Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումը Ֆրանսիայում ու Հայաստանում․ հարցազրույց Սաթէ Խաչատրյանի հետ

«Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության գործունեությանը առիթ ունեցել ենք անդրադառնալու։ Միության հիմնադիրներ Սաթէ Խաչատրյանը և Էդգար Մանուկյանը նոր նախագծով դարձյալ Հայաստանում են։

Նոր նախագծի և «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանի հետ։

Սիրելի՛ Սաթէ, կպատմեք առհասարակ «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության նախագծերի և մասնավորապես նոր նախագծի մասին։ Ե՞րբ և ինչպե՞ս է ծնվել այս նախագծի գաղափարը։

«Սաթէ-Աթղը» թատերական միությունը 2013 թվականից՝ իր ստեղծման ժամանակաշրջանից, հիմնականում զբաղվում է Ֆրանսիայում հայկական մշակույթի հանրահռչակմամբ։ Մեզ համար միշտ կարևոր է եղել հայ արվեստագետների կամ հայկական մշակութային ժառանգության հանրահռչակումը օտար երկրում, ու մշտապես պրոֆեսիոնալների կողմից։ Այդ նպատակին ուղղված տարբեր նախագծեր ենք իրականացրել մինչ օրս։ Մեր առաջին նախագիծը Թումանյանի հեքիաթներն են եղել, որը ներկայացվել է միջմշակութային երկխոսության տրամաբանության մեջ՝ հայկական և կարիբյան մշակույթների միախառնումով, դրան հաջորդել է «Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի բեմադրությունը դարձյալ ֆրանսերենով և ֆրանսիացիների հետ, դարձյալ միջմշակութային երկխոսության տրամաբանության մեջ։ Բեմադրել ենք Կոմիտասին նվիրված երաժշտական ներկայացում («ԻԼԻԿ»), որտեղ խոսում ենք նաև 1915 թվականի ցեղասպանության մասին։ 2021 թվականին բեմադրեցինք քառասունչորսօրյա պատերազմին նվիրված «Ես զինվոր եմ կրում» ներկայացումը, որտեղ դարձյալ հայ ժողովրդի մասին էր խոսվում, և ներկայացումն ամբողությամբ կենդանի երաժշտության ուղեկցությամբ էր, «Տրիո Նազանիի» երաժշտական կատարմամբ․ երեք չքնաղ երգչուհիներ, որոնք հանդես են գալիս նաև որպես դերասանուհիներ։ Դա էլ հնարավորություն ու առիթ էր մեզ պատած ողբերգության մասին խոսելու, խոսելու պատերազմի մասին՝ իբրև արհավիրք։ Անկախ տարածական իր բնույթից, աշխարհագրական դիրքից՝ պատերազմն ամեն տեղ նույն ողբերգությունն է և սարսափելի արհավիրք մարդու գլխին՝ մարդու ձեռքով ստեղծվող, մարդու կողմից հրահրվող և իրականացվող։ Բեմադրության մեջ կենդանի կատարմամբ հնչում են շարականներ, ժողովրդական ու ֆիդայական երգեր։ Բավականին հուզիչ և տպավորիչ է, անշուշտ, կենդանի կատարումը բեմում, երաժշտության, երգի մասնակցությունը, որն էլ ավելի ամբողջական է դարձնում ներկայացումն ու հնարավորություն տալիս հանդիսատեսին ճամփորդելու։

Ցանկանալով մնալ նույն տրամաբանության մեջ՝ «Սաթէ-Աթղը» թատերական միությունը մշտապես նորանոր նախագծերի փնտրտուքի մեջ է։ 2021 թվականին ծնվեց Փարաջանովին նվիրված ներկակացման գաղափարը․ մենք շատ լավ հասկանում էինք, որ 2024 թվականը հեռու չէ, ուստի ցանկացանք, որ նախագիծն իրականանա հենց իր 100 ամյա հոբելյանին։ Մենք միշտ փորձում ենք հայկական մշակույթը ներկայացնել համաշխարհային մշակույթի ներկապնակի մեջ՝ որպես այդ ներկապնակի կարևոր և արժեքավոր գույն, որը ոչնչով չի զիջում մյուսներին։ Թերևս այդ սկզբունքներից ելնելով էր, որ մենք ցանկացանք աշխատել ոչ պարտադիր կերպով ազգությամբ հայ արվեստագետների հետ, ինչպես արել ենք այս նախագծի դեպքում։ Մեզ համար կարևոր էր, որ այս պարային ներկայացման խորեոգրաֆը լիներ Ֆրանսիայում հայտնի և ճանաչված արվեստագետ, որը ունի իր լսարանը։ Այս բոլոր նախապայմանների առաջին կետում, անշուշտ, խորեոգրաֆի տաղանդն էր։ Այդ առումով մեր ընտրությունը կանգ առավ Մուրադ Մերզուկիի վրա, որը նաև ինչ-որ առումով իր գեղագիտության, աշխարհընկալման և ստեղծագործության մեջ, ինչպես նաև միջմշակութային երկխոսություններ իրականացնելու իր ձգտումով և փորձով մոտ էր մեզ։ Մուրադն աշխատել է աշխարհի տարբեր երկրներում, տարբեր երկրների պետական օպերային և բալետային թատրոնների հետ։ Նրան էլ միշտ հետաքրքրել է երկխոսությունն այլ մշակույթների հետ։ Կապվեցինք Մուրադի հետ և ասացինք, որ Հայաստանի հետ նախագիծ ենք ուզում իրականացնել։ Դա միանգամից նրան հետաքրքրեց։ Հետո հանդիպումներ ունեցանք Մոն դը Մարսանի «Գասկոն» և Դեսինի «Տոբոգան» թատրոնների տնօրենների հետ՝ առաջարկելով նախագիծն իրականացնել համատեղ։ Մուրդ Մերզուկին նաև ղեկավարում է «Պոլ-Պիկը», որը Բրոնում է և «Պոլ ան Սցեն» մեծ մշակութային կառույցը։ Այս նախագիծը պաշտոնապես ներկայացվում է որպես «Սաթէ-Աթղի», «Պոլ ան Սցենի», «Տոբոգան» և «Գասկոն» թատրոնների համատեղ նախագիծ։

Sate Khachatryan 2

Ո՞րն է արտերկրի մշակութային գործիչների՝ հայկական մշակույթի նկատմամբ ունեցած հետաքրքրության շարժառիթը։ Ովքե՞ր, ի՞նչ կազմակերպություններ ու կառույցներ են ներգրավված Ձեր ներկայացրած նախագծերի կազմակերպչական և իրագործման աշխատանքների մեջ։ Ի՞նչ սկզբունքով եք համագործակցում։

Ինչպես ֆրանսիացիների մեծամասնությունը, որ Հայաստանի և հայ ժողովրդի մասին ունեն որոշակի տեղեկություն և պատկերացում, արվեստագետները ևս Հայաստանի մասին որպես առաջին կարծիք խոսում են հայկական մշակույթից, որից շատ տեղյակ չեն, բայց գիտեն գոնե, որ Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող պատմական հին երկիր է, հայ ժողովուրդը հին ժողովուրդ է, որը հենց այդ բազմադարյա հարուստ մշակույթի կրողն է։ Անշուշտ, արվեստագետների մեջ հայկական մշակույթը ճանաչելու համար հայկական մշակույթին անդրադառնալու հետաքրքրությունն ակնհայտ է։ Հայ արվեստագետների հետ աշխատելու նրանց մոտիվացիան շատ հաճախ հենց հայկական մշակույթը ճանաչելու, այն բացահայտելու ցանկությունն է լինում։ Այդ իմաստով միշտ հեշտ է աշխատել ֆրանսիացիների հետ, որովհետև ոչ միայն իրենք են բացահայտում մեր մշակույթը, այլ նաև մենք՝ ես և Էդգարը, որ մշտապես միասին ենք աշխատում, յուրովի ենք բացահայտում, վերաբացահայտում մեր մշակույթը, որովհետև նրանց տեսակետը, ընկալումը, մեկնաբանությունը երբեմն շատ անսպասելի է ու շատ հետաքրքիր։ Դա երկուստեք հարստացնող աշխատանքային գործընթաց է․ նրանք՝ օտարները, ճանաչում են, բացահայտում են մեր մշակույթը, մենք վերաճանաչում, վերաբացահայտում ենք մեր սեփական մշակույթը իրենց պրիզմայով, իրենց դիտանկյունից։ Կարծում եմ՝ բոլոր մշակույթներն ազատության իրավունք ունեն։ Մենք պիտի դադարենք վախենալ, որ եթե մեր մշակույթը սկսեն օտարները ներկայացնել, անպայմանորեն պիտի աղավաղեն, կամ պիտի հեռացնեն իրենց ակունքներից։ Եթե այդպես լիներ, անգլիացիները գուցե թույլ չտային Շեքսպիրին թարգմանվել, ֆրանսիացիները՝ Մոլիերին։

Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային այս ներկայացումը վստահաբար պիտի դառնա այցեքարտ։ Ուրախ եմ արձանագրել, որ այս նախագիծը, թերևս, Փարաջանովի 100-ամյակին նվիրված ներկայացումների, միջոցառումների մեկնարկը կտա․ առաջնախաղը 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին է «Տոբոգան» թատրոնում։ Մյուս կարևոր բանը, որ կցանկանայի արձանագրել, հետևյալն է․ այս նախագծում թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Ֆրանսիայի Հանրապետությունը պետականորեն ունեն իրենց աջակցությունը ֆինանսական և բարոյական տեսանկյունից․ դա շատ կարևոր է թե՛ բարեկամության վերահաստատման, թե՛ միջմշակութային այս համագործակցության  տրամաբանության մեջ ճիշտ և առողջ հարաբերություններ ունենալու համար։ Երբեմն խոսում ենք համատեղ նախագծերի մասին, բայց դրանք միշտ հավասարակշռված չեն աջակցության տեսանկյունից, բայց այս նախագիծն իսկապես հավասարակշռված է։ Նախագծի գլխավոր աջակիցներից է Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը, Ֆրանսիայի Օվերն Ռոն-Ալպեր տարածաշրջանը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ֆրանսիական մասնաճյուղը։ Ուրախ եմ, որ սփյուռքում գործող հայտնի հայկական բարեգործական կազմակերպությունը՝ ՀԲԸՄ-ն, ունի իր ներդրումն այս նախագծի իրականացման մեջ։ Այս ներկայացման ստեղծագործական թիմը ևս հավասարակշռված է ֆրանսիացի և հայ արվեստագետներով։ Ներկայացման խորեոգրաֆը Մուրադ Մերզուկին է, նախագծի հեղինակը և համակարգողը ես եմ և ամուսինս՝ Էդգար Մանուկյանը․ նածագծի միտքն ու գաղափարը ծնվել է մեզնից։ Ներկայացման բեմանկարիչը ֆրանսիացի Բենժաման Լըբրըտոնն է, հագուստները ևս Էդգար Մանուկյանն է անում։ Մենք երկու երկրներն ենք ներկայացնում․ դժվար է ասել՝ ավելի շատ Հայաստանն ենք ներկայացնում, թե՞ Ֆրանսիան, բայց հավասարակշռում ենք նախագիծը հայ-ֆրանսիական լինելու առումով։ Բեմադրության լուսային ձևավորման ռեժիսորը ֆրանսիացի է, երաժիշտները հայկական «Հող արթուն» խմբի հրաշալի և ճաշակով երաժիշտներն են, պարողներից հինգը ֆրանսիացիներ են, երկուսը՝ հայեր։ Աշխատում ենք նաև «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի» հետ։ Ներկայացման առաջնախաղը կկայանա Ֆրանսիայում, սակայն ներկայացումը հյուրախաղերով կներկայանա նաև Երևանում մարտի 15, 16-ին՝ Երևանի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո։ Հյուրախաղերը կազմակերպվում են նաև ԿԳՄՍ նախարարության, ֆրանսիական դեսպանատան և մեր մյուս գործընկերների աջակցությամբ։ Հույս ունենք, որ ներկայացումը հնարավոր կլինի նաև տանել Թիֆլիս։ Մենք 2 օր առաջ ենք վերադարձել Վրաստանից, որտեղ հանդիպեցինք ՀՀ դեսպան պարոն Աշոտ Սմբատյանի հետ, որի հետ քննարկեցինք թիֆլիսյան հյուրախաղերի նախագիծը, որը հետաքրքրեց պարոն դեսպանին։ Կասկած չունենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հյուրախաղերն իրականություն դառնան։ Վրացական հյուրախաղերի կազմակերպման դեպքում Վրաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և դեսպանության մշակութային բաժինը կունենան իրենց աջակցությունը և մասնակցությունը։ Վրաստանում ֆրանսիական դեսպանության հետ հանդիպումները սպասվում են սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին։ Վստահ եմ, որ անպայմանորեն իրենց աջակցությունը կլինի, որպեսզի երկու պետությունների՝ Հայաստանի և Ֆրանսիայի մասնակցությամբ ու աջակցությամբ Վրաստանում կազմակերպվեն ներկայացման հյուրախաղերը։ Մենք նաև հույս ենք հայտնում, որ ներկայացումը կունենա միջազգային հյուրախաղերի ավելի լայն աշխարհագրություն։ Այս պահին Հարավային Ամերիկայի մի քանի երկրների հետ ենք կապի մեջ, որպեսզի կազմակերպվեն այդ հյուրախաղերը։ Օրինակ՝ կապի մեջ ենք և աշխատում ենք Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանի, ինչպես նաև Ճապոնիայում ՀՀ դեսպան պարոն Հովհաննիսյանի հետ։ Լիահույս ենք, որ այս աշխարհագրությունն ավելի կմեծանա, և այս ներկայացումը հնարավորություն կտա ոչ պարտադիր կերպով կինո սիրող ու ճանաչող հանրությանը ևս ճանաչելու Սերգեյ Փարաջանովին։ Հիմնականում կինոմաններն են ավելի լավ ճանաչում կինոգործիչներին, բայց այս պարագայում քանի որ Փարաջանովի աշխարհը ներկայացվելու է պարի լեզվով, սա հնարավորություն կտա նաև այլ լսարանների ճանաչելի դարձնել Փարաջանովին, նրա արվեստի ընկալման և ըմբոշխնման գեղեցիկ գործընթացին։ Մենք վստահ ենք, որ այս ներկայացումը երկար կյանք կունենա և դեռ շատ երկար կշրջագայի։ Այդ առումով ակնկալում ենք նաև, որ սփյուռքում գործող պետական և ոչ պետական կառույցներն ու կազմակերպություններն իրենց մասնակցությունը կունենան, որպեսզի ներկայացումը շրջագայի, և հայկական մշակույթը տարածվի, ներկայացվի աշխարհով մեկ։

Sate Khachatryan 3

Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում իրագործել առաջիկայում հայկական մշակույթի, արվեստագետների, հայ երախտավորների հանրահռչակման ձեր որդեգրած գործունեության շրջանակում։

Ինչպես գիտեք, այս տարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց հայազգի Միսակ և Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու իր որոշման մասին։ Դա մեզ համար շատ կարևոր և խորհրդանշական հայտարարություն էր, որ կյանքի կկոչվի 2024 թվականի սկզբին։ Ովքեր լավ տեղյակ չեն, հիշեցնենք, որ Միսակ Մանուշյանը ֆրանսիական դիմադրության առաջնորդներից էր, որ իր 23 հոգուց բաղկացած խմբով բավականին մեծ վնաս հասցրեց նացիստական Գերմանիային, իր կյանքն իր մարտիկների հետ միասին դրեց Ֆրանսիայի ազատագրման գործում։ Միսակ Մանուշյանի միջոցով Ֆրանսիայի Հանարպետությունն իր խոնարհումն է բերում բոլոր այն օտարազգիներին, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն Ֆրանսիայի և հանուն Ֆրանսիայի ազատագրման։ Այս հայտարարությունից դեռ մեկ տարի առաջ, երբ մենք մեր մշտական փնտրտուքի մեջ էինք, թե ովքեր են այն արվեստագետները և հայկական մշակույթն ու հայ ժողովրդին ներկայացնող անունները, որոնց անպայմանորեն պիտի անդրադառնանք՝ նրանց մասին իրազեկելու և նրանք հանրահռչակելու համար, Միսակ Մանուշյանը մեր ցուցակում առաջին երեք տեղերում էր՝ Փարաջանով, Նարեկացի, Մանուշյան։ 2021 թվականին մենք այդ երեք անունները նշել ենք, որ անպայման պիտի անդրադառնանք․ այդ ցանկը գնալով մեծանում է։ Տա Աստված, որ բոլորին կարողանանք անդրադառնալ և անդրադառնալ հավուր պատշաճի։ Այսպիսով՝ Միսակ Մանուշյանին նվիրված ներկայացում անելու գաղափարը վաղուց կար։ Երբ մենք աշխատում էինք թեման ու սյուժեն գտնելու հարցի շուրջ, հասկացանք, որ ամբողջական պիես գտնել չենք կարող, հետևաբար պետք էր սկսել հենց պիեսից։ Այս նախագիծը մենք ներկայացրել ենք դրամաշնորհի ԿԳՄՍ նախարարությունում։ Հույս ենք հայտնում, որ անպայմանորեն ՀՀ-ն ևս այս նախագծին կաջակցի։ Իսկ մինչ այդ հաստատումը կարող ենք ասել, որ Մանուշյանին նվիրված ներկայացումն արդեն իսկ ունի աջակցություն ֆրանսիական կողմից․ այն իրականացվելու է «Ժան Վիլար» և «Տոբոգան» թատրոնների հետ համատեղ։ Ինչպես Փարաջանովին նվիրված ներկայացումն էր մի քանի էտապներով, Մանուշյանին նվիրված ներկայացման դեպքում ևս առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կլինի այստեղ՝ Հայաստանում, հետո ներկայացումը կխաղացվի Ֆրանսիայում, հյուրախաղերով կգա Երևան, թարգմանությունից հետո կվերաբեմադրվի նաև Հայաստանում։ Մ․ Մանուշյանին անդրադառնալով՝ մենք կխոսենք նաև իր արմատներից, իր ակունքներից, հանդիսատեսի համար ակնհայտ կդառնա, որ իր հանձնառությունը գալիս էր նաև իր ընտանիքից, իր արմատներից, ցեղասպանությունից մազապուրծ իր նախնիներից, և այդ նախնիների հիշողությունն ու կանչն էր, մասնավորապես ազատ գոյատևման կանչն էր  որ նրան մղեցին այն քաջագործություններին, որոնց մասին մինչ օրս խոսվում է Ֆրանսիայում։ Միսակ Մանուշյանի մասին նաև դասագրքերում է նշված։ Շատ կարևոր է, որ Հայաստանում ևս ճանաչենք մեր հայազգի ոչ միայն արվեստագետներին, այլ նաև հերոսներին, որոնց միջոցով ու որոնց շնորհիվ մի ամբողջ ժողովրդի մասին կարծիք է ձևավորվում, և այդ կարծիքը հիմնականում մնում է անբեկանելի։ Մ․ Մանուշյանը խորհրդանշում է հայ ժողովրդին և հայ ազգին․ ներկայացվում է իր ինտեգրման ուժն ու համեստությունը, հայրենիքի հանդեպ երախտագիտությունը, այն հայրենիքի, որ նրա ծնողներին հյուրընկալեց և նրան տանիք տվեց, կրթություն տվեց, այդ երախտագիտությունը՝ որպես հայ ժողովրդին բնորոշ գիծ, դրսևորում, մենք պիտի տեսնենք ու հասկականք նաև Մանուշյանի գործունեության մեջ։ Այո՛, նման մարդկանց, նման անունների շնորհիվ է, որ մեզ ճանաչում են և նրանց շնորհիվ է, որ կարծիք են կազմում մի ամբողջ ժողովրդի մասին։ Մանուշյանի նախագիծը սպասվում է 2024-2025 թթ․, իսկ 2025 թվականին ցեղասպանությանը նվիրված մեծ պարային նախագիծ ունենք, որի համար համագործակցելու նպատակ ունենք բրիտանացի հայտնի խորեոգրաֆ Ակրամ Խանի հետ։ Այդ աշխատանքները սկսել ենք, լիահույս ենք, որ «Սաթէ-Աթղի» երրորդ մեծ նախագիծը միջազգային հարթակում կլինի Կոմիտասի երաժշտությամբ և Ակրամ Խանի խորեոգրաֆիայով ներկայացումը։

Sate Khachatryan 4

Մենք գիտենք, որ դուք աշխատում եք նաև Հայաստանում՝ կատարելով հակառակը․ ներկայացնում ու հանրահռչակում եք ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիան, համագործակցում եք հայաստանյան թատրոնների, մասնավորապես մարզային թատրոնների հետ։ Ի՞նչ աշխատանքներ են տարվել ու տարվում այդ շրջանակում։

Այո՛, այս ամենին զուգահեռ մենք աշխատում ենք նաև Հայաստանում ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիայի հանրահռչակման ուղղությամբ, շարունակում ենք թարգմանել ֆրանսիացի ժամանակակից հեղինակների, նրանց բեմադրել տարբեր թատրոններում։ Հայաստանյան մեր աշխատանքների մեջ մեզ համար շատ կարևոր է մշակութային ապակենտրոնացումը։ Թերևս, դա է պատճառը, որ ավելի շատ աշխատում ենք մարզերում և մարզային թատրոնների հետ, քան մայրաքաղաքում։ Դա մեր ընտրությունն է, մեր ցանկությունն է։ Դրանով երբեմն ավելի ենք բարդացնում մեր կյանքը, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր հանդիպումներ և բացահայտումներ ենք անում։ Մարզային մշակութային կյանքի ակտիվացման կարևորությունը պետք է գիտակցեն բոլորը՝ մայրաքաղաքի բնակիչներից մինչև մշակութային քաղաքականություն մշակող և իրականացնող պատկան մարմինները։ Վստահ եմ, որ հնարավորության սահմաններում արվում է շատ բան։ Այս տարի մենք Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրում ենք Ֆլորիան Զելլերի «Որդին» պիեսը, որը ես եմ թարգմանել, և ժողովածուն լույս է տեսել 2019 թվականին։ Ներկայացման առաջնախաղը նախատեսված է հոկտեմբերի 7-ին։ Ներկայացման բեմանկարիչը Բենժաման Լըբրըտոնն է, որի հետ ես աշխատեցի անցյալ տարի Գյումրու պետական դրամատիկականում բեմադրված Ժուել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի հիման վրա ստեղծված «Սպասում» վերտառությամբ ներկայացման շրջանակում։ Վանաձորում բեմադրվող «Որդին» ներկայացման կոմպոզիտորը իտալացի Ֆեդերիկո Ալբանեսն է։ Թե՛ բեմանկարիչը, թե՛ կոմպոզիտորը կլինեն Հայաստանում, ներկա կլինեն բեմադրության առաջնախաղին հոկտեմբերի 7, 8-ին։ Այս նախագծի մյուս կարևոր առանձնահատկությունն էլ այն է, որ այն բեմադրվում է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի և Գորիսի պետական դրամատիկական թատրոնի համատեղությամբ․ դերասանների հիմնական կազմը Վանաձորի թատրոնից է, դերասաններ էլ կան, որոնք հրավիրված են Գորիսի թատրոնից։ Սա էլ է շատ կարևոր, որ մարզային թատրոնները սկսեն իրար հետ աշխատել և երկխոսել։ Մենք անցյալ տարի աշխատեցինք նաև Գավառի պետական դրամատիկական թատրոնի հետ, դրանից առաջ արդեն փորձ ունեինք աշխատելու Գորիսի պետական թատրոնի հետ։ Շատ հարստացնող փորձառություն է սա։ Ներսում լինելով և աշխատելով՝ մենք ավելի հիմնավոր կարծիք ենք կազմում հայաստանյան թատերական իրականության մասին, որտեղ, իհարկե, անելու, փոխելու շատ բան կա։ Դրա գիտակցությունն ունեն նաև այդ թատրոնում աշխատողները։  Չպետք է կարծել, թե մարզային թատրոնում աշխատող արտիստները տեղյակ չեն իրենց թատրոններում գոյություն ունեցող խնդիրների մասին և չեն ցանկանում, որ այդ խնդիրները լուծվեն։ Նրանք շատ սթափ, իրատեսորեն, հստակ գնահատում են կարողությունները, հնարավորությունները, միջոցները։ Այդ ամենը փոխելու իրենց ցանկությունը շատ ոգևորող է, շատ տպավորիչ է և ուրախացնող։ Ես շատ ուրախ եմ Գորիսի, Վանաձորի, Գյումրու, Գավառի թատրոններում ունեցած իմ փորձառության համար։

Այս տարի կթարգմանվեն ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ֆիլիպ Մինյանայի պիեսները։ Որոշ պիեսներ թատերականացված ընթերցմամբ կներկայացվեն հայաստանյան տարբեր թատրոններում։ Մյուս տարի մեր ընտրած հեղինակը Ժան-Լյուկ Լագարսն է՝ դարձյալ ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ, որը, ի տարբերություն մեր մինչ օրս ներկայացրած հեղինակների, կենդանի չէ, բայց նրա թողած դրամատուրգիական ժառանգությունը շատ հարուստ է ու կարևոր։ Դեռևս նրա կենդանության օրոք նրան կոչում էին ժամանակակից դասական։ Հավատում եմ, որ մեր բոլոր նախագծերը կյանքի կկոչվեն, որովհետև դրա մեջ մենք դնում ենք շատ սեր, աշխատանք ու հետևողականություն։ Ուզում եմ անպայմանորեն նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն ֆրանսիական կառույցներին, որոնք մեր կողքին են վերջին տարիներին, առաջին հերթին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Լիոնի Մետրոպոլը և Փարիզի ֆրանսիական ինստիտուտը, Օվերն Ռոն-Ալպեր տարածաշրջանը, Իզեր դեպարտամենտը, ինչպես նաև «IRAPA» հարթակը, Փարաջանովի այս նախագծով՝ նաև ՀԲԸՄ-ն։

Զրուցեց Հասմիկ Հակոբյանը

  • Created on .
  • Hits: 2283

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: