Երաժշտությունը` որպես մարդկային գործունեության տեսակ, կարծում եմ` հոգևոր աշխարհի հետ սահմանագծին է . Վահրամ Սարգսյան

Կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանի հետ զրուցել ենք երաժշտության մեջ ունկնդրի ներգրավածություն պահանջող էքսպերիմենտալ նորարարության, նոր ծրագրերի, Կանադայում և Հայաստանում երաժշտական կրթության մոտեցումների և այլ հետաքրքիր թեմաների մասին:

- Երգել սիրել եք փոքր տարիքից, իսկ ժամանակակից դասական երաժշտությունն ինչպե՞ս մտավ Ձեր կյանք:

- Դասական երաժշտությունն արդեն տանն էր, երբ ես ծնվեցի։ Հայրս երգում եր ակադեմիական կապելլայում, մորական պապս նվագում էր ֆիլհարմոնիկ նվագախմբում՝ ջութակահար էր։ Ես էլ փոքրուց փոքրիշատե այդ միջավայրում էի։ Սակայն չեմ կարող ասել, որ համերգային դահլիճներից դուրս չէի գալիս, բակը ավելի հետաքրքիր էր: Դաշնամուր ստիպելով էի պարապում, սիրում էի պարզապես նվագել, իմպրովիազացիա անել, բայց նոտաներին հետևելը հաճելի գործ չէր։

- Իսկ բակը ե՞րբ իր տեղը զիջեց երաժշտությանը:

- Բակը, փողոցը իրենց դիրքերը զիջեցին աստիճանաբար։ Չի կարելի նաև մոռանալ ինչ ժամանակներ էին 90-ականները։ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում ուսանելու տարիներին արդեն նպատակադրված լրջորեն զբաղվում էի երաժշտությամբ։ Վարդան Աճեմյանի, ապա Կոկժաևի դասարաններում սովորում էի կոմպոզիցիա։ Երաժշտական ժանրերի, ոճերի հետաքրքիր ամալգամ էր ստեղծվել. սովորում էի դասական երաժշտություն, բայց ավելի շատ լսում էի ռոք, միևնույն ժամանակ ծառայում էի եկեղեցում, երգում էի շարականներ ու պատարագ, իսկ մեր կամ ազգականներիս տանը հավաքույթներին երգում էինք Օկուջավա, Հախվերդյան, ժողովրդական երգեր:

- Ասացիք, որ դաշնամուր պարապելիս իմպրովիզացիաներ եք արել: Հիմա իմպրովիզացիան ի՞նչ տեղ ունի Ձեր ստեղծագործության մեջ:

- Իմպրովիզացիան լայն իմաստով առկա է գրեթե բոլոր ստեղծագործողների մեջ։ Քանի որ նախքան երաժշտական այս կամ այն տարրը ֆիքսելը, այն փորձարկվում է, տարբերակվում է մտքում, ձայնով, կամ գործիքի վրա։ Սա ինձ մոտ ստեղծագործելու հիմնարար սկզբունքներից է։ Սակայն վերջին տարիներին իմպրովիզացիան՝ որպես առանձին ժանր, ինձ ավելի է հետաքրքրում, հատկապես` վոկալ երաժշտության համատեքստում: Օրինակ 2017-ին այստեղ` Մոնրեալում, տեղի երաժիշտների հետ ստեղծեցինք վոկալ անսամբլ, որի կարևոր գործառույթներից էր լրիվ հանպատրաստից, կամ նախապես ուրվագծված իմպրովիզացիան։ Սա մի նոր հարթություն է բացում ստեղծագործողի առջև, քանի որ սպոնտան, բնազդային ստեղծագործելու պրոցեսը բացում է լրիվ այլ ստեղծագործական ինքնության շերտեր։

Իհարկե, իմպրովիզացիայի ընթացքում որոշ բաներ կարող են «զոհաբերվել»։ Օրինակ, երաժշտական ձևն ու կազմակերպումը երբեմն այդքան էլ հստակ չեն, նյութի հետ աշխատանքը նույնքան բարդ, բազմաշերտ ու կազմակերպված չէ, բայց կա կենդանություն, անմիջականություն, որ նախապես ֆիքսված կոմպոզիցիայով միշտ չէ, որ նույքան հեշտ է ստանալը։

- Փոքր տարիքում ներգրավված եք եղել հոգևոր կյանքում, հոգևոր երգեր երգել: Սա ինչ-որ ազդեցություն թողե՞լ է Ձեր երաժշտության վրա:

- Ստեղծագործություններիս հավանաբար կեսը հոգևոր են ուղիղ իմաստով, մնացածն էլ այս կամ այն չափով առնչվում են այս ոլորտին։ Ընդհանրապես, երաժշտությունը` որպես մարդկային գործունեության տեսակ, կարծում եմ` հոգևոր աշխարհի հետ սահմանագծին է։ Այսինքն` այն «օրգանը», որը պատասխանատու է հոգևորի համար, հավանաբար ինչ-որ չափով համակարգում է նաև երաժշտության մեր ընկալումն ու վերապրումը։

Սա քիչ ուսումնասիրված ոլորտ է, բայց այն, որ մենք ունենք հոգևորի ու սրբազանի զգացում, սակրալ կյանքի անհրաժեշտություն, ժամանակակից գիտությունը կարծես թե ընդունում է։ Այսինքն` հոգևոր կյանքի պահանջը մեր մեջ բնական է, թերևս պայմանավորված է նաև մեր ֆիզիոլոգիայով, ինչպե՞ս`դեռ հատնի չէ։

Այս իմաստով երաժշտական և ընդհանրապես ստեղծագործական գործունեությունը ինձ համար հոգևոր է։ Իսկ հայ հոգևոր երաժշտությունը հավանաբար ամենամեծ ազդեցությունն ունի իմ երաժշտական ճաշակի ձևավորման վրա։ 

- Խոսենք Ձեր էքսպերիմենտներից մեկի` «Aria for voice and audience» ստեղծագործության մասին: Ի՞նչ է ենթադրում ունկնդրի մասնակցությունը: 

- Վերջին տարիներին պարզապես կլանված էի, ինձ համար, և առհասարակ նոր մի ոլորտի ուսումնասիրությամբ. ոլորտն, իհարկե, նոր չէ, բայց մոտեցումը, որ սկսեցի կիրառել նորարար է. Խոսքը ձայնի ընդլայնված հնարավորությունների մասին է (անգլ. Extended Vocal Techniques)։ Այն, պարզ ասած, ներառում է լայն իմաստով եվրոպական «բել կանտո»-ից դուրս եղող երգեցողության հնարավոր ամեն տեխնիկա։ Ուսումնասիրում էի և՛ այլ ժողովուրդների երգեցողությունները, և՛ էքսպերիմենտալ վոկալիստների գործունեությունն ու տեխնիկան, ինչպես նաև ինքս էի փորձում հասկանալ իմ ձայնի հնարավորությունները։ Արդյունքում իրապես զարմանալի հետևություններ արեցի, որ մարդկային ձայնը իրականում անհամեմատ ավելի հարուստ, բազմազան ու վիրտուոզ է, քան առանձին վերցրած ինչ-որ մի ավանդույթ այն ներկայացնում է։ Պարզապես պետք է փորձել միավորել վոկալ կատարողական տեխնիկաները, որոնք առկա են թե աշխարհի ազգային երաժշտական ավանդույթների մեջ, թե անհատ երգիչների կատարողական արսենալում։ 

Իհարկե, որոշ ձայնարտաբերման տեխնիկաներ կապված են կոնկրետ մարդու կոնկրետ ֆիզիոլոգիական առավելության կամ առանձնահատկության հետ։ Օրինակ, 60-ականներին լաբորատորիայում փաստված աուդիո նմուշ կա, որում մի աղջիկ կարողանում էր իր ձայնալարերը այնպես կառավարել, որ երգում էր միանգամից 2 նոտա` իրարից անկախ կառավարելով դրանց ձայնաբարձրությունը։ Այսպիսի բացառիկ դեպքերից բացի` ամեն մեկս էլ շատ հզոր ու բազմազան գործիքի ենք տիրապետում, որն է ձայնը։

Այս փորձարարություններին հաջորդեց ստեղծագործական փուլը, որի արդյունքում գրվեցին տարբեր վոկալ գործեր, որոնցում կիրառում էի այդ կատարողական տեխնիկաները։ Դրանից հետո սկսեցի դասախոսել այս թեմայով տարբեր գիտաժողովների, ինչպես նաև երաժշտական փառատոնների շրջանակներում։ Սա մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Հատկապես նկատում էի, որ մարդկանց հետաքրքրում էր փորձել վերարտադրել այդ ձայները։ Սկսեցի դասախոսություններիս ժամանակ մարդկանց երգել տալ։ Այստեղից էլ ծնվեց միտքը, որ որոշ ստեղծագործություններում կարելի է ունկնդրին էլ ներգրավել կատարողական պրոցեսի մեջ։ Այնպես, ինչպես օրինակ Բոբբի ՄըքՖերինն է անում, բայց ավելի բազմազան ու կատարելագործված ձևով։ Հենց համաճարակի սկսվելուց օրեր առաջ փորձեցի գաղափարս Մոնրեալում մի համերգի ժամանակ, ու իրոք շատ յուրահատուկ ձևաչափ ստացանք, երբ այլևս սահմանը ջնջվում է կատարողի ու լսողի միջև։ Այնուհետև պանդեմիայի պատճառով տեղափոխեցի գործունեությունս օնլայն տիրույթ։ Արդյունքում ստեղծվեց ինտերակտիվ վիդեո նախագիծ՝ «ARIA» անունով, որը ենթադրում է իմպրովիզացիա և ունկնդրի կատարողական մասնակցություն։ 

- Իսկ ունկնդիրն ինչպե՞ս արձագանքեց այս էքսպերիմենտալ գաղափարին:  

- Մտավախություն ունեի, որ բավականաչափ ակտիվ չեն լինի, սակայն եղավ հակառակը։ Երբեմն չափից ավելի ակտիվ էին:  Ինձ համար շատ ոգևորիչ էր տեսնել իրենց ներգրավվածությունը։ Ունկնդրին շատ կարևոր է ճիշտ մատուցել, ինչ պետք է, կամ ավելի ճիշտ, ինչ կարող է անել։ Պետք չէ գերագնահատել անծանոթ, պատահական մարդկանց միասին երաժշտություն ստեղծելու հնարավորությունները, բայց պետք չէ նաև թերագնահատել, չպետք է կաշկադնես, բայց պետք է ուղղորդես։ Այս փոքր համերգը մեծ հորիզոններ է բացում, նոր ձևաչափի համար։ Ունեմ ժեստերի հատուկ համակարգ, որով ուղղորդում եմ ունկնդրին, նաև կա էկրան, որտեղ տեքստային կամ պատկերային հուշումներ են տրվում, թե ինչպես մասնակցել երաժշտությանը։ Այժմ պատրաստում եմ ավելի ծավալուն նախագիծ, որը թույլ կտա ավելի մեծ լսարանի հետ աշխատել։ 

- Նոր նախագծի մասին խոսենք: 

Նախագիծը ենթադրում է մեկ ամբողջական session` (համերգ չեմ ուզում ասել, քանի որ այլ ֆորմատ է), շուրջ մեկ ժամ տևողությամբ, ուր մարդիկ կգան ոչ միայն երաժշտություն լսելու, այլ նաև մասնակցելու` նախապես գաղափար չունենալով, թե ինչ են երգելու։ Այսինքն` ուղղորդումը, հուշումը այնպես է լինելու, որ դահլիճում նստած մարդը անմիջապես հասկանալու է` ինչպես է մասնակցելու։ Սա շատ ամբիցիոզ գաղափար է, քանի որ սկզբունքորեն նոր բան է, բայց վերջին տարիներին կարծես սկզբունքորեն նորը դարձել է իմ պրոֆիլը:

Իմ արվեստի ու մտածողության մեջ շատ կոնսերվատիվ մոտեցումներ համադրվում են աննախադեպ էքսպերմենտների հետ։ Երբեմն համադրվում են, երբեմն հակադրվում։ Եթե վերլուծենք երաժշտական նյութը, որի հետ աշխատում եմ, կտեսնենք որ հաճախ ոչ միայն շատ ավանդական, այլ նույնիսկ արխայիկ տարրերից է բաղկացած, բայց քանի որ մոտեցումը արվում է 21-րդ դարի «դիտակետից», վերապրելով ու վերաիմաստավորելով ամբողջ մեզ հասած երաժշտական ժառանգությունը, այն նոր ձև է ստանում։ 

- Դուք ուսանել եք և՛ Հայաստանում, և՛ Կանադայում: Ուսուցանման ձևերի, ոճերի ի՞նչ հետաքրքիր մոտեցումներ կառանձնացնեք, որոնք տարբերվում են:

-Մեթոդոլոգիան սկզբունքորեն տարբեր է։ Անհատական դասերի առումով Հայաստանում առկա տրամաբանությունն ինձ շատ ավելի հարազատ է ու կարծում եմ` ավելի արդյունավետ։ Ես ունեցել եմ շատ ուսուցիչներ, բայց ավելի հասուն տարիքում հիմնական ուսուցիչներս երկուսն են եղել, Աշոտ Զոհրաբյանը կոմպոզիցիա էր դասավանդում, Տիգրան Հեքեքյանը՝ խմբավարություն։ Բացարձակապես տարբեր խառնվածքի տեր մարդիկ լինելով` նրանք ունեն շատ մեթոդաբանական ընդհանրություններ։ Նախ ներգրավվածությունը քո երաժշտական ընթացքի մեջ շատ մեծ է, դրսում դասախոսը շատ ավելի պասիվ է և կարծես ընդամենը երկրորդ զույգ աչքեր է ծառայում քո ինքնուրույն ընթացքի մեջ։ Սակայն կարևոր է հաշվի առնել, որ ես բավականին հասուն էի Կանադայում սովորելիս, սակայն գիտեմ, որ այս տարբերությունը կա։ Կոմպոզիցիայի ուսուցիչս ֆրանսիացի Ֆիլիպ Լեռուն էր, որը շատ զգույշ ու կշռադատված մոտեցում ուներ։ Իսկ օրինակ Տիգրան Հեքեքյանի հետ գործը կտրում անցնում էր երաժշտության, նույնիսկ արվեստի սահմանները։ Խոսում, վերլուծում էինք դիրիժորական մանուալ տեխնիկայի մանրուքներից մինչև հոգեբանություն ու մարդկային հարաբերություններ։ Կանադայում նաև մոտեցումը ավելի գիտական էր, հիմնված երաժշտական կոմպոնենտների մանրակրկիտ վերլուծության վրա։ Հայաստանում մոտեցումը ավելի ազատ է, երբեմն` ինտուիտիվ։ Աշոտ Զոհրաբյանի դեպքում, շատ կարևոր էր իր էմոցիոնալ ապրումակցական ներգրավվածությունը ու աջակցությունը։ Այդ մարդը ապրում էր, ինչ որ պահի մեզնից ավելի էր ոգևորվում մեր գործերով։ Ես դասավանդելու մեծ պրակտիկա չունեմ, բայց եթե երբևէ սկսեմ, ապա կարծում եմ այս երկու մոտեցումների համադրությունը կլինի։

- Ինչպիսի՞ն է ժամանակակից դասական երաժշտությունը:

- Դասական երաժշտությունը շարունակում է ապրել, թե կատարողական, թե ստեղծագործական բնագավառներում, սակայն վերջինս տարրալուծվել է, կամ հակառակը, ձուլել է իր մեջ այլ բազում ոճեր ու ուղղություններ` դադարելով լինել դասական երաժշտություն այն իմաստով, որով մարդիկ սովոր են այն կոչել։ Ընդհանրապես ժամանակակից երաժշտությանը, առհասարակ արվեստին գնահատականներ տալը անշնորհակալ գործ է, քանի որ օբյեկտիվ պատկերը միայն տասնամյակներ, երբեմն նույնիսկ դարեր հետո է հնարավոր լինում ամբողջացնել, այն էլ մասնակի։ Կարող եմ ասել, որ դասական վոկալ երաժշտությունը գործիքայինին համընթաց չի զարգանում` ոլորտի կոնսերվատիվ լինելու պատճառով։ Ընդհանուր առմամբ ապրում ենք անհավանական ժամանակներում` և՛ հեշտ, և՛ սարսափելի դժվար։ Օրինակ, այն ֆունկցիան, որ նախկինում մի ամբողջ կոմպոզիտորական դպրոց էր կրում իր ուսերին, հիմա ամեն անհատի պատասխանատվությունն է, բայց կոմպոզիտորի այսօրվա հնարավորություններն էլ անհամեմատ մեծ են։

- Եթե Ձեր կյանքը երաժշտությամբ ներկայացնեք, ինչպիսի՞ն կլինի այն:

- Երևի սոլո իմպրովիզացիա ձայնի համար` հայկական թեմայով։

Զրուցեց Մերի Հովհաննիսյանը

  • Created on .
  • Hits: 3089

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: