Ամեն անգամ բեմ բարձրանալը յուրաքանչյուր երաժշտի համար տոն է և մեծ պատասխանատվություն. Անի Ղուշչյան

Մեր զրուցակիցն է օպերային երգչուհի, Ալ․ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար Անի Ղուշչյանը։

Անի՛, կցանկանայի պատմեք Ձեր մասին, այնուհետև անցնեք  Ձեր գործունեությանը։

Ես Անի Ղուշչյանն եմ` օպերային երգչուհի, մեցցո սոպրանո: Ծնունդով Վրաստանից եմ՝ Ախալցիխե քաղաքից: Կյանքիս մեծ մասն ապրել եմ Թբիլիսիում, ակտիվ մասնակցություն եմ ունեցել Վրաստանում հայ համայնքի մշակութային կյանքում: Այնուհետև բարձրագույն կրթություն ստանալու նպատակով տեղափոխվել եմ Հայաստան:

Ai Ghushchyan 4

Ո՞վ «միջնորդ» հանդիսացավ, որպեսզի ընտրեք այս մասնագիտությունը։ Փոքր հասակում  մտածե՞լ  եք կյանքի այս ուղու մասին։

Երգեցողության հետ կապված եմ դեռ վաղ հասակից: Քանի որ հայրս Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ  առաջնորդանիստ եկեղեցում էր ծառայում, ես  մանկուց ներկա եմ եղել կիրակնօրյա պատարագներին, այնտեղ ծանոթացել եմ հայ հոգևոր երաժշտությանը: Այդպես իմ մեջ մեծ սեր առաջացավ դեպի ազգային երգը և մշակույթը: Շուտով ես էլ դարձա երգչախմբի անդամ, իսկ շատ չանցած` արդեն երգչախմբում մենակատար էի: Երբ արդեն ձայնս գտնվում էր մուտացիոն շրջանում, և ես չէի հասկանում, թե ինչպես պետք է կառավարեմ այն, որոշեցի դիմել երգչախմբի ղեկավարին, որը օպերային երգչուհի էր: Այս որոշումն էլ դարձավ ճակատագրական իմ կյանքում, քանի որ սկսեցի բացահայտել դասական երաժշտությունը և նրա խորհրդով էլ  ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարան։

Որո՞նք են եղել Ձեր առաջին լուրջ քայլերը մասնագիտական ասպարեզում։

Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին ես հնարավորություն ունեցա մասնակցելու Erasmus+ փոխանակման ծրագրին և ուսումս շարունակելու Գերմանիայում և Լատվիայում: Ծրագրի շրջանակներում աշխատել եմ առաջատար մասնագետների հետ, մասնակցել տարբեր վարպետաց դասերի և հանդես եկել համերգային ծրագրերով:

Հայկական օպերայի Ձեր ամենասիրելի կերպարը, որ կցանկանայիք ինքներդ կերտել։

Հայկական օպերայում իմ ամենասիրելի կերպարը Տիգրանյանի Անուշն է, որը ցավոք սրտի իմ ձայնատեսակի համար չէ: Հենց այդ պատճառով կնշեմ այլ կերպարներ, որոնք պատկանում են արտասահմանյան կոմպոզիտորների գրչին, և ես կուզենայի կերտել հետագայում Կարմեն, Ամներիս, Շառլոտա, Լյուբաշա...

Ani Ghushchyan2

Ի՞նչ եք զգում ամեն անգամ բեմ բարձրանալիս, երբևէ հուզմունքը խանգարե՞լ  է Ձեզ ելույթի ժամանակ։

Ամեն անգամ բեմ բարձրանալը յուրաքանչյուր երաժշտի համար տոն է և մեծ պատասխանատվություն: Միշտ էլ կա հուզմունք, որը նորմալ երևույթ է, սակայն այն չպետք է դառնա խանգարող հանգամանք:

Ո՞րն է Ձեր  ոգեշնչման աղբյուրը։

Ոգեշնչման տարբեր աղբյուրներ կան, բայց ինձ համար առաջնագույնը անսպառ երաժշտությունն է:

Տեղյակ եմ, որ վերջերս եք տեղափոխվել Երևան, մինչ այդ բնակվում էիք Թբիլիսիում, կխոսե՞ք հայրենիքում ունեցած ձեռքբերումների մասին։

Ուրախ եմ, որ այս պահին կրկին իմ հայրենիքում եմ: Այս անգամ Հայաստան վերադառնալու առիթ հանդիսացավ իմ հանդիպումը Լևոն Ջավադյանի հետ, որը Օպերային երիտասարդական ծրագրի ղեկավարն է, և նա ինձ առաջարկեց դառնալ ծրագրի անդամ: Առանց մեկ վայրկյան մտածելու ես համաձայվեցի և վերադարձա, քանի որ կոնսերվատորիայում սովորելու տարիների ընթացքում շատ էի լսել ծրագրի մասին  և գիտեի, որ ծրագիրը ինքնին բավականին հաջողված էր և ուներ շատ արտիստներ, որոնք արդեն իսկ հանդես էին գալիս արտերկրում և ունեին մեծ հաջողություններ: Որպես երիտասարդական ծրագրի մենակատար՝ այս տարի տեղի ունեցավ իմ դեբյուտը մայր թատրոնում, որտեղ հանդես եկա Տիգրանյանի «Անուշ» օպերայում Անուշի ըկերուհու դերերգով: Հանդիսանում եմ այս տարվա «Հայկական  Ռոմանսիադա» մրցույթի հաղթող, իսկ ԱՊՀ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերում, ներկայացնելով Հայաստանը, արժանացել եմ երրորդ մրցանակի, մասնակցել եմ նաև մի շարք համերգային ծրագրերի:                    

Ani Ghushchyan1

Այսօր հաճախ են երիտասարդներին մեղադրում օտարամոլության մեջ, տուժո՞ւմ է արդյոք դրանից մեր մշակույթը:  

Մեր ազգային երաժշտությունը ու մշակույթը մեծ ներդրում ունի համաշխարհային արվեստի ձևավորման մեջ, պարզապես ամենասկզբում պետք է քո ազգայինը ուսումնասիրես և ճանաչես, սիրես և հետո միայն  համաշխարհայինը:

Ապագայում  ի՞նչ  նպատակներ ունեք։

Ինչպես յուրաքանչյուր օպերային երգչուհի, ես նույնպես ձգտում եմ հանդես գալ համաշխարհային բեմերում և կերտել տարբեր կերպարներ` իմ մեջ կրելով  հայ մշակույթի գենը և հայու տեսակը։

 

Զրուցեց Լիլիթ Ասատրյանը

  • Created on .
  • Hits: 1897

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: