«Երջանկությունը՝ ես-ից դուրս»․ հարցազրույց «Լռեցված սիրո ուրվականը» գրքի թարգմանիչ Տաթևիկ Ստեփանյանի հետ

«Լռեցված սիրո ուրվականը»․ բանաստեղծությունների ժողովածու հիշեցնող այս վերնագիրն իրականում ժամանակակից հայտնի հույն հոգեբան Մարո Վամվունակիի մասնագիտական աշխատության անունն է՝ նվիրված անհատի՝ երջանկության ենթագիտակցական որոնումներին, ժամանակակից աշխարհում նրա կորսված ներքին խաղաղության պատճառներին ու դրա վերագտնման ճանապարհներին։ Գիրքը և՛ հեղինակի անհատական դիտարկումների ու հիշողությունների հանրագումարն է, և՛ պրակտիկ ուղեցույց, որտեղ ընթերցողն ինքն արդեն կարող է խորհրդածության առիթ տվող բազում մտքեր գտնել։

Այս գիրքը վերջերս հայ գրասերի դատին է հանձնել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Ձեռնարկը հունարենից թարգմանել է բանասեր, Մատենադարանի աշխատակից Տաթևիկ Ստեփանյանը։

Տաթևի՛կ, Դուք երկար տարիներ ուսումնասիրել եք հունարենն ու հունական մշակույթը, մի քանի անգամ եղել եք Հունաստանում։ Ինչպե՞ս է ծնվել սերն այդ լեզվի և երկրի հանդեպ։

Դեռ փոքրուց ինձ գրավում էին Հունաստանի կղզիները, ծովը, երգերը, լեզվի հնչողությունը: Բայց երբ մեկնեցի Հունաստան՝ լեզուն ուսանելու, չէի էլ պատկերացնում, որ հայտնաբերելու եմ մի նոր՝ հրաշալի աշխարհ, որը հսկայական դեր է խաղալու իմ կյանքում: Ճիշտ է, Հունաստանի օդում մի բան կա, որ հավերժորեն քեզ կապում է իրեն, բայց այդ հրաշալի աշխարհը հայտնաբերեցի լեզվի, գրքերի միջոցով:

Պատմականորեն այդքան մերձ լինելով միմյանց՝ հայ-հունական մշակութային կապերը, այս դեպքում՝ գրականության թարգմանությունն այնքան էլ չի կարևորվել՝ հակառակ, օրինակ, արևմտաեվրոպական և ամերիկյան ժամանակակից գրականության ակտիվ թարգմանությանը։ Ինչո՞վ դա կբացատրեք։

Նախ՝ լեզվի խնդրով: Սակավաթիվ են հունարենին տիրապետող մարդիկ Հայաստանում, հատկապես՝ խորությամբ: Բացի այդ, Ձեր նշած երկրներն ավելի «մոդայիկ» են, և երբ այդ երկրներում աղմուկ է բարձրանում որևէ գրքի շուրջ, այն գովազդվում ու ճանաչում է ձեռք բերում մինչև թարգմանվելն անգամ:

Այս գիրքը ինչ-որ իմաստով մոտիվացիոն գրականության նմուշ է՝ ուղղություն, որ շատ տարածված է ժամանակակից երիտասարդության շրջանում։ Ինչո՞վ է այն տարբերվում նույն ուղղության՝ բեսթսելեր դարձած այլ գրքերից։ Ի՞նչ նոր բան է այն առաջարկում ընթերցողին։

Հիմնական տարբերությունը քրիստոնեական ուղղվածությունն է: Այստեղ ուղղությունը ոչ թե ես-ից ներս է, այլ՝ դուրս: Իհարկե, հիմնական նպատակը մյուս մոտիվացիոն գրքերի պես անձի երջանկությունն է, բայց այստեղ դա տեղի է ունենում ես-ից դուրս գալու, գեղեցիկը տեսնելու, սիրելու ու նվիրվելու միջոցով:

lrecvac siro urvakany

Գրքի հատկապես ո՞ր հատվածները կամ ուղերձներն են առավել հարազատ անձնապես Ձեզ, որոնք և գուցե ցանկություն են առաջացրել այն թարգմանելու։

Շատ են: Հենց առաջին էջերից ցանկություն եմ ունեցել թարգմանելու գործը, որպեսզի հարազատներս էլ կարդան: Այնուամենայնիվ, ինձ ամենահարազատը նախավերջին գլուխն է, որը ժամանակ առ ժամանակ կարդում եմ (հիշյալ գլխում պատմվում է արյունակից ազգականներ չունեցող մի մարդու մասին, ով, սակայն, միշտ խաղաղ է, անհամար ընկերներ ունի և բոլորին բարի խորհրդատու է ու օգնական – խմբ․):

Հունաստանի ժամանակակից գրական ասպարեզում այսօր շա՞տ են հրատարակվում այսօրինակ գրքեր։ Կա՞ արդյոք նպատակ այլ գործեր ևս թարգմանելու։

Ուրախությամբ հայտնաբերել եմ, որ Հունաստանում կարծես թե նկատելի թիվ են կազմում քրիստոնյա հոգեբանները և հոգեբան հոգևորականները, որոնց գործերը, անշուշտ, արժեքավոր են: Դեռևս նոր գիրք թարգմանելու հստակ պլաններ չկան, բայց նպատակ, այո, կա:

Եթե համեմատեք հայ և հույն ժամանակակից հասարակությունները, հատկապես երկու երիտասարդ սերունդներին, ի՞նչ հիմնական նմանություններ և տարբերություններ կառանձնացնեք։

Հույն երիտասարդներն ավելի ազատ բարքեր ունեն, բայց ի տարբերություն շատ այլ եվրոպական երկրների ավանդույթների՝ հույն մարդու մեջ ամուր նստած է ընտանիքի գաղափարը, որով էլ հենց նմանվում են հայ հասարակությանը:

Հարցազրույցը՝ Cultural.am-ի

  • Created on .
  • Hits: 1017

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: