Կյանքը երկխոսություն է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

Մեր զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, դերասանուհի, «Արտվազդ» 2021֊ին լավագույնը ճանաչված ներկայացման ռեժիսոր Նարինե Գրիգորյանն է։ Արտիստի հետ խոսել ենք կարիերայի, ընտանիքի և հանրությանը սպասվող նորությունների մասին։

Հարգելի՛ Նարինե, գիտեմ, որ վաղ տարիքում հարուստ գիտելիքներ եք ունեցել մաթեմատիկայից և որոշել մասնագիտական ուղին շարունակել այդ ուղղությամբ, սակայն ամեն բան փոխվել է և ընթացել լրիվ այլ կերպ: Ինչպե՞ս դա եղավ, ինչու՞ ընտրեցիք դերասանի մասնագիտությունը, ո՞րն էր շարժառիթը:

Դեռ վաղ հասակից ասում էի, որ դերասանուհի եմ դառնալու: Մեր ընտանիքը մաթեմատիկների ընտանիք էր, ստեղծագործում էի այդ ոլորտում, որին ամբողջությամբ նվիրվել էի: Դպրոցական տարիներին ուսուցիչս հատուկ ստուգողական էր կազմում ինձ համար ու տանում ինձ այլ դասասենյակ, որպեսզի չօգնեմ մյուսներին։ Այն ժամանակ հաճախում էի թատերական խմբակ, ուսուցիչս պոետ Գևորգ Կարապետյանն էր, ամեն երեկո նրանց տանը, որը «վերանատուն» էինք անվանել, անցկացնում էինք երեկոներ, ամեն անգամ  մի նոր բան սովորում: Նա մեզ պատմում էր համաշխարհային գրականությունից, թատրոնից, պոեզիայից, որն էլ հետագայում իր պտուղները տվեց: Երբ պարապում էի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդուվելու համար, մի անհեթեթ բան տեղի ունեցավ. ֆրանսերենի պարապմունքի ուսուցչուհիս ասաց, որ ընտրեմ՝ կա՛մ ֆրանսերենը, կա՛մ թատերական խմբակը: Մտածեցի ու զգացի, որ չեմ կարող չգնալ թատերկան խմբակ, չեմ կարող ամեն երեկո չգնալ Գևորգ Կարապետյանենց տուն. դա ինձ համար ավելի թանկ էր: Այդպես էլ կատարեցի վերջնական ընտրությունս, ճիշտ է, սկզբում մի փոքր վախենալով, բայց արեցի, որի համար չեմ ափսոսացել ոչ մի պահ:

Ի՞նչ արժեքավոր գիտելիքներ է Գևորգ Կարապետյանը Ձեզ տվել:

Գևորգ Կարապետյանն իմ մեջ սերմանել է պոետակաթյունը: Պոեզիան թռիչք է, բառերի թռիչք, որ մտնում է լսողի մեջ ու խաղում նրա հոգու լարերով։ Բայց պոեզիան նաև հանգերի հաշվարկ է, մաթեմատիկա:

Նույնն էլ հիմա ինձ համար թատրոնն է․ ես ամեն ինչ անում եմ զգացողությամբ, բայց նաև հաշվարկելով ամեն պահը` ինչպես մաթեմատիկայում ու հետո փորձերի ընթացքում սպասում ամենակարևոր պահին՝ թռիչքին, որ ներկայացումը օդի պես թեթև դառնա, որով վարակված հանդիսատեսը դուրս գա թատրոնից։

Narine4

Գիտեմ նաև, որ դասավանդում եք. հե՞շտ է համատեղել դասավանդումն ու կարիերան, որքանո՞վ են դրանք իրար լրացնում:

Հիմա քիչ եմ դասավանդում։ Երբ առաջարկեցին դերասանական կուրս հավաքել և լինել կուրսի ղեկավար, մերժեցի, քանի որ հասկանում եմ, որ չեմ հասցնի համատեղել աշխատանքս, ընտանիքս ու դասերը: Պիտի ճանաչես ուժերդ ու ճիշտ բաշխես։

Բայց դասավանդելը կարևոր է ստեղծագործողի համար․ երբ շատ ես ստեղծագործում, ինքնդ քեզ կրկնելու, սպառվելու վտանգ կա, իսկ դասավանդելն օգնում է ինքնդ քեզ կողքից տեսնելու, վերլուծելու, նաև հասկանալու, թե ինչն է հետաքրքրում երիտասարդ սերնդին, նրանց հետ համարձակ փորձարարության գնալու։

Այս տարի ավելի շատ խաղում եմ, աշխատում տարբեր հետաքրքիր ռեժիսորների հետ՝ Սերժ Մելիք-Հովսեփյանի, Նիկոլայ Ծատուրյանի, Արման Նշանյանի։ Մեծագույն հաճույք է։ Նրանցից շատ բան եմ սովորում, նոր փորձառություն ձեռք բերում, որի շնորհիվ այլ երանգներ եմ բացահայտում իմ և մասնագիտությանս մեջ:

Վստահ եմ, որ կունենաք տաղանդավոր աշակերտներ, որպես ուսուցիչ ի՞նչ խորհուրդներ եք տալիս, ինչպե՞ս եք նպատասում նրանց մասնագիտական աճին:

Օրինակ բերեմ Մերի Մարգարյանին, որը Ռուբեն Բաբայանի ռեժիսորական կուրսում էր սովորում, ուր նաև ես էի դասավանդում: Հնարավորություն տրվեց Մերիին դիպլոմայինն անել մեր թատրոնում, նա բեմադրեց Վուդի Ալլենի «Ճախրող լամպը»: Շատ լավ ներկայացում ստացվեց, սիրվեց հանդիսատեսի կողմից։ Հասկացա, որ պետք է հնարավորություն տալ տաղանդավոր ստեղծագործողին բացվելու, նորովի արտահայտվելու: Արդյունքում ծնվեց Մերիի երկրորդ ներկայացումը՝ Ա․ Կովալենկովայի «Գծավորը»՝ վառ մանկական ներկայացում։ Իսկ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը Մերին այս տարի ստացավ «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» մրցանակը:

Նաև ինստիտուտում աչքի ընկնող ուսանողների ներառել ենք մեր թատերայնացված ընթերցանությունների մեջ, հնարավորություն տվել ինքնադրսևորվելու և մեզ հետ խաղալու։

Narine2

Ի՞նչ պարտադիր և կարևոր հատկանիշներ պետք է ունենա դերասանը:

Թատերական ինստիտուտ դիմորդների մոտ կստուգեի ռիթմի զգացողությունը, քանի որ ամբողջ տիեզերքը ռիթմ է, պետք է լսես այդ ռիթմը, որ վերստեղծես բեմում, որ ստանաս թռիչքը, պոեզիան․․․ և հումորի զգացումը, թե որքան թեթև կարող են նայել կյանքին, օտարանալ իրավիճակից, որ հետո թեթև կարողանան մատուցել պատմությունը: Երբ դերասանն ինքնահումոր չունի՝ շատ դժվար է, քանի որ մեր մասանգիտությունն, այսպես կոչված, մանկության մասնագիտություն է, մանկությունը չկորցրած մարդու մասնագիտություն. դու շարունակում ես խաղալ և դրա համար վճարում են քեզ ու հիանում: Հիշում եմ՝ երբ մեկնում էինք Միացիալ Նահանգներ, դեսպանատան հարցազրույցին պատասխանում էի, որ ՀՀ վաստակավոր արտիստ եմ ու մեկնում եմ Ամերիկա` հայ երեխաների համար հավ խաղալու։ Ստիպված էի մի քանի անգամ կրկնել, թե ինչ եմ խաղալու, որովհետև դեսպանատան աշխատողը չէր հավատում լսածին։ Վերջում արդեն հավի կչկչոցն էի անում։

Զբաղվում եք ռեժիսորությամբ ևս, հե՞շտ է աշխատել դերասանների հետ որպես ռեժիսոր: Ի՞նչ դժվարություններ են ի հայտ գալիս այդ գործում:

Գերագույն հաճույք է այս ոլորտում աշխատելը: Ճիշտ է, դժվարություններ կան, բայց երբ սիրով ես աշխատում, դրանք չես էլ զգում:

Սովորել եմ ռեժիսուրա, ինստիտուտն ավարտելուց հետո ընդունվել Համազգային թատրոն՝ որպես դերասանուհի։ Բեմադրություն էի անում մեկ-երկու տարին մեկ Տիկնիկային թատրոնում։

Երբ դարձա գեղարվեստական ղեկավար, սկզբում շատ էի վախենում, չէի պատկերացնում՝ կկարողանամ հաղթահարել այդ բեռն ու մեծ պատասխանատվությունը։ Բայց ամեն փորձության հետ ուժն էլ է տրվում։ Իմ ուժը մեր թատրոնի անձնակազմն է։ Նրանք մեկ մարդու պես կանգնեցին կողքիս, հավատացին։ Ես իրենց շատ սիրեցի, իսկ նրանք հրաշքներ գործեցին։ Մեկ տարում ներկայացրինք հանդիսատեսի դատին յոթ ներկայացում:

Երբ դերասան եմ լինում, հավատում եմ այն աշխարհին, որ պիտի ստեղծենք ռեժիսորի հետ, ուզում եմ դառնալ նրա «հեքիաթի» հերոսը: Երբ ռեժիսոր եմ, գիտեմ՝ ինչ չի սիրում դերասանը, ինչը կարող է նրան խանգարել, աշխատում եմ նրա համար ստեղծագործելու լավագույն մթնոլորտը ստեղծել, ցույց չեմ տալիս՝  ինչպես խաղալ, գիտեմ՝ դերասանն ինքը կգտնի լավագույնը, պետք է պարզապես ուղղորդել:

Narine3

Բազում դերեր եք կերտել, ի՞նչ եք սովորել դրանցից, ի՞նչ եք քաղել ու յուրացրել:

Ամեն դեր ինձ համար ճիշտ պահին հայտնված դեղահաբ է եղել: Դերերս կարողացել են ինձ դաստիարակել, շատ բան սովորեցնել: Հաճախ կարդում եմ դերս ու հասկանում, որ այն ինձ շատ նման է, հասկանում եմ նրա սխալներն ու ինքս ուղղվում: Դերերն օգնում են ինքնավերլուծել իրավիճակը, օգնել չհասնելու ծայրահեղությունների, լինել հավասարակշռված:

Ո՞րն է եղել Ձեր ամենասիրելի և ստացված դերը՝ ըստ Ձեզ և ինչու՞:

Ստացված դերերիս գնահատակը կարող է տալ հանդիստասեսը: Սիրելի դերերս շատ են, բայց ներկա պահին ապրում եմ մեր  նոր «Վեներան մուշտակով» ներկայացման մեջ իմ Վանդա Ջորդանի դերով:

Հանդիսատեսի առաջ պատասխանատվությունն ավելի մեծ է, երբ ելույթ եք ունենում որպես դերասա՞ն, թե՞ երբ Ձեր ռեժիսորական գործն է լինում բեմում:

Երկուսն էլ շատ պատասխանատու են: Երբ ռեժիսորական գործդ դեռ չի տեսել հանդիսատեսը, դա ամենացավոտ, լարված պահն է, քանի որ դրել ես այդտեղ քո լավագույնը նրանց համար ու չգիտես՝ ինչ արձագանք կստանա այն: Այս զգացողությունը, սակայն, 2 մասնագիտություններում էլ կա, համահավասար են:  

Narine6

Գիտեմ, որ առաջիկայում հանրությանը հանդես կգաք նորություններով, նոր պրեմիերաներով: Պատմեք նաև այդ մասին:

Դեյվիդ Այվզի «Վեներան մուշտակով» թատերայնացված ընթերացնությունն այնքան սիրվեց, որ Սերժ Մելիք-Հովսեփյանը, որը աշխատել էր մեզ հետ ընթերցանության վրա, որոշեց բեմադրել. պրեմիերան` մայիսի 7-ին և 14-ին։ Հանդիսատեսը մեզ հետ բեմի վրա է, նման ձևաչափով ներկայացում մեր թատրոնում առաջին անգամ է, ու, իսկապես, մեկ ուրիշ հաճույք է։ Կուզեի՝ հանդիսատեսը նոր զգացողություններ ապրի մեր թատրոնում։ Շուտով կունենանք Նիլ Սայմոնի «Մոլորվածները Նյու-Յորքում» Արման Նշանյանի բեմադրությունը, որը գրեթե պատրաստ է: Սեպտեմբերին պատրաստ կլինի Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությունը` Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը», որը շատ հետաքրքիր փորձառություն է, քանի որ մեր ու Գյումրու թատրոնի հետ համատեղ ենք անում` կեսը Գյումրու, կեսն էլ մեր դերասաններն են: Երկու թատրոնների խաղացանկի ներկայացում է լինելու։

Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:

Բոլորին լսում եմ: Հաճախ ասում են, որ յուրաքանչյուրի ասածը շատ եմ սրտիս մոտ ընդունում, բայց ինձ համար ամեն մարդու աշխարհը կարևոր է: Մտածում եմ, թե այդ մարդկային տեսակին ինչու այս կամ այն բանը դուր չեկավ, մտահոգվում եմ, սակայն փորձում եմ վերլուծել ու հասկանալ: Արվեստը սուբյեկտիվ է, և հարյուր տոկոսով սիրելի լինել չես կարող: Բայց ես ուզում եմ, որ թատրոն եկող յուրաքանչյուր մարդու համար բեմում կատարվածը հրաշք լինի, ոչ թե ուղղակի երեկո: Ուզում եմ ամեն երեկոն իրադարձություն դառնա հանդիսատեսի համար:

Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ, եթե հանդիպեիք սեփական ես-ին 10-15 տարի առաջ:

Այդ ժամանակ շատ էի փիլիսոփայում, կռվում կայնքի հետ, հարցեր տալիս անընդհատ։ Խխունջի նման փակված էի ու վախեցած: Խորհուրդ կտայի ու շատ կուզեի, որ այն ժամանակ ավելի շուտ բացվեի, ազատվեի վախերիցս: Կյանքը հիասքանչ է, պետք է ապրել․․․

Narine5

Մարդկային ո՞ր արժեքներն են Ձեզ համար ամենակարևորը: Ի՞նչն եք համարում աններելի կամ անմարդկային քայլ:

Քանի որ ինձ համար ամբողջ կյանքը երկխոսություն է Աստծո հետ, հետևաբար ինձ հետ տեղի ունեցող յուրաքանչյուր բան՝ թե՛ լավ, թե՛ վատ, մի բան սովորեցնելու համար է: Ինձ նեղացնող անձի մեջ ես տեսնում եմ իրավիճակը, փորձում եմ հասկանալ սխալս, չէ՞ որ սխալը միակողմանի չի կարող լինել:

Մեր մասնագիտության առանցքում հենց մարդն է՝ իր բոլոր դրսևորումներով։ Մարդը փոքր տիեզերք է. նրա մեջ ամեն ինչ կա, ամեն մի դրսևորում մարդկային է, ու մարդուց ամեն ինչ սպասելի է, դրա համար ինձ համար աններելի մարդկային քայլ չկա։ Մարդն, ի վերջո, անկատար է: Բայց նաև Աստծո գլուխգործոցն է։

Ինչպիսի՞ն եք տանը: Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:

Շատ եմ սիրում դարակները դասավորել, մաքրություն անել: Հիվանդագին եմ տանում, երբ մի բան իր տեղում չէ: Կարող եմ ուշանալ պայմանավորվածությունից, բայց առանց կարգուկանոն հաստատելու, դասավորելու չեմ կարող դուրս գալ տնից, քանի որ երբ ամեն բան դասավորում եմ, ասես ինքս իմ մեջ էլ եմ դա անում: Միաժամանակ հասկանում եմ, որ ամեն ինչը չափ ունի ու չի կարելի անցնել, որովհետև ընկնելով մանրուքների հետևից` կարող ես կյանքում կորցնել ամենակարևորը:

Narine1

Ունեք աղջիկ երեխա, որը մեծանում է դերասանների ընտանիքում, հնարավո՞ր է, որ ապագայում նա ևս ընտրի ծնողների ընտրած ուղին:

Եվան հիմա խաղում է «Գծավորը» մանկական ներկայացման մեջ: Փոքրիկ աղջիկ Մերին է, որը գծավոր արջուկ է նվեր ստանում:

Եվան շատ է սիրում դերասանի մասնագիտությունը, հաճախում է նկարչության։ Բայց հետևողական եմ, որ բոլոր առարկաներին` և հատկապես մաթեմատիկային, մեծ տեղ հատկացնի: Ապագան ցույց կտա, թե ինչ կդառանա, բայց շատ եմ ուզում, որ  բազմակողմանի զարգացած լինի: Իսկ ամենակարևորը, որ Աստծուն շատ սիրի, լավ մարդ լինի և իր երկրին արժանի քաղաքացի։

Իսկ ի՞նչ կփոխեիք առհասարակ կյանքում, եթե դրա հնարավորությունն ունենայիք, և ինչու՞:

Կփոխեի 30 տարի առաջ եղած մեր՝ հայերիս, մտածողությունը: Պետք է ավելի գիտակից մոտենայիք ամեն ինչին, բայց զբաղվեցինք ինքնախաբեությամբ: Հիմա եմ հասկանում, որ մեր ողբերգության հիմքում ընկած են մեր աշխարհայացքը, մեր անցյալի սխալները: Բայց անիմաստ է անցյալի համար ափսոսալը, քանի որ ոչինչ փոխել չես կարող, դրա համար կուզեի որոշում կայացնեինք փոխվելու, նոր քայլեր անելու, ճիշտ մտածողություն ձևավորելու, և հրաշքը, որին սպասում ենք, կլինի։

Երբ փոխվում ես, շրջապատդ էլ է փոխվում։

Զրուցեց Նատալի Մկրտչյանը

  • Created on .
  • Hits: 390

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: