Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը՝ հիշողության և ժամանակի երկխոսության մեջ
Գյումրին այն քաղաքներից է, որտեղ ժամանակը տեսանելի է։ Այն պահպանվել է սև տուֆի ճարտարապետության, հին փողոցների, քաղաքային կենցաղի, ավանդույթների և, ամենակարևորը, մարդկանց հիշողությունների մեջ։ Հին Ալեքսանդրապոլից ժառանգված մշակութային շերտերը շարունակում են ապրել նաև քաղաքի այսօրվա կյանքում՝ ձևավորելով Գյումրու ինքնությունն ու մշակութային դիմագիծը։
Օրերս մեկնարկած 5-րդ հոբելյանական Gyumri Art Week-ը՝ «Քաղաքը և ժամանակը» խորագրով, առաջարկում է Գյումրին դիտարկել ոչ միայն որպես պատմական ժառանգություն ունեցող քաղաք, այլև որպես կենդանի մշակութային միջավայր, որտեղ անցյալը, ներկան և ապագայի պատկերացումները մշտապես հանդիպում և փոխակերպում են միմյանց։ Ժամանակակից արվեստի ներկայությունը Գյումրու պատմական միջավայրում նոր երկխոսության հնարավորություն է ստեղծում․ արվեստը վերաիմաստավորում է արդեն իսկ գոյություն ունեցող հիշողությունները, տարածքներն ու պատմությունները, իսկ քաղաքային միջավայրը նոր նշանակություններ է հաղորդում ժամանակակից ստեղծագործություններին։
Այս երկխոսության կարևոր տարածքներից է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը, որտեղ պահպանվում են ոչ միայն քաղաքի ճարտարապետական ու կենցաղային անցյալի վկայությունները, այլև Գյումրու քաղաքային մշակույթի և հավաքական հիշողության բազմաթիվ շերտեր։ Թանգարանի տնօրեն Անի Նազարյանի հետ զրուցել ենք Գյումրու մշակութային հիշողության, թանգարանի՝ այդ հիշողությունը պահպանելու և փոխանցելու առաքելության, ինչպես նաև պատմական ժառանգության ու ժամանակակից արվեստի փոխազդեցության մասին։
Gyumri Art Week 2026-ի «Քաղաք և ժամանակ» խորագիրն ինչպե՞ս է համընկնում թանգարանի առաքելության հետ։
Թանգարանը քաղաքային կենցաղի թանգարան է, որտեղ ներկայացված է քաղաքը ժամանակի մեջ։ Այստեղ մենք տեսնում ենք Ալեքսանդրապոլը՝ իր ժամանակաշրջանի մեջ՝ տվյալ շրջանին բնորոշ կենցաղը, արհեստները, հոգևոր մշակույթը և առօրյան։ Այսինքն՝ քաղաքն ու ժամանակը այստեղ միաժամանակ են ներկայանում։

Կարո՞ղ ենք ասել, որ թանգարանը Գյումրու հավաքական հիշողության պահպանման վայրերից է։ Ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում այդ առաքելությունը։
Իհարկե, կարող ենք Գյումրին համարել հավաքական հիշողության պահպանման վայր։ Ես այն նաև համարում եմ Գյումրիի այցեքարտերից մեկը։ Գյումրի այցելող զբոսաշրջիկները, որպես կանոն, գալիս են նաև թանգարան, որտեղ կարողանում են բացահայտել քաղաքի մշակութային կողմը։

Գյումրին իր ճարտարապետությամբ, քաղաքային կենցաղով և մարդկանց պատմություններով ի՞նչ է պատմում, ինչը հնարավոր չէ ամբողջությամբ գտնել պատմության դասագրքերում և գտնել թանգարանում:
Հայտնվելով այս կառույցում՝ այցելուները տեսնում են նաև տվյալ ժամանակաշրջանին բնորոշ ճարտարապետությունը, քանի որ շենքի ներսում նույնպես պահպանվել են այնպիսի ճարտարապետական առանձնահատկություններ, որոնք բնորոշ են եղել այդ ժամանակաշրջանին։
Թանգարանում ներկայացված են Ալեքսանդրապոլում տարածված արհեստները, քաղաքի մակետը, քարտեզները, ինչպես նաև վերականգնված են տվյալ ժամանակաշրջանի միջին խավի արհեստավորների և մեծահարուստ ալեքսանդրապոլցիների բնակարանների ներքին տեսքը։ Այցելուն կարող է տեսնել, թե ինչպես էին նրանք ապրել, ինչպես էին կահավորված բնակարաններն ու տները, ինչ ծեսեր էին իրականացվում, ինչպես էին նշում տարբեր տոներ։ Ցուցադրության մեջ ներկայացված են նաև տվյալ ժամանակաշրջանին բնորոշ նկարներ, հագուստ և ազգային տարազներ։

Գյումրու պատմության ո՞ր ժամանակաշրջաններն են առավել ամբողջական ներկայացված թանգարանում:
Քանի որ թանգարանը ոչ թե քաղաքի պատմության, այլ ազգագրական բնույթի թանգարան է, այստեղ ներկայացված են այնպիսի ցուցանմուշներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Ալեքսանդրապոլի քաղաքային կյանքի և կենցաղի մասին՝ 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի։
Որտե՞ղ են հատվում պատմությունը, թանգարանը և ժամանակակից արվեստը։
Art Week-ի շրջանակում մեզ մոտ լինելու է գերմանացի արվեստագետի ինստալացիոն ցուցադրություն։ Բացումը ամսի 10-ին է։ Ամենահետաքրքիր կոնցեպտն այն է, որ թանգարանը, որը 19-րդ դարի կառույց է, և թանգարանում ցուցադրված են 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի նյութեր, ահա ուզում ենք ցույց տալ, որ հնարավոր է նաև նման թանգարաններում կազմակերպել ժամանակակից արվեստագետների ցուցադրություններ։ Թանգարանը կենդանի, շնչող օրգանիզմ է, և թանգարանի տարածքում կարող են լինել ժամանակակից արվեստի տարբեր ցուցադրություններ։

Ի՞նչ երկխոսություն կարող է ձևավորվել թանգարանի և ժամանակակից արվեստագետների միջև, հատկապես երբ արվեստային ծրագրերն իրականացվում են պատմական միջավայրում։
Արդեն երկու տարի է՝ թանգարանը համագործակցում է Art Week-ի հետ։ Համագործակցությունը սկսել ենք նախորդ տարվանից, երբ կրկին մեր թանգարանում ներկայացվեցին ժամանակակից արվեստագետների աշխատանքներ։ Ցուցադրությունը մի քանի ամիս շարունակվեց, և արվեստասերները հնարավորություն ունեցան այցելելու, դիտելու և վայելելու ներկայացված աշխատանքները։
Վերջին չորս տարիների ընթացքում թանգարանը նաև տարբեր համագործակցություններ է իրականացրել։ Հայաստանի ազգային պատկերասրահի հետ ունեցել ենք համատեղ ցուցադրություն, մեզ մոտ ցուցադրվել են Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները։ Համագործակցել ենք նաև Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ և ունեցել երկու գեղեցիկ ցուցահանդես՝ Փարաջանովի աշխատանքների մասնակցությամբ։

Այսօր ո՞րն է Գյումրու պատմամշակութային ժառանգության պահպանման ամենամեծ մարտահրավերը։
Լուրջ խնդիրներից մեկն այն է, որ պատմամշակութային արգելոցի ճարտարապետական հուշարձանների մեծ մասը գտնվում է կիսավեր վիճակում։ Սա գլոբալ խնդիր է, որովհետև մենք ունենք ճարտարապետական շատ մեծ ժառանգություն, որը Հայաստանի ոչ բոլոր քաղաքներում է պահպանվել։ Մի քանի քաղաքներ ունենք, որտեղ պահպանվել է 19-րդ դարի քաղաքային ճարտարապետական դիմագիծը: Եթե կարողանանք այդ ժառանգությունը պահպանել, վերականգնել և նորովի ներկայացնել զբոսաշրջիկներին, կարծում եմ՝ դա կարող է դառնալ քաղաքի կարևորագույն այցեքարտերից մեկը և ապահովել զբոսաշրջային ավելի մեծ հոսք։
Ամբողջ Եվրոպայում պահպանվել են պատմական հին քաղաքների կենտրոնները, որոնք այսօր զբոսաշրջային ամենամեծ հետաքրքրություն ունեցող վայրերից են։ Նույն տրամաբանությամբ Գյումրիի պատմական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը կարող են ոչ միայն մշակութային, այլև զբոսաշրջային մեծ նշանակություն ունենալ։

Ինչպե՞ս կարելի է երիտասարդներին ներգրավել Գյումրու պատմության և մշակութային ժառանգության պահպանման գործում։
Այս տարի ունենք նաև շատ հետաքրքիր նախագիծ, որն իրականացվում է «Էդյուտ ստուդիա»-ի հետ համագործակցությամբ։ Ամեն շաբաթ՝ շաբաթ և կիրակի օրերին, դեռահասները թանգարանի միջին խավի հատվածում հանդես են գալիս որպես 19-րդ դարի տան բնակիչներ։ Նրանք շրջում են սրահներով և այցելուներին ներկայացնում տվյալ ժամանակաշրջանի բնակիչների կյանքը։
Ծրագիրը կենդանի բեմականացման տպավորություն է ստեղծում։ Այցելուները կարծես միանգամից հայտնվում են 19-րդ դարում և տեսնում, թե ինչպես էին մարդիկ ապրում և ինչով էին զբաղվում։ Դերակատարներից մեկը նվագում է, մեկը՝ երգում, մյուսները շախմատ կամ նարդի են խաղում։ Այս ամենը տեղի է ունենում թանգարանի ներսում՝ պատմական միջավայրի մեջ։

Թանգարանում ինչպիսի՞ այլ նախագծեր են իրականացվում։
Թանգարանում իրականացվում են նաև ներառական ծրագրեր։ Ունենք հատուկ ցուցադրություններ տեսողական խնդիրներ ունեցող այցելուների համար՝ Բրայլյան այբուբենով։ Ներկայացված են նաև այնպիսի առարկաներ, որոնք թույլատրվում է շոշափել, որպեսզի տեսողական խնդիրներ ունեցող այցելուները կարողանան հաղորդակից դառնալ թանգարանի կյանքին։
Շնորհակալ եմ զրույցի համար։
Զրուցեց Ալմաստ Մուրադյանը