Հայկական երաժշտության մեջ կա կախարդանք, և արմատները թաքնված են ժողովրդական երգարվեստում. Միքայել Հայրապետյան

Սույն թվականի մայիսի 10-ին հանրահայտ Քարնեգի Հոլում տեղի ունեցավ  դաշնակահար Միքայել Հայրապետյանի բացառիկ համերգը: Նա առաջին անգամ կատարեց 24 հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ աշխարհի լավագույն և ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում։ «Cultural.am»-ը զրուցել է Միքայել Հայրապետյանի հետ Secrets of Armenia-ի («Հայաստանի գաղտնիքները»), համերգի և այլ հետաքրքիր թեմաների մասին:

Ձեր կյանքում դասական երաժշտության մասին խոսենք: Ե՞րբ հասկացաք, որ ցանկանում եք այն դարձնել ձեր կյանքի մի մասը:

Ես ծնվել եմ Երևանում, երաժշտական ընտանիքում: Իմ պապը՝   գալարափողահար, մանկավարժ Հրանտ Դմիտրյուկը, ամբողջ կյանքն աշխատել է «Սայաթ-Նովա» երաժշտական  դպրոցում, ինչպես նաև Երևանի սիմֆոնիկ նվագախմբում: Իմ տատը` Իրինա Սերգեևնան, Հայաստանի ժողովրդական արտիստ է, Ստանսիլավսկու  անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի:  Մայրս նույնպես ունի երաժշտական կրություն: Իմ ողջ կյանքում ես շրջապատված եմ եղել երգով և արվեստով: Եվ երբ վեց տարեկանից սկսեցի հաճախել «Սայաթ-Նովա» երաժշտական դպրոց, առաջին տարիներից էլ արդեն հասկացա,որ այն իմ կյանքի մասն է դառնալու: Երաժշտական կրթությունս սկել եմ Երևանում, ապա շարունակել Մոսկվայում՝ ավարտելով ասպիրանտուրան:

Ինչպե՞ս ծնվեց Secrets of Armenia-ի գաղափարը, ե՞րբ հասկացաք, որ կա  նման նախագիծ ստեղծելու անհրաժեշտությունը։

Կոնսերվատորիայիում սովորելու տարիներում եկա սկսեցի գիտակցել, որ անհրաժեշտ է գտնել իմ ուղին երգարվեստում: Բանն այն է, որ բոլոր դասական երաժիշտների ուղին ստանդարտ է. ստանալ կրթություն, ընդունվել կոնսերվատորիա, մասնակցել երաժշտական մրցաշարերի, նույնիսկ բարձր նշաձող ունեցող մրցաշարերի, որից հետո հաջորդում են պայմանագրերը, համերգները, ձայնագրությունները... Նման ստանդարտ ուղին ինձ ոչ միայն դուր չէր գալիս, այլև հետարքիր չէր:  Մարդը, որը ծնվել է Հայաստանում (ես շատ եմ սիրում Հայաստանը), պետք է օգտակար լինի այդ երկրի համար: Նա պետք է ոչ միայն կատարող լինի, այլև իր գործունեությամբ նպաստի երկրի զարգացմանը: Ամառները Երանում էի անցկացնում, կոմպոզիտոր Արթուր Միտինյանը հուշեց ուսումնասիրել կոմպոզիտոր Էդուարդ Աբրահամյանի նախերգերը: Ամեն ինչ սկսվեց այստեղից: Ես ապշած էի, թե որքան հարուստ է եղել քսանչորս նախերգերի դաշնամուրային տեխնիկան: Ասպիրանտուրայում ուսումնասիրությունս դարձավ գիտական աշխատանք և հիմք՝ հայկական դասական երաժշտության հետքերով նոր գիտական և գործնական ուսումնասիրությունների: Ես հասկացա, որ դա ինձ հետաքրքիր է, դա այն է, ինչով ուզում եմ զբաղվել, և ինչը ճանաչելի կդարձնի իմ երկիրը: 

Դուք վերակենդանացնում եք հայ կոմպոզիտորների մոռացված անունները՝ ձայնագրելով և կատարելով հայկական երաժշտական ​​գանձարանի նմուշներ։ Ի՞նչ փորձ են տալիս ձեզ բացահայտումներն ու հետազոտությունները:

Այդ բոլոր հետզաոտություններն ու բացահայտումները առաջին հերթին օգնում են Հայաստանի հետ կամուրջներ ստեղծել, լինել կապի մեջ: Այն գեղեցկությունը, որ կոմպոզիտորները ներդրել են իրենց ստեղծագործություններում արտացոլում է (և ես տեսնում եմ) Հայաստանի տարբեր անկյունները, բնապատկերները, ես տեսնում եմ մարդկանց, երբ կատարում եմ այս կամ այն կոմպոզիտորի գործը: Երաժշտության ուսումնասիրությունն ինձ օգնում է հասկանալ իմ երկիրը, գաղափարախոսությունը, հայերի, որտեղ էլ որ լինեն՝  Ռուսաստան, Չինաստան, Ամերիկա և այլն:  Ես տեսնում եմ, թե ինչպես է հայ ազգը արձագանքում իմ հետազոտություններին,  տեսնում եմ բարոյականության սահմաններ, բարոյական հատկություններ, լավ հատկանիշներ: Այն օգնում է ճանաչել Հայաստանի պատմությունը:

Miqayel Hayrapetyan

Այս բացահայտումները օգնու՞մ են, որ ավելի լավ ճանաչեք Ձեզ: Ինչպե՞ս են օգնում:

Ամեն ինչ պարզ է: Այն օգնում է հասկանալ, թե որքան ուժեղ եմ սիրում իմ հայրենիքը: Երբ նոր կոմպոզիտորի ուսումնասիրություն եմ սկսում, նրա ստեղծագործությունները  փորձում եմ անցկացնել իմ միջով, գիտելիքի պրիզմայի միջով, որ ստացել եմ Մոսկվայում: Հասկանում եմ, թե որքան զորեղ է իմ ազգը, հնարավոր է խոսքերս բարձրագոչ են, բայց  դա այդպես է իմ ներսում: Դա իմ ներքին վիճակն է և այն, թե որքան շատ կարող եմ անել իմ երկրի համար: Արդեն տասներկու տարի է, ինչ զբաղվում եմ այս գործով, և սա մինչև կյանքի վերջ է: Անգամ մի ամբողջ կյանքը բավարար չէ, որ նվագես ու ձայնագրես հայկական երաժշտությունը, քանի որ ժառանգությունն այնքան մեծ է: Երբ ես նվագում եմ հերթական կոմպոզիտորի գործերը, նոր բան եմ իմ  մեջ բացահայտում: Ես եմ սկսում փոխվել: Կյանքի, երաժշտության մեջ եղած ինչ-որ կարծրացած, հար շաբլոններից դուրս ես գալիս և հասկանում, թե որքան հարուստ է մեր ժողովուրդը:

Հարցազրույցներից մեկում նշել եք, որ տեսնում եք, թե ինչպես են մարդիկ փոխվում համերգի ժամանակ։ Ինչպե՞ս են նրանք փոխվում։ Ի՞նչ է տալիս դասական երաժշտությունը դիտողին, լսողին։

Ես մի քանի տարի աշխատել եմ Չինաստանում, ծանոթացել եմ հայկական համայնքի հետ, դասավանդել եմ համալսարանում և համերգներ ունեցել, ինչպես օրինակ Հարո Ստեփանյանի 26 նախերգերը: Ես նաև դիտում էի ներկաների արձագանքին և իրապես զարմացած էի, թե որքան հեռու է Չինաստանը Հայաստանից՝ մշակույթով, ապրելակերպով, ամեն ինչով, բայց ինչպես են մարդիկ արձագանքում այդ կախարդանքին, որ կա երաժշտության մեջ: Սրանք պարզապես խոսքեր չեն, մեր երաժշտության մեջ կա կախարդանք, և դրա արմատները թաքնված են հայկական ժողովրդական երգարվեստում, որ միաձուլված  է եկեղեցական երաժշտությանը: Այդ երկու ժանրերը միանալով՝ ծնվում է ինքնատիպությունը, որն իր ազդեցությունն է ունենում յուրաքանչյուրի վրա: Ես ուրախ եմ տեսնել, թե ինչ ազդեցություն  է ունենում հայկական դաշնամուրային երաժշտությունը  մարդկանց վրա: Դա կախարդանք է դրական իմաստով:

Մայիսի 10-ին Ձեր համերգն էր Քարնեգի Հոլում։ Եկեք խոսենք դրա մասին:

Մայիսի 10-ն իմ կյանքում հստակ էտապ է, ես կարծես դրան էի նախապատրաստվել և ցանկացել ելույթ ունենալ Քարնեգի Հոլում իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում, անգամ Secrets of Armenia նախագիծը սկսելուց առաջ: Քսանչորս հայ կոմպոզիտրոների ստեղծագործություն է հնչել Քարնեգի Հոլի մեծ դահլիճում, դա մի բան է, որ դեռ ոչ ոք չէր արել: Ներկայացրել եմ 150 տարվա երաժշտական պատմությունը՝ ցույց տալով հայկական երաժշտության տարբեր ժանրերի ազդեցությունները և ժանրային բազմազանությունը: Այնտեղ ներկայացված են տարբեր կոմպոզիտորների գործեր՝ Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Տիգրան Չուղաջյանի, Արամ Խաչատրյանի, Էդուարդ Աբրահամյանի  և այլոց: Ես ցույց եմ տվել երաժշտության զարգացման ընթացքը, ինչպիսին է եղել եվրոպական, ռուսական երաժշտության ներգործությունը, ցույց եմ տվել եկեղեցական, ժողովրդական ուղղությունները: Դա ինձ համար հռչակավոր իրադարձություն է, որին պատրաստվել եմ հոգեբանորեն:Այն իմ երազանքներից մեկն է եղել, որն արդեն իրականություն է:

Կոմպոզիտոր Արթուր Միտինյանի «Տոկատա»-յի պրեմիերան Քարնեգի հոլոմ եղավ: Խոսենք Տոկատայի մասին:

Համերգի երկրորդ հատվածի վերջնամասերում հնչեց  կոմպոզիտոր Արթուր Միտինյանի «Տոկատա»-ն: Կոմպոզիտորն այդ ստեղծագործությունն ավարտել էր համերգից մի քանի օր առաջ: Այն իրապես յուրահատուկ ստեղծագործություն է, որն ամբողջությամբ հիմնված է քառալարի (տետրախորդ) վրա: Քառալարը  երաժշտության տեսության մեջ չորս հաջորդական աստիճաններով կազմված հնչյունաշարն է: Այն ցույց է տալիս հայկական ավանադական ինքնությունը՝ իբրև ծածակագիր: Հայկական երաժշտության մեջ կա այդ ինքնությունը՝ ի տարբերություն եվրոպացիների: Եվրոպացիների մոտ դասական երաժշտությունը տոնալ է: Մենք ունենք քառալար, որը քիչ է ուսումնասիրված: Դրանով զբաղել է Կոմիտասը՝ վերծանելով խազերը, հասկանալով, թե ինչ է քառալարը:  Արթուրը հեռանում է արևմտյան եվրոպայի սկզբունքներից՝ տոնալ երաժշտությունից, որոշակի ռիթմերից, և ցույց է տալիս հնադարյան եղանակներ:

Եթե Հայաստանը երաժշտություն լիներ, ինչպիսին կլիներ այն:

Այն կլիներ բնության երաժշտություն, գեղեցիկ մարդկանց երաժշտություն, երաժշտություն՝ ոգու ամրության և եկեղեցական ավանդույթների նվիվածության: Հայկական դասական երաժշտությունը իր բազմազանությամբ, կոմպոզիտորներով, ոճով կարող է ընդգրկվել ավելի հզոր և պրոֆեսիոնալ դպրոցների և կոմպոզիտորական համաշխարհային երաժշտության հնգյակում:  Հայաստանը յուրահատուկ երկիր է: Եվ երբ ժողովուրդը գիտակցի, թե ինչ գանձեր ունի թաքնված, երբ դրանք ցույց տա աշխարհին, մեր կերպարն էլ ավելի կբարձրանա: Եվ երբ մենք խոսենք Հայաստանի մասին, դիմացինը տեսնելու է այս կամ այն կոմպոզիտորին, նրա ստեղծագործությունները, նկարչին: Ցանկանում եմ խոսքս եզրափակել Արամ Խաչատրյանի բառերով. «Հայկական դասական երաժշտության և մեր կոմպոզիտորների օգնությամբ մենք կհավաստիացնենք ամբողջ աշխարհին լսել մեր երաժշտությունը, և այդժամ, յուրաքանչյուրը, ով կլսի այդ երաժշտությունը կհարցնի, թե որտեղ է գտնվում այն երկիրը, ուր ծնվում է այսպիսի արվեստ»: Արամ Խաչատրյանի խոսքը մարգարեական  է, և ես վստահ եմ, որ կգա այդ օրը, երբ ամբողջ աշխարհը կճանաչի հայ կոմպոզիտորներին այնպես, ինչպես հիմա ճանաչում են Բախին, Բեթհովենին, Մոցարտին և այլն կոմպոզիտորների:

Զրուցեց Մերի Հովհաննիսյանը

  • Created on .
  • Hits: 1725

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: