«Հայկական ֆուտուրիզմի» արթնությունը. Զրույց Գրիգոր Պըլտեանի հետ

  

Զրույցը՝ Արամ Պաչյանի

Մաս առաջին

- «Հայկական Ֆուտուրիզմի»[1] հրատարակությունից 10 տարի է անցել: Ես հիշում եմ գրքի լույսընծայման առիթով Ձեր դասախոսություններից մեկը, որին ներկա եմ եղել: Որոշ մտավոր շրջանակներում գիրքը բավականին խորությամբ ընդունվեց: Հայկական ապագայապաշտության իրականությունը, որ (պաշտոնական գրական համայնքի) կողմից առ այսօր էլ հայ գրականության «ինչ-որ» փուլի ձախողումը, մինչև իսկ ամոթն է համարվում, ահա լռությամբ, մերժմամբ, դասագրքերում, նաև համալսարանական միջավայրերում այդ եղելության իսկությունը նախընտրաբար խեղելու միջոցով է «հաղթահարվում»:

Սակայն Երևանում 2009 թվականին լույս է տեսնում Ձեր «Հայկական Ֆուտուրիզմ» ֆունդամենտալ հատորը, որի թափանցումներն ու հետքերը իմացության, ստեղծարարության առանձնացած մտավայրում գոնե ինձ համար ակնհայտ են: Վերջերս` (2019թ., նոյեմբերի 2) խիզախ արվեստագետների մի խումբ՝ «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ»[2] անվանումով պերֆորմանս է իրականացնում, որին բուռն  դիմադրությամբ են արձագանքում: Ի վերջո ի՞նչն է պայմանավորում որևիցե գաղափարի, շարժման (այս դեպքում ֆուտուրիստական) արթնության ձգտումը՝ գրքի, արվեստային արարքի, թեկուզև հեղափոխության ձայնականչի ամբողջացմամբ:

- Այն օրերուն երբ այդ պերֆորմանս-կատարումը տեղի ունեցաւ, Երեւան էի։ Դժբախտաբար իմացայ միայն յաջորդ օրը, Ամերիկեան համալսարանի մէջ։ Հակառակ հետաքրքրութեանս, ի վերջոյ չհասկցայ, թէ ի՞նչ էր պատահած, ինչո՞ւ, ինչպէ՞ս որոշ մարդիկ բիրտ կերպով էին հակազդած։ Միայն թէ չէի զարմացած։ Արտայայտութեան նոր ձեւերը ամեն տեղ ամեն տեսակի բացասական հակազդեցութիւններու տեղի կու տան։ Ասիկա ըսելով չեմ փորձեր չքմեղել կամ «բացատրել» կոպիտ կեցուածքները որպէս «բնական»։

Ի հարկէ այնքան մը պարզամիտ կամ մեծամիտ չեմ, որ իմ աշխատութեանս մէկ հեռաւոր արձագանգը տեսնեմ այդ պերֆորմանսի միջադէպի մէջ։ Պէտք է ընդունիլ սակայն, այս համոզումը հետզհետէ հաստատուած է մէջս, որ ի վերջոյ մեր աշխատանքները տեղ մը կը հասնին իրենց նպատակին, կը ստեղծեն զիրենք ընդունող շրջանակ, ընթերցողական շրջանակ, կը բաւէ, որ այդ աշխատանքները կատարուած ըլլան խղճամիտ կերպով, բայց նաեւ իմացական շատ որոշ ծրագիրով, որ ապագայապաշտութիւնը գուցէ միակ «յառաջադէմ» հոսանքն էր կամ շարժումը, չեմ ըսեր բանաստեղծական, գեղարուեստական ուղղութիւնը, որ տեւեց քանի մը տարի, գոնէ 1914էն 1924, ապա՝ խցուեցաւ, արգիլուեցաւ, քաղաքական թապուի վերածուեցաւ։ Այդ եղաւ ճակատագիրը բոլոր «յառաջապահ» շարժումներուն, որոնցմէ Պոլիսի «Մեհեան»-ը, միւսը՝ խորհրդապաշտութիւնը, երկուքն ալ ի դէպ սովետական շրջանին։ Այս արգելումը կարծէք «պահպանեց» ֆութուրիզմի ուղղութեան ուժը։ Յայտնի բան է՝ ինչ որ կ՚արգիլուի, ֆրէօտեան իմաստով, ետ-կը մղուի, կը մնայ ծածկուածի նման, ծածկակայուն՝ ըսենք նորաբանելով, չի կորսուիր, կը պահպանուի, կարծէք թէ չկայ, բայց նշաններ, հետքեր կը ձգէ, քանի ամեն արգելում հետքեր կը ձգէ ետին, պատրաստ՝ որեւէ մէկ ատեն վերադառնալու։ Արգիլուածի վերադարձը ոչ միայն հոգեբանական երեւոյթ է, այլեւ առհասարակ գեղարուեստական երեւոյթ իբրեւ վերագիւտ։ «Հինը» կամ մերժուած անցեալը, հերքուածը կը յաջողի սպրդիլ, սողոսկիլ թապուներու պատնէշին մէջէն եւ կը յայտնուի։ Ի հարկէ պայմանաւ, որ յիշողութիւնը սա կամ նա չափով ի գործ դրուի։ Իմ աշխատանքս «Հայկական ֆութուրիզմ»-ին մէջ գուցէ միայն այդ յիշողութիւնը փորձեց յայտնաբերել ու զարգացնել՝ շրջագայութեան մէջ դնելով վերստին անուններ, գործեր եւ թեմաներ։ Այլ խօսքով՝ ծածկակայունը դարձաւ բացայայտ։ Ի հարկէ մտաւորական շարժում մը, ըսել կ՚ուզեմ գրական-գեղարուեստական մտածողութեան ոլորտ մը, երբ կը պատկանի «մեր» աւանդութեան, ըսել կ՚ուզեմ բոլորովին չկայացած աւանդութեան, գուցէ աւելի դիւրաւ կը վերադառնայ։ Ապագայապաշտութիւնը, հայկականը, իր հերքումով իսկ մաս կը կազմէր այդ աւանդութեան եւ որոշ չափով իբրեւ նորովին իմաստաւորուած, այն չափով որ կը մտածուէր, աւանդութիւնն էր որ կ՚առնչուէր ներկային։ Կարծէք թէ այլեւս մուրացածոյ չըլլար։ Կարծէք թէ այլեւս իւրացումի կարիքը կար, կարիքը արուեստը հիմնելու մեր իսկ աւանդութեան վերյառնումով։ Գործօն դարձնել, ակտիւացնել, ինչպէս կ՚ըսեն, վերստին կայացնել ինչ որ կար, բայց որ չէր եղած բոլորովին, ահա փարատոքսը։ Զարմանալին այն է, որ ատիկա կ՚ըլլար Վշտունիի գրքի խորագրին ներքեւ...որ վերլուծեր էի եւ գիտէի ոչ շատ ծանր տարողութիւնը։

  Թեկուզև հերքված, այդուհանդերձ, ավանդության լիիրավ մասն ու մասնակիցը հանդիսացող ապագայապաշտական շարժումը, որ «Հայկական Ֆուտուրիզմում» ասես սուր դիպաշարով, «հին աշխարհի ճարտարապետությունը» փլուզող ու «նորը»   ավետող, արարքային կերպարներով եռուն մի դրամատիկ վիպասք լինի – այդ շարժումը գուցե մինչ օրս իր այլության՝ (այլը - նաև - թշնամի) միևնույնն է  օտարական  ու անընտել լինելով է պահպանում կենսունակությունը՝ շարունակաբար դիտարկվելով որպես մի «վտանգ», «հայկական-ավանդականի» գլխին ճոճվող «դանակ-պատուհաս», որը սակայն, տարբեր ժամանակներում, արթնության իր իսկ ներքին պահանջմունքին անսալով, այդ «մայր-ավանդության» մեռելոտությունը, անգործածելիությունը սպանել տենչացող գործիքի է վերածվում: Ավանդության մարմնից այդ նույն ավանդության դեմ ստացված հակաթույն և դարձյալ՝ միտված հանրայինի, մշակութայինի, անշուշտ քաղաքականի «ճահիճը շարժելուն»: Ինչո՞ւմ, որտեղի՞ց համոզմունքը, որ «սպանության այս գործիքը», նկատի ունեմ նախկինում ֆուտուրիստական շարժման արտադրանքը՝ (անմիջապես քաղաքային կյանք, հանրային տարածք մխրճած պոեմներ, բացիկներ, բառապատկեր ու պաստառ,   պարային ու խոսքային ռիթմեր և այլն), արդեն նոր դարասկզբին, դեռևս իր բաղադրությամբ կարողունակ է հարցեր խնդրականացնել, հանրային ընկալումներ փոխել և գլխավորը՝ դիմակազերծել «մայր-ավանդության» սնանկությունն ու բռնատիրությունը: Ֆուտուրիզմը մերժում է անցյալը ու դառնում անցյալ: «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» պերֆորմանսի ելակետը կամ դրա ծանրակշիռ մասը ֆուտուրիստականն է, հետևաբար՝ անցյալ-ավանդությունը: Այս ամբողջ միագո ավանդության ներսում, ներմշակութային հարցերի կալվածքում աշխարհը ընթերցելու ու մտածելու բևեռների վերադասավորման, տեղի ու դիրքի, ապա գաղափարների տարածման ու  ազդեցության միջոցների համար պայքարի հարց կա՞, այսպես ասենք՝ «արդարության վերականգնման հարց», որը կարելի է իրականացնել միայն հեղափոխության ակնթարթում, միայն հանրության մասնակցությամբ:

- Իր մեկնակէտին Ապագայապաշտութիւնը տեխնիկական նոր աշխարհի՝ արագութեան, ճարտարարուեստի, տնտեսական նոր իրավիճակի, քաղաքային մշակոյթի՝ ի նպաստ բանող ուղղութիւն էր, իր լծակից մերժումովը անցեալին։ Մէկ դար ետք դժուար է այդ շարժումի հիմնական ձեւը երկարաձգել ու կրկնել, գուցէ պարզ անոր համար, որ տեխնիկական աշխարհը բնապահպանական մեծ հարցերու առջեւ կը դնէ երկրագունտը, իսկ անցեալի պարզ հերքումը անպայման կիրարկելի չէ իբրեւ այդ։ Ի՞նչ անցեալ, պէտք է ըսել։ Ո՞ր մէկը։ Որո՞ւնը։ Ըսել կ՚ուզեմ որ կարելի չէ ֆութուրիզմի սկզբունքները, այնպէս ինչպէս ատենին Կարա Դարւիշը բանաձեւած էր իր  «հայկական ֆութուրիզմ»-ի մանիֆեստին մէջ, փոխադրելի են այսօր,  «յեղափոխական ակնթարթին» մէջ, ինչպէս կ՚ըսէք։ Փոխադրել այնպէ՞ս, ինչպէս էին։ Բայց փոխադրել էապէս վերամեկնաբանելով, այսինքն՝ պահպանելով այդ սկզբունքներուն այլատարրութիւնը, պայթուցիկ շեղբը։ Ճիշդ է, որ աւանդութիւն կոչուածի ամբողջ շերտ մը դարձած է մնայուն տարր, որ կը պաշտպանեն «հաստատութիւն» դարձած կացիչներէ։ Չեմ թուեր անունները բոլոր հաստատութիւններուն, որոնք թանգարանի պաշտօն ու թանգարանային պաշտօնէութիւն ունին, լծուած՝ միայն ու միայն պահպանումի, «մեռելոտածի» կամ մգլոտածի պահպանումին։  Երկար ատեն, գուցէ նաեւ հիմա ալ, այդ հաստատութիւնները կը բանին ոչ միայն որպէս նորմաներու կամ չափանիշներու յենարան, այլեւ իբրեւ ճնշումի միջոց, որեւէ  «նորի» արտայայտութիւնը խափանելու կերպ, նոյնիսկ, երբ յեղափոխութիւնը, ան ալ «թաւշեայ», այսինքն՝ անարիւն յեղափոխութիւնը, կոշկոռ կապած իրականութիւնը՝ կը ջանայ խախտել եւ հնարաւոր դարձնել յայտնութիւնը պահուած, չկայացած, ձեւ չստացած ուժերու։

Ֆութուրիզմը կարելի է մտածել որպէս մեկնակէտ մէկ ուրիշ շարժումի, որ խնդրարկէ, վիճարկէ տուեալներու «իրական» աշխարհը։ Ֆրանսերէն բառով մը որ 1868ի յեղափոխութիւնը նուիրական դարձուց, contestation։ Ուրեմն, ըստ իս, խնդիրը չի վերաբերիր ապագայապաշտութեան մէկ «արդար», այսինքն այնպէս ինչպէս էր, վերականգնումին, որպէս պարզ մոռցուած բաներու աւանդումը, գիտելիքի կերպին տակ. նման բան հնարաւոր է, բայց ո՞ր չափով ցանկալի է։ Կարծեմ մտածողական աշխատանք մը կայ իրագործելիք, որուն ընկերակցին «ֆութուրիստական» ելոյթները, հրապարակային «բռնցքամարտը», աւանդական կոչուած բաներու «ցուցադրումը», քննադատական կեցուածքը հասարակութեան դիմաց։ Ասոնք շրջանցնելի չեն։ Մէկ խօսքով՝ ապագայապաշտութեան հիմնական մտահոգութեան ձեւ տալ նորովի. մտահոգութիւն՝ որ էր փոխել իրականութիւնը, «աշխարհը», եւ ոչ պատրաստել անկէ փախուստը։ Սակայն այնպէս որ այս փոփոխութիւնը չվերածուի ընդհանուր tabula rasa-ի մը, այլ կարող ըլլայ իր մէջ ներառել անցեալի  «տարախոհ» կամ  «այլախոհ» խաւեր, իրարու հաշտեցնէ ստեղծումն ու պահպանումը, յօրինէ տակաւին չեղած բաղադրութիւններ։ Պէտք է խորհիլ ի հարկէ, որ անցեալի որոշ շերտեր ներկային մէջ կարող են դառնալ ուժական, մանաւանդ, երբ ատոնք կը շեղեցնենք իրենց  «սկզբնական» նպատակէն, կը զետեղենք տարբեր համածիրի մէջ, տարբեր տրամաբանութեամբ։ Չի բաւեր միթոսները ապակառուցել, «ազգային» նստուկի վերածուած ֆեթիշները կազմալուծել (միշտ անհրաժեշտօրէն արարելի բաներ), անհրաժեշտ է գտնել նաեւ «ուժը» պարտադրելու գոյութեան, մտածումի ինչպէս արուեստի նոր հեռանկարներ, աւելի ճիշդ՝ հեռապատկեր։ Ասիկա կը նշանակէ որ քննական-քննադատական գործունէութեան կողքին պիտի ըլլան ստեղծումներ, ըսել կ՚ուզեմ, նիւթին վրայ աշխատանք, լեզուին վրայ ու մէջ գործունէութիւն։ Մինչեւ հիմա, ըսենք երեսուն տարիներէ ի վեր, չեն պակսած  «ըմբոստ» կեցուածքներ, նոյնիսկ բուռն վիճարկում կատարող սկանտալային յայտարարութիւններ, որոնք երբեք չհասան հրապարակային բախումի, մնացին քիչ թէ շատ «էստետ» հրահանգներ։ Միշտ ալ պակսած է հետեւողականութիւնը, կարծէք թէ ըմբոստութիւնը իր յայտնութեան պահուն իսկ յոգնած է ինքն իրմէ, կարող չէ եղած ինքզինք լիովին պարտադրելու։ Եւ ի վերջոյ տեղի է տուած համացանցային անողնաշար, թուլամորթ շատախօսութեան։ Հասկնալի է չէ՞ որ «ֆութուրիտականի» վերադարձը դուրս պէտք է գայ հակազդողականի տրամաբանութենէն։

- Պերֆորմանսի ընթացքում  հրապարակային բախումը տեղի  ունեցավ – ավելի շուտ այն ոչ թե  բախում էր այլ մի խումբ  տղամարդկանց վայրագ  միջամտություն: Նրանք փորձում  էին  կանգնեցնել ներկայացումը և  հիմնականում՝ «ազգային  արժեքներ», «ավանդական»,  «հայի ինքնություն», «մեր  ավանդական մշակույթը»,  «հակահայկական միջոցառում»,  «կնոջ՝ երեխա դաստիարակելու  առաքելություն»,  «սատանիզմ  ու  ԼԳԲՏ» համանման այլ  սահմանումների  անունից ու  դրանց    ներքո ուղղակի  հարձակում էին գործում:                Արվեստագետներից    մեկի վրա հեղուկ «զելյոնկա» լցրեցին,  զանցառուին  ոստիկանությունը բերման ենթարկեց: Հետաքրքիր է, եթե տղամարդկանց այս խումբը՝ «հայ տղամարդու պատվախնդրությունից», «ազգային  արժեքների» միջավայր-սովորութային պատկերացումներից նաև մանիպուլատիվ հնարների թակարդն ընկած, և անշուշտ  ինչ-ինչ քաղաքական շահառություններից ելնելով էր պերֆորմանսը պարսավում, ապա մշակույթի գործիչների շրջանակից տարածված  քննադատական արձագանքները՝ (փորձագետի, իմացողի,  արվեստ ճանաչողի, լավն ու վատը,  արժեքն ու անարժեքը)  զատորոշողի դիրքից էին լսվում:  Նրանք երկու-երեք տեղեկատու-պարբերությամբ ներկայացնում էին, թե ինչ է Ֆուտուրիզմը, ովքեր են Կարա Դարվիշը, Աբովը, Վշտունին և հիմնականում հեգնանքի ու ծաղրի սաղավարտ կրելով՝ խաղաղեցնում բորբոքված, «ազգային արժեքների» համար տագնապող հանրությանը: Տարիներ շարունակ այս դիրքից հանդես եկող շրջանակները ոչ թե գիտելիք, այլ շատ ժամանակ գիտելիքի կեղծ պատրանք են հերյուրել: Խտրական միջամտությունով կամ անիմացությամբ - ավանդությունից իրենց առավել հարմար եղելություններ, արժեքներ են քաղել-տարածել, ապա բացարձակել են, սակրալացրել դրանք, ինչն էլ վերջապես դիմադիր ու անկեղծ մարտի ցանկություն, «հին աստվածների» տապալում է հարուցել: Ցանկությունը -մի տեսակ ապագայապաշտական է:

«Հայկական Ֆուտուրիզմ» հատորի ներածության մեջ շարժման հակազդեցությանը վերաբերող այսպիսի տողեր կան՝ «Ատոնք անպայման լիովին մտածուած, նոյն ատեն ալ լիովին անգիտակից արարքներ չեն: Խուսափումի, անտարբերության, վերապահության կամ մերժումի մը պատմութիւնը իր անարիւն զոհաբերութեան աւարտով… հիանալի վէպ մը պիտի ըլլար» (Հ. Ֆ., էջ13-14):

Վերջնարդյունքում, եթե ճիշտ եմ հասկանում , խոսքը հաշտության ճիգի մասին է, որը միշտ ձախողելու է:

- «Գաղափարախօսական կառուցումներ» կոչենք այն բոլոր հաստատումները, քիչ թէ շատ անորոշ ինքնավերագրումները ինչ կը վերաբերի ազգին, արժէքներուն, ինքնութեան, ընտանիքին, ազգային մշակոյթին, նոյնիսկ լեզուին։ Ասոնք արդէն տուն-տեղ եղած բայց շատ տարտամ հասկացողութիւններ են, որոնք նոյնքան տարտամ ու չմտածուած կերպով տարածուած են հասարակութեան մէջ, այնտեղ կազմած են բեւեռումներ, այսինքն՝ տեսակ մը «դիմադրական կորիզներ», որոնք իրենք զիրենք վտանգուած կը զգան արգիլուածի վերադարձով։ Գաղափարախօսական կառուցումները շատ պարզունակ բայց նոյն ատեն ծաղրանկարային կերպով կը յենին կրօնական, քաղաքական, մշակութային «արժէքներու» վրայ, երբեմն ատոնք կ՚ոգեկոչեն ուղղակի, մանաւանդ, երբ իրենց թիրախ կը դարձնեն օրինակ  «սատանայականը»։

Սատանայականը ի հարկէ հնարաւոր է միայն ոչ սատանայականով, այսինքն՝ աստուածայինով, աւելի ճիշդ՝ սուրբով ու սրբազանով, մաքուրով՝ բոլորն ալ հակադրուած պիղծին։ Գաղափարախօսական կերպով հասկցուած ինքնութիւնը, հայ ինքնութիւնը, հայ արժէքները անխաթար, անեղծ ու սուրբ նկատուած իսկութիւններ են, էսսանսներ, գոյացութիւններ, որոնք ո՛չ կը լայնան, ոչ կը նեղնան, զուրկ են ամեն փլասթիք ընդլանումի հնարաւորութենէ։ Գաղափարախօսական խումբերու համար, այդ իսկութիւնները կան ու կային շատոնց, անփոփոխ են, երբեք արդիւնք չեն պրոցեսի, ժամանակի եւ պատմութեան մէջ լինելութեան։  «Ազգային գաղափարախօսութեան» համար (այդ անունով գիրք մըն ալ լոյս տեսած է կարծեմ 90-ական թուականներուն) ինքնութիւնը կար ու կայ, անխախտ կապերով յօդուած հողին, կրօնքին, լեզուին, տեսակ մը անշարժ գոյքի հանգամանքով հայ հոգի մը կամ ոգի մը։ Ան երբեք չի կարող մտածել, որ ինքնութիւնը նոյնութիւնը չէ, այլ արդիւնք է պատմական հոլովոյթի, որ միատարր չէ, մէկ չէ, ան կը կազմաւորուի այլութեամբ, եւ ատոր համար կրնայ փոփոխուիլ, վերանորոգուիլ կամ կորսուիլ։ Գաղափարախօսութիւնը կ՚ուզէ իր կազմած ինքնութիւնը պահպանել ինչպէս որ էր, որպէս տեսակ մը կայուն կաղապար յաւերժական ճշմարտութեան։ Կաղապարը թէ՛ կնիքն է, թէ ալ պարունակութիւնը։ Ինչ որ դուրս կը ձգտի ելլել այդ կաղապարի շրջագիծէն, ինչ որ օտար կը թուի անոր, ինչ որ չի համաձայնիր կաղապարին, կը նկատուի վտանգաւոր, քանի կարող է խախտել ընկալեալ  «ինքնութիւնը»։ Նոյնը կարելի է ըսել  «արժէքներուն», նոյնը  «արժէքներու արժէքին՝ հայ աւանդական ընտանիքին, ասոր սրբութեան» որ իբր թէ զերծ է ամեն ներքին բրտութենէ, ամեն ներքին հակասութենէ եւ բարձր ներդաշնակութեան տեղն է, եւ որ սակայն սեռայինէ աւելի վերարտադրութեան միջոցնէ, կենսաբանական բջիջը։ Խորքին մէջ գաղափարախօսներու համար հայկական «ինքնութիւնը», ինչպէս ընտանեկան արժէքները, բնական բան է, ինչպէս ծառը, կամ ժայռը կամ գետը։ Հասկնալի է որ մարդիկը սահմանուած ըլլան այլեւս միայն իրենց  «բնականութեամբ» (ազգային կամ մարդկային, որոշադրուած իբրեւ սա կամ նա սեռ), երբեք չհասկցուին իբրեւ  «ազատ ենթականեր», ազատ սուպյեկտներ, իրենց մարմնին ու մտքին ազատօրէն տիրող անհատներ։ Որովհետեւ ընտանե-ազգային համակարգին մէջ սուպյեկտներ չկան, այլ կան կլաններ, գերդաստաններ, կայ միայն «ընտանիքը»։ Կը հասկնանք թէ ինչո՞ւ այնքան վերապահ ըլլամ լոզունգին դիմաց որ կ՚ըսէ «ժողովուրդը իմ ընտանիքն է», լոզունգ, որ մէկ հարուածով կը ջնջէ բոլոր տարբերութիւնները, (սերնդագործական, անհատական, դասակարգային)։ Այս շրջանակին մէջ, ուրիշ ինքնութեան յղացք մը մտածել, մանաւանդ գործել, արարել ոչ-կանոնական կերպով, կը նշանակէ գրգռութիւն ստեղծել։ Մնաց որ, իրողական գետնի վրայ այդ ինքնութիւնը արդէն լայնօրէն այլ է, քան ինչ որ կը պահանջուի, առանց որ այդ այլութիւնը հասնի երեւելիի, նշմարելիի աստիճանին։

 Փաստօրէն գաղափարախօսական կառուցումները բոլորն   ալ անխտիր իրենք զիրենք   անապահով, գուցէ նաեւ   տկար կը զգան, եւ ատոր համար կը հակազդեն այնքան   բուռն   ու կոպիտ կերպով։ Տկարութեան նշան է   անհանդուրժողութիւնը, այլամերժութիւնը,   տարբերի   հերքումը։ Կոպտութիւնը այնքան ուժգին է որքան     հակառակորդ ճակատը   անորոշ, բայց ոչ անկազմակերպ,   հոս-հոն մտնող-սպրդող, շարժուն, խօլական   արմատներու ամբողջ մըն է, որ կը յայտնուի անակնկալ   կերպով։ Եւ այդ   հրապարակային յայտնուիլը կը ստեղծէ   բախումի առիթ։  «Խօլական էակները» կամ   խումբերը,   որոնք կ՚ուզեն հաստատել իրենք զիրենք իբրեւ այդ, կը   յղուին ընտանիք-   հասարակութիւն համակարգէն դուրս   մղուածին, ըսենք՝ մասամբ անյանձնարարելի   ֆութուրիստ գրողներու կամ ոչ-ուղղափառ   արուեստագէտներու ինչպէս մտածողներու։   Այսինքն՝   ոչ կանոնական անուններու եւ արժէքներու։ Կարան,   Վշտունին, Աբովը, ըստ   իս, պայմանական անուններ են,   անոնց տեղ կրնան գրաւել ուրիշներ, որոնք պիտի   նոյնպէս արհամարհուին։  «Իմաստունները կը հեշտանան   նման  «պարզունակ յղումի   դիմաց։ Ի վերջոյ Վշտունիի   տաղանդը կամ հատորը իսկապէս ոչինչ ունին  «յեղափոխական», արժանի չեն թուիր նշուելու անգամ։   Կարծէք թէ… խնդիրը  վերաբերէր Վշտունիին,   ձայնախաղին իբրեւ այդ… Բայց չէ՞ որ իրենց արհամարհանքով կամ քմծիծաղով  «իմաստունները» կը կրկնեն «պատմութեան վճիռը», այսինքն՝ խափանումը ամեն  «առաջատար» շարժումի։  Այդ խափանումը   կատարած էին նոյնինքն Չարենցի  1917-1924 գործերուն համար, ինչպէս որ կը ջանան   կատարել նոյնին ոչ-ուղղափառ սիրա-սեռային արտադրութեան։ Ի հարկէ այն չափով որ այս գործերը տարաբնոյթ, այլատարր, եթէ ոչ  «օտարոտի» կը համարուին «ազգային մշակոյթին», կը վերածուին խուլ, մտահոգիչ, արմատագին սպառնալիքի,որուն առաջքը կը ջանան առնել հրապարակային յարձակումներով (երբեմն անպատիժ), եւ ասիկա անթաքոյց, օգտուելով թերեւս հանդուրժողական մթնոլորտէն։   Ինչպէս թելադրեցի, ինչ որ արգիլուած-խափանուած էր իր վերադարձի ճամբուն վրայ կրնայ միայն ապակառուցող հանգամանք ունենալ, ինչպէս որ տարբերը, ուրիշը կրնան միայն նեղացուցիչ ըլլալ, մտքին ինչպէս մարմնին համար։ Այս ապակառուցումը այնքան հզօր է որքան կը թուի վտանգել արդէն լայնօրէն վտանգուած, ինքն իր մէջէն պարպուած, դատարկուած, «որդնոտած» պիտի ըսէի, խնդրական դարձած ինքնութիւնը։ Ի հարկէ ամեն ինչ շատ հեշտ պիտի ըլլար եթէ արգիլուածը չհմայէր... Փաստօրէն սատանայականին վկայակոչումը, ոչ-ազգայինին, օտարոտիին, դրսենիին վկայակոչումը, ցոյց կու տան որ այդ բոլորը հակադիր եզրեր են, որ ունին իրենց հմայքն ու քաշողութիւնը։ Եւ ատոր է որ կը կապուի սնանկացած գաղափարախօսութիւնը։ Այո, կրնանք ըսել որ գաղափարախօսական կառուցումները որ կը ճարեն աւանդութենէ,  «մերութենէ», ազգային դարաւոր արժէքներէ, որոնց բովանդակութիւնը սակայն ոչ ոք կ՚ապրեցնէ այսօր, այդ կառուցումները սնանկ են, բայց ոչ թաւշեայ  «յեղափոխութեան» սկիզբէն ի վեր, այլ շատոնց։

- Հետաքրքիր է - ամեն անգամ քաղաքի տարբեր հատվածներում՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գրառմանը բախվելիս՝ միանգամից ցանկություն է առաջանում ապակառուցել այն, փլուզել տողը, իմաստազրկել, ապա դարձյալ այժմեացնելով, հարցադրել` (ժողովուրդ, ընտանիք, օջախ) արժեքների նշանակությունը: Լոզունգը ինքնին ըմբոստություն ու ընդվզում է հարուցում նախ հիշեցնելով մի անցյալը՝ որի էջը հեղափոխությամբ կարծես թե շրջել էինք ու ոչ թե այն մոռացության տալու կամ ջնջելու այլ դրա ողջ ծավալը՝ իր մեռած ու դեռ կենսունակ մասերով, դրա էությունը ճանաչելով՝ նորը բերելու, առաջ շարժվելու, գալիքը այսօր ստեղծելու և գալիքը այսօր ապրելու իղձերով; որոնք ի չիք են դառնում: Եվ հետո - կա լեզվից, խոսելավարքից բխող տրավմատիկ հիշողություն՝ կապված անցյալի ծանր կեցության, քաղաքական ռեժիմի կողմից պարարտացրած, խեղող միջավայրի բարքերի հետ, որը նման դեպքերում վերարթնանում է:

 Տարօրինակորեն, հեղափոխությունից հետո,  ասես վերասրբադասում է տեղի  ունենում՝  լոզունգի դեպքում և ոչ միայն: Բերվում է մի  խոսելավարք, որը հատուկ  էր  ասենք ՀՀԿ-ի  իշխանությանը: Իր իշխանության տարիներին  ՀՀԿ-ն (ազգայինի ու պետականամետության  ուղղությամբ) տարատեսակ լոզունգներ,  գաղափարա- քարոզչական ձևակերպումներ քիչ  չէր տարածում: Հեղափոխական  կառավարության   կողմից նույներանգ լեզվի,  ապա նշանակությունների  վերասրբադասման,  նույն   խոսելավարքի գործածումը տրտմություն  ու ետմղում է հարուցում, մանավանդ, երբ  անհանգստացնող զգացումը՝ ակնարկում է, թե  այս  ու  նմանատիպ   լոզունգներում  հանրության ոչ բոլոր շերտերն են նկատի  առնված:  Այն   հստակ   թիրախ ունի; ու թույլ  տվեք քիչ վերամբարձ մի բան ասել – այս պահին  այդ թիրախը այլևս ոչ մի կերպ մասնակցայինը,  մտայինը ու ստեղծարարը  չէ: Եվ  պարզվում է՝ ինչ-որ առումով հեղափոխական առաջատար  շարժումները խափանող «պատմության  վճռի»  կրկնումը, ահա պահպանել է իր  ողջ  ներուժը և եթե առիթ է ընձեռվում՝ անպայման  գրոհում է: Հակասությունները շատ են. մի  կողմից՝ «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» պերֆորմանսը, որ  մասամբ ֆուտուրիստական հայացքով  խնդրականացնում է ոսկրացած ավանդականը՝ իրականացվում է հեղափոխական կառավարության աջակցությամբ: Մյուս կողմից  նույն հեղափոխական կառավարությունը՝  «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն  իմ ընտանիքն է» լոզունգ է հրապարակում ու տարածում: Այս շփոթն ու  խառնակությունը հեղափոխության, առհասարակ նոր կյանքի, առաջատար  շարժումների ինքնախափանում է թվում: Գուցե արդեն որոշակի պատմական ճշմարտության փոխակերպված և անընդմեջ վերադարձող խափանման խորքային  պատճառներից խոսենք:

- Խափանումը, ի՞նչ է խափանումը։ Նախ՝ թերեւս բազմաթիւ է, բազմատեսակ։ Ուրեմն յոգնակի։ Կան նուրբերը, աննշմարելիները, անտեսանելիներէն, կան ալ կոպիտ, հրապարակային, բացօդեայ, սրճարանային, ականատեսներու առջեւ եղող  խափանումները։ Ատոնք բոլորն ալ, աւելի կամ նուազ վայրագ, բռնութիւն են  մարմնի  ու մտքի վրայ։ Էապէս ամբողջատիրական են ու բռնակալ։ Բոլորն ալ կը  ջանան սկսուած ընթացք մը ընդհատել, կասեցնել, վերջ մը դնել անոր գնացքին երբեմն ամեն գնով, այսինքն՝ ամեն խափանում հարուած մըն է որ կ՚ուզէ մահացու ըլլալ։ Բռունցքը, ծեծը, ապտակը, երբեմն նոյնիսկ պարզ փողոցի բարձրաձայն խօսքերը, բացագանչութիւնները, հայհոյանքները, մէկ նպատակկը հետապնդեն. ուժով վերջ մը դնել սկսուածին, անոր որ բռնակալ միտքը կամ բազուկը կը կարծէ վտանգաւոր։ Սպառնալիքի մը առաջքը առնելը ինքնապահպանումի բնազդը ունին իր ետեւը։ Նուազ ինքնապաշտպանողական է որքան ենթադրական սպառնալիքի մը դէմ սպառազինում։ Փողոցէն անցնող երկար մազերով տղան ծեծել մայթերուն խռնուած ամբոխին դիմաց, կարճ փէշով կամ կարճ մազերով կին մը կամ աղջիկ մը ենթարկել հրապարակային պարսաւի, սեռափոխած մարդկային էակ մը դիմակազերծել, դադրեցնել որեւէ կերպարանաւորում որ առօրեայի ընթացքին մէջ կը թուի անսովոր, եթէ ոչ այլուրային,- չեմ շարունակեր օրինակները, ատոնց ծանօթ ըլլալու էք- ընթացիկ թուող, բոլորովին ինքնեկ թուող միջադէպերը խափանարարական ելոյթներ են որ «դիմադրական կորիզներ» կ՚արտօնեն իրենք իրենց։ Անշուշտ, ներկայ իրադրութեան մէջ կայ աւելի խորունկ նպատակ. ստեղծել ու պահպանել լարումի, անվստահութեան մթնոլորտ։

Վերին հսկողութիւնը, պետական մեքենան, ամենակարող գործօն մը չէ ներկայիս։ Անիկա որոշ ելոյթներ կ՚արտօնէ, որպէսզի ուրիշներ արգիլէ։ Պարտի միշտ խուսանաւել, մէյ մը աս կողմ, մէյ մը ան կողմ։ Օրէնսդիր մարմին՝ գիտէ որ օրէնքները կը բախին մտայնութիւններու, նաեւ սովորութիւններու, որոնք անգիր են։ Այլ խօսքով՝ բարքերու, առօրեայ բայց տասնեակ տարիներու սովորութիւնները բարեփոխելը, չեմ ըսեր խորտակելը, անմիջապէս օրէնքի հռչակումով կարելի չէ իրականացնել։ Մտայնութիւնները չեն փոխուիր կամ չեն անհետանար դեկրետներով, հրամանագիրներով։ Յաճախ ըլլալու-կերպեր են, բարոյականի որոշ ձեւեր, առհաւական, գուցէ նախնական, բայց եւ այնպէս գործունեայ։  «Յեղափոխութիւնը», ան ալ հազիւ մէկ տարեկան, այդ հզօր կացիչը չէ։ Օրէնքը, օրէնքները, կիներու դէմ կիրարկուած բռնութեան չեմ ըսեր արգելումը, կ՚ըսեմ սահմանափակումը, սանձարձակօրէն բիրտ կերպով բանող սեռային աշխարհը խնդրոյ առարկայ կը դարձնեն, որ  «հնաւանդ արեւելքը» կամ  «արեւելեան բռնակալութիւնը» խիստ հսկողութեան կ՚ենթարկէ։ Եւ այդ «պազիք» աստիճանին վրայ «յեղափոխութիւնը» հակակշիռ դժուար որ ունենայ։  Հասկնալի է թէ ինչո՞ւ օրէնքը իր բանական սահմանումով չի յաջողիր անպայման կանխարգիլել  «պոռթկումները», այնքան ատեն որ զսպիչ ներքին արգելակները չկան կամ չեն գործեր եւ անոնց տեղ կը տարածուին  «ազգային»,  «հայկական»,  «աւանդական» կոչուած սովորութիւնները։ Որքան ալ պատրուակ, alibi նկատենք ատոնք՝ չեն դադրիր իրենց խտրողական ճնշումն ունենալէ, այսինքն՝ իրենց «լոժիքը»: Խափանարարութիւնը նման պոռթկումներով կու գայ, երբեմն նոյնիսկ «անասնային» գունաւորում կ՚առնէ։ Անոր համար անհատ միաւորը, անհատ-մարդն ու կինը շատ հեռու են «արժէք» ըլլալէ։ Անիկա չի հանդուրժեր  «միւսին», այլին տարբերութիւնը, տարբեր ըլլալու ցանկութիւնը, անոր իր իսկ տարբերութիւնը ցոյց տալու ազատութիւնը։ Մեռցնել միւսը, ահա խափանումի տրամաբանութեան ներքին լծակը։ Խափանումները տարբերութեան՝ այլութեան հիմնաւոր սկզբունքն է որ կը ջանան ջնջել, հասնելու համար կամ գտնելու, կամ մնալու համար միատարրութեան, զանգուածեղ նոյնութեան մակարդակին։ Ժամանակին Հերպերթ Մարքուզէ փիլիսոփան այս երեւոյթը կը կոչէր  «միեզրութիւն»- մէկ եզրով ըլլալու հանգամանք։

 _________________________________________________________________________________________________________

[1] Պըլտեան Գր., Հայկական Ֆուտուրիզմ, Երևան, Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2009:

[2] Հայ բանաստեղծ Ազատ Վշտունին (1894 – 1958) «Հուզանք ու զանգ» վերնագրով գիրք է հրատարակել 1923 թվականին:

«ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» պերֆորմանսի մասնակիցների լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Հարցազրույցի շարունակությունն՝ այստեղ

  • Created on .
  • Hits: 3266

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: