Բավական է, որ փակեմ աչքերս, որպեսզի կրկին դառնամ Հայաստանի այն մանուկը. Միսաք Մանուշյան

Պատմությունը երբեմն չի սահմանափակվում փաստերով․ այն ապրում է հիշողության, արվեստի և պոեզիայի մեջ։ Միսաք Մանուշյանի կյանքն ու պայքարը հենց այդպիսի պատմություն է՝ ձևավորված ցավի, ընտրության և ազատության հատման խաչմերուկում։ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպված միջոցառումը ևս մեկ անգամ վերաիմաստավորեց Մանուշյանի կերպարը՝ ոչ միայն որպես պատմական հերոսի, այլև որպես բազմաշերտ մշակութային երևույթի։ Այստեղ բացված ցուցադրությունն ու նրան նվիրված բանախոսությունն էլ հնարավորություն տվեցին նորովի դիտարկել նրա կերպարը՝ բացահայտելով կյանքի, ստեղծագործության և ինքնության նոր շերտեր։ Մանուշյան անհատի, բանաստեղծի, դիմադրության շարժման առաջամարտիկի մասին զրուցել և նրա բանաստեղծություններն ենք թերթել Հայաստանի ազգային գրադարանի արվեստի գրականության բաժնի աշխատակից, արվեստաբան, բանաստեղծ, թարգմանիչ Աիդա Հարությունյանի հետ։

Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպված այս ցուցադրության հիմնական գաղափարական առանցքը։

Մեր նպատակն էր ներկայացնել Միսաք Մանուշյանին թե՛ որպես հասարակական-քաղաքական և թե՛ որպես մշակութային գործիչ։ Ցուցադրությունում տեղ են գտել Հայաստանի ազգային գրադարանի տարբեր բաժինների գրքերն ու պատկերապատումները։ Ցուցադրության հրատարակությունները կրում են տարբեր «ձայներ» և մոտեցումներ։ Հաճախ մենք նրան ընկալում ենք հատվածաբար՝ որպես բանաստեղծ, որպես Դիմադրության շարժման առաջնորդ և հերոս, որպես Մելինեի ամուսին, ինչպես նաև որպես իր հույզերն ունեցող անհատ, Հայոց ցեղասպանության վերապրող։ Մեր նպատակն էր նրա կյանքի և գործունեության միջոցով ցույց տալ, որ այս ամենը ամփոփված է մեկ մարդու մեջ՝ Մանուշյանի կերպարում, և այդ բոլոր շերտերը միասին կազմում են նրա ամբողջական պատկերը։

Misaq Manushyan 3

Ցուցադրությունն ի՞նչ նարատիվ է կառուցում․ ի՞նչ «պատմություն» է այն փորձում պատմել Միսաք Մանուշյանի կյանքի և գործունեության մասին։

Կարծում եմ՝ հիմնական պատումը, որ ներկայացնում են այդ հրատարակությունները, Մանուշյանի կյանքի և գործունեության միահյուսումն է։ Մելինե Մանուշյանը և Մանուշյանի ժառանգները հիանալի կերպով ներկայացրել են Միսաք Մանուշյանին որպես անձ՝ ընդգծելով նրա հույզերը, մտքերն ու որոնումները, որոնք նրան տարել են դեպի հասարակական գործունեություն։ Այդ ճանապարհն է նրա անունն ի վերջո ավելի հնչեղ և հանրածանոթ դարձրել։ Սխրանքի վճռորոշ պահից առաջ է եղել իրականությունը, որն էլ հասունացրել է այն, ինչի շնորհիվ նա առավել ճանաչելի է դարձել։

Միսաք Մանուշյանը ուներ երկու եղբայր՝ Կարապետը և Հայկը։ Ընտանիքը սկզբում Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Ադիյաման գյուղաքաղաքից գաղթելով՝ տեղափոխվել է Սիրիա, ապա Կարապետն ու Միսաքը հաստատվել են Լիբանանում, մինչդեռ ավագ եղբայրը՝ Հայկը, մնացել է Սիրիայում։ Ավելի ուշ նրանք տարիներ անց վերամիավորվել են Ֆրանսիայում, որտեղ միասին ապրել են շուրջ 11 տարի։ Մանուշյանի մայրը և քույրը մահացել են գաղթի ճանապարհին, սովից։ Նրանց քրոջ մասին որևէ հստակ տեղեկություն չի պահպանվել, և ժառանգներն էլ մինչ օրս չեն կարողացել պարզել անգամ նրա անունը։ Մանուշյանի օրագրային գրառումներում 1925-1936 թվականների հատվածը առանձնահատուկ է ներկայացվում, քանի որ հենց այդ տարիներին եղբայրները վերամիավորվել են։ Օրագրային այդ գրառման մեջ նա գրում է. «Արևը փայլում է Մանուշյան ընտանիքի վրա»։

1936 թվականին Հայկ Մանուշյանը հայրենադարձվում է և ընտանիքի հետ միասին բնակություն հաստատում Նուբարաշենում։ Ցավոք, 1939 թվականին նա մահանում է։

Misaq Manushyan 4

Ինչպե՞ս է ցուցադրությունը ձևավորում Մանուշյանի մասին հիշողությունը՝ որպես մշակութային կերպար, այլ ոչ միայն պատմական անձ։

Կան գրքեր, որոնք ներկայացնում են Մանուշյանի միայն բանաստեղծական կողմը։ Կան նաև առավել ամբողջական հրատարակություններ, որտեղ ընդգրկված են օրագրային գրառումներ, հիշողություններ, ելույթներ, հոդվածներ և նամակներ։ Կան գրքեր, որոնք արձանագրում են այն մշակութային շերտը, որն աստիճանաբար ձևավորվել է Մանուշյանի կյանքի և գործունեության շուրջ։ Նրա տարբեր դերերը միավորված են մեկ մարդու մեջ և իրական կյանքում կազմում են մեկ ամբողջական կերպար։

Որքան մեծ են տաղանդը և հերոսությունը, այնքան բարդ է ճանաչել այն մարդուն, որը դրա կրողն է։ Հերոսականության ու տաղանդի մասշտաբը որոշակի հեռավորություն է ստեղծում և անհասանելի է դարձնում մարդուն, որը կանգնած է դրա հետևում։ Մանուշյանի սխրանքը հատում է սահմանները։ Բայց նրա դիմադրական գործունեության հիմքում ի վերջո անձնական նեղ պատմությունն է։ Ուսումնասիրելով այս պատմությունը և ճանաչելով անհատին՝ հասկանում ես, որ նա էլ բոլորիս պես միս ու արյունից է կազմված։ Նա ունեցել է մանկություն, մանկական խաղեր, սիրելի ուսուցիչ, քայլել է Փարիզի փողոցներով, իր մտքերը ունեցել, կատարել է աշխատանք, որը չի սիրել. սա ավելի ամբողջական է դարձնում համատեքստը և ընկալելի՝ նրա կերպարը։ Նրա առաջին բանաստեղծական ժողովածուն հրատարակվել է 1946 թվականին, Փարիզում, «Էլէկեան» տպարանում։ 1956 թվականին բանաստեղծական ժողովածուն Հայաստանում վերահրատարակվել է «Իմ երգը» վերնագրով։

Misaq Manushyan 21

Ինչպե՞ս է իրականացվել ցուցանմուշների ընտրությունը․ ի՞նչ չափանիշներով են առանձնացվել «ասելիք ունեցող» հրատարակությունները։ Ի՞նչ դեր ունեն ընտրված նյութերը՝ գրքեր, փաստաթղթեր, ձեռագրեր, այդ նարատիվի կառուցման մեջ։

Ահա, օրինակ, ցուցադրված է մի պատկերապատում, որը հենց արվեստի բաժնից է. ֆրանսերեն հրատարակություն։ Այստեղ Մանուշյանի մանկությունը ներկայացվում է որպես թռչուն, որը պարբերաբար վերադառնում է, ավելի ճիշտ՝ արթնանում է, քանի որ մշտապես նրա հետ է։ Ահա այստեղ նա ասում է. «Բավական է, որ փակեմ աչքերս, որպեսզի կրկին դառնամ Հայաստանի այն մանուկը»։

Կարևոր էր Մանուշյանին ներկայացնել ամբողջական կերպով, քանի որ նա ունի բազմաթիվ կողմեր և բազմաշերտ ինքնություն։ Ցուցադրված են նաև պատկերապատումներ, որոնք շատ հետաքրքիր կերպով են ներկայացնում Մանուշյանի պատմությունը։ Հերոսները կարծես իրենք են խոսում, և ընթերցողը նրանց հետ մտնում է երկխոսության մեջ, վերապրում է նրանց փորձառությունը։

Misaq Manushyan 19

Ինչպե՞ս եք գնահատում նման ցուցադրությունների դերը հայ-ֆրանսիական մշակութային երկխոսության համատեքստում։

Հայ-ֆրանսիական կապերը և փոխադարձ հետաքրքրվածությունը մշտապես կարևոր դեր են ունեցել երկու մշակույթների փոխառնչությունների մեջ։ Ֆրանսահայ ականավոր գործիչների մասին խոսելը կարևոր է այս գրական և մշակութային կապերը վերարժևորելու և ամրապնդելու համար։

Մանուշյանները, Ազնավուրյանները և նրանց ժամանակակիցները, ինչպես նաև մյուս ֆրանսահայ մշակութային գործիչները այս կապերը դարձնում են շոշափելի և մարդկային։ Նրանց միջոցով հայ-ֆրանսիական հարաբերությունները ստանում են կենդանի և իրական կերպար։                                                                                  

Մանուշյանի ժառանգության պահպանման գործում մեծ դեր ունեն նրա ընտանիքի անդամները։ Միսաք և Մելինե Մանուշյանները անմիջական ժառանգներ չեն ունեցել, սակայն Մելինեի քրոջ՝ Արմենուհու (Արմենի), և Մանուշյանի ավագ եղբոր՝ Հայկ Մանուշյանի ժառանգները նպաստում են նրա հիշատակի պահպանմանն ու ժառանգության փոխանցմանը։ Այս գործընթացում կարևոր դեր ունի նաև Արմենուհու թոռնուհին՝ Կատյա Կիրակոսյանը, որը դարձել է հայ-ֆրանսիական մշակութային կապերի խորհրդանշական կրողներից մեկը։ Նա իր գործունեությամբ փորձում է Մանուշյանների ժառանգության միջոցով ամրապնդել Հայաստանի և Ֆրանսիայի մշակութային կապերը։ Նրա խոսքով՝ Սփյուռքի, և հատկապես իր համար, Հայաստանը «բացակայող մի կտոր» է։ Նա ընդգծում է իր երկակի ինքնությունը՝ ասելով, որ միաժամանակ և՛ ֆրանսիացի է, և՛ հայ, և երկուսն էլ նրա ինքնության կարևոր մասերն են՝ փոխլրացնելով, հարստացնելով միմյանց և ապահովելով ներքին հավասարակշռություն։

Նրա նպատակներից է նաև Հայաստանում ստեղծել «Միսաք և Մելինե» երազատունը, որը նախատեսվում է դառնալ ստեղծագործական կենտրոն՝ արվեստագետների, գրողների և երաժիշտների համար:

Misaq Manushyan 13

Օրերս դուք հանդես եկաք նաև «Միսաք Մանուշյան․ ազատության և պատկանելության միջև» խորագրով բանախոսությամբ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում «ազատություն» հասկացությունը Մանուշյանի պարագայում՝ հատկապես գոյաբանական հարթության վրա։

Վերնագիրն ընտրեցի ամենավերջում՝ հետազոտությունը ավարտելուց հետո։ Ամբողջական հետազոտությունը բերեց նրան, որ անհրաժեշտ էր «ազատության և պատկանելության միջև» ձևակերպումը տալ, որովհետև Մանուշյանը ձգտում էր ազատության, բայց ի վերջո ազատությունը, որը  նվաճեց, այն ամենի համար էր, ինչի հանդեպ նա պատկանելության զգացողություն ուներ: Մեծ քաջություն է պահանջվում կյանքի գնով ձեռք բերելու համար մի բան, որն ինքդ չես տեսնելու։ Ինչպիսի այլասիրություն է սա հետագա սերունդների հանդեպ: Նա ձգտում էր ազատության պայքարի, բայց, իհարկե, ազատությունը բացարձակ մի բան չէ, որը չի ենթադրում կապեր։ Ազատությանը լրացնում է պատկանելության զգացողությունը Ֆրանսիայի հանդեպ, Հայաստանի հանդեպ և ժողովուրդների հանդեպ, որոնք վայելելու են իր նվաճած ազատությունը։ Պատկանելության, Ֆրանսիայի մի մասնիկը իրեն զգալու միջոցով նա գնում էր դեպի ազատություն։

Misaq Manushyan 8

Ինչպե՞ս է Մանուշյանի «պատկանելությունը» վերաիմաստավորվում՝ անցնելով Օսմանյան կայսրության փորձառությունից դեպի ֆրանսիական հանրապետության քաղաքացիական և մշակութային դաշտ։

Որպես որբեր՝ Մանուշյանները ցանկացել են վերակառուցել իրենց կյանքը նոր երկրում՝ Ֆրանսիայում: Ցեղասպանության հիշողությունը դրոշմված էր նրանց գիտակցության մեջ, բայց նոր համատեքստում գտնվելը, նոր կյանք սկսելու հնարավորությունը տալիս են տարածություն, որտեղ տրավման որպես իրողություն չի մնում ցավի շրջանակում, այլ թարգմանվում է ուժի և ընդվզման։

Քանի որ Միսաք Մանուշյանը կյանքի վաղ շրջանում ենթարկվել է ծնողազրկության փորձառությանը, նրա անձնային և գաղափարական ձևավորումը տեղի է ունեցել առանձնահատուկ պայմաններում։

Իհարկե, ցանկալի կլիներ, որ այսպիսի իրավիճակի առաջ ոչ ոք երբևէ չկանգներ, բայց դա նաև որոշակի գծեր է ձևավորում․ յուրօրինակ հարաբերություններ ազատության հետ, «արկածախնդրություն, խիզախություն ու հարուստ երևակայություն»։ Ծնողազրկությունը նրա մեջ ձևավորում էր որոշակի հատկանիշներ, որոնք կարող էին հող նախապատրաստել դեպի կոմունիզմ գնալու համար։ Եվ առհասարակ հինը նորով փոխարինելու ու հաղթահարելու հիմքի վրա շատերը կարծես կոմունիզմի մեջ գտնում էին ծնողական այն կերպարը, որը կորցրել էին։ Ծնողազրկությունը նաև բերում է նրան, որ հեշտ են ինտեգրվում նոր մշակույթում, քանի որ ներքին կարիք ունեն ինքնալրացվելու և դատարկությունը, այն տեղը, որը մնացել է թափուր։ Արդյունքն այն է, որ նրանք դառնում են նոր կյանքի, նոր երկրի մի մասը։ Մանուշյանի բանաստեղծությունները պարբերաբար վավերագրում են այդ ճանապարհը։

Մանուշյանը պատկերացնում էր նաև ֆաշիզմի վտանգները: Նա տեսել էր, թե ինչ կարող է անել մարդկային հակումը բռնությանը։ Ազգային խտրականությունը և այլատյացությունը առանձնահատուկ զգոնություն և խիզախություն էին առաջացրել նրա մեջ։

Հայերի մասնակցությունը դիմադրական շարժմանը ներքին ահազանգի արդյունք էր։ Օսմանյան կայսրության հայատյացության և ցեղասպանական քաղաքականության պատճառով հայրենազրկված և որբացած հայերը պարզապես չէին կարող հանդուրժել, որպեսզի այս պատումը կրկնվի աշխարհի մեկ այլ հատվածում։ Բացի այդ, ինչպես նշում է Մելինեն, նա (վստահաբար նաև Մանուշյանը) ինքն իր համար սահմանել էր առաքելություն օգնել բոլոր տառապյալներին, քանի որ անձամբ շատ էր տառապել։ Դիմադրությունը անարդարության և բռնության դեմ գերազանցում է նրանց եսի զգացողությանը, և պայքարը հաճախ տեղի է ունենում կյանքի գնով։

Իզուր չէ, որ Մանուշյանի խմբում առհասարակ հավաքված էին մարդիկ, որոնք այլազգի էին, և բախվել էին ազգային խտրականության։  Սա նրանց մեջ ձևավորել էր դիմադրություն, որպեսզի այն, ինչ իրենց հետ պատահել էր, չկրկնվի այնտեղ, որտեղ իրենք ապրում են, և հանգստություն են գտել։

Misaq Manushyan 15

Որտե՞ղ է անցնում սահմանը անձնական տրավմայի և հավաքական հիշողության միջև նրա ստեղծագործության մեջ։

Եթե խոսքը վերաբերում է հայերի տեղահանությանը, ապա անձնային ճգնաժամը դառնում է գրեթե անխուսափելի հետևանք։ Անգամ Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան տեղափոխությունը չի մեղմում տրավման։ Առավել ևս, երբ տեղի է ունենում մուտք այլ ազգային և մշակութային իրականություն, այլ երկիր, ձևավորվում է ներքին բաժանում, երկատվածություն, որը մարդը կրում է իր ներսում։

Կարո՞ղ ենք խոսել նրա դեպքում «միջանկյալ» կամ բազմաշերտ ինքնության մասին։

Այս պարագայում ինքնության ամբողջականությունը պահպանել, այսինքն՝ հայկական ինքնությունը պահպանել կնշանակեր ապրել անցյալում, որը հավասար է հոգեկանական մահվան։ Եվ որպեսզի կարողանաս շարունակել ապրել, ինչ-որ չափով հաղթահարել, այս երկատումը, երկփեղկվածությունը ամոքման կերպ է դառնում։ Նոր երկիր տեղափոխվելն էլ, իհարկե, պետք է նոր կյանքի սկիզբ համարել։ Շատ հայ գործիչների և առհասարակ Հայոց ցեղասպանությունը վերապրողներին մոտ կարող ենք դա տեսնել։ Մի հետազոտության շրջանակում անդրադարձել եմ Յուսուֆ Քարշին, որը շատ հետաքրքիր օրագրային գրառում ունի։ Այն նոր կյանք սկսելու, անցյալը հենց անցյալում թողնելու և ներքին խաղաղությունը վերականգնելու մասին է։ Նա գրում է. «Առաջինը, որ տեսա Նոր աշխարհում այն սառնաշունչ, արևոտ ձմեռային օրը, Հալիֆաքսի նավամատույցն էր, որ ձյունով էր ծածկված։ Դեռ նույնիսկ չէի կարող պատկերացնել այս նոր երկրի անսահման խոստումը։ Այդ պահին բավական էր միայն այն, որ ինձ անվտանգ էի զգում․ Հայաստանի կոտորածներն ու սրտաբեկությունները մնացել էին իմ հետևում»։ Այս վկայությունը խոսում է նոր աշխարհի մասին՝ որպես խոստման և սպասման տարածքի, որտեղ մարդը կարող է դառնալ նոր իրականության մի մասը և, գոնե որոշ չափով, հետևում թողնել անցյալի ցավը։

Misaq Manushyan 2

Ձեր կարծիքով նրա պոեզիան ավելի շատ անհատական խոստովանությո՞ւն է, թե՞ հավաքական հիշողության արտահայտություն։

Ոչ միայն Միսաք Մանուշյանը, այլ նաև նրա եղբայրը՝ Կարապետը, դեռ պատանեկան տարիքից գրել են բանաստեղծություններ: Նրանք իրենց առաջին ստեղծագործությունները տպագրում էին «Այգ» գրական-բարոյագիտական երկշաբաթաթերթում, ինչը վկայում է նրանց վաղ ձևավորված գրական հետաքրքրությունների մասին։ Մանուշյանի գրական ճաշակը մեծապես ձևավորվել է հայ և ֆրանսիական գրականության ազդեցությամբ։ Միևնույն ժամանակ նա հաճախում էր Փարիզի Լատինական թաղամասում գտնվող Սենթ-Ժենևիև գրադարան և կազմել էր անձնական տետր՝ արտագրելով իր սիրելի հեղինակների ստեղծագործությունները։ Այդ ցանկում ընդգրկված էին ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի գրողներ։

Մանուշյանը զբաղվել է նաև թարգմանություններով՝ ֆրանսերենից հայերեն թարգմանել Ռեմբոյի, Վեռլենի, Վոլտերի ստեղծագործությունները։ Այս հեղինակների ազդեցությունը զգալի դեր է ունեցել նրա ստեղծագործական դիմագծի և ոճի ձևավորման մեջ։

Մանուշյանի վաղ շրջանի բանաստեղծություններում գերակշռում են անձնական հույզերը, ապրումները, ինչպես նաև հայրենիքի հանդեպ կարոտն ու սերը։ Սակայն հետագա շրջանում՝ հատկապես 1930-ականներին, երբ նա ակտիվորեն ներգրավվում է հասարակական և քաղաքական կյանքում, նրա պոեզիայում հայտնվում են սոցիալական շեշտադրումներ։ Այդ ժամանակաշրջանի գործերում անդրադարձ կա պայքարին, աշխատավորների իրավունքներին, սոցիալական արդարությանը («Գործազուրկները», «Արթուն կեցէք», «Ամբոխի կանչը», «Պայքար», «Ընդվզում», «Կարուհիները»)։ Մանուշյանի բանաստեղծություններում քնարական և սոցիալական պոեզիայի այս երկակիությունը ոչ թե հակասության այլ փոխլրացման նշան է և ամբողջական ստեղծագործական աշխարհ է ձևավորում։

Անձնական զգացմունքայնությունը համադրվում է քաղաքացիական պատասխանատվության հետ, ինչն էլ, ի վերջո, պայմանավորում է նրա դիմադրական ոգին, վճռականությունն ու գաղափարական հաստատակամությունը։

Misaq Manushyan 1

Մանուշյանի պոեզիայում ցեղասպանության վերապրման փորձառությունը փոխակերպվում է գեղարվեստական լեզվի։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի այդ փոխակերպումը։

Միսաք Մանուշյանը մշտապես ձգտում էր ինքնակատարելագործման և մտավոր առաջընթացի։ Չնայած նա բարձրագույն կրթություն չի ստացել, այնուամենայնիվ հաճախել է Սորբոնի համալսարան՝ գրականության, պատմության, փիլիսոփայության և քաղտնտեսության դասախոսությունների։ Մելինե Մանուշյանը նշում է, որ Մանուշյանը եղել է կրքոտ ընթերցող։ Նա հաճախ էր ժամանակ անցկացնում գրադարանում՝ ընթերցելով և բանաստեղծություններ արտագրելով։ Այդ ինտելեկտուալ միջավայրում, մասնավորապես Սենթ-Ժենևիև գրադարանում, նա հանդիպում է իր գաղափարակից ընկերներին։ Այստեղ էլ սկսվում է նրա համագործակցությունը տարբեր մտավորականների հետ, այդ թվում՝ գրող Սեմայի հետ, որի հետ միասին նրանք սկսում են հրատարակել «Ջանք» թերթը, իսկ հետագայում նաև «Մշակույթ» պարբերականը, որը միաժամանակ կրում էր կոմունիստական ուղղվածություն և նպաստում էր հայ մշակույթի հանրահռչակմանը։ Իր բանաստեղծություններում Մանուշյանը փաստագրում էր իր կյանքը: Նրա ստեղծագործությունները կարելի է դիտարկել որպես ինքնակենսագրական հիշողության ձև, որտեղ արտացոլվում են կյանքի տարբեր փուլերը։ Օրինակ՝ «Հողի կարոտ» բանաստեղծության մեջ տեսնում ենք իր մեջ ապրող Հայաստանը և ձգտումը վերամիավորվելու նրա հետ, ձուլվելու նրա բնությանը։ Շատ հետաքրքիր է նաև «Օտարություն» բանաստեղծությունը, որն իր ինքնության զգացման մասին է։ Ֆրանսիայի հետ հարաբերություններ ստեղծելու ճանապարհն է ներկայացնում, որտեղ իրեն դեռ օտար է զգում։

«Դեպի Ֆրանսա» բանաստեղծությունը գրվել է Մերձավոր Արևելքում՝ Ֆրանսիա մեկնելու նախաշեմին, երբ նա պատրաստվում էր նավարկության և արդեն պատկերացնում էր Մարսել հասնելը։ Այդ ստեղծագործության մեջ արտահայտվում է անցյալի հետ բաժանման և նոր կյանքի հանդեպ սպասման ու խոստման զգացումը։ Նա, կարծես, գիտակցաբար թողնում է մանկությունն ու անցյալը և պատրաստվում ներգրավվել նոր իրականության մեջ։

Հետաքրքիր է նաև կենսագրական մի դրվագ․ Մանուշյանը իրականում ծնվել է 1909 թվականին, սակայն Ֆրանսիա տեղափոխվելիս դեռևս անչափահաս էր և պաշտոնապես փոխել է իր տարիքը, որպեսզի կարողանա աշխատել։ Չնայած այս հանգամանքին, ինչպես ինքն էլ նշում է, նա մնում է պատանի՝ լի կրթության և գրքի հանդեպ մեծ երազանքով։

Այս համատեքստում Ֆրանսիան նրա համար դառնում է ոչ միայն ապաստան, այլև խոստման տարածք՝ մի վայր, որտեղ հնարավոր է կրթություն ստանալ, զարգանալ և վերակառուցել սեփական կյանքը։ Այս գաղափարը համահունչ է նաև Յուսուֆ Քարշի նկարագրած «նոր աշխարհի խոստման» ընկալմանը, որտեղ ապագան դառնում է հնարավորության հորիզոն։

Misaq Manushyan 7

Արդյոք նրա պոեզիան կարելի՞ է դիտարկել որպես դիմադրական գործունեության նախապատրաստում, թե՞ այն արդեն այդ փորձառության գեղարվեստական ռեֆլեքսիան է։

Մանուշյանի մոտ պոեզիան չէր ձևավորվում որպես զուտ արձագանք։ Այն նախ և առաջ գաղափարական, մտային և նախապատրաստական գործընթաց էր։ Դիմադրությունը նրա մոտ ներկայանում էր որպես գիտակցված գործողության նախապատրաստություն։

Նրա օրագրային գրառումները ծառայում էին որպես ինքնարտահայտման և ինքնակազմակերպման միջոց։ Դրանք ոչ միայն արձանագրում էին ապրումները և իրադարձությունները, այլև ձևավորում էին այն ներքին կառուցվածքը, որի միջոցով նա իմաստավորում էր իր փորձառությունը։ Օրինակ՝ 1933 թվականի սեպտեմբերի 13-ի օրագրային գրառումը  թույլ է տալիս տեսնել ներքին անցումը՝ մտորումից դեպի գիտակցված դիրքորոշում։ Վճռականությունը արդեն առկա էր․ նա գիտեր իր նպատակները և անհրաժեշտության դեպքում պատրաստ էր հանդես գալ համարձակ և վճռական գործողություններով։

Ինչպե՞ս է Մանուշյանի կնոջ՝ Մելինեի կերպարը փոխակերպում Մանուշյանի մասին ընկալումը՝ բացահայտելով նրա կյանքի առավել անձնական, էմոցիոնալ էջերը:

Շատերը Մանուշյանին ճանաչում են հատկապես նրա վերջին նամակի միջոցով՝ այդ նամակը դարձնելով նրա կերպարի հիմնական խորհրդանիշներից մեկը։ Նամակում արտահայտված են բնության հանդեպ սերը, կնոջ նկատմամբ քնքշությունը, ինչպես նաև ներքին խաղաղությունը և մահվան գաղափարի հետ հաշտությունը։ Նա չէր ատում անգամ գերմանացիներին, այլ   խաղաղություն և հանգստություն էր զգում։ Նույն հոգեվիճակը բնորոշ է նաև նրա մարտական ընկերներին․ նրանք գիտակցում էին իրենց զոհաբերության իմաստը, և այդ գիտակցությունը ներքին խաղաղություն էր տալիս նրանց։  Միևնույն ժամանակ Մելինեի միջոցով բացահայտվում է Մանուշյանի ավելի անձնական և մարդկային կողմը։ Եթե հանրային ընկալման մեջ նա հաճախ հանդես էր գալիս որպես կուռ, պողպատե և գրեթե անմատչելի հերոս, ապա Մելինեի ներկայությամբ այդ կերպարը դառնում է ավելի մտերմիկ և մարդկային։ Նրա միջոցով վերանում է անհասանելիության սահմանը։ Եվ այս նամակում Մելինեի հանդեպ զգացմունքները տեսնելով՝ առաջին անգամ առնչվում ենք անձնական ապրումների: Այսինքն՝ որպես մարդ, որպես անհատ Մանուշյանը Մելինեի «ներկայությամբ» է մարմնավորվում ։ Մելինեի կերպարը սրտիդ ու հոգուդ է մոտեցնում նրան։ Դիմադրության հերոսի կեցվածքով պատկերանալը ստեղծում է կատարելության պատրանք։ Կարծես պատմանդանին ես տեսնում այդ մարդուն և չես կարողանում մոտենալ նրան։ Մելինեն վերացնում է այդ սահմանը:

Misaq Manushyan 11

Ձեր կարծիքով Միսաք Մանուշյանն այսօր պատմությա՞ն, թե՞ ներկայի հերոս է։

Քանի որ այսօր հերոսի ճգնաժամ կա նաև Հայաստանում, շատ են քննարկումները, թե ով է հերոսը։ Հատկապես պատերազմից հետո մեզ մոտ ինքնության ճգնաժամ կա։ Մենք ապրում ենք ազգային պետության մեջ, բայց ինքնության ճգնաժամ ունենք։ Քննարկումների ժամանակ հաճախ փորձում ենք գտնել ընդհանուր արժեքներ, որոնք բոլոր հայերին կմիավորեն։ Շատ եմ նկատել, որ կայծակնային ինչ-որ մտքեր չի առաջացնում այս հարցը։ Բարդ է ընդհանուր արժեքներ գտնելը։ Միաժամանակ բարդ է հերոսներ գտնելը։ Շատ հերոսներ կան, որ մշտապես նշվում են։ Մանուշյանը, իմ կարծիքով, անշուշտ, այն հերոսն է, որը բացարձակ է։ Նա լցված էր ուժով, այլասիրությամբ, հայրենասիրությամբ և պայմանականություններ չճանաչող նվիրմամբ ։ Միսաք Մանուշյանը ներկայի պատմական հերոս է:

Ինչպե՞ս են Մանուշյանի մոտ համադրվում գեղագիտական արժեքներն ու քաղաքական գաղափարախոսությունը։

Միսաք Մանուշյանի ստեղծագործությունների գեղարվեստական կողմը հիմնականում արտահայտվում է քնարական և զգացմունքային ինքնարտահայտման ձևով, որտեղ անձնական ապրումները գերակշռում են հասարակական-քաղաքական ուղղակի շեշտադրումներին։ Այս իմաստով նրա պոեզիան ծառայում է ոչ միայն որպես գաղափարական արտահայտության միջոց, այլ նաև որպես ինքնաճանաչման և ներքին փորձառության վերամտածման տարածք։ Մանուշյանի ստեղծագործական մոտեցման մեջ նկատվում է հիշողության և լեզվի փոխկապակցվածություն․ բառը նրա համար դառնում է ոչ միայն հաղորդակցության միջոց, այլև հիշողության կառուցման և վերարժևորման գործիք։ Գրելու գործընթացում նա վերադառնում է անցյալին՝ հատվածական հիշողությունները վերամիավորելով և վերաիմաստավորելով, ինչի արդյունքում ձևավորվում է ամբողջական, բայց միևնույն ժամանակ բեկված ներաշխարհի պատկեր։ Այս մոտեցումը հատկապես ընդգծվում է Ցեղասպանության և պատմական տրավմայի վերապրման համատեքստում, որտեղ հիշողությունը հաճախ չի պահպանվում որպես ամբողջական, շարունակական պատմություն, այլ ներկայանում է հատվածային, խզված պատկերներով։ Այդ բեկումներն ու ընդհատումները Մանուշյանի մոտ դառնում են ստեղծագործական սկզբունք․ նա բառերի միջոցով փորձում է վերականգնել իր ինքնությունը՝ կառուցելով այն հիշողության բեկորներից։

Misaq Manushyan 20

Ինչպե՞ս կարող է նրա կերպարը խոսել 21-րդ դարի խնդիրների՝ պատերազմի, միգրացիայի և ինքնության ճգնաժամերի մասին։

Միսաք Մանուշյանի կերպարը կարելի է դիտարկել  ժամանակակից գլոբալ և միգրացիոն խնդիրների համատեքստում՝ ընդգծելով նրա կենսափորձի բազմաշերտությունը: Հետաքրքիր է, թե արդյոք նա այսօր կընդունվեր Ֆրանսիայում այնպես, ինչպես ընդունվեց: Այդ ժամանակ հայերը Նանսենյան անձնագրերի միջոցով էին հաստատվում Ֆրանսիայում։ Այն կանաչ լույս էր քաղաքացիություն չունեցող հայերի համար։

Միսաք Մանուշյանի կյանքը օրինակ է մարդկանց համար, ովքեր անցնում են այդ ամենի միջով, կանգնած են գլոբալիզացիոն խնդիրների, ճգնաժամերի առջև: Նրանք կարող են Մանուշյանի կերպարի ներքո ամոքում, ապաստան, իրենց խնդիրները լուծելու կամ դրանց առերեսվելու քաջություն գտնել։

Շնորհակալ եմ զրույցի համար:

Զրուցեց Ալմաստ Մուրադյանը

375
Մայիս 03, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: