Տաթև Ամիրյանը Քարնեգի հոլում հանդես կգա և՛ որպես դաշնակահար, և՛ որպես կոմպոզիտոր

ԱՄՆ-ի երաժշտասեր հասարակությունը հնարավորություն կունենա ունկնդրելու ամերիկահայ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները, որոնք կներկայացվեն «Musical Armenia» երաժշտական շարքի ամենամյա համերգին: Համերգը տեղի է ունենալու մարտի 6-ին Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլում:

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանի կողմից կազմակերպվող «Musical Armenia» շարքն անցկացվում է 1982 թվականից սկսած։ Նախաձեռնության նպատակը հայ կատարողների և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջխաղացումն է ԱՄՆ-ում։ Այս տարի անցկացվում է  համերգաշարի 37-րդ համերգը։ Տաթև Ամիրյանը համերգին հանդես է գալու և՛ որպես կոմպոզիտոր, և՛ որպես դաշնակահար: Համերգը միայն այս նշանակալի փաստով չէ, որ առանձնանում է նրա համար: 

«Այս համերգն ինձ համար առանձնահատուկ է նաև նրանով, որ առաջին անգամ հանդես եմ գալու Նյու Յորքի Քարնեգի հոլում, որտեղ շատ հանրաճանաչ երաժիշտներ իրենց պատմությունն են կերտել: Շատ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ մոտենում, քանի որ «Musical Armenia» համերգաշարի շրջանակում ներկայացվող ժամանակակից հայ կոմպոզիտորներին միշտ մեծ բծախնդրությամբ են ընտրել։ Այս համերգաշարում երաժշտության բնագավառում  մեծ նվաճումներ ունեցող հայ երաժիշտներ են միշտ ելույթ ունեցել»,- նշում է կոմպոզիտորը և շարունակում,- «Շատ ուրախ և զգացված էի մասնակցության հրավեր ստանալու համար։ Հատկապես, որպես հայ կին կոմպոզիտոր` այս համերգը իմ երաժշտությունն ամերիկյան լայն լսարանին ներկայացնելու մեծ հնարավորություն է: Այստեղ` ԱՄՆ-ում, շատ ավելի մեծ ուշադրություն և հետաքրքրություն են ցուցաբերում կին կոմպոզիտորների երաժշտության հանդեպ և առաջխաղացման ավելի շատ հնարավորություններ են ընձեռում նրանց: Պետք է նշեմ, որ Հայաստանում կին կոմպոզիտորի  համար ստեղծագործական կայացման ճանապարհին խոչընդոտներն ավելի շատ են: Առհասարակ, կին կոմպոզիտոր լինելը անվերջ պայքար է և շատ դժվար ուղի՝ հաշվի առնելով երաժշտարվեստում մշտապես առկա սեռական խնտրականության խնդիրը։ Միշտ կա այն կարծրատիպը, թե կին կոմպոզիտորը չի կարող լինել  հավասարաչափ հաջողակ կամ տաղանդավոր»:

«Musical Armenia» ամենամյա համերգը նախատեսված էր անցկացնել 2020 թվականի մարտին, սակայն համավարակի պատճառով այն հետաձգվեց երկու տարով, ինչն էլ համերգը կոմպոզիտորի համար դարձրել է առավել սպասելի: Ծրագրում ընդգրկված են Տաթև Ամիրյանի դաշնամուրային ստեղծագործությունները, որոնք հենց ինքն է կատարելու:  Հնչելու են հայերեն լեզվով երկու վոկալ ստեղծագործություններ` «Վերջին օրոր»` Ռուբեն Սևակի խոսքերով և «Երբ դու գնացիր»` ժամանակակից գրող Արա Ալոյանի խոսքերով:  Կատարելու է սոպրանո Աննա Հայրապետյանը:

«Գործերն ընտրել եմ ժամանակագրական սկզբունքով` նպատակ ունենալով ներկայացնել իմ վերջին 11 տարիների ստեղծագործական աշխատանքը և իմ ոճային առանձնահատկությունների զարգացման ընթացքը: Ընտրել եմ այն գործերը, որոնք ամենից բնորոշն են ներկայացնում իմ կոմպոզիտորական ձեռագիրը և իմ ազգային ինքնությունը՝ որպես հայ կոմպոզիտորի: Այս ստեղծագործությունները նաև իմ ամենից շատ հնչած և հաջողության արժանացած գործերից են»,- ասում է կոմպոզիտորը: 

Միաժամանակ լինել և՛ կատարող, և՛ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի համար հաջողված ստեծագործական ուղի ունենալու գրավականներից մեկն է: Ստեղծագործել և նվագել սկսել է 7 տարեկանից, և այդ ժամանակից սկսած էլ դաշնամուրն իր համար եղել է երաժշտական ճանապարհի անբաժան մասը:

«Երբ կոմպոզիտոր լինելուց զատ նաև տիրապետում ես որևէ գործիքի, ավելի լավ ես զգում երաժշտությունը, ուրիշ տեսանկյունից ես նայում ստեղծագործական պրոցեսին, շատ նրբություններ ես նկատում և շատ բաներ ավելի հասանելի են դառնում: Կատարող լինելը նաև շատ լավ հնարավորություն է քո ստեղծագործությունների ճանաչմանն ու առաջխաղացմանը նպաստելու հարցում: Դաշնամուրն ինձ համար նաև ստեղծագործական ներշնչանքի աղբյուր է, և ինձ  տալիս է զգացողություններ, որ այլ կերպ չէր կարող հասանելի լինել»,- ավելացնում է կոմպոզիտորը: 

Դասական երաժշտության լսարանի մասին խոսելիս Տաթև Ամիրյանն անդրադարձավ ԱՄՆ-ի բնակչությանը:

«ԱՄՆ-ում դասական երաժշտության լսարանը շատ բազմազան է. Ունկնդիրների գերակշռող մասը, իմ նկատառմամբ, այլ բնագավառից է: Այստեղ դասական համերգներն ու նման ծրագրերն ավելի շատ են խրախուսվում, և կա դասական երաժշտություն լսելու մշակույթ,- խոսքը եզրափակեց կոմպոզիտորը:

Տաթև Ամիրյանը հեղինակ է շատ ստեղծագործությունների` գրված ամենատարբեր ժանրերում` դաշնամուրային, վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ: Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իսրայելում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և Ճապոնիայում: 2016-ին Հայաստանում լույս է տեսել նրա դաշնամուրային ստեղծագործությունների առաջին ձայնասկավառակը` ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ:

Տաթև Ամիրյանը մասնակցել է մի շարք հայտնի մրցույթների և փառատոների Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: Արժանացել է Armenian Allied Arts ստեղծագործական մրցույթի 1-ին մրցանակին, Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի կամերային և Metropolitan Choral երգչախմբի խմբերգային ստեղծագործությունների մրցույթների 1-ին մրցանակներին և New Ariel Recordings դաշնամուրային ստեղծագործությունների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին: Ինչպես նաև հաղթող է ճանաչվել ամերիկյան Crossing Borders Music, Juventas New Music անսամբլների և Abundant Silence երաժշտական հրատարակչության ստեղծագործական մրցույթներում։ 2020-ին ճանաչվել է RMN Classical դաշնամուրային ստեղծագործությունների և International Alliance for Women in Music միջազգային մրցույթների հաղթող։ Նա ստեղծագործությունների պատվերներ է ստացել մի շարք հեղինակավոր կազմակերպություններից, այդ թվում՝ Portland Youth Philharmonic նվագախմբի, Հյուսիս գերմանական ռադիոյի(NDR), Lilith անսամբլի(Ամստերդամ), Ամերիկյան Abundant Silence երաժշտական հրատարակչության և New Ariel Recordings-ի կողմից։

Մերի Հովհաննիսյան

  • Hits: 2851

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: