Քաջիկ Գրիգորյան
Armenian
Ծնվել է 1988 թվականին Երևանում: Երաժշտական կրթություն է ստացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում որպես կլարնետահար, այնուհետև ուսման վերջին տարում զուգահեռ սովորել է կոմպոզիցիա Վարդան Աճեմյանի դասարանում: 2005-2011թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցայի բաժնում (Ռուբեն Սարգսյանի դասարան):
2010թ.-ին Քաջիկ Գրիգորյանը Գևորգ Բադալյանի, Անդրանիկ Ֆատալովի, Շուշան Հյուսնունցի, Արմեն Մանասյանի և Արսեն Բաբաջանյանի հետ համատեղ հիմնադրել է «Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորումը», որը գործում է առ այսօր և որի շրջանակներում բազմիցս հնչում են Քաջիկ Գրիգորյանի ստեղծագործությունները: Համերգներ է ունեցել երևանյան երաժշտական բոլոր և մարզերի որոշ դպրոցներում, հայաստանյան տարբեր համերգասրահներում:
2012թ.-ին լույս է տեսել երիտասարդ կոմպոզիտորների դաշնամուրային պիեսների ժողովածուն, որտեղ տեղ են գտել նաև Քաջիկ Գրիգորյանի մանկական ժողովածուի բոլոր պիեսները:
2012թ.-ի մայիսին տեղի է ունեցել նրա առաջին հեղինակային մենահամերգը, որտեղ հնչել են տարբեր կազմերի և գործիքների համար գրված ստեղծագործությունները՝ մասնավորապես սոնատային ժանրին պատկանող կտավները:
2012թ.-ին մասնակցել է երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների «Վերածնունդ» մրցույթին՝ արժանանալով 3-րդ կարգի դափնեկրի կոչմանը: Մրցույթին ներկայացված է եղել «Մոնոլոգ» թավջութակի համար սոնատը:
Քաջիկ Գրիգորյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում, տարբեր գործիքային կազմերի համար: Հիմնականում գերակշռում են կոնցերտային և սոնատային ժանրերը: Մեծ կտավի ստեղծագործություններից են Դաշնամուրային կոնցերտը (2012թ.), Տուբայի կոնցերտը (2011թ.), Շեփորի կոնցերտը (2009-2010թթ.) և կոնցերտ ռապսոդիան դաշնամուրի (2008թ.) համար: Կոմպոզիտորի ստեղծագործական կյանքում մեծ տեղ են զբաղեցնում սոնատային ժանրին պատկանող ստեղծագործությունները: Այդ թվում`Սոնատ դաշնամուրի համար (2010թ.), ջութակի (2012թ.), թավջութակի համար (2012թ.) ինչպես նաև Սոնատ Բալլադ ալտի և դաշնամուրի համար (2010-2011թթ.) և վերոնշյալ սոնատ «Մոնոլոգ»-ը թավջութակի համար (2010թ.):
- Hits: 27339