Շանտալ Մուֆֆ․ Հանուն ձախակողմյան պոպուլիզմի

 

 

Բելգիացի քաղաքական փիլիսոփա Շանտալ Մուֆֆը ծնվել է 1943 թվականին: Սովորել է Լյովենում, Փարիզում և Էսսեքսում, իսկ հետագայում դասավանդել մի շարք համասարաններում (Եվրոպա, Հյուսիսային և Լատինական Ամերիկա)։ Նա նաև եղել է պրոֆեսոր Հարվարդում, Կոռնելի, Փրինստոնի համալսարաններում և Փարիզի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում (CNRS): 1989- 1995 թվականներին եղել է Փարիզի միջազգային փիլիսոփայական քոլեջի (College International de Philosophie) ծրագրի ղեկավարը։ Ներկայումս Մեծ Բրիտանիայի Վեստմինստերյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր է, որտեղ ղեկավարում է ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնը։ Հայտնի է Էսսեքսի վերլուծության դպրոցի զարգացման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաև Էռնեստո Լակլոի հետ «Հեգեմոնիա և սոցիալիստական ռազմավարություն» գրքի ստեղծման աշխատանքներում համագործակցության համար, որը դարձել է հետմարքսիստական հետազոտության մոդել՝ հիմնվելով Գրեմսիի հեգեմոնիայի տեսության, հետկառուցողականության և ինքնության տեսությունների վրա, որոնք վերասահմանում են ձախակողմյան քաղաքականությունն արմատական ժողովրդավարության առումով։ Ներկայացնում ենք նրա հարցազրույցներից մեկը՝ տպագրված 2018 թվականին։

Մայքլ Քալդերբանկ. Ինչո՞ւ եք կարծում, որ հենց սա է ճիշտ պահը, ինչպես Ձեր գիրքն է վերնագրված, «հանուն ձախակողմյան պոպուլիզմի»:

Շանտալ Մուֆֆ. Մենք ներկայումս ապրում ենք հետժողովրդավարական հասարակություններում: Դա առաջին հերթին պայմանավորված է ձախակողմյանների և աջակողմյանների միջև սահմանների տարալուծմամբ. մի վիճակ, որը ես անվանում եմ «հետքաղաքականություն»: Այն տեղի է ունենում, որովհետև սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունները հիմնականում ընդունեցին այն գաղափարը, որ նեոլիբերալ գլոբալիզացիան այլընտրանք չունի: Իսկ երբ քաղաքացիները գնում են քվեարկելու, նրանք այլընտրանք չունեն, քանի որ աջակենտրոն և ձախակենտրոն ծրագրերի միջև սկզբունքային տարբերություն չկա: Մենք նաև ականատես ենք եղել մեր հասարակությունների «օլիգարխացման» ֆենոմենին, այն իմաստով, որ տեսնում ենք շատ հարուստ մարդկանց մի փոքր խմբի և մնացած բնակչության միջև աճող անջրպետը: Նորույթն այն է, որ սեփականաշնորհման քաղաքականության հետ միասին և, հատկապես, կոշտ տնտեսական քաղաքականության ներդրումից սկսած, ի հայտ է եկել միջին խավի պաուպերիզացման[1] և պրեկարիզացման[2] ֆենոմենը, որն այժմ խորապես տառապում է նեոլիբերալ քաղաքականության հետևանքներից: Սա պարզաբանում է կենտրոնի համաձայնությանն ուղղված բազմաթիվ դիմադրությունների առաջացումը:

Այն, ինչ ես անվանում եմ «պոպուլիստական ​​պահ», բնութագրվում է այս հետժողովրդավարական ​​իրավիճակին ուղղված դիմադրությունների բազմապատկմամբ: Վերջիններս շատ տարբեր են դրսևորվում ու պարտադիր չէ՝ առաջադեմ եղանակով: Այդ դիմադրությունները, ինչ-որ իմաստով, արտահայտում են «ժողովրդավարական պահանջներ»՝ էլ ավելի շատ ժողովրդավարության պահանջներ, որպեսզի ժողովուրդը ձայնի իրավունք ունենա: Բայց այդ պահանջները կարող են արտահայտվել այլատյացության ձևով: Ահա թե ինչու տեսանք աջակողմյան պոպուլիզմի զարգացում, որը պնդում է՝ «խնդիրը բխում է ներգաղթյալներից»: Այդ պահանջները, սակայն, կարող են ձևակերպվել նաև ավելի առաջադեմ ձևով՝ որպես ժողովրդավարության ընդլայնման և արմատականացման կոչ: Սա այն է, ինչը ես անվանում եմ «ձախակողմյան պոպուլիզմ»:

2015-ին լույս տեսած «Քաղաքականի մասին» գրքում, ուսումնասիրելով հետքաղաքական ֆենոմենը, պնդում էի, որ «երրորդ տարբերակի» մոտեցումը չի ենթադրում ժողովրդավարության առաջնթաց, և որ տարբեր այլընտրանքների միջև «ագոնիստական» բանավեճի բացակայությունը վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար, որովհետև բարենպաստ հող է ստեղծում աջակողմյան պոպուլիզմի զարգացման համար:

Այն գաղափարը, որ քաղաքականությունը ենթադրում է հաշտեցում և համաձայնություն, միանշանակ սխալ ընկալում է: Ժողովրդավարական քաղաքականությունը պետք է լինի կուսակցական: Այն պահանջում է սահմանագծում աջակողմյանի և ձախակողմյանի միջև: Առանց հնարավոր այլընտրանքների մասին ագոնիստական բանավեճի չի կարող լինել ժողովրդավարություն:

Ինչպե՞ս եք ընկալում ձախակողմյան պոպուլիզմը ներկայացնող ընտրազանգվածին և ինչի՞ հիման վրա կարելի է նրան միավորել:

Այսօր հասարակության շատ ավելի լայն շերտեր են իրենց վրա զգում նեոլիբերալ գլոբալիզացիան և կապիտալիզմի կարգավորման նոր եղանակների հետևանքները, քան երբևէ նախկինում: Ֆորդիստական ժամանակաշրջանում դուք զգում էիք փոփոխության հետևանքները, եթե, հիմնականում, աշխատում էիք գործարանում: Բայց ֆինանսական կապիտալիզմի վերելքով և նրանով, ինչը երբեմն անվանում են կենսաքաղաքականություն, մենք բոլորս ենք զգում այդ փոփոխությունների հետևանքները, քանզի մեր կյանքի շատ ասպեկտներ այժմ կապիտալիզմի վերահսկողության ներքո են: Սա, իհարկե, բացասական է, բայց կարող է նաև հնարավորություն ընձեռել, որովհետև նշանակում է՝ ավելի մեծ է այն մարդկանց թիվը, որոնց կարելի է գրավել ժողովրդավարության արմատականացման գործում: Դա միայն բանվոր դասակարգը չէ. կան միջին դասակարգը ներկայացնող շատ կարևոր սեկտորներ, որոնց նույնպես կարելի է ներգրավել:

Ավանդական ձախակողմյան քաղաքական սահմանը ստեղծվեց սոցիալական դասակարգի հիման վրա: Բուրժուազիայի դեմ գոյություն ուներ բանվոր դասակարգ կամ պրոլետարիատ: Այսօր, հաշվի առնելով հասարակության էվոլյուցիան, այն արդեն քաղաքական սահմանը հաստատելու միջոց չէ:

Կան մի շարք ժողովրդավարական պահանջներ, որոնք հնարավոր չէ ձևակերպել դասակարգային տեսանկյունից. օրինակ՝ անհրաժեշտ է հաշվի առնել ֆեմինիզմի, հակառասիզմի, գեյ-շարժման, էկոլոգիայի պահանջները: Դրանք պահանջներ են, որոնք չեն տեղավորվում աշխատավոր դասակարգի և բուրժուազիայի ավանդական հակադրության շրջանակներում: Սահմանը պետք է կառուցենք պոպուլիստական ձևով, որը շատ ավելի համընդգրկող է «ժողովուրդը» ընդդեմ «օլիգարխիայի» իմաստով: Կան բազմաթիվ սեկտորներ, որոնք կարելի է շահել հականեոլիբերալ նախագծի համար և անհրաժեշտ է դրանք միավորել, ստեղծելու «ժողովուրդ»՝ հավաքական կամք: Քաղաքական սահմանը չի կարող հաստատվել խստորեն դասակարգային հիմքի վրա, ինչը, սակայն, չի նշանակում, որ աշխատավոր դասակարգի պահանջները պետք է աչքաթող արվեն. հակառակը՝ դրանք պետք է ձևակերպվեն այլ ժողովրդավարական պահանջների հետ միասին: Սա ձախակողմյան պոպուլիզմի հիմնական բնութագիրն է և հիմնական տարբերությունը սահմանի դասակարգային կառուցվածքի առումով: «Ժողովրդի» կերտման համար պետք է հասկանանք, թե ինչն է դրդում մարդկանց գործել: Օրինակ՝ ինչո՞ւ են մարդիկ արձագանքում ենթակայության որոշ ձևերի: Ինչո՞ւ են բարձրաձայնում անարդարության մասին: Կարծում եմ՝ հավասարության գաղափարը, սոցիալական արդարության գաղափարը և ժողովրդական ինքնիշխանության գաղափարը ժողովրդավարական սոցիալական երևակայության հիմնարար արժեքներն են: Հենց այդպես են ժողովրդավար քաղաքացիները կազմավորվում և սոցիալականացվում: Ուստի, երբ զգում են, որ նրանցից այդ արժեքները խլում են, դրսևորում են դիմադրության տարբեր ձևեր: Կարծում եմ՝ քաղաքական դաշտում մարդկանց գործել է դրդում հավասարության և ժողովրդավարության պահանջը:  

Ահա թե ինչու ներկայումս հետաժողովրդավարության շուրջ հանդես եկող բազմաթիվ դիմադրությունների ականատեսն ենք: Indignados շարժման[3] կարգախոսներից մեկն էր ՝ “Tenemos un voto, pero no tenemos voz”, այսինքն՝  «մենք ձայն ունենք, բայց ձայն չունենք»: Շատերն այսօր զգում են, որ զրկվել են ձայնից: Սա հենց «պոպուլիստական ​​պահի» էությունն է և կարևոր է առաջարկել առաջադիմական պատասխան այդ դիմադրություններից բխող պահանջներին:

Փոխանակ աջակողմյան պոպուլիզմը դիտարկել որպես պահանջների արտահայտում, որոնք ըստ էության ռասիստական ​​ու սեքսիստական ​​են, մեզ անհրաժեշտ է տեսնել, որ դրանք իրականում պարունակում են ժողովրդավարության կոչ՝ ձայնի իրավունք ունենալու համար: Սա վերաբերում է նաև Բրեքսիթի քվեարկությանը Բրիտանիայում: Շատերը քվեարկեցին Բրեքսիթի օգտին ոչ թե այն պատճառով, որ նրանք այլատյաց են, այլ որովհետև նրանք զգացին՝ իրենց խնդիրները քաղաքական էլիտային չեն հետաքրքրում:

Դրանք ժողովրդավարության պահանջներ են, բայց և կարող են այնպես արտահայտվել, որ արդյունքում սահմանափակվի ժողովրդավարությունը, և վերականգնել ժողովրդավարությունը միայն մարդկանց մի փոքր խմբի՝ հայրենակիցների համար: Կամ, և հենց դրանում էլ մարտահրավերի իմաստն է, դրանք կարող են այնպես ձևակերպվել, որ ժողովրդավարությունը խորացվի և արմատականացվի: Ինձ համար խնդիրն այն է, թե որ տեսակի պոպուլիզմը կարող է գերիշխող դառնալ ու բավարարել այդ պահանջները: Համոզված եմ՝ աջակողմյան պոպուլիզմի դեմ պայքարի միակ միջոցը ձախակողմյան պոպուլիզմի զարգացումն է: Այսինքն՝ պոպուլիզմ, որը հաշվի է առնում հետժողովրդավարության դեմ հանդես եկող դիմադրության բազմազանությունը և նրանց ընձեռնում արտահայտման այնպիսի հնարավորություն, որը տանում է ժողովրդավարական արժեքների վերահաստատման և ընդլայնման:

Ֆրանսիայում կան ձախակողմյան թևի ներկայացուցիչներ, որոնք ասում են. «Մենք չպետք է խոսենք նույնիսկ նրանց հետ, ովքեր քվեարկել են Մարին Լը Պենի օգտին, քանի որ այդ մարդիկ իրենց բնույթով ֆաշիստ են և չեն կարող վերափոխվել»: Ես ընդհանրապես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ: Քաջ հայտնի է, որ Ֆրանսիայում Մարին Լը Պենի օգտին քվեարկողներից շատերը նախկինում քվեարկել են Կոմունիստական ​​կուսակցության օգտին: Նրանց լքել են սոցիալ-դեմոկրատները, և Լը Պենը միակն էր, որ ասաց. «Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը», բայց ավելացրեց. «Ներգաղթյալների պատճառով եք հայտնվել այս իրավիճակում»: Բարեբախտաբար, ամեն ինչ սկսել է փոխվել, քանի որ “La France Insoumise”- ի (Ժան-Լյուկ Մելանշոնի կուսակցությունը, որը հաճախ համարվում է ձախակողմյան պոպուլիստական) զինյալները գնում էին այն ընտրատարածքներ, որտեղ քվեարկում են Մարին Լը Պենի օգտին` նրանց հետ զրուցելու:

Վերջին ընտրություններում հետաքրքիր էր տեսնել, որ մի քանի կարևոր տեղերում, օրինակ՝ Մարսելում, Մելանշոնը զբաղեցրեց առաջին տեղը այն ընտրատարածքներում, որոնք նախկինում քվեարկում էին Մարին Լը Պենի օգտին: Նույնը տեղի ունեցավ Ամիենում Ֆրանսուա Ռուֆենի[4] պարագայում, ով ընտրվեց նախկինում Ազգային Ճակատի հենակետ հանդիսացող վայրում: Ուստի նրանք, ովքեր Ֆրանսիայում ասում են. «Մարին Լը Պենի օգտին քվեարկողները երբեք չեն քվեարկի Ժան-Լյուկ Մելանշոնի օգտին», սխալվեցին: Ինձ ասացին, որ Բրիտանիայում UKIP- ի[5] օգտին քվեարկող մարդկանց 16% անցյալ ընտրություններին քվեարկել էին Կորբինի[6] օգտին:

Սա ցույց է տալիս, որ աշխատավոր դասակարգի պահանջները պարտադիր չէ, որ առաջադեմ կամ այլատյաց լինեն. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են դրանք ձևակերպվում: Աջակողմյան պոպուլիստները դրանք ձևակերպում են այլատյացության ձևով, իսկ ձախակողմյան պոպուլիզմի խնդիրն է այդ պահանջների ձևակերպման այլ մոտեցում առաջարկել:

Այդ դեպքում ինչո՞ւ են բողոքում «ձախակողմյան» պոպուլիզմից, եթե շատերն իրենց այլևս չեն նույնականացնում այդ թևի հետ:

Առաջին հերթին կցանկանայի հստակեցնել, որ երբ խոսում եմ «ձախակողմյան պոպուլիզմի» մասին, դիտարկում եմ այն որպես վերլուծական կատեգորիա: Ես չեմ ասում, որ դուք դուրս եք գալիս և հայտարարում. «Մենք ձախակողմյան պոպուլիստ ենք»: Երբ ասում եմ՝ «ձախակողմյան պոպուլիզմ» կատեգորիան կարելի է կիրառել La France Insoumise- ի կամ Կորբինի կամ էլ Պոդեմոսի[7] նկատմամբ, նկատի ունեմ, որ այդ կուսակցությունների քաղաքական ռազմավարությունը կարելի է բնութագրել որպես ձախակողմյան պոպուլիստական ռազմավարություն: Այդպես են նրանք գծում սահմանը: Նրանք ուզում են ժողովրդական շարժում առաջացնել «օլիգարխիային» հակադրվող «ժողովրդի» ձևավորման շուրջ, ինչը, սակայն, չի նշանակում, որ իրենք իրենց պետք է անվանեն «ձախակողմյան պոպուլիստներ»: Օրինակ, La France Insoumise- ը նշանակում է Unbowed France (Անհնազանդ Ֆրանսիա), որը, կարծում եմ, հոյակապ անուն է և կարող է միավորել պայքարի բազմաթիվ ձևեր:

Այո, շատերի համար «ձախակողմյան» հասկացությունն այժմ ունի բացասական երանգ: Օրինակ, Իսպանիայում ասում են, որ ձախակողմյանների գաղափարը չափազանց վարկաբեկված է, քանի որ այս թևի մասին խոսելիս մարդիկ մտաբերում են սոցիալական ժողովրդավարության դավաճաններին: Ֆրանսիայում էլ գրեթե նույնն է. երբ խոսում եք ձախակողմյանների մասին, շատերն արհամարում են այդ հասկացությունը, որովհետև այն նույնացնում են Ֆրանսուա Օլանդի հետ: Այս տերմինից հրաժարվելու մյուս պատճառը՝ այն չի համապատասխանում պոպուլիստական ռազմավարության համընդգրկուն բնույթին: Ինչպես ասում են Պոդեմոսում. «Մենք ուզում ենք խոսել նաև այն մարդկանց հետ, ովքեր իրենց ձախակողմյան չեն համարում»: Ես հասկանում եմ այս մտավախությունները, ուստի նշում, որ սահմանը չպետք է պատկերացնել «ձախակողմյան-աջակողմյան» շրջանակներում, ինչպես ավանդաբար ընդունված է:

Բայց կա ձախակողմյանի մեկ այլ իմաստ՝ ավելի աքսիոլոգիական (արժեքների վրա հիմնված): Ձախակողմյանը անդրադառնում է հստակ արժեքներին՝ սոցիալական արդարություն, ժողովրդական ինքնիշխանություն, հավասարություն: Կարծում եմ՝ այդ արժեքները պետք է պաշտպանել, և այդ իմաստով եմ խոսում «ձախակողմյան» պոպուլիզմի մասին: «Առաջադեմ պոպուլիզմի» մասին խոսելը բավարար չէ: Ֆրանսիայում «առաջադեմ» -ն ամբողջովին գրավել է Մակրոնը: «Ժողովրդավարական պոպուլիզմը» նույնպես ճշգրիտ չէ: Մեզ պետք է այնպիսի տերմին, որն ավելի հակադրական է, ավելի կուսակցականացված: Ըստ իս, «ձախակողմյան պոպուլիզմի» մասին խոսելը թույլ է տալիս վերականգնել աջակողմյանների և ձախակողմյանների միջև ագոնիստական պայքարը, բայց պոպուլիստական ձևով:

Կարծում եք Կորբինի լեյբորիստներին հաջողվե՞ց խուսափել եվրոպական սոցիալական ժողովրդավարության՝ դեպի հետ-ժողովրդավարական տարածք ընդհանուր անկումից:

Կորբինի Լեյբորիստները սոցիալ-ժողովրդավարական կուսակցություն է, որը վերափոխման փուլում է՝ ձախ պոպուլիստական ռազմավարություն որդեգրելով: Հենց դրանով է բացատրվում, որ նրան հաջողվեց խուսափել սոցիալ- ժողովրդավարության ընդհանուր անկումից: Այնպես չէ, որ սոցիալ- ժողովրդավարությունը հանկարծ սկսեց վերականգնվել: Կորբինի կուսակցությունը Բլեերի կուսակցությունը չէ: Նոր Լեյբորիստների հետքաղաքականության հետ կապը խզելու հայտն ակներև է:

Բրիտանիայի պարագայում կարևոր է տեսնել, որ Կորբինի և Մոմենտումի[8] նպատակը Լեյբորիստական կուսակցությունը ժողովրդական շարժման վերածելն է: Ձախակողմյան պոպուլիստական ռազմավարությունը պահանջում է սահմանի հաստատում, և նույնը կոչ է անում  կուսակցության վերջերս հայտնի դարձած մանիֆեստը՝ «Շատերի, այլ ոչ թե քչերի համար»: Հետաքրքիր է, որ նման կարգախոս նախկինում օգտագործել է Բլեերը՝ սոցիալիզմի մասին խոսակցությունից խուսափելու համար: Նրանք այն հետ վերցրին և փոխակերպեցին՝ ագոնիստական սահման գծելու համար՝ «շատերի» և «քչերի» օլիգարխիային դեմ հանդես եկող մարդկանց միջև:

Ինչպե՞ս է ձախակողմյան պոպուլիզմը վերաբերվում առկա ձախակողմյան քաղաքական կատեգորիաներին:

Ընդհանուր առմամբ կարող ենք տարբերակել «ձախակողմյան» -ի երեք տեսակ: Առաջինը սոցիալ-լիբերալների «մաքուր ռեֆորմիզմն» է, ովքեր ընդունել են այն գաղափարը, որ նեոլիբերալ գլոբալիզացիան այլընտրանք չունի և կարծում են՝ միակ բանը, որ կարող են անել՝ գոյություն ունեցող համակարգի մանր բարեփոխումներն են՝ ներկայիս հեգեմոնիային մարտահրավեր չնետելով: Հակառակ կողմում հեղափոխական ձախակողմյաններն են, որոնք ասում են. «Մենք պետք է խզենք մեր բոլոր կապերը լիբերալ ժողովրդավարության ինստիտուտների հետ»: Նրանք կարծում են, որ պետությունը չի կարող վերափոխվել և այն պետք է վերացվի: Եվ վերջապես երրորդ տեսակը պաշտպանում է «դասալքության», ավանդական ինստիտուտներից «հեռացման» ռազմավարության տարբերակը:

Բացի վերոնշյալներից, կան ձախակողմյաններ, որոնք պաշտպանում են «արմատական ռեֆորմիզմի» քաղաքականությունը: Դա «ոչ ռեֆորմիստական ռեֆորմների» իրականացման քաղաքականություն է. բարեփոխումներ, որոնք իսկապես ազդեցություն կունենան գոյություն ունեցող ուժերի հարաբերությունների խորքային վերափոխման վրա: Ձախակողմյանների այս տեսակը չի մերժում բազմակարծության ժողովրդավարության առանցքային ինստիտուտները, այլ նպատակ ունի հաստատել այլ հեգեմոնիա՝ չհրաժարվելով լիբերալ ժողովրդավարության շրջանակներից:

Ձախակողմյան պոպուլիզմը միանշանակ արմատական բարեփոխումների ռազմավարություն է: Ձախակողմյան պոպուլիստական ռազմավարության նպատակը ընտրություններում հաղթելու միջոցով իշխանության գալն է: Այն հավատում է առկա ինստիտուտների հետ կապ հաստատելու կարևորությանը և պետությունը վերափոխելու հնարավորությանը: Ըստ իս, սա ամենահամարժեք ռազմավարությունն է, որովհետև սա նեոլիբերալ հեգեմոնիայի հետ կապերը խզելու և ժողովրդավարության արմատականացմանն ուղղված մեկ այլ հեգեմոնիա ձևավորելու միջոց է:

Կարծո՞ւմ եք Կորբինի ծրագիրը նույնքան արմատական է, որքան նրա հռետորաբանությունը: Երբեմն այդ ծրագիրը նկարագրվում է որպես վերափոխման առաջարկ, և մարդիկ ասում են. «Դե, պահանջները համեմատաբար համեստ են, ինչպես եվրոպական սոցիալ- ժողովրդավարականների մեծ մասի մոտ»:

Իսկապես, ձախակողմյան պոպուլիզմի և սոցիալ- ժողովրդավարության միջև կան որոշ ընդհանուր կետեր (չնայած, իհարկե, ոչ ի դեմս երրորդ տարբերակի): Այնուհանդերձ, պարզ է, որ ձախակողմյան պոպուլիզմի ռազմավարությունը չի կարող ուղղված լինել միայն դեպի սոցիալ- ժողովրդավարության նույնիսկ ամենաառաջադեմ ձևի վերադարձին, քանի որ դրա բոլոր ձևերը հիմնականում քեյնասական[9] էին: Այսօր խնդիրն այն է, որ, եթե մենք լուրջ ենք վերաբերում բնապահպանության խնդրին, ապա քեյնասական լուծումները խնդրի մի մասն են, որովհետև դրանք են խթանում արտադրողական մոդելը: Այսօրվա մարտահրավերն է, եթե պատրաստվում ենք լրջորեն վերաբերվել բնապահպանությանը, խզել կապն այդ արտադրողականության հետ: Ավելին, սոցիալ- ժողովրդավարությունները գլխավորապես կենտրոնացած էին տնտեսական պահանջների առաջադրման ուղղությամբ. նրանք իրենց համարում էին բանվոր դասակարգի շահերի ներկայացուցիչներ: Ձախակողմյան պոպուլիզմն այսօր ցանկանում է շատ ավելի լայն շերտերի ներկայացուցիչը լինել: Այն պահին, երբ բանվոր դասակարգի պահանջները սոցիալ-լիբերալ կուսակցությունների կողմից իջեցվում են պակաս կարևոր մակարդակի, անշուշտ, շատ կարևոր է ընդունել դրանց կարևորությունը, բայց այլ սոցիալական խմբերի պահանջների հետ զուգակցելով, որոնք նույնպես տուժում են նեոլիբերալիզմից: Այդ տեսանկյունից շատ հետաքրքիր եմ համարում Դեվիդ Հարվիի[10] կողմից մշակած՝ սեփականությունից զրկման հաշվին կուտակման հասկացությունը: Նա ցույց է տալիս, որ նեոլիբերալիզմը ստեղծել է անտագոնիզմի նոր ձևեր, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել ու դրանք ազդում են աշխատավոր դասակարգից դուրս գտնվող շատ մարդկանց վրա: Ժողովրդավարության արմատականացման ձախ պոպուլիստական ռազմավարությունը պետք է հաշվի առնի անտագոնիզմի այդ նոր ձևերը: Այն նաև պետք է հաշվի առնի ֆեմինիստական, հակառասիստական և ԼԳԲՏ պայքարներից բխող ժողովրդավարական պահանջները:

Կա՞ պոպուլիստական քաղաքականության մեջ մի բան, որը պահանջում է ուժեղ, խարիզմատիկ առաջնորդի ներկայություն: Որոշ տեղերում դա կարծես կարևոր տարր է:

Անհրաժեշտ է հասկանալ, որ ձախակողմյան պոպուլիստական ռազմավարության նպատակը «ժողովրդի», հավաքական կամքի ստեղծումն է՝ բազմաթիվ տարասեռ ժողովրդավարական պահանջների ձևակերպմամբ: Խոսքը գնում է Էռնեստո Լակլոյի հեղինակած «Հեգեմոնիա և սոցիալիստական ռազմավարություն» գրքում տեղ գտած «համարժեքության շղթա» երևույթի մասին: Կցանկանայի շեշտել, որ համարժեքության շղթայի միջոցով հավաքական կամքի ստեղծումը տարբերվում է «ծիածանային կոալիցիայից», որը ենթադրում է պարզապես կողք- կողքի մի շարք պայքարներ ներկայացնել. այն մեկն ավելին է, քան վերջինս:

Երբ ընդունում ենք, որ ժողովրդավարական պայքարները պարտադիր չէ միակցվեն, մենք գիտակցում ենք համընդգրկման սկզբունքի որևէ ձևի անհրաժեշտությունը` ի մի բերելու ժողովրդավարական պահանջների անհամապատասխանությունը, որը փորձում է արտահայտել պոպուլիստական շարժումը: Նման համընդգրկող սկզբունքն ապահովում է շղթայի ամփոփումը.  այն ծառայում է որպես «գերակայող նշան», որը խորհրդանշում է տարբեր պահանջների միասնությունը:

Պարտադիր չէ, որ դա մարդ լինի: Դա կարող է լինել, օրինակ, կոնկրետ պահանջ, որը դառնում է ընդհանուր պայքարի խորհրդանիշ: Կանանց միջազգային օրը կանանց անհավանական մոբիլիզացիայից հետո Իսպանիայում, օրինակ, քննարկվում է, թե ինչ դեր կարող է ունենալ ֆեմինիստական պայքարը այդ առումով: Որոշ ֆեմինիստներ պնդում են, թե կանանց պահանջները կարող են դառնալ պոպուլիստական հավաքական կամքի արտահայտման սկզբունք: Այնուամենայնիվ, առաջնորդի կերպարը հաճախ դառնում է բոլոր պահանջների խորհրդանիշը: Հավաքական կամքը չի կարող կառուցվել առանց ընդհանուր ազդեցությունների բյուրեղացման ինչ-որ ձևի, և առաջնորդի հետ հուզական սահմանները կարող են կարևոր դեր ունենալ այս գործընթացում: Շատերը պնդում են, որ դա վտանգավոր է, քանի որ խարիզմատիկ առաջնորդությունը խթանում է ավտորիտարիզմը: Ես որևէ խնդիր չեմ տեսնում դրանում, չնայած պայմանով, որ առաջնորդը ավտորիտար հարաբերություններ չհաստատի առաջնորդվող մարդկանց հետ: Առաջնորդը կարող է ընկալվել որպես primus inter pares - առաջինը հավասարների մեջ, և կարծում եմ Կորբինի դեպքում հենց այդպես է: Նա ավտորիտար գործիչ չէ և չեմ էլ կարծում, որ առանձնապես «խարիզմատիկ» է: Բայց նա, միանշանակ, դարձել է Լեյբորիստական կուսակցության վերափոխման խորհրդանիշ:

 

[1] Պաուպերիզացիա- դասակարգային հասարակության մեջ՝ աշխատավոր դասի զանգվածային աղքատացումն ու ունեզրկումը շահագործման հետևանքով (թարգմ.):

[2]  Պրեկարիզացիա- անցում մշտական ​​երաշխավորված աշխատանքային հարաբերություններից դեպի աշխատանքային անորոշ ձևեր, ինչը հանգեցնում է աշխատողի սոցիալական և աշխատանքային իրավունքների գրեթե լիակատար կորստին, ներառյալ աշխատավարձի նվազեցում, վճարվող արձակուրդի բացակայության և այլն: Պրեկարիզացիան նկարագրում է անորոշ աշխատանքային հարաբերությունների անցման գործընթաց, որի ընթացքում աշխատողը չի կարող ունենալ կենսաապահովման նվազագույն շեմը (թարգմ.):

[3] Իսպանիայում ընդդեմ կոշտ տնտեսության տարվող շարժում, որը հայտնի է նաև «Movimento 15-M» և  «Indignados Movement» անվանումներով: Համաեվրոպական «Ընդդեմ կոշտ տնտեսության տարվող շարժման» մի մասն է, և Իսպանիայում տեղային բնույթ ունեցող նմանատիպ շարժումներից մեկը, որը սկսվեց 2011 և 2012 թվականների համայնքային և մարզային ընտրությունների անցկացմամբ (թարգմ.):  

[4] Ֆրանսուա Մարսել Ժոզեֆ Բերնար Ռյուֆեն (ծնվել է 1975 թվականին), Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, լրագրող, սոցիալական ակտիվիստ, ձախակողմյան գործիչ (թարգմ.):  

[5]  UKIP (United Kingdom Independence Party)- Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցություն, որը պահանջում էր երկրից դուրս գալ Եվրամիությունից և հավատարիմ մնալ աջակողմյան պահպանողական հայացքներին (թարգմ.):

[6] Ջերեմի Կորբին (ծնվել է 1949 թվին), բրիտանացի քաղաքական գործիչ, ով Լեյբորիստական կուսակցության և ընդդիմության առաջնորդն էր 2015 թվականից մինչև 2020 թվականը։ Նա Խորհրդարանի անդամ է 1983 թվականից(թարգմ.):

[7] Podemos- ձախակողմյան քաղաքական կուսակցություն Իսպանիայում: Հիմնադրվել է 2014-ին, մի խումբ ձախակողմյան ակտիվիստների և մտավորականների կողմից, որպես մարտի 15-ի շարժման քաղաքական թև կամ Indignados, «Գրավել Ուոլ Սթրիթ»-ի իսպանական համարժեքը: Այս պահին դա երկրում մեծությամբ երկրորդ և չորրորդ ամենամեծ խորհրդարանական կուսակցությունն է (թարգմ.):

[8] Momentum- բրիտանական ձախակողմյան քաղաքական կազմակերպություն, Լեյբորիստական ​​կուսակցությանը սատարող ժողովրդական շարժում: 2017-ի հունվարից շարժման բոլոր անդամները պետք է լինեին (կամ դառնային) կուսակցության անդամներ: 2019 թվականին ունեցել է 40.000 անդամ (թարգմ.):

[9] Քեյնասականություն- տնտեսագետների գերակշռող մեծամասնության փիլիսոփայական, գաղափարական և վերլուծական հայացքները, ինչպես նաև նրանց կողմից ընդունվող կարծիքները զբաղվածության և տնտեսության կայունացման գործնական ուղիների տեսության մասին (թարգմ.):

[10] Դեվիդ Հարվի (ծնվել է 1935 թվականին), անգլո-ամերիկյան աշխարհագրագետ, մարքսիզմի տեսաբան և հանրահռչակող:

1995-ին նա դառնում է Վոտրին Լուդայի անվան մրցանակի դափնեկիր, որը կոչվում է «Աշխարհագրության Նոբելյան մրցանակ»: 2007 թվին “Times”-ը նրան ընդգրկեց հումանիտար և սոցիալական գիտությունների բոլոր ժամանակների 18 մեջբերված մտավորականների շարքում(թարգմ.):  

 

  

Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

  • Created on .
  • Hits: 1405

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: