Վահրամ Սարգսյան
Ծնվել է 1981 թվականին Երևանում:
1998-2003թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ստեղծագործական, իսկ 2000-2006թթ. խմբավարական բաժիններում (պրոֆ. Աշոտ Զոհրաբյանի և պրոֆ. Տիգրան Հեքեքյանի դասարաններում):
2007-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրան (ղեկավար` պրոֆ. Աշոտ Զոհրաբյան):
Վահրամ Սարգսյանը ստեղծագործում է գլխավորապես կամերային-գործիքային և վոկալ-խմբերգային ժանրերում:
Սկսած 2000 թվականից Վահրամ Սարգսյանի ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Կանադայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Բելոռուսում, Իտալիայում, Բելգիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Շվեդիայում և այլուր:
Վահրամ Սարգսյանի ստեղծագործությունների կատարողների թվում են "BBC Singers" և Boston Chamber Ensemble երգչախմբերը, Հայաստանի պետական կամերային և Երևանի Կամերային երգչախմբերը, Գերմանական MPAW վոկալ անսամբլը, "Ալան Հովհաննես" լարային նվագախումբը, "Հայաստանի Փոքրիկ Երգիչներ", "Սպեղանի" ինչպես նաև Գեղարդավանքի երգչախմբերը և այլոք:
Ունի հրատարակված ստեղծագործություններ Անգլիայում (Oxford University Press) և Իտալիայում:
Վահրամ Սարգսյանը մի շարք միջազգային մրցույթների մրցանակակիր է` մասնավորապես արժանացել է Socan Հիմնադրամի Godfrey Ridout մրցանակի (Կանադա, 2012), Բոստոնում կայացած 3rd BCE Commission Competition միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել (2010), իսկ 2009-ին Խորվաթիայում կայացաց երգչախմբային ստեղծագործությունների միջազգային մրցույթում ստացել է առաջին մրցանակ:
2009 թվականին Համաշխարհային Հայկական Կոնգրեսը Վահրամ Սարգսյանին շնորհել է մրցանակ երաժշտարվեստի ոլորտում ունեցած նվաճումների համար, իսկ 2008-ին նա միջազգային մրցանակի է արժանացել Իտալիայի Աոստա քաղաքում տեղի ունեցած երգչախմբային ստեղծագործությունների մրցույթում:
Հայաստանի Պետական Կամերային երգչախմբի 2006 թվականի կազմակերպած մրցույթի շրջանակներում նա իր Tantum Ergo ստեղծագործությամբ ևս մրցանակակիրների թվում էր:
Վահրամ Սարգսյանը Հայաստանի Կոմպոզիտորների և Երաժշտագետների Միության անդամ է, ինչպես նաև հանդիսացել է երաժշտական խորհրդատու Եվրոպական Երգչախմբային Ասոցիացիայում (2010-2012 թթ.):
Ներկայումս կոմպոզիտորը ապրում է Կանադայում, որտեղ շարունակում է ուսումը Մոնրեալի McGill Համալսարանի կոմպոզիցիայի բաժնում` Ֆիլիպ Լեռուի ստեղծագործական դասարանում:
- Hits: 7208