Վահագ Ռաշ. Երգի թևերին ճախրողը

Ծրագրավորող և հաշվապահ, երգիչ և երգահան։ Մեկը մյուսի հետ կապ չունեցող ոլորտներ, սակայն ծրագրավորող և հաշվապահ Վահագն Ռուշանյանին հաջողվել է  իրեն լավագույնը դրսևորել նաև երգարվեստում։  Վահագն Ռուշանյանը, որ առավել հայտնի է Վահագ Ռաշ անունով, պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան սկսել է 2009 թվականից՝ ձայնագրելով Միսաք Մեծարենցի բառերով գրված «Համբույրի Մը Մեջ» երգը։

Դրան հաջորդել են   Կապուտիկյանի, Չարենցի, ՇիրազիՍահյանիՏերյանիՍևակի և այլ մեծանուն հեղինակների բառերի հիման վրա գրված երգերը, երգեր, որոնք ունկնդրի կողմից մեծ գնահատանքի են արժանանում։ Երգչի յուրահատուկ ոճը հենց առջև հնչյունից գերում է ունկնդրին ու մինչև վերջին ակորդն ու հնչյունը հասնելը՝ կրկին ցանկություն է առաջնում լսել առաջին հնչյունը։

2011 թվականի գարնանը տեղի է ունեցել Վահագ Ռաշի առաջին մենահամերգը։ Դրանից հետո երգիչը հրավերներ է ստացել Հայաստանի տարբեր քաղաքներից և Հայաստանից դուրս։

Vahag Rush 4

Օրերս Վահագ Ռաշը ներկայացրել է «Իմ Թափառական» («Միայն դու չտխրես») երգը և տեսահոլովակը (https://youtu.be/gQrRP78PdUU)։ Այս ստեղծագործության, առաջիկա ծրագրերի, հայկական երգարվեստի մասին cultural.am-ը զրուցել է Վահագ Ռաշի հետ։

Նախ շնորհավորում եմ նոր երգի ու տեսահոլովակի առիթով։ Հետևելով արձագանքներին՝ դրանք միայն դրական են՝ «հետաքրքիր ու լուսավոր», «հրաշալի կատարում», «գեղեցիկ ու որակով տեսահոլովակ ու երգ»։ Ինչպե՞ս է ընտրվել հենց այս երգը։

Երգի ընտրությունը վաղուց է եղել՝ մոտ երկու տարի առաջ։ Համավարակի ժամանակ, երբ օնլայն հարթակներում կենդանի համերգներ էի կազմակերպում, հետևորդներից մեկն առաջարկեց կատարել այդ երգը, որի հեղինակն է Ռուբեն Հախվերդյանը։ Ինձ համար անծանոթ էր երգը։ Հետո մի քանի անգամ լսեցի ու հիշեցի, որ փոքր տարիքում շատ եմ լսել Նարինե Հարությունյանի կատարմամբ։ Լսեցի ու  միանգամից տեղափոխվեցի մանկության տարիներ։ Որոշեցի խոսել հեղինակի հետ ու ստանալ թույլտվություն` այն կատարելու համար։ Ստանալով նրա համաձայնությունը՝ սկսեցինք գործիքավորման պրոցեսը, որը կատարեց Վահան Նահապետյանը։ Գործիքավորել ենք հենց բնօրինակի նման։ Երգը վերջնական տեսքի բերեց հնչյունային ռեժիսոր Սերգեյ Գասպարյանը։ Ռեժիսոր Մարիամ Գևորգյանի հետ քննարկեցինք և որոշեցինք, որ այն պետք է ունենա հոլովակ` սիրային ու աշնանային մոտիվներով։ Մարիամը, երբ ներկայացրեց սյուժեն, հենց առաջին կերպարը, որ անցավ մտքովս, Անի Խաչիկյանն էր. նրա կերպարը շատ համահունչ էր տվյալ երգին։  Տղայի դերում հանդես է գալիս Սեբու Թորիկյանը։

Քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ ավարտը լինի դրական, քանի որ այս շրջանում մարդկանց շատ են պակասում դրական հույզերը։

Vahag Rush 2

Առաջիկայում Ձեր կատարմամբ ի՞նչ երգեր կլսենք, տեսահոլովակներ կդիտենք, արդեն ունե՞ք  ծրագրեր։

Այս պահին վերջացրել ենք «Գյումրին ես եմ» երգի գործիքավորումը, ձայնագրությունը, տեսահոլովակը նկարահանված է, այժմ մոնտաժային աշխատանքներ են կատարվում։ Երգի բառերի հեղինակն է գյումրեցի Երվանդ Նազարեթյանը։ Այն լինելու է Գյումրվա բարբառով Գյումրու այսօրվա մասին, տեսահոլովակում նկարահանվել են շատ հայտնի գյումրեցիներ։

Այս պահին գործիքավորում ենք Վահան Տերյանի «Պտտվիր, պտտվիր, կարուսել» ստեղծագործությունը բլյուզային ոճում։

Ունեմ երգեր, որոնք արդեն ավարտված են, առաջիկայում կտեղադրենք համացանցում։

Ապրիլի 8-ին «Հին Արենի» մյուզիք հոլում կունենամ մենահամերգ։

Այժմ բենդ եմ ուզում հավաքել, առաջին փորձն արդեն արել ենք։ Կլինի կիթառ, բաս կիթառ, լարային և հարվածային գործիքներ, հավանաբար, դաշնամուր։ Երաժիշտներն ընտված են, մեծ մասը ռուսներ և ուկրաինացիներ են, որոնք վերջին ամիսներին են եկել Հայաստան։ Շատ լավ երաժիշտներ են։ Տեսնենք՝ ինչպես կստացվի։

Vahag Rush 3

Դուք ընտրում եք Կապուտիկյանի, Չարենցի,  ՇիրազիՍահյանիՏերյանիՍևակի, Մեծարենցի բանաստեղծությունները։ Ինչո՞վ է պայմանավորված այդ ընտրությունը։

Առաջին երգերը, որոնք ստեղծվեցին, հայրիկիս երաժշտությամբ էին` Մեծարենցի ու Կապուտիկյանի խոսքերով գրված, ու սկսեցի շարունակել այդ աշխատանքը։ Հասկացա, որ ինձ համար հարազատ են այդ հեղինակները, հաճույք եմ ստանում դրանք կատարելուց, նաև ուսուցողական բնույթ ունեն. շատ դեպքերում հենց այդ երգերի շնորհիվ են լսում այդ բանաստեղծությունները, մնում են նրանց հիշողության մեջ։

Վահան Տերյանի բանաստեղծություններն արդեն իսկ երգեր են, հաճելի է դրանց հիման վրա երաժշտություն գրելը։ Մեծարենցն է շատ երգեցիկ։ Չարենցը բավական բարդ է, Սևակը՝ ամենաբարդը։

Երաժշտության հեղինակը շատ դեպքերում ես եմ, երգեր ունեմ հայրիկիս երաժշտությամբ։ Համագործակցում եմ Հասմիկ Արշակյանի, Տաթև Ոսկանյանի հետ։

Դուետներո՞վ եք նախընտրում հանդես գալ, թե՞ միայնակ։

Կախված է երգից։ Եթե կառուցվածքն ու բովանդակությունը թույլ է տալիս դուետով հանդես գալ,  հետաքրքիր է լինում. երկու երաժիշտ են մասնակցում, ամեն մեկն իր էներգիան ու յուրահատկությունն է դնում երգի մեջ, արդյունքում՝ առանձնահատուկ բան է ստացվում։

Ձեր ստեղծագործությունների մեջ գերակշռում են ռոքային էլեմենտները։ Այսինքն` կարելի է ենթադրել, որ  երաժշտական ժանրերից հենց ռո՞քն եք նախընտրում։

Իմ երգերը հիմնականում ոճ չունեն, բայց ինչպես ասացիք, գերակշռում են ռոքային էլեմենտները։ Չեմ կարող համարել, որ լրիվ ռոք են, փոփ են, իմ երգերի մասին կարող եմ ասել՝ հեղինակային երգեր` ռոքային էլեմենտներով։ Երևի շատ եմ լսել ռոք երաժշտություն ու պատկերացնում եմ գործիքավորումը միշտ այդ ոճում։

Մասնագիտությամբ ծրագրավորող և հաշվապահ եք։ Երաժշտական մասնագիտական կրթության չունեք։  Ինչպե՞ս այս փոփոխությունը եղավ մի ոլորտից լրիվ այլ ոլորտ։

Մի երգ ունեմ՝ «Երգի թևերին».

Մանուկ օրերից՝ երգն ինձ ուղեկից,
Երգի թևերին ճախրում եմ նորից։

Մայրիկս է հեղինակը, ես եմ տվել միտքը, դրա մեջ ամբողջությամբ նկարագրված է։  Մանկուց միշտ երգը եղել է, միշտ նվագել եմ, երգել եմ, պրոֆեսիոնալ սկսել եմ զբաղվել 2008-2009 թվականին։ Մի օր որոշեցի,  որ կարելի է  գործիքավորել հայրիկիս երգերը։ Հետագայում զգացի, որ սիրվում են, շարունակեցի։ Հայտնի դառնալու միտք չունեի, ինքնըստինքյան ստացվեց. ինչքան որ ստացվել է։

Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա հայկական երգարվետը։

Հաճախ եմ կարծիքներ լսում, որ վիճակը վատ է, ցավալի։ Համաձայն չեմ, լավ երգիչներ, ստեղծագործողներ կան, ուղղակի հնարավորություններն են մի փոքր սահմանափակ։

Մի տենդենց եմ նկատում, որն ինձ տհաճ է. վերցնում են արտասահմանյան հիթային երգեր, թեթևակի փոփոխություն անում, ներկայացնում իբրև իրենց ստեղծագործություն։ Պատիվ չէ մեր ազգին, երբ ասում են՝ հայերը գողանում են ուրիշների երգերը։

Բայց ունենք շատ հետաքրքիր,  շատ լավ միտք ունեցող երիտասարդներ,  այսինքն` զգում ես, որ ապագա կա։ Թեև որակյալ երաժշտության լսարանը փոքր է, սակայն բոլոր տեղերում էլ նույն վիճակն է. որակյալ երաժշտություն լսողներն ավելի քիչ են։

Շնորհակալ եմ` հարցերին պատասխանելու համար։

 Զրուցեց Նաիրա Տիգրանյանը

  • Created on .
  • Hits: 2768

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: