Կոմիտաս Վարդապետը՝ իր ժամանակի մամուլի էջերում

Ինչպիսի՞ն է եղել ժամանակի հայ և միջազգային մամուլի անդրադարձը Կոմիտաս Վարդապետին, ինչպիսի՞ն էր կերպարը, ստեղծագործությունների մասին նկարագրությունները: Այս և նման հարցերի պատասխաններ կարող եք գտնել «Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետին» գրքի երկրորդ հատորում: Օրերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած գրքի շնորհանդեսին հեղինակը՝ ֆրանսահայ երաժշտագետ Արմինե Գրիգորեանը, ներկայացրեց իր աշխատության երկրորդ հատորը:

Կոմիտաս Վարդապետի կերպարը վաղուց արդեն դուրս է եկել կենսագրական փաստերի և երաժշտական ժառանգության սահմաններից՝ դառնալով հայ մշակութային ինքնության հիմնարար խորհրդանիշներից մեկը։ Սակայն Կոմիտասի ժամանակակից ընկալումը, նրա հասարակական ներկայությունն ու մտավոր դիմանկարը առավել ամբողջական կերպով բացահայտվում են ոչ միայն հետագա ուսումնասիրությունների, այլ նախևառաջ իր ժամանակի մամուլի էջերի միջոցով։ Թերթերն ու ամսագրերը՝ որպես ժամանակի մշակութային կյանքի կենդանի վկաներ, արձանագրել են Կոմիտասին երբեմն հիացմունքով, երբեմն՝ քննադատությամբ, սակայն մշտապես՝ հետաքրքրությամբ։ Կոմիտասի անունը հաճախ է հայտնվել Կոստանդնուպոլսի, Թիֆլիսի և Էջմիածնի հայկական մամուլի էջերում՝ «Մասիս», «Արևելք», «Ժամանակ», «Բյուզանդիոն», «Ազատամարտ», «Հորիզոն», «Մշակ», «Արարատ», «Էջմիածին» և այլ պարբերականներում։ Այս հրապարակումներում նա ներկայացվում է ոչ միայն որպես երաժշտագետ և խմբավար, այլ որպես ազգային մշակույթի վերակազմավորման գործիչ, ժողովրդական երգի գիտական հավաքագրող և եկեղեցական երաժշտության բարեփոխիչ։

Tertapatum Komitas 6

Վարդապետին անդրադարձել է նաև ռուսական և եվրոպական մամուլը, որը Կոմիտասի գործունեությանը հաղորդել է միջազգային հնչեղություն։ Ռուսական երաժշտական և հասարակական պարբերականներում՝ «Русская музыкальная газета», «Музыкальный современник», «Кавказ», Կոմիտասը դիտարկվում է որպես Արևելքի ժողովրդական երաժշտության եզակի հետազոտող։ Իսկ ֆրանսիական մամուլում՝ Le Mercure Musical, La Revue Musicale, Le Temps, Le Figaro, նրա կերպարը ձևավորվում է որպես «Արևելքի քահանա-երաժիշտ», որի արվեստը համադրում է ազգային արմատները և ժամանակակից գիտական մտածողությունը։

Այս բազմալեզու մամուլի նյութերը հնարավորություն են տալիս վերակազմել Կոմիտասի ժամանակակից ընկալման ամբողջական պատկերը՝ ցույց տալով, թե ինչպես էր նրա արվեստը և գաղափարախոսությունը ընկալվում տարբեր մշակութային միջավայրերում։ Այս և նման այլ մամուլի արձագանքներ է հավաքել և ամփոփել Արմինե Գրիգորեանը: Այդտեղ ամփոփված մի շարք արձագանքները բացահայտում են նաև ժամանակի մտավոր դիսկուրսը, ազգային ինքնության որոնումները և այն տեղը, որը Կոմիտասին վերագրվում էր այդ գործընթացներում։

Tertapatum Komitas 4

Արմինե Գրիգորեանը կազմել է Կոմիտաս Վարդապետի ժամանակակից բոլոր աղբյուրների ամբողջական բնագրերն ընդգրկող ժողովածու` «Թերթապատում» ընդհանուր խորագրով։ Նյութերը խմբավորված են առանձին գրքերով։ Ընդարձակ տեղեկատվությունը կենդանություն է տալիս այն միջավայրին, ուր Վարդապետն ապրել և գործունեություն է ծավալել: «Թերթապատում. Մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետին. 1912-1913 թթ., Գիրք Բ» ժողովածուն աղբյուրագիտական կարևոր հետազոտություն է:

«Տարբեր աղբյուրներ են ուսումնասիրվել, բազմաթիվ գործիչների անուններ է հավաքվել, երկարատև աշխատանք է կատարվել, որը շատ երկար տևեց: Առաջին հատվածն ամփոփելը շուրջ չորս տարի է տևել, իսկ երկրորդը վեց տարում է ավարտել»,- ասում է Ֆրանսահայ երաժշտագետ Արմինե Գրիգորեանը:

Որպեսզի մամուլում Կոմիտասի մասին արձագանքները տարբեր ընթերցողական շերտեր գրավեն, կազմվել է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն առաջաբան:

«Ամեն հայ պետք է ծանոթանա այս բացահայտումներին, որը կատարվել է ուսումնասիրությունների տասը տարիների ընթացքում: Շարունակելու եմ այս շարքը․ ինձ նաև հետաքրքրում են Կոմիտաս վարդապետի շարականները: Այս գրքում կհանդիպեք տարբեր անունների և կարծիքի: Ահա, օրինակ, Կոմիտասի մասին գովեստի խոսքերը շատ են, դրանցից մեկում նշվում է, որ գեղարվեստական վեհ զգացողություն ուներ Կոմիտասը և հայեցի երգեցողություն: Սակայն
Կոմիտասի մասին եղել են նաև հակասական կարծիքներ, քննադատություն, որոնք վերաբերվել են Կոմիտասի և երգչախմբի հակասական հարաբերություններին»,-ասում է Արմինե Գրիգորեանը:

Tertapatum Komitas 2

Հատորի խմբագիրը Տաթևիկ Շախկուլյանն է: Ըստ Շախկուլյանի՝ այս գրքի շնորհիվ մամուլից մեզ հասնում են այնպիսի արձագանքներ, որոնք ժամանակի ոգուն ու շնչին են համապատասխանում ու շատ նորույթներ են պարունակում:

Մինչ այս լույս էր տեսել աշխատության առաջին հատորը: Ժողովածուն ներառում է Կոմիտաս Վարդապետի՝ Պոլսում և հարակից գավառներում, ինչպես նաև Եգիպտոսում ծավալած գործունեության առաջին շրջանին նվիրված (1910 թ. հունիսի 10/23-ից մինչև 1911 թ. վերջը) արևմտահայ օրաթերթերի և պարբերականների արձագանքները։ Ներկայացված են Պոլսի («Բյուզանդիոն», «Ազատամարտ», «Ժամանակ», «Տաճար», «Արևելք», «Մանզումեի Էֆքեար», «Հայրենիք»), Իզմիրի («Դաշինք») և Կահիրեի («Լուսաբեր-Արև») մամուլում հրապարակված նյութերը։
Գիրքը ընդգրկում է տվյալ ժամանակահատվածում Պոլսում, Իզմիրում և Եգիպտոսում Կոմիտասի գործունեությանը վերաբերող 272 լրատվական և հեղինակային բնույթի մամուլային հրապարակում՝ համալրված լուսանկարներով։

Վարդապետը ժամանակի մամուլի էջերում ներկայանում է որպես շարժման մեջ գտնվող երևույթ՝ միաժամանակ ազգային և համամարդկային ավանդույթի պահապան և նորարար։ Ներկայացվող գիրքը արժեքավոր աղբյուր է ոչ միայն կոմիտասագիտության, այլ, ընդհանրապես, հայ մշակութային պատմության ուսումնասիրության համար՝ վերականգնելով մի ձայն, որը ժամանակին հնչել է թերթի սյունակներում, բայց այսօր վերագտնում է իր ամբողջական նշանակությունը։ Ներկայացվող գիրքը արժեքավոր փորձ է՝ մեկտեղելու և համակարգելու այն բազմազան մամուլի արձագանքները, որոնք տպագրվել են թե՛ հայկական, թե՛ օտարալեզու պարբերականներում։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 174

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: