«Ինձ համար ողջ իրականությունն այլաբանական է». Վիլյամ Սարոյան

Սեպտեմբերի 5-10-ը Երևանում տեղի կունենա «Սարոյանական օրեր» միջոցառումների շարքը: Մշակութային կարևորագույն շաբաթվան ընդառաջ՝ Cultural.am-ը իր ընթերցողի դատին է հանձնում Ջերալդ Հասլամի՝ Սարոյանին նվիրված հոդվածի թարգմանությունը:

 

«Ամերիկացի գրողների շրջանում քչերն են այսքան կտրուկ կորցրել քննադատների բարձր գնահատականը, որքան Վիլյամ Սարոյանը։ Դրա համար բազմաթիվ պատճառներ կային, որոնցից ոչ պակաս կարևորն իր անհատականությունն էր։ Ինչպես նշել է նրա որդին՝ Արամ Սարոյանը, գրողը մարմնավորում էր «իր ժամանակի սոցիալ-պատմական դարաշրջանի առասպելական ներուժը»։ Սակայն Սարոյանի եսակենտրոն ու երբեմն կոպիտ բնավորությունը շատերի աչքում դարձավ ավելի կարևոր, քան նրա ստեղծագործությունը։ Իր կարիերայի առաջին շրջանում Սարոյանը նույնքան հասարակական դեմք էր, որքան գրող, և այդ դերերի շփոթը հեշտացրեց անտեսել նրա գրական ձեռքբերումները, երբ նրա հանրային փառքը մարեց։

Իրականում նրա հոգեբանական հակասությունները շատ ավելի երկրորդական էին, քան նրա արվեստի արժեքը։ Սարոյանի ստեղծագործական ուղին՝ իր առաջին գրքից մինչև վերջինը, որոնք երկուսն էլ իրենց ժամանակի լավագույն գրքերի թվում են հիշատակվել, հաստատում են նրա իրական և եզակի ամերիկացի հանճար լինելը։ Միաժամանակ, ինչպես նշում է Բոբ Սեկտորը, Սարոյանն «իր սեփական ամենամեծ երկրպագուն» էր։ Նրա քննադատական վարկանիշի անկման մեկ այլ պատճառն էլ քննադատների հետ ունեցած թշնամական հարաբերություններն էին: 1940 թվականին նա գրել է.

«Ես ընդունում եմ իմ աշխատանքի, իմ անձի և իմ գրական մեթոդների դեմ ուղղված մեղադրանքների մասնակի ճշմարտությունն ու վավերականությունը։ Սակայն նրանց քննադատությանը խորթ է այն մարդկային ու ամբողջական ըմբռնումը, որն առկա է իմ մեջ, իմ ստեղծագործության և մարդկանց հանդեպ ունեցած հարգանքի մեջ։ Հետևաբար, նրանց համար դժվար է իմաստավորել այն, ինչն իրենց թվում է բարդ ու անսովոր: Այն, ինչը պետք է ընդլայնի նրանց աշխարհը, փոխարենը մղում է նրանց դեպի իրենց սահմանափակությունների պատնեշից անդին»։

Ուստի զարմանալի չէր, որ Սարոյանը երկար ժամանակ ընկալվեց որպես գրական մեկուսացման հիմնական թեկնածու։ Այսօր, երբ հեղինակի անձն այլևս որոշիչ գործոն չէ, Սարոյանի ստեղծագործությունն արժանանում է քննադատական վերարժևորման։ Այսօր արվեստն է, ոչ թե նրա եսակենտրոնությունը, հակասությունները կամ մեկուսացվածությունը, որ արժանանում է գնահատանքի։ Ինչպես վերջերս նկատել է Դեյվիդ Խերդյանը, Սարոյանի գործերը ընթերցողին ստիպում են զգալ ավելի կենդանի, քան իրականում է: Իսկ Հ. Վ. Մատալենը շեշտել է, որ Վիլյամ Սարոյանի տեղը ամերիկյան թատրոնի պատմության մեջ դեռևս այնքան ամուր է, որքան նա ինքն էր մշտապես պնդում: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա դուրս չմնաց նորաձև քննադատություններից։ Նրա նոր հրատարակությունները ոչ միայն խիստ քննադատվեցին, այլև նախկին նվաճումները անտեսվեցին կամ թերագնահատվեցին: Նույնիսկ իր հայրենի Արևմուտքում նրա ստեղծագործությունները մոռացվեցին: Նա չընդգրկվեց Արևմուտքի ամերիկյան գրականության ամենամյա մատենագրություններում, թեև նրա լավագույն գործերի գործողությունների մեծ մասը հենց այդ տարածաշրջանում են տեղի ունենում։

Սարոյանը հայ-ամերիկացի գրող էր, որն իր մեջ մարմնավորում էր ժամանակի, տարածության բազմաշերտ մշակութային խառնուրդի դինամիկան։ Նրա նշանավոր դրամաներին կարող ենք ավելացնել այնպիսի պատմվածքներ, որոնք վկայում են, որ քսաներորդ դարի ամերիկացի գրողներից քչերն են կարողացել ստեղծել նման հարուստ ու բազմազան գրական ժառանգություն։ Սարոյանը քայլել է և՛ բարձր, և՛ ժողովրդական մշակույթի սահմաններում։ Նա եզակի և հզոր տաղանդի տեր արվեստագետ էր, որն անկասկած տուժում էր կարգապահության պակասից, սակայն կարողացավ տարածաշրջանային և էթնիկ ինքնարտահայտությունը բարձրացնել նոր բարձունքների։ Մ. Մաքքարթին դեռևս 1940 թվականին Partisan Review-ում նկատել էր նրա մեծագույն ուժի և խնդիրների աղբյուրը.

«Նա դեռ պահպանում է իր անմեղությունը… այսինքն՝ նա ստիպված է եղել պայքարել գաղափարների, շարժումների և առևտրայնության դեմ»։

Սարոյանը հեռու էր պահում իրեն գրական, հոլիվուդյան, նյույորքյան ու ստալինյան աղմուկներից։ Բայց ամենակարևորը՝ ոգեշնչման այն աղբյուրը, որը սկիզբ էր առել նրա վաղ պատանեկության տարիներին, երբեք չլքեց նրան:

Վիլյամ Սարոյանը մահացավ 1981 թվականի մայիսի 19-ին Ֆրեզնոյում՝ թողնելով մի գրական ժառանգություն, որը նրան արդեն հասցրել էր պարգևել Նյու Յորքի դրամատիկական քննադատների մրցանակ, «Պուլիցերյան մրցանակ» «Քո կյանքի ժամերը» պիեսի համար, «Օսկար»՝ «Մարդկային կատակերգություն» վեպի սցենարի համար, ինչպես նաև Կալիֆոռնիայի ոսկե մեդալ՝ «Թրեյսիի վագրը» վիպակի համար։ Նա ի հայտ եկավ որպես գրող Մեծ ճգնաժամի տարիներին, երբ Ամերիկան ապրում էր ազգային հավատքի կորստի ու արժեքների խորը ճգնաժամ։ Եթե քննադատները հաճախ դժվարանում էին ընդունել նրա լավատեսական ու ինքնատիպ պատմությունները, ընթերցողները սիրով ընդունում էին դրանք։ Սարոյանը խորապես մարդասիրական գրող էր, նա խոսում էր մարդկային ոգու մասին։

Նրա անսովոր վարքագիծը՝ օրինակ «Պուլիցերյան մրցանակ»-ից հրաժարվելը, քիչ բան արեց նրա հեղինակությունը գրական շրջանակներում բարձրացնելու համար: Շատերի կարծիքով նրա պահվածքը, ինչպես նաև որոշ գործեր, թվում էին «ոչ գրական»։ Գրող Հերբերտ Գոլդը, անդրադառնալով Սարոյանի մահվանը, նշել է. «Նա չէր ուզում լինել աշխարհի ամենամեծ հայ-ամերիկացի գրողը։ Նա ուզում էր շատ տղայական անմիջականությամբ պարզապես բոլորի աչքերը շփել գեղեցկությամբ, զվարճանքով ու ուրախությամբ»։

Սարոյանը ծնվել է 1908 թվականին Ֆրեզնոյում։ Երեք տարեկանում, հոր՝ բանաստեղծ և ձեռնադրված հոգևորականի մահից հետո, տեղափոխվել է Օքլենդի որբանոց։ Չորս տարի անց ընտանիքը վերամիավորվեց և վերադարձավ Ֆրեզնո, որտեղ էլ Սարոյանը մեծացավ։ Նրա մանկությունը հագեցած էր փորձառություններով, որոնք հետագայում վերածվեցին հարուստ գրական նյութի՝ «Փոքրիկ երեխաներ» (1937) և «Իմ անունը Արամ է» (1940) ստեղծագործություններում։ Սարոյանը եիտասարդ տարիքում զբաղվել է տարբեր աշխատանքներով, շփվել տարբեր ազգությունների հետ, կիսել գյուղական արժեքները և մշտապես ապավինել իր մեծ ընտանիքի ու հայ համայնքի աջակցությանը։ Նա երբեք չի ավարտել ավագ դպրոցը։ Զարմանալի չէ, որ նրա ստեղծագործությունը քիչ էր ձգտում սոցիալական կամ մտավոր հավակնությունների։ Սարոյանը հրաժարվում էր սահմանափակվել որևէ գրական կամ մշակութային շրջանակով։ Ահա «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքի հերոսը խոստովանում է. «Ես հայ եմ... Բայց չեմ էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում հայ լինել։ Մի փոքր գիտեմ միայն՝ ինչ է նշանակում ապրել և դա է ինձ ամենից շատ հետաքրքրողը»։ Այստեղ էլ արտացոլվում է Սարոյանի մոտեցումը: Իր հայկական և արևմտյան ժառանգությունը նրա գործերում գալիս էր ներսից՝ ոչ թե դրսից և պարտադրված:

1928 թվականին Սան Ֆրանցիսկոյում աշխատելիս նա առաջին պատմվածքները տպագրեց Overland Monthly և Outwest Magazine հանդեսներում ու որոշեց գրականությունը դարձնել իր ուղին։ 1934 թվականին լույս տեսավ առաջին գիրքը: Ժողովածուն թարմ էր, ինքնատիպ, հեգնական և խիստ անհատական. «Փորձիր կենդանի լինել, շուտով կմեռնես»,- գրում էր Սարոյանը նախաբանում։
Այս նորարարական պատմվածքներից շատերը քննադատների կողմից դիտվեցին որպես անկարգապահության նշան։ Նրա պատասխանը Էրիկ Բենթլիի նման քննադատներին շատ հակիրճ էր. «Չի կարելի ակնկալել, որ հայը անգլիացի լինի»։

Անկախ նրա կենսուրախ, ազատ ոգուց, որը բխում էր նրա ազգությունից, Սան Խոակինի հովտում դաստիարակությունից կամ ընդունված ճաշակի հանդեպ անվստահությունից՝ Սարոյանը 1930-ականներին դարձավ այնպիսի գրող, որի կենսահաստատ ոճը համապատասխանում էր հենց այդ մռայլ ժամանակներին։

«Ես չեմ կարող դիմադրել գայթակղությանը՝ ծաղրելու ցանկացած օրենք, որը խոչընդոտում է մարդու ոգուն»,- գրել էր նա վաղ շրջանի մի պատմվածքում։ Սակայն քննադատները, որոնք հաճախ զբաղված էին պրոլետարական գաղափարներով, դժվարանում էին հասկանալ նրան։ Ինչպես Նոնա Բալաքյանն էր գրում․ «Սարոյանն անխուսափելիորեն սխալ էր հասկացվում կամ նսեմացվում էր»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին նա արդեն գրել էր անթիվ պատմվածքներ։ Ժամանակի ընթացքում նրա գեղարվեստական վարպետությունը խորացավ, տաղանդին գումարվեց վիթխարի փորձառությունը և տեղանքին կապվածությունը: Սարոյանը ավելի հաճախ վերադառնում էր Ֆրեզնոյին և Սան Խոակինի հովտին՝ թե՛ միջավայրի, թե՛ թեմաների համար։ Այսպես նա ստեղծեց արևմտաամերիկյան գրականության կարևորագույն էջերը։

Գրականագետ Ֆ. Հովարդը նկատել է, որ Սարոյանի վաղ պատմվածքներում հերոսներն ըստ էության հենց հեղինակի սեփական արտացոլումն էին։ Սակայն «Փոքրիկ երեխաներ» և «Իմ անունը Արամ է» գրքերում Սարոյանի նկարագրություններն արդեն միայն անձնական չէին, այլ ներկայացնում էին Ֆրեզնոյի և Սան Խոակինի հովտի ներգաղթյալների կյանքը։ Այս կերպ նա դուրս եկավ իր քնարական աշխարհից՝ ձգտելով դեպի ավելի դրամատիկ հորիզոններ։

«Եթե Սարոյանը չգտներ Ֆրեզնոյի և հովտի գրական նկարագրությունները, նա երբեք չէր ստեղծի իր լավագույն պատմվածքները, ոչ էլ իր պիեսները»,-եզրակացնում է Ֆ. Հովարդը:

Այդպիսով Սարոյանը դարձավ իսկական արևմտյան գրող։ Սարոյանի պիեսներն ավելի հստակ, քան նրա պատմվածքները, ցույց են տալիս բանավոր ավանդույթի և ազգային ժառանգության կարևորությունը նրա ստեղծագործություններում։ «Ամեն ինչ, ինչ գրում եմ, այլաբանական է։ Սա անխուսափելի է։ Մարդը չի ընտրում այլաբանությունը, ինչպես չի ընտրում մազերի գույնը։ Հայաստանի պատմությունները, որոնք լսել եմ մանկության տարիներին, բոլորը այլաբանական էին: Իմ գիտակցության մեջ իրականն ու այլաբանականը անքակտելիորեն կապված են։ Իրականում ինձ համար ողջ իրականությունն այլաբանական է»,- բացատրում էր Սարոյանը:

1939-ին Սարոյանն իր պատմվածքը վերածեց «Իմ սիրտը լեռներում է» պիեսի։ Այն բացահայտեց ոչ միայն նրա պարզ լեզուն, այլև նրա խորը այլաբանական միտումը։ Պիեսը մեծ հաջողություն ունեցավ, անգամ քննադատները համաձայն էին, որ կալիֆոռնիացի հեղինակը արմատապես շեղվել էր սովորական ոճից։ Ջորջ Ջին Նաթանն ու Ջոն Մեյսոն Բրաունը այն համարեցին 1938-39 թթ․ Բրոդվեյի լավագույն պիեսը։ Մեկ տարի անց Սարոյանը բեմադրեց ամերիկյան թատրոնի դասական դարձած «Քո կյանքի ժամանակը», որով հաստատեց այն, ինչ ակնարկվել էր նրա նախորդ դրամատիկական փորձերում՝ այն, որ բեմում նա նույնքան ինքնատիպ էր, որքան իր պատմվածքներում։ «Մինչ Սարոյանի հայտնվելը, ամերիկյան բեմում երբեք ոչինչ այդքան ինքնաբուխ չէր եղել»,- գրում է Նոնա Բալաքյանը:

Թատրոնը դարձավ Սարոյանի ստեղծագործության հիմնական հարթակը։ «Եթե ուզում եմ ինչ-որ բան անել, ուզում եմ խոսել ավելի համընդհանուր լեզվով՝ մարդու սրտով, նրանով, ինչը հավերժական է և ընդհանուր բոլորի համար»,- գրել էր նա:

Արդեն իր առաջին ժողովածուից Սարոյանը ցույց տվեց իրականության մեկնության իր տարբերակը։ Այս մոտեցումն այսօր հաճախ համարվում է մոգական ռեալիզմի վաղ օրինակ։ Միահյուսված գիտակցական մակարդակներ, ինտուիցիայի գերիշխանություն, անակնկալ ընկալումներ, ժամանակի ավանդական ընթացքի անտեսում․․․ Այս և այլ հատկանիշներ Էդմունդ Ուիլսոնին դրդեցին գովաբանել Սարոյանի «մոգական սխրանքները», որոնք նրա խոսքով՝ հնարավոր էին միայն հեղինակի անձնական հմայքի շնորհիվ։ Մեկ այլ քննադատական հսկա՝ Ջոն Մեյսոն Բրաունը, ընդգծում էր, որ Սարոյանը կարողացավ ընդլայնել թատրոնի հորիզոնները՝ փախչելով փաստերի և մերկ բանականության սահմաններից:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սարոյանը գրեց իր ամենահաջողված վեպերից երկուսը՝ «Մարդկային կատակերգությունը» և «Վեսլի Ջեքսոնի արկածները»։ Պատերազմից հետո Սարոյանն անցավ ստեղծագործական անկման շրջանի։ Զինվորական փորձառությունը, հարկային խնդիրները, ինչպես նաև ամուսնության փլուզումը խամրեցրին նրա տրամադրությունն ու գրականությունը։ Ինքը խոստովանում էր՝ «Երեք տարվա ծառայությունն ու հիմար ամուսնությունը գրեթե ինձ ջնջեցին կյանքից»։ Սակայն Վիլյամ Սարոյանի կենսագրությունը(1983) ցույց է տալիս նաև այլ կողմ, որ գրողը հետզհետե վերահսկեց խմելու ու խաղամոլության սովորությունները և վերադարձավ գրական աշխատանքին, իսկ քննադատների ուշադրությունն արդեն կորցրել էր։ Մատալինը նշում է․

«Քննադատներն ըստ էության, ավելի շատ էին զբաղված իրենց ժողովրդավարությունը ցուցադրելով՝ ընդունելով Ֆրեզնոյի անուս ու անփող հայի գործերը, քան նրա ուղերձները բացահայտելով։ Իսկ երբ նա այլևս զվարճալի չթվաց, նրան պարզապես մերժեցին»։
Կյանքի վերջին տասնամյակներում Սարոյանը գրել է մի շարք խորաթափանց հուշագրություններ։ Դրանցից առաջինը՝ «Չմեռնելը» (1963), Հերբերտ Միտգանգին դրդեց գրել The New York Times-ում.

«Կոշտ ու ռոմանտիկ Սարոյանը ապացուցում է, որ կարող է ավելի իսկական ավանգարդիստ լինել, քան մի շարք Esquire-ի հեղինակներ»։

Այնուամենայնիվ, նրա հետագա գործերը հաճախ թախծոտ էին։ «Չմեռնել» գրքի մասին ինքը խոստովանել էր․ «Այս գիրքը գրելիս ոչ մի անգամ չեմ ծիծաղել»։

Սարոյանը մշտապես մտահոգված էր այն հարցով, թե որքանով է արհեստականությունը գերիշխում իրականությանը։ Նրա ուշ շրջանի արձակին բնորոշ էին սուր հարցադրումներ: «Կարո՞ղ է ստի վրա կառուցված հասարակությունը գոյատևել»։ Նա պատասխանում էր ինքն իրեն․ «Հնարավոր է, բայց այդ հասարակության մարդիկ կդառնան զզվելի»։

Երբեմն նրա ոճը քարոզչական էր թվում, սակայն հին ոգու փայլատակումները շարունակում էին երևալ։ 1978-ի հարցազրույցում նա կատակով ասում էր՝ «Ես ծերանում եմ։ Ես քանդվում եմ։ Եվ դա շատ հետաքրքիր է»։ Սարոյանը վերջին տարիներին ապրում էր Ֆրեզնոյում, շրջում էր հեծանիվով, ընկերություն անում թաղամասի երեխաների հետ, հրաժարվում էր հարցազրույցներից և անգամ Սպիտակ տան հրավերներից։ Մահվանից քիչ առաջ նա Associated Press-ին փոխանցեց իր վերջին խոսքը․ «Բոլորը պետք է մահանան, բայց ես միշտ հավատացել եմ, որ իմ դեպքում բացառություն կլինի։ Հիմա ի՞նչ անել»։

Սարոյանի մահից հետո Փարիզում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն նրան անվանեց «ազգի հրաշամանուկ, այն միջոցը, որով երեք հազարամյակների հայկական փորձը գուցե ամենակատարյալ կերպով արտահայտվեց»։ Եվ ինչպես միշտ, Սարոյանը թողեց վերջին խոսքը։ Իր վերջին գիրքը՝ «Մահախոսականներ»-ը եզրափակվում է այս նախադասությամբ․
«Ես իմ լավագույնն արեցի։ Թույլ տվեք կոչ անել ձեզ նույնպես անել ձեր լավագույնը։ Մի՞թե սա նվազագույնը չէ, որ մենք կարող ենք անել միմյանց համար»»:

Անգլերենից թարգմանեց Ալմաստ Մուրադյանը։

  • Created on .
  • Hits: 222

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: