«Համր կինոյի խոսուն կանայք»․ Գենդերային պատկերը Հայաստանում, երբ սկսվել է կինոն

«Կանանց ու տղամարդկանց հավասարության հարցը շատ վաղուց է դրված եղել, հատկապես սովետական տարիներից հետո: Մեր իրականության մեջ կին ռեժիորներն ասում էին` իրենց հնարավորություն չեն տալիս ֆիլմեր նկարելու, բայց ես երբեք չէի համաձայնում սրան: Վաղուց էի մտածում`ինչպիսին է եղել գենդերային պատկերը Հայաստանում, երբ սկսվել է կինոն: Անընդհատ մտածում էի  և՛ կուսումնասիրեմ, և՛ կատալոգ կստեղծեմ հայազգի այն կանանց մասին, ովքեր կինոոլորտում են աշխատել Հայաստանում և դրսում»,- «Էպիգրաֆ» գրատանը «Համր կինոյի խոսուն կանայք» գրքի քննարկման և գրքի ստեղծման  շարժառիթի մասին է պատմում լրագրող,  խմբագիր Ռուզաննա Բագրատունյանը:

Հեղինակի խոսքով`գենդերային հավասարության գաղափարին սկսեց չհամաձայնել հատկապես քվոտավորման մասին զրույցներից հետո, որով, ըստ էության, պիտի հավասարություն լիներ կանանց ու տղամարդկանց միջև:  

«Եթե տալիս են քվոտան, ֆիլմի համար գումար է հատկացվում, բայց այն շատ վատ արտադրանք է տալիս, դա լա՞վ է կնոջ համար, թե՞ վատ: Այստեղ տղամարդկանց և կանանց հավասարությունը կապ չունի: Պիտի շնորհալի լինես, լավ ֆիլմ ստեղծես»,- տեսակետը պարզաբանում է Ռուզաննա Բագրատունյանը:     

Hamr kinoyi khosun kanayq 2

Ըստ հեղինակի`մինչև խորհրդային պետությունը մենք ունեցել ենք շատ տարերային նկարահանումներ` վավերագրական ֆիլմի տեսքով: Մնացածը թվագրվում է 1924 թ-ից հետո, երբ ստեղծվեց առաջին համր ֆիլմը`«Նամուսը»: Ուստի իր հարցերի պատասխանները գտնելու համար նա ուսումնասիրությունը սկսել է  «համր կինոյի» շրջանից (1924-1935), երբ  կանայք սկսել են ներգրավվել կինոարտադրության մեջ:

«Համր կինոյի խոսուն կանայք» գրքի հետազոտական աշխատանքներն իրականացվել են  Հայաստանի ազգային արխիվում, փաստեր են քաղվել «1381», «Պետլուսկինո» կինոֆոնդերի տարատեսակ փաստաթղթերից (արձանագրություններ, որոշումներ, հաստիքացուցակներ, անձնական գործեր, հրամանագրքեր և այլն): Ուսումնասիրվել է նաև Գրականության և արվեստի թանգարանի կինոյի և թատրոնի ֆոնդերում պահվող  հայ կինոյի համր շրջանի նյութերը (կենսագրություններ, նամակներ, լուսանկարներ, փաստաթղթեր), ինչպես նաև կանանց առնչվող գրականությունն ու մամուլը: Օգտագործել է «Հայկական կինո» կատալոգի տեղեկատվությունը, այլ բաց աղբյուրներ: 

Hamr kinoyi khosun kanayq 3      

Արդյունքում` հնարավոր է եղել գրքում ներկայացնել 40 դերասանուհու և կինոգործչի: «Նրանք հետագիծ ունեցած կանայք են, որոնց անուն-ազգանունները գտել եմ: 10 հոգու շատ կարճ կենսագրականն է, մյուսների դեպքում ներկայացվել է խաղացած դերերն ու անունները: Նրանցից մեկին նույնիսկ կինոդերի անունով եմ ներկայացրել`«Շուշիկը», որովհետև այլ տեղեկություններ հնարավոր չի եղել գտնել»,-պատմում է Ռուզաննա Բագրատունյանը:

 250-ից ավելի կին էլ իրականացրել է սցենարական, մոնտաժային (սոսնձող, հավաքող, չորացնող), ռեժիսորական  (բեմադրիչ, ազդագրերի մասնագետ), ինչպես նաև տեխնիկական և վարչական բնույթի աշխատանք:

«Այդ կանայք ոչ միայն դերասանուհիներ են եղել, այլև այդ ժամանակահատվածի համար  եղել են ճաշակ թելադրող, բանիմաց, գրագետ, լեզուների տիրապետող: Կնշեմ Սաթենիկ Ադամյանին, որ կարելի է ասել մեր առաջին սցենարիստն է եղել: 1913 թ-ին նա Միքայել Մանվելյանի պիեսի հիման վրա «լիբրետո» է գրել, որն այսօրվա պահանջներով համապատասխանում է սցենարի բոլոր կանոններին»:

Արխիվային նյութերն ուսումնասիրելու ընթացքում նախագծի հեղինակը հանդիպել է հետաքրքիր մի փաստի` հիմնական հաստիքացուցակներում  ներառված չեն եղել դերասանուհիները, քանի որ նրանց մեծ մասը դերասանական աշխատանքով զբաղված էր տարբեր թատերախմբերում և որևէ ֆիլմում դերակատարում ունենալու դեպքում նրանց հետ կնքվել է անհատական պայմանագրեր: Այս առումով բացառություն էին Նինա Մանուչարյանը, Տատյանա Մախմուրյանը և Արուս Պապյանը, որոնք հաստիքացուցակով ևս դերասանուհիներ էին: «Այս կանանց դեպքում էլ մի ուրիշ իրողություն առաջ եկավ. «Չնայած դերասանական բարձր որակներին`ժամանակի ընթացքում անհայտ պատճառներով նրանք դուրս են մղվել կինոոլորտից: Սա ևս ուսումնասիրելու նյութ է, որպեսզի հասկանանք, թե ինչու է այդպես եղել»:

Hamr kinoyi khosun kanayq 4

Խոսելով երկրորդական և էպիզոդիկ դերերի մասին, որոնցում ներգրավված են եղել կանայք` նկատում է. «Երբ ֆիլմերը նայում ես, շատ կանանց ես տեսնում, բայց տիտրերում և կինոգործիչների կողմից ստեղծված կատալոգում նույնիսկ երկրորդական, մեծ ընդգրկվածություն ունեցող դերակատարների անունները չկան: Անգամ նկարները չկան, որ հնարավոր լինի տարբերակել նրանց»:

Ֆիլմերի «ստոպ կադրերից» հավաքել են լուսանկարների եզակի հավաքածու`շուրջ 250 միավոր, որն էլ ավելի է լրացնում գրքի բովանդակությունը:

«Կային նկարներ, որ հանված էին հին ֆոտոներից և ունեին վնասված հատվածներ: Ես պիտի լրացների այդ հատվածները, օրինակ`քիթը, շրթունքը, դեմքի մի մասը, ուրիշ տարբերակ չկար: Եթե ուրիշ դեպքերում դա չի ներվում, այս դեպքում դա անհրաժեշտ էր, որ կարողանայինք այդ կանանց դեմքերն ամբողջացնել»,- պատմեց գիրք-ալբոմի դիզայներ Լիլիթ Ալթունյանը:

Hamr kinoyi khosun kanayq 5

Ըստ Ռուզաննա Բագրատունյանի`չնայած այս կանանց մասին եղած տեղեկատվությունը շատ քիչ էր, բայց այդքանով հանդերձ կարելի է եզրակացնել, որ նրանք նշանակալի դեր են ունեցել հայ  կինեմատոգաֆիայի կայացման գործում: Տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական փորձառության շնորհիվ նրանցից շատերն իրենց աշխատանքը շարունակել են նաև կինոյի հաջորդ փուլերում: Այդ կանայք հետագայում դարձել են նաև կինոարտադրության տարբեր բաժինների պատասխանատուներ (1932թ, Եկատերինա Այրումյան, մոնտաժային ցեխի վարիչ), ոմանք էլ`ռեժիսորի, օպերատորի, լուսավորողի օգնական (Քնարիկ Սաղաթելյան, 1931թ, «Արևի զավակը» ֆիլմի ռեժիսոր Պատվական Բարխուդարյանի օգնականը):

Այսպիսով` «Համր կինոյի խոսուն կանայք» գիրքն իր տեսակով առաջինն է, որ փաստագրել ու մեկտեղել է կինոոլորտում գործունեություն ծավալած կանանց, որոնց մասին շատ քչերը գիտեն կամ գուցե չգիտեն: Աշխատելով եղած տեղեկատվության հետ` հեղինակը հաճախ ստիպված է եղել համադրել տարբեր փաստաթղթեր, որպեսզի տվյալ անձը անսխալ նույնականացվի և այդ ամենը հասանելի դառնա հանրությանը:

Երկլեզու (հայերեն-անգլերեն) այս գրքի շնորհանդեսը եղել է անցյալ տարի: Ուսումնասիրության ընթացքում հեղինակը հասկացել է, որ մի գրքում չի կարող տեղավորվել այս թեմայի վերաբերյալ ողջ ասելիքը, նյութը և որոշվել է այն բաժանել մասերի:                       

Այժմ աշխատում է գրքի երկրորդ`«Ձայներ էկրանից» մասի վրա: Այս դեպքում պիտի ներկայացվեն այն կանայք, որոնք կինոյի ասպարեզում են եղել 1935-1960 թվականներին: «Վախենում եմ, որ նորից նույն խնդրին կհանդիպեմ, բայց դեռ ուսումնասիրության փուլ կա, հուսամ ավելի շատ տեղեկատվություն, փաստաթղթեր կլինեն»:

Նախատեսվում է նաև 3-րդ գիրքը, որը կներառի այն կանանց, ովքեր կինոյի ասպարեզում իրենց դերակատարումն ունեցել են մինչև անկախության շրջանը:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 118

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: