Երևան գալիս ասես տուն եմ գալիս. Օլեսյա Պետրովա

Փետրվարի 15-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում երաժշտասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ ունկնդրելու Մալերի թիվ 2 «Հարություն» սիմֆոնիան` գրված նվագախմբի և երգչախմբի մեծ կազմերի և երկու մենակատարների համար : Հայաստանի ազգային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան) և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար`  Էդուարդ Թոփչյան) կատարմամբ հնչած խոհափիլիսոփայական սիմֆոնիայի մենակատարներն էին գերմանաբնակ հայազգի երգչուհի, սոպրանո Ռուզան Մանթաշյանը և մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովան:

«Առաջին անգամ Հայֆիլհարմոնիայի հետ բեմ բարձրացա 17 տարեկանում Արամ Խաչատրյան համերգասրահում. շատ լավ եմ հիշում այդ օրը: Ես անկեղծորեն սիրում եմ այստեղի մարդկանց, աշխատողներին, նրանք ինձ հոգեհարազատ են: Սիրելի մարդկանց հետ համատեղ աշխատանքի արդյունքն էլ սա է`  «Հարության» նման գործը, որովհետև մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ ունենք այդ հոգևոր հարության կարիքը»,- ասաց Ռուզան Մանթաշյանը: Հաջորդ համերգին էլ, որը կլինի մարտին, Մանթաշյանը կերգի 4-րդ սիմֆոնիան՝ Էդուրադ Թոփչայնի հրավերով:

«Շատ եմ սիրում Մալերին, երգել եմ նրա գրեթե բոլոր սիմֆոնիաները,  երրորդ անգամ է, որ երգում եմ նրա 2-րդ սիմֆոնիան: Երջանիկ եմ, որ մաեստրո Թոփչյանից ստացա այս հրավերը, նվագախումբն ուղղակի հրաշալի է: Մաեստրոյի խոսքով՝ ես արդեն մի քիչ հայուհի եմ և Երևան գալիս ասես տուն եմ գալիս»,- ընդգծում է Օլեսյա Պետրովան:

Ոչ այնքան հաճախ կատարվող սիմփոնիայի գնահատականն էին հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունները և ներկաների հիացմունքի խոսքերը:

Նատալի Մկրտչյան

  • Hits: 2744

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: