Էպիկական մեծ պոեմների շարքից. Հոմերոսի «Իլիականը»՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի թարգմանությամբ

Լույս է տեսել Հոմերոսի «Իլիական»-ի բնագրային նոր թարգմանությունը։ Հարցազրույց թարգմանիչներ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի հետ

 

Հոմերոսի աշխարհահռչակ «Իլիական» երկը մշտապես գրավել է ինչպես սովորական ընթերցողների, այնպես էլ գիտնականների ու բանասերների ուշադրությունը։ Այն աչքի է ընկնում հարուստ ու ճոխ լեզվով, պատկերավոր համեմատություններով ու դարձվածքներով։ Հայ ընթերցողին դարձյալ ներկայացվում է «Իլիականը»՝ արդեն Ձեր և Գոհար Մուրադյանի թարգմանությամբ։ Մինչ այս եղել է արևելահայերեն երկու թարգմանություն՝ Համազասպ Համբարձումյանի (1955 թ.) և Մկրտիչ Խերանյանի (1987 թ.), վերջինը՝ գրաբարից ու ռուսերենից։ Ինչո՞ւ «Իլիական»-ը, ինչի՞ համար է նոր թարգմանությունը։

Ինչքան շատ որևէ ժողովուրդ ունենա «Իլիական»-ի և նման այլ գրական կոթողների որակյալ թարգմանություններ, այնքան ավելի կարող է հավակնել քաղաքակիրթ կոչվելու։ Օրինակի համար նշենք, որ, ըստ որոշ հաշվարկների, գոյություն ունի «Իլիական»-ի մոտ 200 անգլերեն թարգմանություն. ինքներս հաշվել ենք մի քանի տասնյակ։ Սա էր մեր նոր թարգմանության շարժառիթներից մեկը։ Բացի այդ, ամեն թարգմանիչ ունենում է իր նախասիրած երկերը։ Վաղուց էինք ուզում Հոմերոս թարգմանել, բայց նախ և առաջ լատիներենից թարգմանեցինք երկու այլ նույնարժեք էպիկական գլուխգործոց՝ Վերգիլիուսի «Էնեականը» և Օվիդիուսի «Կերպարանափոխությունները», որովհետև դրանց արևելահայերեն ամբողջական թարգմանություններ չկային։ Մեր թարգմանությունը վաղեմի ցանկության իրականացում է և նպատակ ունի նոր կյանք տալու Հոմերոսին, նրա անմահ երկը կրկին շրջանառության մեջ դնելու և հայ ընթերցողին այն նորովի ներկայացնելու։    

«Իլիականի» բնագրային նոր թարգմանություն, առաջաբան և ծանոթագրություններ։ Այս ամենը ենթադրում է հսկայածավալ և երկար ժամանակ պահանջող աշխատանք, ուսումնասիրություն։ Ինչո՞վ է առանձնանում «Իլիականի» նոր թարգմանությունը։

Իրավացի եք, աշխատանքը շատ ջանքեր պահանջեց մեզնից, բայց քանի որ երկուսով ենք աշխատում, կարողացանք այն ավարտել համեմատաբար կարճ ժամանակում (մոտ քսան ամսում)։ Ընդ որում, զուգահեռաբար հրատարակության ենք պատրաստել նաև այլ գրքեր։ Մենք շատ ենք աշխատում, բայց չենք դժգոհում, որովհետև զբաղված ենք մեր սիրելի գործով։ Ձգտել ենք իմաստային առավելագույն ճշգրտության և երկը ժամանակակից հայ ընթերցողին մատուցելու պարզ, հասկանալի լեզվով։ Անշուշտ, նման էպիկական երկի բնույթը պահանջում է նաև բարձր ոճի ու հնաբանությունների կիրառություն, բայց փորձել ենք այս առումով չափավոր լինել։ Առաջաբանը գրելիս և ծանոթագրությունները կազմելիս հաշվի ենք առել օտարալեզու նոր կարևոր ուսումնասիրություններ։  

Iliakan

Արդյոք «Իլիականի» վրա աշխատելիս օգտվե՞լ եք հայերեն նախկին թարգմանություններից, նաև ռուսերեն կամ անգլերեն տարբերակներից, թե՞ օգտագործել եք միայն բնագիրը։

Ոչ թե օգտվել, այլ, համեմատության համար, իհարկե, մեր ձեռքին ունեցել ենք ոչ միայն հայերեն նախորդ (նաև գրաբար ու արևմտահայերեն), այլև օտարալեզու բազմաթիվ թարգմանություններ։ Հոմերոս թարգմանելու դարավոր ավանդույթներ կան, և պատասխանատու թարգմանիչն անպայման պիտի ծանոթ լինի դրանց։

Որքանո՞վ եք հարազատ մնացել բնագրին, ի՞նչ դժվարությունների եք հանդիպել թարգմանելիս։

Փորձելով Հոմերոսին լավ հնչեցնել հայերեն՝ միաժամանակ, ինչպես նշվեց, նույնպիսի գերնպատակ ենք ունեցել առավելագույնս հարազատ մնալ բնագրին։ Դա մեր պատկերացմամբ նշանակում է ոչ միայն փոխանցել Հոմերոսի խոսքերի ընդհանուր իմաստը, այլև թարգմանել հնարավորինս բառացիորեն։ Հատկապես չափածո երկերի թարգմանիչները լավ գիտեն, թե որքան դժվար է այս երկու՝ բարեհնչության և ճշգրտության սկզբունքը մեկտեղելը։ Իսկ առաջին դժվարությունը, իհարկե, կապված է հոմերոսյան բնագրի լեզվի հետ։ Նրա պոեմները գրված են հին հունարենի մի յուրօրինակ բարբառով, որը կոչվում է հենց «հոմերոսյան բարբառ»։ Այն տարբեր է հին հունարենի առավել կանոնական համարվող ատտիկյան բարբառից և հատուկ ուսումնասիրություն է պահանջում։

Iliakan 2

Գրել եք՝ «Այս մռայլ ու տագնապալի օրերում բարձր մշակույթը կարող է որոշ մխիթարություն բերել մարդկանց»։ Ըստ Ձեզ՝ այսօրվա իրականության մեջ, երբ շատերի ուշադրության կենտրոնում մեր սահմաններն են, սահմանին կանգնած զինվորը, զինվորին որևէ բանով օգնելը, գիրքն ինչպիսի՞ դեր ունի։ Նման ապրումներ ունեցող մարդուն ի՞նչը կարող է ստիպել գիրք վերցնել ձեռքը ու ինչպիսի՞ գիրք։

Սահմանները, սահմանին կանգնած զինվորը, զինվորին որևէ բանով օգնելն առաջնահերթություններ են։ Երբ սրվում է սահմանային իրավիճակը, բոլորս, բնականաբար, մոռանում ենք մնացյալ ամեն ինչ։ Մյուս կողմից, սակայն, մեր երկիրն ապրում է, ուրեմն պիտի ապրի նաև նրա գիրքն ու մշակույթը։ Համաշխարհային մշակույթի բազմաթիվ գլուխգործոցներ ստեղծվել են պատերազմական ժամանակներում։
«Ինչպիսի՞ գիրք» հարցին դժվար է պատասխանել, քանի որ մարդկանց նախասիրությունները տարբեր են։ Եթե փորձենք պատասխանել մեկ բառով՝ առաջին հերթին արժեքավոր գիրք, այնպիսին, որ անցել է զանազան փորձություններով և շարունակում է արժեք համարվել (ամենևին չենք բացառում ժամանակակից գրականությունը)։ Իսկ արժեքավորն ու պոպուլյարը կարող են և փոխկապակցված չլինել։

Ո՞րն է լինելու հաջորդ թարգմանությունը։

Առաջիկայում լույս կտեսնի Արիստոֆանեսի՝ հավերժ արդիական կատակերգությունների մի ընտրանի։ Աշխատում ենք Վերգիլիուսի «Բուկոլիկներ»-ի ու «Գեորգիկներ»-ի, Արիստոտելի «Պոետիկա»-ի և, իհարկե, Հոմերոսի «Ոդիսական»-ի վրա։

Տ. Ա.

  • Created on .
  • Hits: 1479

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: