահմանների։
Հատուկ ուշադրության արժանի գործ է 2013 թվականին ստեղծված «8 Ornaments» (8 օրնամենտներ) ստեղծագործությունը։ Եթե Սարդարյանը սովորաբար իր գործերը կառուցում է ծավալվող ժամանակային կորերի մեջ, ապա այս պիեսներում նա ընտրել է խտացված, լակոնիկ ձև։ Այստեղ խտացումն իրագործվում է ի լրումն երաժշտական մտքերի ծավալմանը․ դրանց միջև դիալեկտիկան՝ նոր ժամանակների արևմտաեվրոպական կոմպոզիցիայի հիմնահարցը, կենտրոնական դեր է խաղում նաև նրա գործերում։ Դրանք հաճախ ծնվում են փոքր, միկրոտոնալ տարբերություններից։
Հովիկ Սարդարյանը 2015 թվականից ապրում է Գերմանիայում։ DAAD-ի կրթաթոշակը նրան հնարավորություն է տվել ուսանել Կարլսռուհեում՝ Վոլֆգանգ Ռիմի մոտ։ Երկու արվեստագետներին միավորում էր մի կարևոր հանգամանք․ նրանք հենվում էին գիտելիքի այնպիսի շտեմարանի վրա, որի սահմանները, երաժշտությունից զատ, ներառում էին նաև այլ արվեստներն ու հումանիտար գիտությունները։ Այդ ներշնչումները, միաձուլվելով նրանց մտքում, իրենց բարձրագույն արտահայտությունն են գտնում երաժշտության մեջ։ Սարդարյանն այս հաղորդակցական յուրացումն ու վերափոխումը, ի թիվս այլոց, ստեղծագործականորեն զարգացրել է «Simulacres»-ում (Սիմուլակրաներ)։ Այստեղ նա դիմում է ավանդական մելոսին, ավանգարդիստական ժեստին, պատմական գործերին ու միջոցներին՝ պատկերի (Imago) վրա աշխատելով՝ ի հայտ բերելու (վիրտուալ) բնօրինակի նոր դիտանկյուններ։
Ռիմի մոտ ուսանելու տարիներին Սարդարյանն ստեղծել է «uprooting, graft in, branch out» (արմատախիլ անել, պատվաստել, ճյուղավորել) լարային քառյակը, որը կարևոր հանգրվան է եղել ոչ միայն նրա հետագա զարգացման համար, այլև արվեստի էքզիստենցիալ բովանդակության մասին նրա համոզմունքների ձևավորման տեսանկյունից։ Սարդարյանն այսպես է ձևակերպում․ «Ինձ համար “uprooting” (արմատախիլ անել) նշանակում է գաղափարներն ու մտքերը (երաժշտական առումով՝ մոտիվներն ու ֆիգուրները) պոկել իրենց կոնտեքստից դրանք ավելի մոտիկից ուսումնասիրելու համար։ “Graft in” (պատվաստել) նշանակում է դրանց մեջ ինչ-որ բան փոխել՝ երբեմն ընդամենը նվազագույն չափով, բայց պոտենցիալ մեծ ազդեցությամբ։ Իսկ “branch out”-ը (ճյուղավորել) մատնանշում է նոր, կամ այլ կյանք, որն իր հերթին ստեղծում է նոր կոնտեքստներ և նոր արժեքներ»։
Ռիմը երբեք կոնկրետ խորհուրդներ չէր տալիս, այլ ոգեշնչում էր Սարդարյանին, որպեսզի նա գտնի իր սեփական լուծումները։ Նույն կերպ է հետագայում վարվում նաև Առնուլֆ Հերմանը։ Երկու ուսուցիչներն էլ նրա մոտ ամրապնդեցին ինքնավստահությանը զուգահեռ ամենակարևոր հատկանիշը՝ զգայուն և քննադատական ինքնադիտարկումը։ Այն, ինչը բացահայտելու համար մոդեռնիզմի կարկառուն ներկայացուցիչները, ինչպես Օլիվյե Մեսիանը և Դյորդ Լիգետին, ստիպված էին երկար ճանապարհ անցնել, այն է՝ իրենց էսթետիկային առնչվող հարցերի պատասխանները գտնել Եվրոպայի ծայրամասերի կամ դրա սահմաններից դուրս գտնվող մշակույթներում, Սարդարյանի կենսագրության բնական մասն է կազմում։ Փորձառությունը, որ Սարդարյանը կուտակում է հայկական ավանդույթները զարգացնելու ընթացքում, համընկնում է արևմտյան նոր երաժշտության միտումների հետ։ Օկտավայից հետո չկրկնվող հնչյունաշարերի հետ աշխատելը, ինչպես նաև միկրոինտերվալների կիրառումը 20-րդ դարասկզբից ի վեր շարունակաբար ներկա է նոր երաժշտության թե՛ տեսության, թե՛ պրակտիկայի մեջ։ Մելոսի տարածականացումը՝ ժամանակային շեղումով բազմապատկման միջոցով, զուգահեռներ ունի կենդանի-էլեկտրոնիկայի կազմակերպման հետ (Սարդարյանը «Agni»-ում հենվում է այս փորձի վրա)։ Հորիզոնականը (մելոս, ժամանակ), ուղղահայացը (հարմոնիա) և հնչողական խորությունը միմյանց հետ հոսուն տարածության մեջ փոխհարաբերելու ունակությունը ժամանակակից երաժշտությունը ձեռք է բերել գիտության հետ փոխազդեցությունների և փոխանակումների արդյունքում։
Սարդարյանն իր ստեղծագործությունները կառուցում է մի քանի գծերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական կերպարանքն ու սեփական պուլսը։ «Պոլիմոնոդիան» հնարավոր է դարձնում ամեն ինչ՝ մոնոֆոնիայից՝ հետերոֆոնիայի միջոցով մինչև պոլիֆոնիա՝ սահուն անցումներով։ Գծերը կարող են ծնվել հնչողություններից, դրանց մեջ լուծվել կամ էլ կազմավորվել դրանց հաջորդականությունից․ դրանք կարող են ստեղծագործության ընթացքում փոխվել կամ պահպանել իրենց կերպը։ Անգամ դրանց անփոփոխ կրկնությունը՝ անհամաչափ տևողությունների և հնարավոր ժամանակային շեղումների դեպքում, կրկնություններ չի ստեղծում ընդհանուր պրոցեսի շրջանակներում։ Այս կերպով առաջացած հարմոնիան չի վերծանվում ակորդների որևէ տեսության միջոցով, այլ ստեղծում է ձայնային հոսք, որտեղ հորիզոնականն ու ուղղահայացը, ժամանակն ու տարածությունը յուրօրինակ ձևերով փոխհարաբերվում են միմյանց հետ։
Վերջնական հնչողության մեջ անհատական գծերին հաճախ դժվար է հետևել, հատկապես, երբ, ինչպես 2023 թ.-ին գրված «quellen» ստեղծագործության մեջ, առերեսվում ենք նույն գործիքի, այստեղ՝ երկու դաշնամուրի, հոմոգեն հնչողությանը։ Դարձյալ 2023-ին գրված մեկ այլ գործում՝ «Agni»-ի միջին մասում, ութ գծերը սկսվում են ասես ոչնչից, հյուսվում են շարժուն շերտավորման մեջ, առանձին-առանձին ուռչում և կծկվում են՝ այդպիսով ստեղծելով շնչող տարածության տպավորություն, որի միջից դուրս են գալիս մեղեդային ֆրագմենտներ։ Իր բոլոր մետամորֆոզների մեջ, այն, այնուամենայնիվ, մեկ ամբողջություն է՝ ինչպես ակոսավոր ռելիեֆով ու աչքի ընկնող երակներով մի մոնոլիթ։ Պոլիմոնոդիան ընդգրկում է տարածական ընկալումների բոլոր հնարավոր սպեկտրները՝ նոսր, կետային պուանտիլիզմից մինչև ցունամիակերպ սփռվող հնչյունային ալիք։ Դրա էական բաղադրիչներից են պատմական խորքային շերտերը, որոնք չեն սպառվում ուղիղ ակնարկներով, այլ դրսևորվում են բազմազան արձագանքների, արտացոլումների և կառուցվածքների մեջ։
Սարդարյանի՝ մեծ կազմերի համար ստեղծած վերջին գործերը օրինակներ են այն փոխակերպումների, որտեղ ներշնչանքից ծնվում է ստեղծագործության վերջնական տեսքը։ «Ikone»-ն (Սրբապատկեր), որը տասնութ րոպե տևողությամբ նվագախմբային ստեղծագործություն է, ներշնչված է Պավել Ֆլորենսկու (1882–1937) արվեստի տեսության աշխատություններից և խորհրդային նկարչական ավանգարդի վրա դրանց ազդեցությունից՝ հատկապես Կազիմիր Մալևիչի և Վլադիմիր Ստերլիգովի արվեստում։ Ստերլիգովի՝ գմբեթանման, թասաձև տարածության (որտեղ ի կատար է ածվում արվեստը) և դրա սֆերանման կերպարանքների մասին պատկերացումները երաժշտականորեն մարմնավորվում են Սարդարյանի այս ստեղծագործության մեջ։
Ստեղծագործությունը կառուցված է երկու՝ բազմիցս միմյանց մեջ ներհոսող բաժիններից, որոնք հնչյունային իմպուլսների ուղեկցությամբ շարժվում են գծային հյուսվածքի պես։ Այն կարող է հիշեցնել Ֆլորենսկու «հակադարձ պերսպեկտիվը», որն, ըստ նրա, իր արտացոլումն է գտնում սրբապատկերներում. այն ոչ թե գնալով հեռանում է դիտողից՝ վերածվելով հեռվում գտնվող վիրտուալ փախուստային կետի, այլ հակառակը՝ գալիս է հեռվից դեպի դիտողը։ Կենտրոնում դիտողի «ես»-ը չէ, այլ տրանսցենդենտը․ սրբապատկերներն այս երկուսը միավորում են իբրև պորտալ։ Չնայած ստեղծագործությունն անդադար պուլսացիայի մեջ է, այն գրեթե ստատիկ է թվում՝ կարծես թե շարժվում է ոչ թե երաժշտությունը, այլ մեր ընկալումը, որը միշտ կարողանում է որսալ միայն մի հատված։ Սա ևս խաղ է «հակադարձ պերսպեկտիվի» հետ։
«Agni» ստեղծագործության ելակետային գաղափարը կրակն է՝ իր ֆիզիկական, սիմվոլիկ և էրոտիկ չափումներով։ Այն անդադար փոփոխվում է և միևնույն ժամանակ մնում է նույնը։ Այն հաստատուն է մնում է իր տեղում և միաժամանակ գետի պես շարժվում է վերև։ Նման պարադոքսալ միության համար խորհրդանշական է, որ սկիզբն ու ավարտը՝առաջին և վերջին՝ երրորդ հատվածները, հիմնվում են նույն նյութի վրա․ դրանք լսելիորեն կապված են միմյանց հետ, սակայն միևնույն ժամանակ էապես տարբեր են։ Սարդարյանի՝ վերջերս ավարտած ստեղծագործության՝ «…and the Sun was Green…»-ի մեջ ևս առկա է կարգի և քաոսի դիալեկտիկան։ Ստեղծագործության երկրորդ մասը՝ «Reigen»-ը (շուրջպար), նույն նյութից է բաղկացած, ինչ չորրորդ մասը՝ «Wildwuchs»-ը (վայրի, անկանոն աճ), սակայն այդ երկու մասերը տարբեր են իրենց բնույթով։ Հինգմասանոց կոմպոզիցիայում դրանք չեն կազմում շրջանակ, այլ փոխլրացնում են մյուս մասերին։ «Gloria»-ն, որով սկսվում է ստեղծագործությունը, իր ողջ միկրոտոնալությամբ և իմպուլսային գործիքների բոլոր միջամտություններով հանդերձ, գրված է երգեցողության ոգով՝ որպես դասական վոկալ պոլիֆոնիայի (խիստ ոճի) անդրադարձ։ Երրորդ մասը՝ «Schmelzende Zeit»-ը («Հալվող ժամանակ»), ահարկու հնչողությունից տարրալուծվում է պուլսացվող շարժման մեջ։ Եզրափակիչ «Pax»-ը, նախքան ավարտվելը, հիշեցնում է սկզբի պոլիֆոնիան։ Կոմպոզիտորը վերնագիրը վերցրել է հայկական արխայիկ հարսանեկան մի երգից։ «Կանաչ արև»-ը հանդիպում է նաև Օսիրիսի մասին եգիպտական միֆում՝ որպես սիրո խորհրդանիշ, որը, լինելով երկրային և տիեզերական, մարմնական և վերերկրային, միավորում է ակնթարթն ու հավերժությունը, զվարթությունն ու զգայական խորությունը։
Հովիկ Սարդարյանը յուրացրել է (պոստ)մոդեռնիզմի առանցքային պահանջներն ու բացերը, խորացրել է դրանք և հաղթահարել։ Շյոնբերգը երաժշտական տարածությունը նկարագրում էր իբրև անկշիռ տարածություն, որի բաղադրիչները՝ հնչյունները, հնչողությունները, ֆիգուրները, բազմաբնույթ կերպով արձագանքում են իրար և փոխազդում միմյանց վրա։ Ալֆրեդ Շնիտկեի համար յուրաքանչյուր ստեղծագործություն բացահայտում էր երաժշտական հնարավորությունների անվերջ տիեզերքի մի փոքր հատված․ նրա պոլիստիլիստիկայում պատմության ներկայության գիտակցումը դառնում էր կոնկրետ ու շոշափելի։ Իր Պոլիմոնոդիայով Սարդարյանն ստեղծում է շնչող, բազմապերսպեկտիվ տարածություն, որը ներառում է նաև պատմությունը։ Արվեստում նա նախընտրում է տրանսցենդենտի՝ անդրանցականի, ներգործության ձևը։ Սակայն դրա համար արվեստը նաև պետք է մնա անզիջում․ այն ոչ միայն պիտի խոսի մեզ հետ, այլև պահանջներ ներկայացնի։
Գերմաներենից թարգմանությունը՝ Աստղիկ Սարիբեկյանի
[1] Հովիկ Սարդարյանը մեծացել է Լեռնային Ղարաբաղում։
- Created on .
- Hits: 567