Հուսիկ Արա․ «Անկախությունը մեր վրայով չէր․ չուզեցինք ծածկոց, ծիրանի ունենալ․․․»

 

Բանաստեղծ լինելը՝ ի կատար ածված երազա՞նք, թե՞․․․ ինչպե՞ս դարձաք գրող։ Երբվանի՞ց եք սկսել գրել։ Ի՞նչ փորձություններ եք հաղթահարել գրող դառնալու համար։

Սկզբում բանաստեղծությունն էր, հետո եկավ նրա մասին երազը: Չիմացա, թե ինչպես դարձա կամ ինչպես էի դառնում գրող: Առաջին բանաստեղծությունս գրել եմ 11 տարեկանում, այդպես տարվա մեջ մի երկու բան գրում էի, բայց մտքվս էլ չէր անցնում, որ ամբողջ կյանքի ընթացք է լինելու: 15-16 տարեկան էի և հասկացա, որ չեմ կարող չգրել: Ինքն ինձնից ուժեղ էր և մինչև հիմա քթիցս բռնած տանում է: Ես իր ճորտն եմ, հպատակը, կամակատարը: Ես չկամ, կա ինքը: Գիրն ինքնին փորձություն է ամեն օր, ամեն ժամ, մերթ Աստծու պես է, մերթ սատանայի. անցա՞ր փորձությունը, Աստծունն ես, չանցա՞ր, սատանան է տանում: Եթե գիտակցում ես այդ փորձությունը, ուրեմն դեռ գրող ես: 

Ֆելիքս Եղիազարյան․․․ գուցե շատերին քիչ բան ասի այս անուն-ազգանունը, իսկ Հուսիկ Արա գրական կեղծանունը թերևս ծանոթ է գրականությանը քիչ թե շատ մոտ յուրաքանչյուրին։ Իրարից շա՞տ են տարբերվում երկու տարբեր անունների, ինքնությունների տեր այս երկու, բայց նույն մարդիկ։

Նրանք նույն մարդիկ չեն, թշնամիներ են: Ֆելիքսը կարող էր լավ բժիշկ դառնալ, նա այդպես էր որոշել, ապրել բարեկեցիկ և անհոգ: Իսկ Հուսիկը նրան դատապարտեց անփող գրելուն, կիսամերկ ու կիսաքաղց կյանքին: Հուիկին որ թողես`ամբողջ օրը կկարդա ու կգրի, անգամ մտքով չի անցնի հաց ուտել: Իսկ Ֆելիքսը սիրում է շվայտ կյանք, օրն ընդունել այնպես`ինչպես ընդառաջ է գալիս: Բայց դրա հետ մեկտեղ ծառ տնկել, տուն կառուցել, երեխաներ դաստիարակել և ամեն կերպ հասցնել իրենց նպատակին: Ֆելիքսը երկրային մարդ է, սիրում է կյանքը բոլոր դրսևորումներով, իսկ Հուսիկը երկրի վրա էլ երկինքներում է թափառում: Հուսիկն ամբողջ օրը փնթփնթում է Ֆելիքսի վրա` այս մի' արա, ա'յն արա. ճնշում է, վիրավորում, հայհոյում, արհամարհում, ուղղակի զզվում է ու մեղադրում, թե ինձ խանգարում ես աշխատել: Բայց Ֆելիքսն իր հենց «այդպես անելով» է գրելու նյութ բերում, ինչպես մեղուն` նեկտար, իսկ Հուսիկը բոռի պես ամբողջը խլում է նրա ձեռքից և փեթակից վռնդում: Ֆելիքսը հարգում է Հուսիկին, գնահատում, հաճախ է նրանից ներողություն խնդրում, իսկ Հուսիկը թքած ունի Ֆելիքսի վրա, նրան անգամ մարդ չի համարում, առանց որի մեկ օր էլ չէր կարող ապրել, որովհետև բոլոր առումներով Հուսիկն ապրում է Ֆելիքսի հաշվին: Հուսիկը եսասեր է, բռնակալ, դահիճ, իսկ Ֆելիքսը նրա զոհն է, անմեղ զոհը: Հուսիկը երբեք չի ապաշխարելու, չի զղջալու Ֆելիքսի առաջ, իսկ Ֆելիքսը երբեք չի ներելու Հուսիկին. գուցե արդարացնի ասելով` հասկանում եմ: Բանց Հուսիկը երբեք Ֆելիքսին չհասկացավ:  

Ավելի քան երեսուն տարի գրական ոլորտում եք։ Ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ Ի վերջո, կարո՞ղ եք պատասխանել բոլորին տանջող այն հարցին, թե որ սերունդն էր ավելի շատ ընթերցում։ 

Շատ բան է փոխվել և ոչինչ չի փոխվել, որովհետև սա ընթացք է, այսօր այսպիսին է: Պետություն է փոխվել, հասարակարգ: Երկու դեպքում էլ գիրքն էր. գիրքը կար` փոխվեց, գիրքը չկար` նորից փոխվեց: Գրքի հետ էինք` պետություն կերտեցինք, գրքի հետ չենք` պետություն ենք կորցնում: Նայելով մեր պատմությանը` հաճախ ենք հարցնում, թե այդ ինչպե՞ս է մեր ազգն ապրել, գոյատևել, և խնդրին լուծում չգտնելով` պատասխանում ենք, որ Աստված է մեզ պահել: Այո, իհարկե Աստված է պահել: Բայց մեզ գիրքն է ապրեցրել. գրքի, գրականության շնորհիվ է, որ կանք` սկսած Գողթան երգերից, Խորենացուց...

Իսկ ի՞նչ եք ընթերցում Դուք։ Կա՞ն այնպիսի հեղինակներ կամ երկեր, որոնք բեկումնային են եղել Ձեր աշխարհայացքի կերտման մեջ։

Ընթերցում եմ ամեն լավ գիրք: Ձեռքս ընկած ամեն գիր կարդալու վատ սովորություն ունեմ: Ամեն լավ գիրք` սկսած Աստվածաշնչից, Հոմերոսից մինչև... բեկումնային է եղել իմ կյանքում: Այսօրվա կարդացածս էլ, վաղն էլ է բեկումնային լինելու: Աշխարհայացքն ամեն օր է ամբողջանում, ինքը միշտ տեղ ունի: Եթե մի նոր բան ես զգում, բացահայտում, արդեն բեկումնային է: Եվ այդ բեկումներն ամեն օր են լինում: Քարացած վիճակը կանգառ է, ընթացք չէ: Ես միշտ ձգտել եմ լինել աշակերտ, ոչ թե ուսուցիչ: Եվ չգիտեմ, թե վաղն ինչպես եմ գրելու: Բեկումն սկսել է այբուբենը յուրացնելու պահից և առաջին ոտանավորը դասագրքում կարդալուց. սա մեծագույն բեկումն էր, զարմանք ու ապշանք, թե այս ի՞նչ կա կյանքում: Երբեք չեմ մոռանու ու սթափվի դրանից. այ քեզ հրաշք, իրական երկիրն ու երկինքը հայտնաբերեցի: Բայց կա մի գիրք, որ բոլոր գրքերին զուգահեռ ընթերցում եմ. կյանքի գիրքն է:

Մանկության մասին պատմելիս միշտ կարծես տխրությամբ, թախծով եք խոսել։ Ի՞նչ հետք է թողել կյանքի այս կարևոր շրջափուլը Ձեր գրականության մեջ։

Խիղճ, կարեկցանք, ուրիշի ցավը ապրելն ու քոնը համարելը, ուրիշի արցունքը քո աչքից կաթեցնելը, հատկապես երեխայի, մենակ երեխայի: Սիրել մարդուն` չերևացող, աննշան, կյանքի լուսանցքում հայտնված, խեղճ ու անկարող: Նաև սիրել անասունին` հատկապես անպաշտպան: Պայքարել անարդարության դեմ անգամ կյանքի գնով: Մանկությունը մաքրություն է ու լույս. ես այն չեմ կորցրել, դեռ երեխա եմ:

Օրվա խորհրդով. նշում ենք անկախության երեսունամյակը։ Ինչի՞ մասին էին այս երեսուն տարիները։ 

Մեր մասին էին այս 30 տարիները. տեսանք և ճանաչեցինք մեզ, հասկացանք, թե ով ենք: Հստակ որոշեցինք մեր տեղը, ոչ թե որ ուզում են նստեցնել, այլ մենք ենք ուզում նստել: Եվ հիմա մենք վերջապես նստեցինք այն աթոռին, որը մերն ենք համարում, ոչ թե որ 30 տարի առաջ մեր տակն էին դրել: Եթե կարողանայինք փայփայել, գնահատել ու վայելել մեր անկախությունն ու հաղթանակը, այսօր մենք այդ արժեքների մեջ կլինեինք: Մենք չուզեցինք ունենալ և օտար լծի պես թոթափեցինք մեր ուսերից, խարանի պես մաքրեցինք մեր ճակատից: Երկար ժամանակ էինք այդ առիթը փնտրում, վերջապես այն տրվեց մեզ: Ոխերմորեն խոշտանգում էինք մեր արժեքն ու նվաճումը և' վերևից, և' ներքևից, կարծես հրել և գցել էին վրաներս, խոշտանգում էինք ինքներս մեզ: Վերջապես: Իսկ հիմա ցնծում ենք և ուրախանում, կարծես Աստծուն ենք հասել: Մենք միշտ սատանային Աստծու հետ ենք շփոթել և ոչ մի անգամ ճիշտը չենք տեսել: 

2018 թվական, հունվար։ Գրական դաշտում կարծես մի փոթորիկ բարձրացավ, երբ հրապարակեցիք Ձեր «Apocalypto» բանաստեղծությունը։ Ոմանք ասացին՝ այն նույն տարվա հետագա դեպքերի ահազանգն էր, ոմանք ասացին՝ կարծես մարգարեաբար գուժում էիք 2020-ի դեպքերը։ Ի վերջո, ի՞նչ էիք ուզում ասել այդ բանաստեղծությամբ։

Այդ պահին ոչինչ չէի զգում, չէի գիտակցում, չհասկացա: Իմ սովորական օրերից մեկն էր: Թող ինձ ներեն և' սիրողները, և' չսիրողները. իմ նմանները երբեմն վերևից են ասելիքը ստանում: Ես չեմ էլ զգում, որ ինչ-որ բան եմ ստացել, իմ կամքով չէ, ես չեմ: Այդ պահերին չեմ հասկանում, թե ինչու և ինչպես: Ի դեպ, այդ բանաստեղծությունը միակը չէ: Եթե ուշադիր նայեք, ես ներկայի մասին չեմ խոսել, այլ` լինելու է: Սև մարգարեություն: Բայց մարգարեն գիտի` երբ, որտեղ և ինչ, ես չգիտեի: Միայն հստակ կար մի բան, որ այս ներկան առիթ է տալու ունենալ մի բան, որը կբերի «Apocalypto»-ի` 44 օրյա պատերազմի՝ իր բոլոր հետևանքներով առ այսօր, որը դեռ շարունակվում է: Նորից եմ ասում` ես չգիտեի, թե բանաստեղծության մեջ ինչ կախազգացում կա: Նպատակ չունեմ ինձանից ինչ-որ բան կերտելու, թե տեսեք-տեսեք... Միակ փափագս է, որ չտեսնեինք այն` ինչը եղավ: Միայն ողբերգակի տոնով ուզում եմ ասել. Նիկոլ, ես ճիշտ էի, դու` սխալ. «Apocalypto»: 

Անկախությանը նվիրված «Մեր վրայով չես» բանաստեղծությունն էլ կարծես մի տեսակ նույն տրամադրության շարունակությունը լինի։ Ասում եք․ «Չենք հաշվել՝ դեռ որքա՞ն պիտի թափառենք Ուլիսի պես, մինչև որ, իբրև հայրենիք, հասնենք քեզ»․․․։ Ի վերջո, կհասնե՞նք իբրև հայրենիք, և դեռ շա՞տ կերկարի մեր ոդիսականը։

Այդ հարցին վերևում մասամբ պատասխանել եմ: Անկախությունը մեր վրայով չէր, որովհետև մենք չուզեցինք ծածկոց, թիկնոց, ծիրանի ունենալ: Տկլորությունը գերադասեցինք` դրա բոլոր արատներով հանդերձ` ի ցույց մեզ ու աշխարհին: Այստեղ սպիտակ մարգարեություն է. ասեմ, որ հասնելու ենք, վկա մեր պատմությունը: Փորձիր ետ նայել և կտեսնես, որ միշտ հասել ենք, չենք կորել ճանապարհին: Բայց շատ թանկ ենք վճարել, գնից շատ ավելի թանկ, ինչպես հիմա ենք վճարում: Ուրիշներին հեշտ տրվածը մեզ մահվան պես դժվար է տրվում: Մենք կորցնելուց հետո ենք արժեքը հասկանում, հետո ընկնում ենք փշուրներից խճանկար հավաքում: Էլի կհավաքենք: 

Գրականության մեջ ամենից շատ ինչի՞ց եք վախենում։ Օրինակ՝ կորցնել մուսան, կամ դառնալ չընդունված գրող․․․

Աստծուց միշտ խնդրել եմ` թույլ տա ամբողջանամ, գիրս ամբողջացնեմ: Ամենից շատ դրանից եմ վախենում և չգրելուց, լավ չգրելուց: Եթե ազնիվ լինես և հասնես այնտեղ, որ քեզ դուր գաս և ընդունես, չխաբես քեզ, թե կատարյալ ես, այդ ժամանակ ընթերցողը քեզ կընդունի: Խնդիրը գրողի մեջ է, ոչ թե ընթերցողի: 

Ժյուլ Միշլեն ասում էր՝ արվեստը ճակատամարտ է․ արվեստի պայքարում հարկավոր է զոհել անձը։ Կզոհե՞ք Ձեր անձը հանուն ճշմարիտ արվեստի։

Ես ամեն օր եմ զոհում իմ անձը: Ասածս պաթոս չէ, ինքնություն է: Որովհետև այլ կերպ չի լինում, հակառակը չարվեստն է, չգիրն է: Քո զոհածի չափով է քեզ վերադարձնում: Ինձ զրկել, ինձնից կտրել, նաև իմ մերձավորներից, տվել եմ գրին: Մեր Հայաստանում այդպես է, սա է մեզ տրված ժամանակը: Իսկ ճշմարիտ խոսքը իմ կյանքից բարձր է, ես այն կասեմ անգամ կյանքի գնով: Գուցե վերջում այդպես էլ լինի։

Սովորաբար ինչպիսի՞ արձագանքներ եք ստանում ընթերցողներից։

Սիրային խոստովանություններ, որովհետև կարողանում եմ սիրել: Ինչ տաս` այն էլ կստանաս:

Իսկ ի՞նչ սպասի ընթերցողը Հուսիկ Արայից։

Կարծում եք, պետք է ասեի` նոր գրքեր, որոնք ընթացքի մե՞ջ են: Ո՛չ: Այդպես շատերն են անում: Իսկ ես իմ ընթերցողին բացառիկն եմ տալիս` սեր, միայն սեր, էլի սեր, շատ սեր:

Եվ վերջում՝ կարողացե՞լ եք գտնել այն պարզ ու բարդ հարցի պատասխանը․ «Ո՞Վ ԵՄ ԵՍ»։

Երբ գտնեմ Աստծուն, կգտնեմ նաև ինձ և կունենամ հարցիս պատասխանը` ով եմ ես: Ես այդ ճանապարհին եմ: Համենայնդեպս, բոլոր քայլերս ուղղված են այդ վերջին կետին հասնելուն: Այդտեղ է աշխարհն ավարտվում և սկսվում: Այդ օլիմպիական հաղթանակը կլինի վերջում, եթե բախտավոր ես: Կարող է ամբողջ կյանքում բախտդ չբերի, բայց եթե հասար այդ բացարձակին, ուրեմն բախտավոր ես, ընտրված:

 

 

Զրուցեց Արեգ Բագրատյանը

  • Created on .
  • Hits: 1634

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: