Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վերանշանակվեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան։ Դրան են հանգել դիրիժորի մի շարք նախաձեռնությունները 2025 թվականին: Այս տարվա ընթացքում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար մաեստրո Սմբատյանն այցելել է Արտաշատի թիվ 4 վերանորոգված մանկապարտեզ: Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքներին՝ ուղղված ներառական վաղ ուսումնառության ծառայությունների հասանելիության ընդլայնմանը փախստական և ընդունող համայնքների երեխաների համար։
Առաջին անգամ Սերգեյ Սմբատյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան նշանակվեց 2023 թվականին՝ համագործակցելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ խթանելու դրական ծնողավարությունը և վաղ մանկական ուսումնառությունը։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի խոսքով՝ Սերգեյ Սմբատյանն իր ձայնի, արվեստի և ազդեցության միջոցով պաշտպանել է հայ երեխաների իրավունքներն ու բարեկեցությունը։

«Նրա նվիրվածությունը վաղ մանկական ուսումնառությանը, ներառականությանը և, առհասարակ, երեխայի իրավունքներին ցույց է տալիս, թե որքան մեծ ազդեցություն կարող են ունենալ մշակույթն ու հոգատարությունը, երբ դրանք միավորվում են ընդհանուր նպատակի շուրջ։ Մենք ուրախ ենք շարունակել մեր գործընկերությունը մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպանի: Մենք ակնկալում ենք մեր համագործակցության շարունակությունը՝ ապահովելու, որ յուրաքանչյուր երեխա, անկախ իր ծագումից կամ իրեն շրջապատող հանգամանքներից, ունենա սովորելու, զարգանալու և իր ներուժը բացահայտելու հնարավորություն»,- ասում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Մինչ այս 2024 թվականին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ գործող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապույտով է լուսավորվել Հայաստանի Ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի շենքը՝ ի նշան Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 35-ամյակի։ Խորհրդանշական արարողությունից հետո էլ կայացել է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի բացման համերգը: Այն նվիրված է եղել Երեխաների համաշխարհային օրվան։

2023 թվականին էլ մաեստրո Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցության հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար միջոցներ է հավաքագրել յոթ համերգների միջոցով՝ հնարավորություն ընձեռելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին բազմաֆունկցիոնալ դեղատնային վաուչերներ տրամադրել հաշմանդամություն ունեցող փախստական երեխաներին։ 2024 թվականին մաեստրո Սմբատյանը հանդիպել է այդ ծրագրի շրջանակում աջակցություն ստացած մի քանի երեխաներին և նրանց ընտանիքներին։
«Շատ ուրախ եմ, որ այսօր կրկին նշանակվում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան. վերանշանակումը փաստում է, որ մեր համագործակցությունը երկուստեք արդյունավետ է եղել և՛ անձամբ ինձ համար, և՛ ՅՈՒՆԻՍԵՖ-ի։ Այստեղ կարևորն ինձ համար այն է, որ երեխաների համար արժեք ստեղծելու ևս մեկ հնարավորություն ունեմ։ Հատկանշական է, որ այսօր անդրադառնում ենք նաև մեր «Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագրին, որը դասական երաժշտությունը հասանելի և մատչելի է դարձնում երեխաների համար դեռ մանկապարտեզից։ Սա մեր կրթական գործընթացի շղթայի անբաժան մասն է, որը հեռահար ազդեցություն է ունենալու դասական երաժշտության հանրահռչակման վրա»,- ասում է Սմբատյանը:

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրի «Սիմֆոնիկ հեքիաթներ» նախաձեռնությունը կյանքի է կոչվել 2025 թվականին։ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ գործընկերների կողմից մշակվել է կրթական մոդուլ և ուղեցույց, որի նպատակն է խրախուսել երեխաներին՝ բացահայտելու դասական երաժշտության և արվեստի աշխարհը՝ նպաստելով նրանց հոգեսոցիալական բարեկեցությանը։ Ծրագիրն արդեն փորձարկվել է Հայաստանի հինգ համայնքներում և շուտով կներկայացվի ԿԳՄՍ նախարարություն՝ այն ընդլայնելու նպատակով։
Արարողությանը հաջորդեց «Սիմֆոնիկ հեքիաթներ» խորագիրը կրող պանելային քննարկումը: Ուշադրության կենտրոնում դասական երաժշտության կարևորությունն էր վաղ մանկական զարգացման և նախադպրոցական կրթության մեջ:
Քննարկման մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկական զարգացման ծրագրի պատասխանատու Մայա Սիմոնյանը, «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրերի ղեկավար Տաթև Ադամյանը, Վաղարշապատի «Ոստան» մանկապարտեզի տնօրեն Լուսինե Ավագյանը և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի բովանդակության և զարգացման գծով տնօրեն Լուսինե Աղաբեկյանը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 140