Բելա Տարրի «Թուրինյան ձին» որպես աշխարհի հակաԱրարման փոխաբերություն

Հունվարի 6-ին Բուդապեշտում կյանքից հեռացավ հեղինակային կինոյի խորհրդանիշ Բելա Տարրը։ Նրա ֆիլմերը գոյաբանական դիտարկումներ են, լռության միջոցով կառուցված հարցադրումներ աշխարհի և մարդու վերջավորության մասին։ Տարրի ազդեցությունը մեծ է ժամանակակից կինոյի վրա․ նրա արվեստի երկրպագուների թվում են Ջիմ Ջարմուշը, Սյուզան Զոնթագը և Գաս Վան Սանտը։ Ապոկալիպսիսի զգացողությամբ ապրող նրա կինոյում, սակայն, աշխարհը չի փլվում մեկ ակնթարթում, այն մարում է՝ շարժման, խոսքի, իմաստի կորստի մեջ։ Հենց այդպիսի մի մարման տարբերակ է նրա վերջին ֆիլմը՝ «Թուրինյան ձին»: Այդտեղ ներկա են լռությունը, սառը գոյությունը, իսկ կյանքը շարունակվում է միայն սովորույթի ուժով։ Ֆիլմի ելակետը փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի հայտնի դրվագն է, որը տեսնելով ձիու դաժան ծեծը, ընտրում է լռությունը։ Կենտրոնում ձին են և նրա տերը, իսկ Նիցշեն մնում է ստվերում: Նիցշեի կերպարն էլ վերածվում է իմաստային ազդակի՝ խելագարության, մահվան և աբսուրդի սահմանագծում։ Այս իմաստով Նիցշեն Տարրի ալտեր էգոն է՝ մտածող, որը հոգնել է աշխարհին բացատրել իր ճշմարտությունները և հեռանում է խոսքից։ Տարրի լռությունը ոչ հրաժարում է, այլ վերջին ձևակերպում։ Լռության մեջ նա մեզ թողնում է առանց հենարանների՝ հարցնելով, թե ինչպես գոյատևել մշակութային տարածքում, որտեղ մարդն այլևս կենտրոնում չէ։ Cultural-ն իր ընթերցողներին է ներկայացնում Պավել Մագուտայի էսսեն՝ հայերեն թարգմանությամբ։

Bela Tar 4

«Թուրինյան ձին» որպես աշխարհի հակաստեղծման փոխաբերություն։ Ինչպիսի՞ աշխատանքն է մարդուն վերածում կենդանու, և որտե՞ղ կարելի է ազատություն գտնել. Պ. Մագուտա

Աշխատանք և խաղաղություն. Աշխատանքի անեծքը և հակաարարչագործությունը. Հույները չունեին մեկ ընդհանուր տերմին այն մասին, թե ինչ ենք նկատի ունենում «կյանք» ասելով։ Նրանք օգտագործում էին երկու տերմին, որոնք տարբերվում էին իմաստով և ձևով՝ հունարեն ζωή «զոե» և «βίος» բիոս։ Զոե բառով հույները հասկանում էին բոլոր կենդանի էակների կյանքի ձևը, մինչդեռ բիոսը նշանակում է անհատի կամ խմբի կյանքի ձևը: Հասկացությունների միջև հակադրության հետքերը գործնականում անհետացել են ժամանակակից լեզուներից. պահպանվել են միայն «կենդանաբանություն» և «կենսաբանություն» բառապաշարային տերմինները, որոնք այլևս չեն վկայում միմյանց միջև էական տարբերությունների մասին։ Զոեում մարդիկ ապրում են ինչպես մյուս բոլոր կենդանիները՝ պահպանում գոյությունը քնի և սննդի, սերունդներ վերարտադրելու միջոցով։ Ըստ հույների զոեն մեր «կենդանական կյանքն» է։ Այն ամփոփվում է մեր տան անձնական տարածքում։ Մեր անձնական տարածքից այն կողմ սկսվում է կենսագրության ոլորտը։ Երբ մենք լքում ենք զոեի տարածքը՝ երբ դուրս ենք գալիս աշխարհ, մենք սկսում ենք ապրել «βίος»-ում: Ահա այս փոխհարաբերության միջոցով է, որ ի հայտ է գալիս «մարդկային վիճակը» կամ մարդկային աշխարհի վիճակը, ինչպես կասեր Հայդեգերը։ Ազատ հույները արհամարհում էին աշխատանքը, որի նպատակը մարդկային «կենդանական» կարիքների բավարարումն էր: Աշխատանքը որպես զոե կապված էր ստրուկների հետ: Ստրուկները գերիներ էին, նրանք չէին ցանկանում կամ վախենում էին մինչև վերջ պայքարել իրենց պատվի, արժանապատվության, կենսագրության համար: Այս տրամաբանությամբ կարելի է տարբերակել Գ. Վ. Հեգելի ստրուկի և տիրոջ միջև դիալեկտիկայի սկիզբը. մեկը պատրաստ է գնալ մինչև վերջ, մյուսը վախենում է վտանգել իր կյանքը և դառնում է ստրուկ: Ստրուկից տարբերվող ազատ մարդը պատրաստ է զոհաբերել զոեն կենսագրության համար: Իսկ աշխատանքի վերածված մարդը քիչ է տարբերվում կենդանուց։ Աշխատող մարդը բնակվում է նյութի առօրյա խավարում՝ երկրի մեջ, այլ ոչ թե աշխարհում:

Bela Tar 3

«Անաշխարհ» խավարի մեջ

Այս «անաշխարհ վիճակի» ամենահաջողված և ամենամռայլ պատկերազարդումներից մեկը կարելի է գտնել հունգարացի ռեժիսորներ Բելա Տարրի և Ագնես Հրանիցկու «Թուրինյան ձին» ֆիլմում: Այն վերաբերվում է 1889 թվականի հունվարի 3-ին Թուրինում տեղի ունեցած մի տարօրինակ պատմական իրադարձության: Իտալական քաղաքի փողոցներից մեկում անցորդները դիտում էին, թե ինչպես են ծեծում մի ձիու, որը հրաժարվում էր տեղից շարժվել: Հանկարծ ամբոխի միջից դուրս է վազում մի պարոն, որը գրկում է ձիուն և լաց լինում, հրաժարվելով բաց թողնել ձիուն: Պարզվում է, որ պարոնը ցնցում էր ստացել և լիովին կորցրել իր միտքը: Նա իր կյանքի մնացած մասն անցկացնում է հոգեբուժարանում: Այս մարդը ոչ այլ ոք էր, քան աշխարհահռչակ փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն: Այս պատմությունը, որը նախաբանն է, ֆիլմի միակ կենսագրական իրադարձությունն է, որը մնում է կադրից դուրս: Էկրանին միայն երեք գլխավոր հերոսներ են՝ գյուղացի կառապանը, նրա դուստրը և նույն Թուրինյան ձին: Նրանք ապրում են մի փոքրիկ բնակավայրի ծայրամասում՝ աղքատության և լիակատար մենության մեջ: Ամեն առավոտ հայրը լծում է ծեր ձիուն և գնում քաղաք, դուստրը գնում է ջրհորի մոտ՝ ջուր վերցնելու և կարտոֆիլ եփելու: Երկուսն էլ հոգ են տանում ձիու մասին: Դուստրը վառարանի ածուխները վառ է պահում, ուտում է տաք կարտոֆիլ և պատուհանից նայում է անմարդաբնակ բնապատկերին՝ տան մոտ գտնվող ջրհորին, միայնակ ծառին: Յուրաքանչյուր օր նախորդի կրկնությունն է:

Bela Tar 5

Ֆիլմում ներկայացված է դերասան Միհայ Կորմոսի կատարմամբ հզոր մենախոսություն, որում կարելի է նկատել Նիցշեական գաղափարների գունատ ստվեր։ Ֆիլմը տևում է մոտ հարյուր հիսուն րոպե և նկարահանվել է մոնոքրոմ եղանակով։ Այն զուրկ է որևէ մարտական գործողությունից, սակայն ռեժիսորական աշխատանքն ու օպերատորական աշխատանքը ստեղծում են հիպնոսացնող ազդեցություն։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխատանքը՝ մարդկանց այս փոխանակումը բնության հետ, հերոսներին պահում կենսունակության մեջ, մարմնական գործառույթների անվերջ շրջապտույտի մեջ՝ զոեի մեջ։ Աշխատանքը անեծք է։ Անեծք, որը Աստված դնում է մարդկային ցեղի վրա, արտահայտվում է երկու տառապանքի՝ աշխատանքի և ծննդաբերության մեջ: Կառապանը և նրա դուստրը ապրում են երկրի նյութական սահմաններում։ Բայց հանկարծ ինչ-որ բան սկսում է փոխվել։ Քամին ուժգնանում է, իսկ կառապանը քաղաքը չի գտնում իր սովորական տեղում: Այն անհետացել է՝ իր բոլոր բնակիչների հետ միասին։ Դուստրը նայում է պատուհանից դուրս՝ շփոթված. թվում է, թե միայնակ ծառը պատրաստվում է հանձնվել քամու ողորմածությանը, բայց հորիզոնն ինքնին անհետանում է, դրա հետ նաև ծառը։ Ապա լույսը մարում է։ Բայց հաջորդ օրը խավարը մնում է։ Վերջին տեսարանում մենք տեսնում ենք հերոսներին նստած խորը մթության մեջ։ Էկրանը մգանում է։ Ամեն ինչ անհետանում է։ Առարկաներ, մարմիններ, լույս․․․ Ամեն ինչ անհետանում է ոչնչության մեջ։ Ֆիլմի ամբողջ գործողությունը տևում է վեց օր՝ այդպիսով ստեղծելով աշխարհի արարման ակնարկը: Սակայն այս արարումը տեղի է ունենում հակառակ ուղղությամբ՝ կյանքը մարում և դադարում է։ Սա հակաԱրարման պատկեր է։ Մարդը չի կարող գոյություն ունենալ առանց աշխատանքի, առանց կարիքները բավարարելու։ Սակայն «կենդանական» աշխատանքի մակարդակում մնացած մարդը դադարեցնում է իր կյանքը՝ իրեն մեկուսացնելով աշխարհից։ Նա դառնում է աշխարհազուրկ էակ։ Բաց, ազատ աշխարհի ձևավորման համար անհրաժեշտ է աշխատանք։ Բայց ի՞նչ տեսակի գործունեությունն է մարդուն բերում բացության վիճակի։ Հույները և նրանց գաղափարներին հետևող մտածողները այս գործունեությունը համարում էին ստեղծագործական։ Սակայն սա հաջորդ քայլն է դեպի բաց աշխարհ։

Bela Tar 2

Amor mundi. «Մերկ կյանք» և բաց ստեղծագործություն

Արտադրությամբ և իրեր ստեղծելով մարդը կարող է դուրս գալ պարզ կենդանական աշխատանքի, «աշխատող կենդանու» դիրքից։ Մենք ստեղծում ենք իրեր, որոնք չեն սպառվում, այլ օգտագործվում են։ Մենք օգտագործում ենք իրեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է մեր կառուցած աշխարհը։

Խոսքն ու գործողությունը միավորում են մարդկանց

Խոսելու ունակությունը, ըստ Արիստոտելի, մարդուն դարձնում է մարդ, զոոն պոլիտիկոն՝ «քաղաքական կենդանի»։ Նրանք, որոնք ապրում են առանց լոգոսի, բառերի, չեն կարող քաղաքական լինել, չեն կարող ազատ քաղաքացիներ լինել, անգամ եթե կարողանան խոսել և բառեր արտաբերել։ Հույների համար լոգոսից և բիոսից զուրկ մարդիկ ստրուկներ և բարբարոսներ էին։ Ծնվելու պահից մենք սովորում ենք խոսել, գործելով՝ մտնում ենք մարդկանց աշխարհ, որը գոյություն է ունեցել մեր ծնվելուց առաջ։ Խոսելով, մեր ձայնը բարձրացնելով՝ մենք հաստատում ենք մեր ծննդյան մերկ փաստը, ստանձնում պատասխանատվություն մարդկանց աշխարհում։ Քաղաքական և սոցիալական ոլորտներում մենք ապրում ենք երկրորդ ծնունդը՝ բացելով մեր «կենսագրությունը»։ Առանց «կենսագրության» մարդ գոյություն չունի, այն պատմություն է։ «Թուրինյան ձի»-ում բացահայտված մութ, մասնավոր կենդանական տարածքն էլ ավարտվում է կյանքի անհետացմամբ և ոչնչությամբ: Նման «անաշխարհ» վիճակում բարձրագույն բարիքը դառնում է պարզապես կյանք՝ զոե կամ «մերկ կյանք»։ Բայց հույս կա, քանի դեռ մարդը գոյություն ունի: Նոր սկիզբը միշտ հնարավոր է, անգամ ամենադաժան հետընթացի իրավիճակում։ Խաղաղությունը միշտ հնարավոր է: «Մարդու արարչագործության սկզբի սկզբունքը, որը դեռևս Աստծո ձեռքում և, հետևաբար, աշխարհից դուրս, ի հայտ եկավ հենց աշխարհում և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի մարդը, ինչը նշանակում է, որ մարդը այն Մեկն է, որի արարչագործության հետ համընկնում է ազատության ստեղծումը»։ 

Ռուսերենից թարգմանեց Ալմաստ Մուրադյանը

  • Created on .
  • Hits: 738

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: